«Մենք դժգոհ ենք արդյունքներից». արցախցի ակտիվիստները` Թիերի Ռիբոյի հետ հանդիպումից հետո
 |news.am|
14:01 - 31 հուլիսի, 2023

«Մենք դժգոհ ենք արդյունքներից». արցախցի ակտիվիստները` Թիերի Ռիբոյի հետ հանդիպումից հետո |news.am|

news.am: Ամիսներ շարունակ Արցախի Հանրապետություն վերադառնալ չկարողացող շուրջ երկու տասնյակ երիտասարդներ, որոնք 2 օր առաջ անժամկետ նստացույց են սկսել ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մոտ, դժգոհ են ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպման արդյունքներից։ Տեղեկությունը ԿԽՄԿ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց արցախցի ակտիվիստ Ամալյա Զաքարյանը։

Նշենք, որ երիտասարդները միջազգային կառույցից պահանջում են անհապաղ գործադրել բոլոր ջանքերը՝ վերադարձնելու Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի «անցակետից» առևանգված Արցախի հանրապետության քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին։

«Մենք դժգոհ ենք հանդիպման արդյունքներից։ Մեզ ասում են, որ եթե հանրային ձևով հայտարարություններ անեն, դա ավելի կբարդացնի իրավիճակը։ Մեզ ասացին, որ իրենց աշխատակիցն էլ է Վագիֆի հետ գնացել, բայց իրեն դուրս են արել», - ասաց Ամալյան։

Նա հայտարարեց, որ իրենք շարունակելու են ակցիաները մինչև առարկայական մի արդյունքի հասնեն։

«Մենք շարունակելու ենք մեր ճնշումները, քանի որ եթե դա էլ դադարեցնենք, իրավիճակին ոչ մի օգուտ չենք տա։ Այսօր Վագիֆին են առևանգել, վաղը կարող են մեզ, մեր հարազատներին առևանգել»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել