Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը
10:37 - 30 հուլիսի, 2023

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անդրադարձել է Վագիֆ Խաչատրյանի առևանգմանը

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել շաբաթ օրը Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետում Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման կապակցությամբ։

Մասնավորապես ԿԽՄԿ-ն միայն նշել է, որ  Լաչինի միջանցքով 15 հիվանդի տեղափոխելիս նրանցից մեկը «ձերբակալվել է»` առանց հստակեցնելու, թե ինչ հիմնավորմամբ է բուժառուն «ձերբակալվել»։

Փաստելով, որ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր միջազգայնորեն ճանաչված մարդասիրական մանդատի շրջանակներում Լաչինի միջանցքով մոտ 680 հիվանդներ են տեղափոխել, կազմակերպությունը հայտարարում է․ «Մենք աշխատում ենք թափանցիկ, համակարգում ենք կողմերի հետ և գործում ենք միայն նրանց համաձայնությամբ: Այսօր այդպես էր»:

ԿԽՄԿ-ն հավաստիացնում է, որ իր ներկայացուցիչները «հնարավորինս շուտ կայցելեն կալանավորված հիվանդին և կապի մեջ են ընտանիքի հետ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակարիի անցակետից ադրբեջանցիները առեւանգել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ ՀՀ եկող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ներկայացնելով Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպի մանրամասները, հետևյալն է պատմել․ «Վագիֆ Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված։ Մոտ 10 րոպե անց «Շևրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից»։

Ստեփանյանը պնդել է, որ ԿԽՄԿ-ն է կրում Լաչինի միջանցքով բուժառուների անվտանգ տեղափոխման պատասխանատվությունը և կառույցից պահանջել «իրավական գնահատական տալ ադրբեջանական այս հանցագործությանը, ձեռնարկել ԿԽՄԿ մանդատից բխող բոլոր գործողությունները Վագիֆ Խաչատրյանին Արցախ վերադարձնելու ուղղությամբ»։

68-ամյա տղամարդու առևանգման մասին Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեցին։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդեց, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, ու նրան կալանավորելու որոշում կայացվել, նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ առկա չէ միջազգային հետախուզում, հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ըստ նրա՝ քաղաքացու իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել