Ալիևը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվել են Հայաստանի կողմից ԼՂ-ին վերաբերող կետը հանելուց հետո
11:03 - 25 ապրիլի, 2024

Ալիևը հայտարարել է, թե խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները վերսկսվել են Հայաստանի կողմից ԼՂ-ին վերաբերող կետը հանելուց հետո

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, երկխոսության մասին։

Ալիևը կարծիք է հայտնել, որ խաղաղ բանակցությունների գործընթացում լուրջ առաջընթաց գրանցելու մեծ հավանականություն կա։ Բանակցությունների մեկնարկի սկզբնական փուլին անդրադառնալով՝ նա հիշեցրել է, թե խաղաղ գործընթացի նախաձեռնողը Ադրբեջանն է եղել, սակայն Հայաստանը չի արձագանքել։ Ավելի ուշ Ադրբեջանը, Ալիևի խոսքով, հանդես է եկել խաղաղության համաձայնագրի 5 հիմնական սկզբունքների առաջարկով, և բանակցությունները սկսվել են հենց այդ սկզբունքների հիման վրա։ 

Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Հայաստանը այդ սկզբունքներին ավելացրել է այլ կետեր, ինչպես օրինակ, «Լեռնային Ղարաբաղի հարցը»։ 

«Սա էր հիմնական պատճառը, որ չկարողացանք առաջընթաց գրանցել։ Նրանք (հայկական կողմը-խմբ․) պնդում էին, որ այդ դրույթը ներառվի, ինչը մեզ համար բացարձակապես անընդունելի էր, և մենք գտանք, որ չենք կարող համաձայնության գալ»,- ասել է Իլհամ Ալիևը։ 

Ըստ Ալիևի՝ դա տևեց մինչև անցյալ տարվա սեպտեմբեր (Ադրբեջանը 2023 թվականի սեպտեմբերին լայնամասշտաբ հարձակում սկսեց ընդդեմ Արցախի՝ տեղահանության ենթարկելով Արցախի շուրջ 120 հազար բնակչությանը)։

Ալիևը հիշեցրել է, որ այս տարվա սկզբին տեղի ունեցավ իր հանդիպումը ՀՀ վարչապետի հետ, ապա երկու երկրների ԱԳ նախարարները հանդիպեցին, և միայն հիմա կարելի է ասել, որ կողմերը մոտենում են իրական բանակցություններին։ 

Ալիևը պնդել է, թե «Ադրբեջանի կողմից երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության  վերականգնումից հետո (Արցախի օկուպացիայից և արցախահայության տեղահանությունից հետո-խմբ․) Հայաստանը հանել է ԼՂ-ին վերաբերող կետը ևՂարաբաղ բառի ոչ մի ասպեկտ այլեւս չի նշում»։  

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ 30 տարի հնարավոր չի եղել համաձայնության գալ հիմնական սկզբունքների շուրջ, այն ժամանակ նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախագիծ չի եղել, բայց հիմա այն կա և երկու կողմերն էլ ունեն խաղաղության համաձայնագիրը կյանքի կոչելու քաղաքական կամք։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել