Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
«Մենք դժգոհ ենք արդյունքներից». արցախցի ակտիվիստները` Թիերի Ռիբոյի հետ հանդիպումից հետո
 |news.am|

«Մենք դժգոհ ենք արդյունքներից». արցախցի ակտիվիստները` Թիերի Ռիբոյի հետ հանդիպումից հետո |news.am|

news.am: Ամիսներ շարունակ Արցախի Հանրապետություն վերադառնալ չկարողացող շուրջ երկու տասնյակ երիտասարդներ, որոնք 2 օր առաջ անժամկետ նստացույց են սկսել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ, դժգոհ են ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպման արդյունքներից։ Տեղեկությունը ԿԽՄԿ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի ակտիվիստ Ամալյա Զաքարյանը։ Նշենք, որ երիտասարդները միջազգային կառույցից պահանջում են անհապաղ գործադրել բոլոր ջանքերը՝ վերադարձնելու Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի «անցակետից» առևանգված Արցախի հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։ «Մենք դժգոհ ենք հանդիպման արդյունքներից։ Մեզ ասում են, որ եթե հանրային ձևով հայտարարություններ անեն, դա ավելի կբարդացնի իրավիճակը։ Մեզ ասացին, որ իրենց աշխատակիցն էլ է Վագիֆի հետ գնացել, բայց իրեն դուրս են արել», - ասաց Ամալյան։ Նա հայտարարեց, որ իրենք շարունակելու են ակցիաները մինչև առարկայական մի արդյունքի հասնեն։ «Մենք շարունակելու ենք մեր ճնշումները, քանի որ եթե դա էլ դադարեցնենք, իրավիճակին ոչ մի օգուտ չենք տա։ Այսօր Վագիֆին են առևանգել, վաղը կարող են մեզ, մեր հարազատներին առևանգել»,–ասաց նա։ Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։  
14:01 - 31 հուլիսի, 2023
Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն տրվել է կապ հաստատել իր հարազատների հետ, բայց վերջիններս դեռ տեղեկություն չունեն նրանից

Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն տրվել է կապ հաստատել իր հարազատների հետ, բայց վերջիններս դեռ տեղեկություն չունեն նրանից

ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Infocom-ի հետ զրույցում վստահեցնում է՝ Լաչինի անցակետի մոտից ադրբեջանցիների կողմից առեւանգված Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն տրվել է կապ հաստատել իր հարազատների հետ։ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց այսօր նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայտարարել է, որ հարազատներից ոչ մեկը կապ չի հաստատել հոր՝ Վագիֆ Խաչատրյանի հետ, թեեւ դեռ երեկ ԿԽՄԿ-ն թուիթերյան պաշտոնական էջում գրառել էր, որ Կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Խաչատրյանին, եւ նրան կապի հնարավորություն տրվել է։ Այսօր Զառա Ամատունուց հետաքրքրվեցինք՝ տեղեկություն ունի՞ արդյոք, թե՞ ինչ պատճառով նա մինչ այս պահը կապ չի հաստատել հարազատների հետ․ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչն ասաց, որ պատճառների մասին չի կարող խոսել, կարող է նշել, որ ԿԽՄԿ-ն անպատասխանատու հայտարարություններ չի անում․ «Մենք ասում ենք քիչ, բայց ասում ենք այն, ինչ կա»,- նշեց նա։ Մեր ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ադրբեջանցիներն արգելած լինեն զանգ կատարել, Ամատունին շեշտեց, որ Խաչատրյանի մոտ եղել են ԿԽՄԿ արտասահմանցի պատվիրակ եւ բուժանձնակազմ։ Երկու օր առաջ Վագիֆ Խաչատրյանի մյուս դուստրը՝ Ծովինար Խաչատրյանը, հայտնել էր, որ հայրը սրտանոթային խնդիրներ ունի, ու նրան շտապ վիրահատություն էր նշանակված, անգամ անցակետում ինքնազգացողությունն է վատացել, նույնիսկ ի վիճակի չի եղել կանգնելու։
13:26 - 31 հուլիսի, 2023
Հակարիի կամրջից այս կողմ ես միայնակ եմ, խնդրում եմ ինձ միայնակ չթողնել. հայրս ամբողջ հայ ժողովրդի կերպարն է. Վագիֆ Խաչատրյանի դուստր
 |aysor.am|

Հակարիի կամրջից այս կողմ ես միայնակ եմ, խնդրում եմ ինձ միայնակ չթողնել. հայրս ամբողջ հայ ժողովրդի կերպարն է. Վագիֆ Խաչատրյանի դուստր |aysor.am|

aysor.am: Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում՝ հաջակցություն Լաչինի միջանցքում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի։ Նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ Քաշաթաղի շրջանից է, սակայն վերջին երեք տարում որպես տեղահանված բնակվում է Ջերմուկում.«Հակարիի կամրջից այս կողմ ես միայնակ եմ, քույրերս, եղբայրներս, մայրս, բոլոր հարազատներս գտնվում են Արցախում։ Այսօր հույսս դուք եք, ձեզանից յուրաքանչյուրը։ Խնդրում եմ, ինձ մենակ չթողնել, եղեք ինձ համար մայր, հայր, քույր։ Սա միայն իմ ցավը չէ, Վագիֆ Խաչատրյանն ամբողջ հայ ժողովրդի կերպարն է»։ Նրա խոսքով՝ իր հայրը հուլիսի 29-ին պետք է տեղափոխվեր Երևան՝ սրտի վիրահատության համար, պետք է շտապ վիրահատվեր.«Նրան ուղեկցում էր քույրս։ Երբ Հակարիի կամրջի մոտ վերցրել են հորս անձնագիրը, այն այլևս հետ չեն տվել։ Հայրիկիս փաստացի առևանգել են, մենք չենք խոսել նրա հետ։ Հարազատներիցս ոչ մեկ կապ չի հաստատել հայրիկիս հետ։ Վերջերս էլ ասում էին, որ Սամվել Բաբայանի վարորդն է եղել։ Հարգելիներս, դա կեղծ լուր է։ Իմ հայրն այնպիսի անձնավորություն է՝ զուսպ, հավասարակշռված, բարիության կերպար»։
11:58 - 31 հուլիսի, 2023
Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդի. Արցախցի երիտասարդները փակել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մուտքերը |panorama.am|

Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդի. Արցախցի երիտասարդները փակել են ԿԽՄԿ երևանյան գրասենյակի մուտքերը |panorama.am|

panorama.am: «Ազատություն Վագիֆ Խաչատրյանին» վանկարկումներով Երևանում սովորող արցախցի տասնյակ ուսանողներ վաղ առավոտից փակել են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մուտքը և պահանջում են հանդիպում կառույցի ղեկավարության հետ: «Մեր պահանջն է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպում, Ժնևում հրավիրեն մամուլի ասուլիս, բոլորին տեղյակ պահեն, որ իրենց անմիջական վերահսկողության տակից մարդ են գողացել, այլապես կստացվի համաձայն եք այն ամենի հետ, ինչ տեղի է ունեցել շաբաթ օրը»,- ասաց ակցիայի մասնակիցը։ «Ո՞ւմ համար է ձեր մանդատը, եթե ոչ ցեղասպանվող ժողովրդի, սոված և առանց մանկության փոքրիկի, իր տարրական իրավունքներից զրկված և ընտանիքից հեռու երիտասարդների»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից՝ կոչ անելով ԿԽՄԿ աշխատակիցներին չռել, չլինել անտարբեր, ահազանգել այն ամենի մասին, ինչ տեղի է ունենում Արցախի Հանրապետությունում։  «Չենք լռելու, չենք հեռանալու, մինչև ձեզանից յուրաքանչյուրը չկատարի իր պարտականությունը։ Սա ձեր մանդատն է, դուք եք   պարտավորվել որպես միջազգային կառույց ապահովել աշխարհի բոլոր քաղաքացիների անվտանգությունը, իսկ այսօր դարձել եք այնպիսի կառույց, որ զուրկ է այդ անվտանգությունն ապահովելուց։ Ի՞նչ է  նշանակում ձեր աչքի առաջ ձեզանից խլել մարդու, ով Հայաստան էր գալիս առողջական խնդիրները լուծելու համար։ Որտե՞ղ էր ձեր մանդատը, որ ադրբեջանիցներն ապօրինակաբար առևանգում է մի հերոսի, ով ինձ տվել է  անկախություն։  Պահանջում ենք՝ ապահովել արցախիցների անվտանգ տեղաշարժը, վերադարձել Արցախի քաղաքացուն։  Պետք չէ լինել լոկ խոսքեր ասող, որ Ադրբեջանը մեզ ճնում է։ Մենք էլ ձեզ ենք ճնշում մեր՝ ճանապարհ փակելով, ձեր գրասենյակի  մուտքներն ու ելքերը փակելով։ Պատասխան տվեք մեզ»,- ասաց ակցիայի մասնակիցը։  Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել։
10:04 - 31 հուլիսի, 2023
Երեկվանից արցախցի երիտասարդները անժամկետ նստացույց են սկսել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց |aravot.am|

Երեկվանից արցախցի երիտասարդները անժամկետ նստացույց են սկսել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց |aravot.am|

aravot.am: Երեկվանից արցախցի երիտասարդները անժամկետ նստացույց են սկսել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի դիմաց։ Նրանք կառույցից պահանջում են ապահովել Արցախի Հանրապետության քաղաքացի, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի վերադարձը, որին ԿԽՄԿ աշխատակիցները մարդասիրական կառույցի ավտոմեքենայով տեղափոխում էին Երեւան՝  անհետաձգելի բուժում ստանալու, բայց Հակարիի կամրջի մոտ տեղադրված անօրինական անցակետից ադրբեջանցի համազգեստավորները նրան առեւանգել են։ Նստացույցի մասնակից, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողուհի Ամալյա Զաքարյանն ասել է․ «Երբ երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները մեր հայրենակցին առեւանգել են, մեր տղաները երեկ ժամը 22։00-ից սկսել են անժամկետ նստացույցը։ Մենք նրանց միացել ենք առավոտվանից։ Ինչո՞ւ հենց Կարմիր խաչի շենքի առջեւ, որովհետեւ Կարմիր խաչն իր լիազորությունները թերի է կատարում։ Մենք հավաքվել ենք այստեղ՝ նրանց հասկացնելու, խնդրելու, պահանջելու, որպեսզի մեր հայրենակցին հետ վերադարձնեն մեր հայրենիք, որովհետեւ Վագիֆ Խաչատրյանը բացի իր հայրենիքին ծառայելուց, այլ բան չի արել։ Իսկ նրա մասին Ադրբեջանի տարածած սուտ  հայտարարությունները, համոզված եմ, բազմապատկված են։ Հակառակը, Ադրբեջանն է մեր նկատմամբ ռազմական բազմաթիվ հանցագործություններ իրականացրել»։   Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում՝ aravot.am-ում։
19:39 - 30 հուլիսի, 2023
Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Վագիֆ Խաչատրյանին

Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Վագիֆ Խաչատրյանին

Կարմիր խաչից հայտնում են՝ Վագիֆ Խաչատրյանին հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ։ «Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքում ձերբակալված հիվանդին: Տղամարդուն դիմավորել են մեր պատվիրակները, որոնցից մեկը՝ բժիշկ։ Նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ», - ասված է կազմակերպության «Թվիթեր»-ի պաշտոնական էջում։   Հիշեցնենք, որ Ադրբեջանը արգելանքի է վերցրել այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:  Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը՝ նշելով, որ նման գործողությունների պարագայում, երբ մարդկանց տեղափոխում պետք է իրականացվի, իրենք նախապես համաձայնություն են ստանում, որպեսզի հնարավոր լինի ընթացքն ապահով կազմակերպել։ Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չի եղել և նույն կերպ է կատարվել։ Մինչ օրս նման նախադեպ չի եղել։  Ժամեր անց Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Նշվում է, որ Խաչատրյանը «ցեղասպանության գործով» միջազգային հետախուզման մեջ էր գտնվում։ ՀՀ ՄԻՊ-ը, սակայն, հայտնեց՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, իսկ նրա իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։
19:16 - 30 հուլիսի, 2023
Կարևոր է, որ Կարմիր խաչը գործի անվտանգ և կանխատեսելի. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան |armeniasputnik.am|

Կարևոր է, որ Կարմիր խաչը գործի անվտանգ և կանխատեսելի. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կարևոր է, որ Կարմիր խաչը գործի անվտանգ և կանխատեսելի։ Թվիթերյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը։ «ԿԽՄԿ առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ։ Կարևոր է, որ այն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի կերպով»,– նշել է նա իր գրառման մեջ։   Նա այսպիսով անդրադարձել էր Կարմիր խաչի թվիթերյան հայտարարությանը, ըստ որի` Լաչինի միջանցքով 15 պացիենտի հումանիտար տեղափոխման ժամանակ ձերբակալվել է մեկ պացիենտ:   Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։  
16:08 - 30 հուլիսի, 2023
ԿԽՄԿ-ն տեղեկացրել է, որ Վագիֆ Խաչատրյանն արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է, այնտեղ նրան այցելել են. Գուրգեն Ներսիսյան
 |hetq.am|

ԿԽՄԿ-ն տեղեկացրել է, որ Վագիֆ Խաչատրյանն արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է, այնտեղ նրան այցելել են. Գուրգեն Ներսիսյան |hetq.am|

hetq.am: «Հետքի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։ Հարց- Երեկ Ձեր կողմից տեղեկություն էր հրապաարակվել ԿԽՄԿ միջոցով Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխելիս Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացուն արգելանքի վերցնելու մասին՝ նշելով, որ ԿԽՄԿ ներկայացուցիչը մեր քաղաքացու հետ է, իսկ քիչ անց հայտարարություն է տարածել ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը, ում պնդմամբ՝ մեր քաղաքացին առևանգվել է: Տպավորություն է, որ հակասություն կա ձեր հայտարարություններում, ինչպե՞ս կպարզաբանեք այս հանգամանքը: Պատասխան- Նախքան դեպքի մասին իմ կողմից հայտարարություն անելը, ես անընդհատ կապի մեջ էի գտնվում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ներկայացուցիչների ու ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի դստեր հետ, ով ուղեկցում էր նրան ու հանդիսացել է իրադարձությունների ականատեսը: Հայտարարություն անելու պահին ինձ տեղեկացրել էին, որ ադրբեջանցիները սահմանափակել են Վագիֆ Խաչատրյանի ազատությունը և ԿԽՄԿ ներկայացուցչի հետ միասին առանձնացել՝ հեռանալով անցակետից և նրանց տեղափոխելով անցակետից որոշակի հեռավորությամբ տեղակայված հատված: Սակայն որոշ ժամանակ անց կրկին հայտնել են, որ ԿԽՄԿ ներկայացուցչին այդտեղից հետ են ուղարկել անցակետ, իսկ Վ. Խաչատրյանին առևանգել ու տարել անհայտ ուղղությամբ: Այս մասին արդեն հայտարարությունը տարածել էր ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը: Նշվածից հետևում է, որ իրականում ոչ թե հակասություն է, այլ իրադարձությունների հաջորդական նկարագրություն: Հարց- Ի՞նչ տեղեկություն ունեք հիմա գերեվարված Վագիֆ Խաչատրյանի գտնվելու վայրից ու առողջական վիճակից: Պատասխան- Երեկ ես, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանն ու Ներքին գործերի նախարարը հանդիպում ենք ունեցել ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի ղեկավար Կառլոս Մորացանիի հետ ինչպես առանձին, այնպես էլ Վ. Խաչատրյանի հարազատների հետ միասին, այնուհետև հարազատների մասնակցությամբ հանդիպում է կազմակերպվել նաև Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարի հետ: Երկու դեպքում էլ հավաստիացումներ են ներկայացվել, որ ամեն ինչ արվելու է մեր քաղաքացուն վերադարձնելու ուղղությամբ, սակայն մենք նման անարդյունք հավաստիացումներ շատ ենք լսել, հիմա սպասում ենք արդյունքների: Օրվա վերջին ԿԽՄԿ-ն տեղեկացրել է, որ Վ. Խաչատրյանը արդեն Բաքվի հիվանդանոցներից մեկում է, այնտեղ նրան այցելել են, սակայն ընտանիքի անդամների հետ կապ հաստատել չի հաջողվել: Այսօր կրկին հանդիպում է նախատեսվում ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակում, փորձենք հասկանալ՝ ինչ ունենք հիմա և ինչ քայլեր են նախատեսում ձեռնարկել հետագայում: 
13:54 - 30 հուլիսի, 2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել շաբաթ օրը Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ։ Մասնավորապես ԿԽՄԿ-ն միայն նշել է, որ  Լաչինի միջանցքով 15 հիվանդի տեղափոխելիս նրանցից մեկը «ձերբակալվել է»` առանց հստակեցնելու, թե ինչ հիմնավորմամբ է բուժառուն «ձերբակալվել»։Փաստելով, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր միջազգայնորեն ճանաչված մարդասիրական մանդատի շրջանակներում Լաչինի միջանցքով մոտ 680 հիվանդներ են տեղափոխել, կազմակերպությունը հայտարարում է․ «Մենք աշխատում ենք թափանցիկ, համակարգում ենք կողմերի հետ և գործում ենք միայն նրանց համաձայնությամբ: Այսօր այդպես էր»:ԿԽՄԿ-ն հավաստիացնում է, որ իր ներկայացուցիչները «հնարավորինս շուտ կայցելեն կալանավորված հիվանդին և կապի մեջ են ընտանիքի հետ»։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակարիի անցակետից ադրբեջանցիները առեւանգել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ եկող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ներկայացնելով Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպի մանրամասները, հետևյալն է պատմել․ «Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված։ Մոտ 10 րոպե անց «Շևրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից»։ Ստեփանյանը պնդել է, որ ԿԽՄԿ-ն է կրում Լաչինի միջանցքով բուժառուների անվտանգ տեղափոխման պատասխանատվությունը և կառույցից պահանջել «իրավական գնահատական տալ ադրբեջանական այս հանցագործությանը, ձեռնարկել ԿԽՄԿ մանդատից բխող բոլոր գործողությունները Վագիֆ Խաչատրյանին Արցախ վերադարձնելու ուղղությամբ»։ 68-ամյա տղամարդու առևանգման մասին Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեցին։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, ու նրան կալանավորելու որոշում կայացվել, նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ըստ նրա՝ քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։  
10:37 - 30 հուլիսի, 2023
Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը

Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման վերաբերյալ ՄԻՊ հաստատության կողմից հավաքագրված փաստերը։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․   «Հուլիսի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ, նախօրոք ադրբեջանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ, Արցախից Հայաստան բուժառուներին տեղափոխող շարասյունը 09:30-ի սահմաններում հասել է Հակարիի կամրջի մոտ տեղակայված ադրբեջանական անօրինական «անցակետ»։   Անձնագրերը ստուգելու ընթացքում Արցախի Հանրապետության Պատարա համայնքի բնակիչ 1955թ․ ծնված Վագիֆ Խաչատրյանն իր անձնագիրը ներկայացրել է ադրբեջանական սահմանապահ ծառայության ներկայացուցիչներին, որոնք այնուհետև անձնագիրը չեն վերադարձրել նրան։ Վագիֆ Խաչատրյանի դստեր և ԿԽՄԿ-ի ներկայացուցչի հարցին, թե ինչու չեն վերադարձնում անձնագիրը, ադրբեջանցիները պատասխանել են, որ 5 րոպեից կտրամադրեն։   Այդ ընթացքում Վագիֆ Խաչատրյանին ուղեկցել են ադրբեջանական անօրինական «անցակետում» տեղակայված բժշկական սենյակ, որտեղ նրան հարցեր են ուղղել առողջության հետ կապված, հետաքրքրվել ՀՀ տեղափոխվելու առողջական պատճառներից։   Այնուհետև Վագիֆ Խաչատրյանին տեղեկացրել են, որ պետք է 15 րոպեով ուղեկցեն «անցակետի» մոտակայքում տեղակայված սենյակներից մեկը մի քանի հարց ուղղելու համար։ Վագիֆի դուստրը և ԿԽՄԿ ներկայացուցիչը պնդել են, որ հարցերը կարող են ուղղել հենց անցակետում, այլ տեղ տեղափոխվելու անհրաժեշտություն չկա։ Դրանից հետո ադրբեջանցիները սպառնացել են, որ դա կանեն ուժի կիրառմամբ։ Այդ նույն ժամանակ, ըստ վկայությունների, «անցակետի» մոտ ինքնաձիգերով զինված բազմաթիվ ադրբեջանցի ծառայողներ են հավաքվել։   Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված։ Մոտ 10 րոպե անց «Շեվրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։   Այս բոլոր գործողությունները ընթացել են Վագիֆ Խաչատրյանի դստեր ներկայությամբ, որը փորձել է անել հնարավորը հոր առևանգումը կանխելու համար, սակայն նրան սպառնացել են ուժի կիրառմամբ։ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն ունի սրտանոթային հիվանդություն, տեղափոխվում էր Երևանի Նորք Մարաշ բժշկական կենտրոն վիրահատության նպատակով։   Բուժառուներին Հայաստանի Հանրապետության բուժհաստատություններ տեղափոխելուց առաջ ԿԽՄԿ-ն ստանում է բոլոր կողմերի՝ այդ թվում ադրբեջանական կողմի համաձայնությունը, ըստ այդմ՝ ձեռք բերված համաձայնությունից հետո ԿԽՄԿ-ն կրում է այդ անձանց անվտանգ տեղափոխման պատասխանատվությունը։   Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործն ու դրա շրջանակներում նրա՝ այսպես կոչված կալանավորումը կեղծ և շինծու պատրվակ է նրան առևանգելու համար։ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկություններով և իրականացված ուսումնասիրություններով հաստատվել է, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։   Ուստիև՝ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, որի իրավունքների պաշտպանության համար Արցախի մարդու իրավունքների պաշտպանը պահանջում է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հանդես գալ հրապարակային հայտարարությամբ՝ իրավական գնահատական տալով ադրբեջանական այս հանցագործությանը, ձեռնարկել ԿԽՄԿ մանդատից բխող բոլոր գործողությունները Վագիֆ Խաչատրյանին Արցախ վերադարձնելու, մինչև վերադարձնելը Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանությունն ապահովելու, նրա նկատմամբ խոշտանգման, կտտանքների և անմարդկային վերաբերմունքի դրսևորումները բացառելու ուղղությամբ։ Միջազգային կազմակերպությունների և առանձին պետությունների կառավարություններին ներկայացնել փաստեր Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացու առևանգման և Արցախի ժողովրդի նկատմամբ համակարգային կերպով իրականացվող, էթնիկ զտման և ցեղասպանության անհերքելի նպատակ հետապնդող հանցագործությունների վերաբերյալ՝ ապահովելու անհրաժեշտ միջազգային ճնշում։   Միջազգային կազմակերպություններին՝ հիմք ընդունել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից հնչեցվող ահազանգը՝ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների լայնածավալ խախտումների վերաբերյալ, Ադրբեջանի նկատմամբ կիրառել հարկադրական և պատժիչ միջոցներ՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների կատարման համար։   Լաչինի միջանցքը, որի մեջ է մտնում նաև Հակարիի կամուրջ, ըստ 2020 թվականի եռակողմ հայտարարության, գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո։ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը տեղի է ունեցել Հակարիի կամրջի մոտ տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հենակետից մի քանի մետր հեռավարության վրա, որի կանխման ուղղությամբ խաղաղապահների կողմից որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լաչինի միջանցքը համարվում է ռուսական խաղաղապահների վերահսկողության ներքո գտնվող տարածք և Ռուսաստանի Դաշնությունը հանդիսանում է եռակողմ հայտարարության դրույթների կատարման երաշխավոր, ՌԴ կողմից պետք է ձեռնարկվեն բոլոր գործողությունները Վագիֆ Խաչատրյանին Արցախ վերադարձնելու և Լաչինի միջանցքի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու ուղղությամբ՝ կանխելով Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիների առևանգման դեպքերի կրկնությունը»։
22:16 - 29 հուլիսի, 2023
Արցախի ԱԳՆ-ն դիմում է Կարմիր խաչին՝ խստորեն հորդորելով ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներին ներկայացնել Արցախում տիրող իրավիճակի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ տեղեկություններ

Արցախի ԱԳՆ-ն դիմում է Կարմիր խաչին՝ խստորեն հորդորելով ՄԱԿ-ի ԱԽ անդամ երկրներին ներկայացնել Արցախում տիրող իրավիճակի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ տեղեկություններ

Արցախի ԱԳՆ-ն դիմում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ խստորեն հորդորելով արտահայտել իր հրապարակային դիրքորոշումը և միջազգային հանրությանն ու, առաջին հերթին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ներկայացնել փաստական և իրավական մանրամասն տեղեկատվություն Արցախում տիրող իրավիճակի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։   «Հուլիսի 29-ին Արցախի Հանրապետության 68-ամյա քաղաքացին, որը բուժում ստանալու նպատակով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ տեղափոխվում էր քաղաք Երևան, Լաչինի միջանցքում ապօրինաբար տեղադրված հսկիչ անցակետում առևանգվել է Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից: Արցախի քաղաքացու անցումը նախօրոք համաձայնեցվել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ:   Միջազգային իրավունքի և ԿԽՄԿ մանդատի պաշտպանության ներքո գտնվող Արցախի քաղաքացուն ապօրիանաբար արգելանքի տակ վերցնելը Միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների, 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի միջազգային դատարանի և ՄԻԵԴ-ի իրավաբանորեն պարտադիր որոշումների աղաղակող խախտում է և բացահայտ կերպով ցույց է տալիս Արցախի ժողովրդի հանդեպ ադրբեջանական կողմի մտադրությունները: Ակնհայտ է, որ եթե Արցախի հարկադիր հպատակեցմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականությունը, որը Բաքուն միջազգային հանրությանը ներկայացնում է որպես կարգավորման նախագիծ, իրագործվի, ապա մարդկանց առևանգումները, անօրինական բերման ենթարկումները, արտադատարանական սպանությունները, բռնի անհետացումներն ու արցախահայության իրավունքների այլ զանգվածային խախտումները համատարած բնույթ կստանան:   Արցախի քաղաքացիների նկատմամբ վերահսկողություն ստանալով՝ ադրբեջանական կողմը բաց չի թողնի նրանց ապօրինի ձերբակալությունների ու կտտանքների ենթարկելու, կյանքից զրկելու կամ մարդու իրավունքները ցանկացած այլ ձևերով խախտելու հնարավորությունը: Գրեթե անհավանական է, որ արցախցիները կկարողանան գոյատևել կամ ստանալ արժանապատիվ վերաբերմունք Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվելու դեպքում: Ադրբեջանի հենց այդ անմարդկային քաղաքականության զոհ են դարձել Արցախի 38 խաղաղ բնակիչներ, որոնք ընկել են ադրբեջանցի զինծառայողների վերահսկողության տակ Արցախի դեմ 2020 թ. ագրեսիայի ժամանակ: Նրանք բոլորը ենթարկվել են կտտանքների և դաժանաբար սպանվել: Արցախի Հանրապետության ևս 3 խաղաղ բնակիչ, ինչպես նաև 3 ոստիկան և 21 զինծառայող ադրբեջանցիների կողմից սպանվել են պատերազմից և 2020 թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:   Ադրբեջանի՝ Արցախի բնակիչների իրավունքների լայնածավալ և համակարգված խախտումների պետական քաղաքականության այս հերթական օրինակը Լաչինի միջանցքում ապօրինի հսկիչ անցակետի տեղադրման ուղղակի հետևանքն է, որը դարձել է արցախահայերի ահաբեկմանը, նրանց իրավունքների խախտմանը և արժանապատվության ոտնահարմանը միտված քաղաքականության գործիք, ինչպես նաև արդարացում նոր հանցագործությունների կատարման համար: Արցախի ժողովրդին շուրջ 8 ամիս սովի և այլ զրկանքների ենթարկելով, կանխամտածված և կամայական կերպով նրանց զրկելով մարդասիրական օգնություն ստանալու իրավունքից՝ ադրբեջանական կողմը հիմա էլ անցել է խոցելի վիճակում գտնվող Արցախի քաղաքացիների անհատական մակարդակով հետապնդմանը:   Ներգրավված միջազգային դերակատարներից, այդ թվում՝ ԿԽՄԿ-ից, պահանջում ենք ձեռնարկել հրատապ և ամենագործուն միջոցները՝ անհապաղ ազատելու և հայրենիք վերադարձնելու առևանգված քաղաքացուն, վերջ տալու Արցախի քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին, ինչպես նաև կանխելու այդ հանցագործությունների փոխակերպումը ցեղասպանության հանցագործության: Անհրաժեշտ ենք համարում ներգրավված բոլոր դերակատարների ջանքերի համախմբումը՝ շրջափակման լիակատար և անվերապահ դադարեցման, ինչպես նաև Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունից Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանության միջազգային երկարաժամկետ մեխանիզմի ներդրման համար:   Պնդում ենք, որ Արցախի ժողովրդին որպես այդպիսին ոչնչացնելու Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում իրականացվող և գրեթե 8 ամիս շարունակվող ապօրինի շրջափակման հարցն անհապաղ քննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։ Դիմում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ որպես տեղում ներկա և համապատասխան միջազգային մանդատով օժտված միակ միջազգային կազմակերպությանը՝ խստորեն հորդորելով արտահայտել իր հրապարակային դիրքորոշումը և միջազգային հանրությանն ու, առաջին հերթին, ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին ներկայացնել փաստական և իրավական մանրամասն տեղեկատվություն Արցախում տիրող իրավիճակի և Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ», - նշված է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:
21:48 - 29 հուլիսի, 2023
Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, իսկ նրա իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ. Անահիտ Մանասյան

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, իսկ նրա իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ. Անահիտ Մանասյան

ՄԻՊ-ը հայտնում է՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, իսկ նրա իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։   «Ի լրումն Մարդու իրավունքների պաշտպանի տարածած նախորդ հրապարակման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկություններով և իրականացված ուսումնասիրություններով հաստատվել է, որ Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող և ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ։ Հետևաբար, այդ մասին Ադրբեջանի դատախազության տարածած հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։   Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, ով ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով։ Ուստի վերջինիս առևանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։   ԿԽՄԿ-ի կողմից հրատապ բժշկական օգնություն ստանալու նպատակով անձանց տեղափոխումը ՀՀ համաձայնեցվել է ադրբեջական իշխանությունների հետ, որից հետո է միայն ԿԽՄԿ-ն կատարել միջազգային մարդասիրական առաքելությունը։ Այլ կերպ՝ ադրբեջանական կողմը համաձայնություն է տվել մարդասիրական նպատակով անձի տեղափոխմանը՝ այնուհետև ոչ իրավաչափ միջամտություն իրականացնելով մարդու հիմնարար իրավունքներին։   Սույնով Ադրբեջանը խախտում է 1949 թվականի օգոստոսի 12-ի ժնևյան կոնվենցիան և Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին լրացուցիչ արձանագրության (Արձանագրություն 1) 37-րդ հոդվածը։   Պաշտպանը կարևոր է համարում շեշտել, որ պետությունների կողմից մարդասիրական օգնություն ցուցաբերող կազմակերպության՝ կոնկրետ դեպքում՝ ԿԽՄԿ-ի մարդասիրական առաքելությանը խոչընդոտելն անթույլատրելի է և հակասում է նման կազմակերպությունների գործունեությանը վերաբերելի միջազգային-իրավական սկզբունքներին։   Վերը շարադրվածը հիմք է տալիս եզրակացնելու, որ տվյալ դեպքում գործ ունենք ադրբեջանական իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետ՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում մարդու հիմնարար իրավունքներին միջամտության առնչությամբ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները։   Վագիֆ Խաչատրյանի իրավունքների երաշխավորման հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո և այդ հարցով Պաշտպանը կապի մեջ է մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային գործընկերների հետ», - ասված է ՀՀ ՄԻՊ հաղորդագրության մեջ:
21:26 - 29 հուլիսի, 2023
Արձանագրեք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ձեր նման կառույցը ի վիճակի չէ երաշխավորել․ Գուրգեն Ներսիսյանը՝ ԿԽՄԿ ներկայացուցչին

Արձանագրեք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ձեր նման կառույցը ի վիճակի չէ երաշխավորել․ Գուրգեն Ներսիսյանը՝ ԿԽՄԿ ներկայացուցչին

Քաղաքացիները Կարմիր խաչի արցախյան գրասենյակի դիմաց են՝ առևանգված քաղաքացուն վերադարձնելու պահանջով։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ` ԿԽՄԿ Արցախի գրասենյակի ղեկավարի հետ հանդիպել են Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը,  Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Ներքին Գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ քննարկելու և պարզաբանելու կատարվածը: ԿԽՄԿ Արցախի գրասենյակի ղեկավար Կառլոս Մորացանին հավաքվածներին և առևանգված արցախցու հարազատներին տեղեկացրել է, որ իր հերթին հասկանում է ստեղծված իրավիճակը: Աշխատանքներ են տարվում՝ փորձելով գտնել լուծումներ:   Վագիֆ Խաչատրյանի դուստրը, ով  ուղեկցում էր նրան, հետ է վերադարձել Ստեփանակերտ և պահանջում է ԿԽՄԿ-ից ջանքեր գործադրել և անհապաղ վերադարձնել իր հորը։   «Հորս իմ ձեռքից  վերցրել ու  տարել են: Ամենածանր վիճակում գտնվում եմ ես և իմ ընտանիքը: Ժամանակ ենք տվել ԿԽՄԿ-ին վերադարձնել նրան: Սա միայն իրենց հեղինակության վրա է ազդում, և ամբողջ պատասխանատվությունը նրանց ուսերին ու խղճին է: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հանդիպել ռուս խաղաղապահ զորակազմի  ղեկավարի հետ, լսել նաև նրա կարծիքը այս իրավիճակի շուրջ։ Տեսնենք, թե նրանք ինչ լուծումներ են առաջարկում»,-նշել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը:   Վագիֆ Խաչատրյանի եղբայրը՝ Գուրգեն Խաչատրյանը, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ այսօր առավոտյան` ժամը՝ 06:00-ին, եղբորը բերել է Ստեփանակերտ՝ ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ և նրանց մեքենայով ճանապարհելու Հայաստանի Հանրապետություն` բուժման նպատակով: Ճանապարհվել են 07:30-ին։   «Պահանջում եմ ԿԽՄԿ առաքելությունից, որպեսզի եղբորս տուն վերադարձնի այնպես, ինչպես այսօր առավոտյան վստահելով նրանց եմ տվել, որ տանեն բուժման»,-հավելել է Գ. Խաչատրյանը:   ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի խոսքով` ստեղծված իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ ոչ մի միջազգային կառույց ի վիճակի չէ ապահովելու արցախցիների անվտանգությունը․ «Արձանագրեք, հայտարարությունը տվեք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ձեր նման կառույցը ի վիճակի չէ երաշխավորել․ դուք առնվազն դա պիտի անեք։ Հասկանում եմ՝ ձեր ձեռքից մեր քաղաքացուն տարել են, դուք անօգնական եք և ի վիճակի չեք եղել ապահովել, բայց մնացածի մասին պարտավոր եք հոգ տանել։ Ձեր հոգ տանելու ճանապարհն այն է, որ արձանագրեք, որ որևէ կառույց ի վիճակի չէ այս պայմաններում ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»։   Ներսիսյանը նշել է․ «Մեր ժողովուրդը ո՛չ անգրագետ և ո՛չ էլ հիմար է, լավ է հասկանում իրավիճակը: Մենք ուզում ենք արձանագրել, որ կառույցներն  անկարող են և բարձրաձայնել դրա մասին: Մենք պետք է բարձրաձայնենք եվրոպական բոլոր հարթակներին, որ ահա այսպես են երաշխավորում, երբ աշխարհի բոլոր երկրների կողմից վստահություն ունեցող կառույցը ի վիճակի չէ անգամ իր տարբերանշանը կրող մեքենայով մեր քաղաքացուն անվտանգ տեղ հասցնել»:   Հավաքի մասնակիցներն այնուհետև ոտքով շարժվել են դեպի ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայան։
20:20 - 29 հուլիսի, 2023
Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առևանգումից անմիջապես հետո հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առևանգումից անմիջապես հետո հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգվելու կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․«Հուլիսի 29-ին բուժման նպատակով Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետի մոտ առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ՝ առանց որևէ հավաստի մեկնաբանության: Հարկ ենք համարում ընդգծել, որ ԿԽՄԿ նախապես կողմերին տրամադրում է տեղափոխվող հիվանդների ցուցակները և միայն համաձայնեցնելուց հետո է իրականացնում նրանց տեղափոխումը։ Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից առևանգումից անմիջապես հետո՝ կեղծ նարատիվներով և մեղադրանքներով լի հաղորդագրության տարածումը ցույց է տալիս, որ այս գործողությունը նախապես մանրամասնորեն ծրագրված է եղել։ Ավելին, հաղորդագրության մեջ հնչում է բացահայտ սպառնալիք նույն մոտեցումը ԼՂ այլ բնակիչների նկատմամբ ևս կիրառելու վերաբերյալ: Ադրբեջանի այս գործելակերպը միջազգային հումանիտար իրավունքի աղաղակող խախտում է. միջազգային հումանիտար իրավունքի և ԿԽՄԿ պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը այլ կերպ, քան ռազմական հանցագործություն որակել չի կարելի։ Այն նաև միտված է ամբողջությամբ արգելափակելու ԿԽՄԿ գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այն պարագայում, երբ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Լաչինի միջանցքը և առհասարակ խոչընդոտում է այլ մարդասիրական կազմակերպությունների մուտքը ԼՂ: Հատկանշական է, որ ադրբեջանական իշխանությունների այս գործողությունն իրենից ներկայացնում է երկրի նախագահի կողմից մայիսի 28-ին արված՝ «Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը ԼՂ հայերի համար դաս լինելու, նրանց՝ գլխիկոր ներկայանալու» հայտարարության և շարունակաբար հնչող սպառնալիքների ուղղակի իրականացում, որոնց մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է միջազգային գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել այդ և նմանօրինակ այլ հայտարարությունները։ Ադրբեջանի այս գործողությունն անմիջականորեն ի ցույց է դնում, որ Հայաստանի կողմից արդեն իսկ տևական ժամանակ բարձրաձայնվող էթնիկ զտումների վերաբերյալ ահազանգերն արտացոլում են առկա օրհասական վտանգների լրջությունը: Ավելին, այս գործելակերպը ևս մեկ անգամ ի ցույց է դնում 44-օրյա պատերազմից հետո Բաքվում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց, ինչպես նաև ս.թ. մայիսի 26-ին ՀՀ ինքնիշխան տարածքից առևանգված զինծառայողներին չվերադարձնելու, նրանց նկատմամբ շինծու դատավարությունների իրականացման հարցում ադրբեջանական կողմի փաստարկների սնանկությունը: Լաչինի միջանցքի ամբողջական փակմանը և ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումից հրաժարվելուն զուգահեռ իրականացվող այս ինքնիրավչությունը միտված է ԼՂ բնակչության ահաբեկմանը և ևս մեկ անգամ լուրջ կասկածի տակ է դնում միջազգային ներգրավածության բացակայության պարագայում ԼՂ ժողովրդի ոչ միայն նվազագույն իրավունքների ապահովման, այլև կյանքի իրավունքի իրացման հնարավորությունը: Անընդունելի և դատապարտելի ենք համարում Ադրբեջանի կողմից այսօր իրականացված հանցավոր գործողությունը և Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը: Ակնկալում ենք միջազգային հանրության միասնական և հստակ քայլերը, այդ թվում` առկա գործիքակազմի օգտագործումն՝ ուղղված Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժի վերականգնման, Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների գործունեության ապահովման և Լեռնային Ղարաբաղ հումանիտար մուտքի ապահովման ուղղությամբ», - ասված է հայտարարության մեջ։
19:59 - 29 հուլիսի, 2023
«Վարորդ է եղել». առևանգված ու Բաքու տեղափոխված արցախցու դուստրը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները |azatutyun.am|

«Վարորդ է եղել». առևանգված ու Բաքու տեղափոխված արցախցու դուստրը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները |azatutyun.am|

azatutyun.am: Լաչինի անցակետում ձերբակալված ու Բաքու տեղափոխված 68-ամյա արցախցու դուստրը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները, թե հայրը Խոջալուի Մեշալի գյուղում 1991 թվականին «սպանել է ազգությամբ ադրբեջանցիների, բռնի տեղահանել նրանց ու ոչնչացրել պետությանը պատկանող գույքը»։ Ծովինար Խաչատրյանը, որն այսօր բուժման նպատակով հորն ուղեկցում էր Երևան, «Ազատությանն» ասաց, որ Վագիֆ Խաչատրյանը խորհրդային շրջանում պարզապես վարորդ է աշխատել։ «Ո՛չ հրամանատար է եղել, ո՛չ հրամանատարի տեղակալ է եղել, ինքը վարորդ էր, Խորհրդային Միության ժամանակ վարորդ է եղել։ Վարորդը կարո՞ղ արդյոք ցեղասպանություն գործի, ես չեմ հասկանում՝ էդ ինչ մեղադրանքներ են դրանք ներկայացնում», - նշեց Ծովինար Խաչատրյանը։ 68-ամյա տղամարդու առևանգման մասին Արցախի պետնախարարն ու Մարդու իրավուքների պաշտպանն էին այսօր ահազանգել։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Վագիֆ Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, ու նրան կալանավորելու որոշում կայացվել, նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։ Վագիֆ Խաչատրյանի դուստրը պատմեց, որ ո՛չ իրեն, ո՛չ էլ Կարմիր խաչի ներկայացուցիչներին չեն բացատրել՝ ուր են տանում հորն ու ինչ պատճառով։ Ծովինար Խաչատրյանն ասում է՝ հայրը սրտանոթային խնդիրներ ուներ, ու շտապ վիրահատություն էր նշանակված, անգամ անցակետում ինքնազգացողությունն է վատացել։ «Խիստ առողջական խնդիրներ ուներ, շուտափույթ պետք է վիրահատեին։ Ինքն իրեն լավ չէր զգում, անցակետում նույնիսկ արդեն ի վիճակի չէր կանգնելու», -փոխանցեց նա։ Լաչինի միջանցքն արգելափակելուց և Հակարիի կամրջի մոտ անցակետ տեղադրելուց հետո սա ադրբեջանցիների կողմից արցախցու ձերբակալության առաջին դեպքն է։ Արդյո՞ք միջանցքի վերահսկողության պատասխանատու ռուս խաղաղապահները որևէ կերպ փորձել են կանխել ձերբակալությունը՝ այս մասին որևէ տեղեկություն չկա. ռուսական կողմը դեռ որևէ հայտարարություն չի տարածել։
19:45 - 29 հուլիսի, 2023
68-ամյա տղամարդուն արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ Անահիտ Մանասյանը կդիմի միջազգային կազմակերպություններին

68-ամյա տղամարդուն արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ Անահիտ Մանասյանը կդիմի միջազգային կազմակերպություններին

ՀՀ ՄԻՊ-ը հաղորդագրություն է տարածել Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա տղամարդուն ադրբեջանցիների կողմից արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ, որում ասվում է․ «Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր՝ հուլիսի 28-ին ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացուն: Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ:  Դեպքի առնչությամբ մանրամասներ ճշտելուց հետո Պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին»: Հիշեցնենք, որ Ադրբեջանը արգելանքի է վերցրել այսօր ԿԽՄԿ միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:  Ադրբեջանի գլխավոր դատախազությունն ավելի ուշ հայտնեց Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Դատախազությունը հայտնում է, թե, իբր, Խաչատրյանը մեղադրվում է հանցավոր խմբավորման հետ գործելու մեջ, որը 1991 թ․ դեկտեմբերի 22-ին կազմակերպել և Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի ադրբեջանցիների դեմ իրականացրել է հանցագործություններ, ինչպես նաև, ոչնչացնելով գյուղացիներին պատկանող գույքը, պետությանը խոշոր չափի վնաս է հասցրել։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին մեկնաբանել է Ադրբեջանի կողմից արցախցի բուժառուին արգելանքի տակ վերցնելու լուրը՝ նշելով, որ նման գործողությունների պարագայում, երբ մարդկանց տեղափոխում պետք է իրականացվի, իրենք նախապես համաձայնություն են ստանում, որպեսզի հնարավոր լինի ընթացքն ապահով կազմակերպել։ Այսօրվա գործողությունն այդ առումով բացառություն չի եղել և նույն կերպ է կատարվել։ Մինչ օրս նման նախադեպ չի եղել։ 
17:15 - 29 հուլիսի, 2023