«Վարորդ է եղել». առևանգված ու Բաքու տեղափոխված արցախցու դուստրը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները |azatutyun.am|
19:45 - 29 հուլիսի, 2023

«Վարորդ է եղել». առևանգված ու Բաքու տեղափոխված արցախցու դուստրը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները |azatutyun.am|

azatutyun.am: Լաչինի անցակետում ձերբակալված ու Բաքու տեղափոխված 68-ամյա արցախցու դուստրը հերքում է Ադրբեջանի մեղադրանքները, թե հայրը Խոջալուի Մեշալի գյուղում 1991 թվականին «սպանել է ազգությամբ ադրբեջանցիների, բռնի տեղահանել նրանց ու ոչնչացրել պետությանը պատկանող գույքը»։ Ծովինար Խաչատրյանը, որն այսօր բուժման նպատակով հորն ուղեկցում էր Երևան, «Ազատությանն» ասաց, որ Վագիֆ Խաչատրյանը խորհրդային շրջանում պարզապես վարորդ է աշխատել։

«Ո՛չ հրամանատար է եղել, ո՛չ հրամանատարի տեղակալ է եղել, ինքը վարորդ էր, Խորհրդային Միության ժամանակ վարորդ է եղել։ Վարորդը կարո՞ղ արդյոք ցեղասպանություն գործի, ես չեմ հասկանում՝ էդ ինչ մեղադրանքներ են դրանք ներկայացնում», - նշեց Ծովինար Խաչատրյանը։

68-ամյա տղամարդու առևանգման մասին Արցախի պետնախարարն ու Մարդու իրավուքների պաշտպանն էին այսօր ահազանգել։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել են ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Վագիֆ Խաչատուրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, ու նրան կալանավորելու որոշում կայացվել, նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Վագիֆ Խաչատրյանի դուստրը պատմեց, որ ո՛չ իրեն, ո՛չ էլ Կարմիր խաչի ներկայացուցիչներին չեն բացատրել՝ ուր են տանում հորն ու ինչ պատճառով։ Ծովինար Խաչատրյանն ասում է՝ հայրը սրտանոթային խնդիրներ ուներ, ու շտապ վիրահատություն էր նշանակված, անգամ անցակետում ինքնազգացողությունն է վատացել։

«Խիստ առողջական խնդիրներ ուներ, շուտափույթ պետք է վիրահատեին։ Ինքն իրեն լավ չէր զգում, անցակետում նույնիսկ արդեն ի վիճակի չէր կանգնելու», -փոխանցեց նա։

Լաչինի միջանցքն արգելափակելուց և Հակարիի կամրջի մոտ անցակետ տեղադրելուց հետո սա ադրբեջանցիների կողմից արցախցու ձերբակալության առաջին դեպքն է։ Արդյո՞ք միջանցքի վերահսկողության պատասխանատու ռուս խաղաղապահները որևէ կերպ փորձել են կանխել ձերբակալությունը՝ այս մասին որևէ տեղեկություն չկա. ռուսական կողմը դեռ որևէ հայտարարություն չի տարածել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել