Արձանագրեք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ձեր նման կառույցը ի վիճակի չէ երաշխավորել․ Գուրգեն Ներսիսյանը՝ ԿԽՄԿ ներկայացուցչին
20:20 - 29 հուլիսի, 2023

Արձանագրեք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ձեր նման կառույցը ի վիճակի չէ երաշխավորել․ Գուրգեն Ներսիսյանը՝ ԿԽՄԿ ներկայացուցչին

Քաղաքացիները Կարմիր խաչի արցախյան գրասենյակի դիմաց են՝ առևանգված քաղաքացուն վերադարձնելու պահանջով։ «Արցախպրես»-ի հաղորդմամբ` ԿԽՄԿ Արցախի գրասենյակի ղեկավարի հետ հանդիպել են Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը,  Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Ներքին Գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ քննարկելու և պարզաբանելու կատարվածը:

ԿԽՄԿ Արցախի գրասենյակի ղեկավար Կառլոս Մորացանին հավաքվածներին և առևանգված արցախցու հարազատներին տեղեկացրել է, որ իր հերթին հասկանում է ստեղծված իրավիճակը: Աշխատանքներ են տարվում՝ փորձելով գտնել լուծումներ:
 
Վագիֆ Խաչատրյանի դուստրը, ով  ուղեկցում էր նրան, հետ է վերադարձել Ստեփանակերտ և պահանջում է ԿԽՄԿ-ից ջանքեր գործադրել և անհապաղ վերադարձնել իր հորը։
 
«Հորս իմ ձեռքից  վերցրել ու  տարել են: Ամենածանր վիճակում գտնվում եմ ես և իմ ընտանիքը: Ժամանակ ենք տվել ԿԽՄԿ-ին վերադարձնել նրան: Սա միայն իրենց հեղինակության վրա է ազդում, և ամբողջ պատասխանատվությունը նրանց ուսերին ու խղճին է: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հանդիպել ռուս խաղաղապահ զորակազմի  ղեկավարի հետ, լսել նաև նրա կարծիքը այս իրավիճակի շուրջ։ Տեսնենք, թե նրանք ինչ լուծումներ են առաջարկում»,-նշել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը:
 
Վագիֆ Խաչատրյանի եղբայրը՝ Գուրգեն Խաչատրյանը, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է, որ այսօր առավոտյան` ժամը՝ 06:00-ին, եղբորը բերել է Ստեփանակերտ՝ ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ և նրանց մեքենայով ճանապարհելու Հայաստանի Հանրապետություն` բուժման նպատակով: Ճանապարհվել են 07:30-ին։
 
«Պահանջում եմ ԿԽՄԿ առաքելությունից, որպեսզի եղբորս տուն վերադարձնի այնպես, ինչպես այսօր առավոտյան վստահելով նրանց եմ տվել, որ տանեն բուժման»,-հավելել է Գ. Խաչատրյանը:
 
ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի խոսքով` ստեղծված իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ ոչ մի միջազգային կառույց ի վիճակի չէ ապահովելու արցախցիների անվտանգությունը․ «Արձանագրեք, հայտարարությունը տվեք, որ Արցախի ժողովրդի անվտանգությունը որևէ մեկը, այդ թվում՝ ձեր նման կառույցը ի վիճակի չէ երաշխավորել․ դուք առնվազն դա պիտի անեք։ Հասկանում եմ՝ ձեր ձեռքից մեր քաղաքացուն տարել են, դուք անօգնական եք և ի վիճակի չեք եղել ապահովել, բայց մնացածի մասին պարտավոր եք հոգ տանել։ Ձեր հոգ տանելու ճանապարհն այն է, որ արձանագրեք, որ որևէ կառույց ի վիճակի չէ այս պայմաններում ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»։
 
Ներսիսյանը նշել է․ «Մեր ժողովուրդը ո՛չ անգրագետ և ո՛չ էլ հիմար է, լավ է հասկանում իրավիճակը: Մենք ուզում ենք արձանագրել, որ կառույցներն  անկարող են և բարձրաձայնել դրա մասին: Մենք պետք է բարձրաձայնենք եվրոպական բոլոր հարթակներին, որ ահա այսպես են երաշխավորում, երբ աշխարհի բոլոր երկրների կողմից վստահություն ունեցող կառույցը ի վիճակի չէ անգամ իր տարբերանշանը կրող մեքենայով մեր քաղաքացուն անվտանգ տեղ հասցնել»:
 
Հավաքի մասնակիցներն այնուհետև ոտքով շարժվել են դեպի ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել