Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Չարենցավանի ավագանու նիստերում չի քննարկվել վարչապետի հրաժարականը պահանջող որևէ նախաձեռնության միանալու հարց

Չարենցավանի ավագանու նիստերում չի քննարկվել վարչապետի հրաժարականը պահանջող որևէ նախաձեռնության միանալու հարց

Չարենցավանի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2020 թվականի դեկտեմբերի 3-ին Hraparak.am լրատվական կայքում հրապարակված նյութը, որում ասվում էր՝ իբր Չարենցավան համայնքի ավագանու 15 անդամներից 10-ը միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին, չի համապատասխանում իրականությանը:Չարենցավան համայնքի ավագանու օրինական կայացված նիստերից և ոչ մեկում երբեք չի քննարկվել վարչապետի հրաժարականի պահանջով հանդես եկող որևէ նախաձեռնությանը միանալու հարց:Վերոնշյալ մամուլում տեղ գտած հրապարակումը իրենից ներկայացնում է ընդամենը Չարենցավան համայնքի ավագանու որոշ անդամների անձնական դիրքորոշումը, հետևաբար, այն որևէ կապ չունի՝ որպես տեղական ինքնակառավարման մարմնի օրինական կայացրած որոշման կամ ուղերձի հետ»:
16:29 - 05 դեկտեմբերի, 2020
Նորանկախ ՀՀ-ի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքն արժանապատվորեն պաշտպանած, իսկ Փաշինյանը՝ հանուն աթոռի պատերազմում պարտված․ Ս․ Սարգսյանի գրասենյակ

Նորանկախ ՀՀ-ի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքն արժանապատվորեն պաշտպանած, իսկ Փաշինյանը՝ հանուն աթոռի պատերազմում պարտված․ Ս․ Սարգսյանի գրասենյակ

Սերժ Սարգսյանի գրասենյակն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ու ստորագրած փաստաթղթին։ Գրասենյակի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․ «Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի մասին ով խոսի, դու պետք է լռես, Նիկո՛լ Փաշինյան: Քո իմացած բանակցային պատմությունը՝ բնորոշածդ «կիրթ» ու «կառուցողական» Ալիևից լսածդ է, որին այնքան էիր հավատում, որ ավելորդ էիր համարում այդ գործընթացի մասին հանգամանորեն տեղեկանալ քո պետության՝ բանակցություններ վարած նախկին բոլոր ղեկավարներից: Նշանակում է՝ մեր թշնամուն անվերապահորեն վստահում էիր, իսկ քո քաղաքական ընդդիմախոսներին՝ ոչ: Հենց այդ պատճառով մինչև հիմա չես հասկացել բանակցային գործընթացի իմաստն ու նպատակը: Իսկ երբ բանակցային պատմությունը բացառապես իր երկրի շահերից բխող նրբերանգներով ականջիդ շշնջացող թշնամին քո հայրենադավությունից հետո, եթերում դիմելով քեզ, մի ամբողջ օր ամենավերջին ստորացումների էր ենթարկում, ծիծաղում վրադ և ծաղրում, ծպտունդ անգամ դուրս չեկավ: Արժանապատվություն ունեցող ցանկացած հայի համար, աշխարհի որ ծայրում էլ լիներ, դա մեծագույն անարգանք էր ու ամոթ, բայց ոչ քեզ համար: Դու պատրաստ ես միայն հարձակվել քաղաքական ընդդիմախոսներիդ վրա, իսկ հայ ժողովրդի թշնամու առջև՝ ծնկի գալ: Դու կարող ես անամոթաբար ստել ու նենգափոխել պատմությունը, վախկոտին բնորոշ ձևով պատասխանատվությունից խուսափելու համար մանիպուլյատիվ հնարքներով ամեն ինչ հարմարեցնել խայտառակ պարտությունդ քողարկելու մտադրությանդ: Անցած երկուսուկես տարում Արցախյան հիմնախնդրի լուծումը տարել ես բացառապես հող տալ կամ չտալու ուղղությամբ, մինչդեռ քեզնից առաջ բանակցություններ են վարվել Արցախը փոխզիջումների միջոցով Ադրբեջանի կազմից դուրս բերելու նպատակով: ՀՀ երրորդ նախագահը այս և շատ ու շատ այլ հարցերի հանգամանորեն դեռ կանդրադառնա: Այլևս փաստ է, որ պատմության մեջ նորանկախ Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները հիշատակվելու են որպես Հայրենիքը արժանապատվորեն պաշտպանած, հաղթանակած և հողեր ազատագրած իշխանություններ, իսկ դու՝ հանուն աթոռիդ պատերազմում անարժանապատվորեն պարտված, Արցախի հողերը հանձնած, բանակցություններ վարելու անընդունակ, Արցախի և Հայաստանի անվտանգությունը լրջագույն հարվածի տակ դրած վախկոտ և ժողովրդի կողմից դավաճանի խարանը ճակատին դրոշմված ղեկավար: Պատմությունը գրվում է փաստերով»:
15:59 - 05 դեկտեմբերի, 2020
Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը

Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները հանդես են եկել կոչով և պահանջում են վարչապետի և կառավարության հրաժարականը։ Կոչին միացել են Կապան, Գորիս, Քաջարան, Մեղրի, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է, վտանգված է Սյունիքը։ Պատերազմի առաջին օրերից Սյունիքը միասնական կերպով արժանապատիվ կռիվ է տվել ինչպես ճակատում, այնպես էլ՝ թիկունքում։ Այսօր եւս բոլոր համայնքները լուծում են լրջագույն խնդիրներ, որոնց մասին խոսելու առիթներ դեռ կլինեն։ Սյունիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան եւ չլուծված։ Սահմանի հետ կապված մի շարք հարցեր վիճելի են, Սյունիքի փրկության համար վճռորոշ այս փուլում, երբ պետք է ճակատագրական որոշումներ կայացվեն, համայնքներն են շարունակում մնալ անվտանգությունը երաշխավորող հիմնական դերակատարները։ Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին եւ իրականացվում է պատվով։ Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված։ Թշնամին հասել է Սյունիքի դարպասներին։ Այս պահին մեր գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը։ Յուրաքանչյուր րոպեն թանկ է եւ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ։ Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է։ Մենք հասկանում ենք, որ վաղը կարող է շատ ուշ լինել, ուստի այս փուլում կարող եւ նվիրյալ ուժեր են պետք, որոնք պետք է գործեն հանուն Սյունիքի փրկության, երկիրն աղետալի վիճակից հանելու տրամաբանությամբ։ Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք եւ ոչ ասենք այս կործանարար իրավիճակին»։ Պահանջին միանում են Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, Քաջարան համայնքի ավագանու անդամները՝ Արմեն Անդրեասյան Կարեն Համբարձումյան Սասուն Առաքելյան Մերուժան Աթայան Էրիկ Սաղաթելյան Գարիկ Իսրայելյան Դերենիկ Ստեփանյան Արմեն Հակոբյան Կարինե Մակիյան Մարինա Գեւորգյան
14:57 - 05 դեկտեմբերի, 2020
Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Մեղրի եւ Մեղրիի միջանցք բառեր չկան․ վարչապետը կոչ արեց այլ համատեքստում դիտարկել հարցը

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Մեղրի եւ Մեղրիի միջանցք բառեր չկան․ վարչապետը կոչ արեց այլ համատեքստում դիտարկել հարցը

Մեր զինված ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով։ Այս մասին այսօր՝ ուղերձի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով ամեն օր այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել։ «Խոսքը տվյալ դեպքում հայաստանյան հատվածի մասին է, Արցախի պարագան առանձին խնդիր է։ Մեր սահմանի մոտակայքում տեղի ունեցող այդ պրոցեսներն, իհարկե, մարդկանց ընկալումներում լուրջ խնդիրներ են առաջացնում։ Տարբեր գործնական խնդիրներ կան, բայց դրանք անլուծելի չեն, դրանց լուծման վրա մենք աշխատում ենք»,- հավելեց նա։ Վարչապետը հայտնեց, որ որոշակի տեղաշարժ կա Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ։ «ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները, ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները, ԱՄՆ փոխպետքարտուղարը համատեղ հայտարարություն են ընդունել՝ կարեւոր շեշտադրումներով։ Վերահաստատվել է Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու եւ բանակցային լիարժեք գործընթաց վերականգնելու կամքն ու ցանկությունը։ Սա եւս մի կարեւոր գործոն է արձանագրված հրադադարն ամրապնդելու համար։ Այս պայմաններում մեր զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա։ Այս պահին սահմանային լարում, ըստ էության, չկա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ պատերազմի հետեւանքները որոշակի հարցեր են առաջացրել մեր զինվորների կեցության պայմանների հետ կապված, ու մենք հիմա ակտիվ զբաղվում ենք այդ հարցերով։ Իհարկե, ծանր հարցեր, իրավիճակներ կան, բայց գլոբալ հարցը հետեւյալն է․ ինչ ենք մենք պատրաստվում անել, պատրաստվո՞ւմ ենք հանձնվել, կքել այդ ծանրության ներքո․ ոչ, չենք պատրաստվում, մենք պետք է այդ ծանրությունը կարողանանք կրել արժանապատիվ և հաղթահարել հաղթահարելի ծանրությունը, որովհետեւ մեր եղբայրների կորուստներն անհաղթահարելի են։ Վարչապետն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Մեղրի եւ Մեղրիի միջանցք բառեր չկան։  «Կա այլ բան․ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում։ Եթե ապագայի մասին պիտի մտածենք, ուրեմն պետք է մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու հնարավորության մասին։ Արդյո՞ք մեր տնտեսության մեջ էական բան կփոխի Հայաստան-ՌԴ ու Հայաստան-Իրան երկաթուղային կապի վերականգնումը․ կարծում եմ՝ այո։ Եթե այս համատեքստում ենք դիտարկում հարցը, պատկերն այլ կերպ է երեւում»,- ասաց նա։
11:22 - 05 դեկտեմբերի, 2020
Ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ դրանից առաջ ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն․ Նիկոլ Փաշինյան

Ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ դրանից առաջ ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն․ Նիկոլ Փաշինյան

Մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի հարցում որոշակի առաջընթաց ունենք, եւ, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ։ Այս մասին այսօր՝ ուղերձի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդ որում՝ ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ դրանից առաջ հայկական ու ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն։ Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք պաշտոնապես հաստատված գերիներին, այլ նաեւ մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ եւս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն»,- նշեց նա։ Վարչապետի խոսքով՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործընթացը թեկուզ դանդաղ, բայց ընթանում է։ «Մի կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերում է կատարվում, մյուս կողմից՝ Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչում է կատարվում։ Նոյեմբերի իննից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին, ավելի քան 500 մարմին այս պահին ճանաչման փուլում է։ Մեծ հավանականությամբ, ցավոք, այս մարմինները անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են։ Հիմա կատարվում է նարնց ճանաչման գործընթցը․ մարմնից վերցվում է ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատից վերցված նմուշի հետ»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ գործընթացը, ցավոք, բավականին ժամանակատար է, և նոյեմբերի իննից այս կողմ նույնականացվել ու հարազատներին է հանձնվել 135 մարմին, այս գործընթացը կշարունակվի։ Վարչապետը նշեց, որ կա անհետ կորածների մի խումբ, որոնց մասին հիմա չի ուզենա բարձրաձայնել, նրանց հետ կապված կոնկրետ աշխատանք է արվում։ «Մենք դեռ չենք հասցրել պետական մակարդակով խոնարհումի միջոցառումներ ու սգո օրեր հայտարարել։ Կարծում ենք՝ դա ավելի ճիշտ կլինի անել չճանաչված մարմինների առնվազն մեծ մասի ճանաչումից հետո․ սա պիտի լինի խոնարհումի, մտորումի, մորմոքի մի շրջան, եւ այն պետք է ապրենք իրար հետ եւ իրարով, սա պետք է լինի մտորում անցյալի ու ապագայի մասին՝ առավել միտված ապագային»,- ընդգծեց վարչապետը։
11:10 - 05 դեկտեմբերի, 2020
Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ յորթերոդ ՊՇ-ն իր տեղում է․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ յորթերոդ ՊՇ-ն իր տեղում է․ Նիկոլ Փաշինյան

Ինչ-որ թեզ են շրջանառում, թե պատերազմի երրորդ օրն ինչ-որ որոշում եմ կայացրել, որն աղետալի հետեւանքներ է ունեցե;․ տասնհինգ օր է՝ էդ որոշումը փնտրում-չենք գտնում, որովհետեւ չկա այդպիսի որոշում։ Այս մասին այսօր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա․ վարչապետը մա՞րտ է ղեկավարում, վաշտի հրամանատարի, կամ գնդի հրամանատարի մակարդակով որոշոմնե՞ր է կայացրել։ Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ յորթերոդ ՊՇ-ն իր տեղում է, որովհետեւ ոմանք խուճապի մեջ ուզում էինք 7-րդ ՊՇ-ն էլ հանձնել։ Լավ է՝ գոնե հիմա խոստովանում են՝ պատերազմը հաջող ավարտելու շանս կար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։  Նա նշեց, որ սա լրիվ անհույս ու խելագար պատերազմ չէր, բայց ինչո՞ւ չեղավ հաջողություն։ «Ի՞նչ կապ ունեն այդ անհաջողության հետ առաջնագծից եկած զինվորների վկայությունները, որ պատերազմի առաջին օրից ինչ-որ մարդիկ առաջնագծով լուրեր են տարածել, թե հողերը ծախված են, թե Նիկոլը հողերը ծախել է, կռիվն անիմաստ է։ Ի՞նչ կապ ունի պարտության հետ այն փաստը, որ հայաստանյան որոշ քաղաքական շրջանակներ դեռ սեպտեմբեր-հոկտեմբերին պատերազմ ու ներքաղաքական անակնկալներ էին խոստանում։ Ո՞ւմ հետ էին պայմանավորվել պատերազմի եւ ներքաղաքական անակնկալների շուրջ»,- ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, թե արդյո՞ք գլոբալ առումով, ի վերջո, ուժ ունենալու ենք խոստովանել, որ մեր ձախողման պատճառն այն էր, որ Հայաստանն առնվազն քսանհինգ տարի եղել է կոռումպացված պետություն, որտեղ այսօր քաղաքական ակտիվություն ցուցաբերող առնվազն ամենաազդեցիկ մասն այլ բան չի արել, քան անձնական հարստություն կուտակելն ու պետության դիմակայության ամբողջ ռեսուրսը կերել է, մսխել է, քայքայել է, տեղափոխել շվեյցարական բանկեր։ «Դա մեկ կամ երկու հոգի չի արել, դա արել է համակարգ՝ իր բազմաթիվ շոշափուկներով, ու այդ համակարգն ամեն օր դիմադրում է, այդ դիմադրությունը հասել է կուլմինացիային, ու այդ դիմադրության հիմնական նպատական այն է, որ այս պատերազմի ու դրան նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին ճշմարտությունը չիմացվի»
11:03 - 05 դեկտեմբերի, 2020
Թուրքիան Ղարաբաղի հարցի մեջ մտել է ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքով․ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է մեղադրանքներին

Թուրքիան Ղարաբաղի հարցի մեջ մտել է ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքով․ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է մեղադրանքներին

Մեզ մեղադրում են, որ Թուրքիան մտավ Ղարաբաղի հարցի մեջ։ Կներեք, Թուրքիան Ղարաբաղի հարցի մեջ մտել է ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքով, երբ հայկական դիվանագիտության ձախողման արդյունքում հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքներն օկուպացված են, եւ մտավ Ղարաբաղի հարցի մեջ, սա տասը տարի առաջ է տեղի ունեցել։ Այս մասին այսօր ուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեզ մեղադրում են, թե եկանք, բանակը քանդեցինք, օդը «չփակեցինք»։ Օդը «փակ էր», որովհետեւ 2017-ին 42մլն դոլարով ձեռք էին բերվել փաստեր, որոնցով օդը փակված պիտի լիներ, բայց հետո պարզվեց, որ էդ սարքերը չեն աշխատում ուղղակի։ Այդ գնման համահեղինակն իբր սենսացիոն բացահայտում է անում, թե՝ ինձ ատկատ էին առաջարկել, բայց ես հրաժարվել էի գործարքից։ Հարց՝ իսկ 42 մլն դոլարանոց չաշխատող սարքերն առանց ատկատի եք գնե՞լ, էդ ո՞վ կհավատա, որ չաշխատող սարքն այն գնով գնվել է բարի մղումներով եւ ազնվության շրջանակներում,- նշեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ այս փաստից ուշադրություն շեղելու համար մի քանի ամիս թեմա են դարձրել Оса-АК համակարգերի գնումը, իբր դրանք անարդյունավետ զենքեր են։ «Նախ, այդ գնման որոշումը կայացվել է բազմակողմանի քննարկման արդյունքում, երկրորդը՝ դրանով բազմաթիվ թիրախներ են խոցվել, ընդ որում՝ իսրայելական Hermes-900 ԱԹՍ-ն, որն առաջին անգամ խոցվել է հուլիսին Տավուշում, եւ որի խոցումը դարձավ համաշխարհային սենսացիա, ահա այդ խոցումը եղել է Оса-АК համակարգով»,- ընդգծեց նա։ Վարչապետի խոսքով՝ հիմա իրենց առաջ հարց են դնում՝ ինչո՞ւ սա չեք գնել, նա չեք գնել բանակի համար։ «2,5 տարվա ընթացքում մենք ինչ հասցրել, գնել ենք, այդ ընթացքում մենք պիտի զինվորականանների աշխատավարձը բարձրացնեինք, զինվորների սննդի, կոշիկի ու վարտիքի հարցը լուծեինք, արկեր գնեինք, որոնք չկային, ավտոմատներ գնեինք, որոնք նորմալ չէին, փամփուշտներ գնեինք, ՀՕՊ միջոցներ, այո, ինքնաթիռներ գնեինք, մենք պիտի գնեինք այն ամենը, ինչ քսան տարվա ընթացքում պետք է գնվեր»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք երկու տարվա մեջ քսան տարվա չգնածը չգնեցին, իսկ դուք (նախկին իշխանությունները - խմբ․) նախորդ 18-20 տարվա մեջ ինչո՞ւ չեք գնել, այդ ինչպե՞ս է եղել, որ դղյակներ կառուցելը, կղզիներ գնելը, շվերցարական բանկերում միլիոններ կուտակելն ավելի կարեւոր են համարվել, քան երկուսուկես տարվա մեջ մեր չգնածը քսան տարվա մեջ գնելը։
10:50 - 05 դեկտեմբերի, 2020
2016-ին կարողացաք պատերազմը կանգնեցնել՝ տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա․ Նիկոլ Փաշինյան

2016-ին կարողացաք պատերազմը կանգնեցնել՝ տարածքները վերադարձնելու բանավոր խոստման հիման վրա․ Նիկոլ Փաշինյան

Մենք ոչ դիվանագիտությունն ենք ձախեղել, այլ վերջին քսան-քսանհինգ տարվա դիվանագիտական ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն ենք ձախողել, մենք ձեր ձախողումների հետեւանքներից խուսափելու գործում ենք ձախեղվել, սա է ճշմարտությունը։ Այս մասին այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մեզ մեղադրում են, որ չկարողացանք խուսափել պատերազմից, է, խուսափող էիք, 2016-ին խուսափեիք, չկարողացաք խուսափել, կարողացաք պատերազմը կանգնեցնել՝ տարածքները վերադարձնելու՝ բանավոր խոստման հիման վրա։ Իսկ ինչո՞ւ մեզ նույնը չհաջողվեց, որովհետեւ մեզ ասվում էր, որ քանի որ Հայաստանն արդեն մի քանի անգամ բանավոր խոստացել է, պայմանավորվել վերադարձնել ու չի վերադարձրել, հիմա միայն գրավոր կարող է լինել խոսակցությունը եւ կոնկրետ ժամկետների նշումով։ Պատերազմը հնարավոր էր կանգնեցնել միայն նոյեմբերի 9-ի նման փաստաթղթի ստորագրումով՝ պատերազմից առաջ կամ մեկնարկին»,- ընդգծեց վարչապետը։ Փաշինյանը դարձյալ հիշեցրեց, որ պատերազմի հենց առաջին օրը ԱԺ ամբիոնից ասել է՝ հենց այդ պահին կարող է կանգնեցնել պատերազմը եւ ասել է՝ ինչ գնով։ «Բա ինչո՞ւ էն ժամանակ հայտարարություններ չէիք անում, թե համաձայն եք սկզբունքին, որ պետք է կանգնեցնել պատերազմը։ Հիմա պարզվում է՝ բոլորը 5+2 բանաձեւով հողերը հանձնելու կողմնակից էին։ Կողմանկից էիք՝ հանձնեիք, 2016, 2017-ին հանձնեիք, կանխեիք պատերազմը, լուծեիք հարցը, մանավանդ Ապրիլյանից հետո գիտեիք՝ ինչն ինչոց է»,- ասաց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ոմանց թվում է, թե 5+2-ն Ադրբեջանը հալած յուղի տեղ ընդունելու էր․ դա դեռ նախնական առաջարկ էր, դա դեռ պետք է քննարկվեր, համաձայնեցվեր, արդեն հանրահայտ մեթոդով՝ որ պահին ՀՀ-ն համաձայներ ինչ-որ տարբերակի, Ադրբեջանն ավելին էր ուզելու։ «Ես ապշած եմ, որ իրենց մեծ դիվանագետ համարողներն այս պազ բաները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ»,- հավելեց նա։
10:39 - 05 դեկտեմբերի, 2020
Ապրիլյան պատերազմից հետո դուք լեգիտիմացրիք Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյան պատերազմից հետո դուք լեգիտիմացրիք Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում Հայաստանն այդ ե՞րբ եւ ինչպիսի՞ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր։ Այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հրապարակած ուղերձում։ «Դիվանագիտական հաջողությունը 1995-ի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունն ի ցույց տվեց իր մոտեցումը, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ինքնավարություն պիտի լինի, եւ սա է լուծման բանաձեւը։ Դիվանագիտական հաջողությունը 1998-ին բանակցությունների սեղանին դրված «ընդհանուր պետություն» փաթե՞թն էր, որտեղ հստակ ֆիքսվում էր յոթ տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջը, որը դրվում էր Հայաստանի առաջ, եւ այն, որ Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն պետության կազմում պիտի լինեն։ Դիվանագիտական հաջողությունը 1999-ի ԵԱՀԿ Ստամբուլյան հռչակագի՞րն էր, որտեղ ֆիքսվում էր, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքով, դիվանագիտական հաջողությունը Մադրիդյան սկզբունքնե՞րն էին, որոնք, ի դեպ, թմբկահարվում էին որպես դիվանագիտական հաջողություն, բայց պարզվեց խայտառակ մի բան՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը համաձայնի։ Դիվանագիտական հաջողությունը 2011-ի Կազանյան բանակցություննե՞րն էին, երբ Ադրբեջանը բանակցությունների դուռը շրխկացրեց, իսկ ՀՀ ղեկավարն էստեղ-էնտեղ հարցազրույց էր տալիս ու ասում, թե մենք պատրաստ ենք Ադրբեջանի յոթ տարածքները վերադարձնել, բայց Ադրբեջանն ավելին է ուզում։ Դիվանագիտական հաջողությունը վերջին 25 տարվա մեջ ամենատարբեր միջազգային ատյաններում ընդունված բազմաթիվ փաստաթղթե՞րն էին, որտեղ հստակ ֆիքսվում էր Ադրբեջանի տարածքների օկուպացված լինելը, եւ որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Դիվանագիտական հաջողությունն ա՞յն էր, որ 2013-ից Ադրբեջանն սկսեց ռազմական էսկալացիայի փուլը, ու, ըստ էության, ոչ ոք չէր դատապարտում նրան դրա համար․ ինչո՞ւ, շատ պարզ պատճառով, որովհետեւ «երբ մտնում ես օդանավի զուգարան եւ փակում դուռը, գրվում է occupied»։ Չեք հավատա, բայց սա 2000-ականների Հայաստանի բանակցողի հրապարակային արտահայտությունից գրեթե բառացի մեջբերում է։ Էս մակարդակով դիվանագիտություն վարածներն եկել են, էսօր եմզ ասում են, որ դիվանագիտությունը ձախողել ենք։ Դիվանագիտական հաջողությունը 2016-ի ռուսական առաջարկնե՞րն էին, երբ օրակարգից, ըստ էության, ընդհանրապես հանվեց Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ասաց վարչապետը։ Նա նշեց, ոի եթե այդքան լավ հարաբերություններ էիք կառուցել Ռուսաստանի հետ, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր ռազմավարական դաշնակցի ներկայացած առաջարկով Արցախի կարգավիճակի հարցն, ըստ էության, դուրս բերվեց օրակարգից։  «Լավ դիվանագետ էիք, ինչպե՞ս եղավ, որ Ապրիլյան պատերազմի կապակցությամբ Ադրբեջանը չպատժվեց, որովհետեւ դուք գնացիք եւ խելոք համաձայնեցիք նրան, ինչ առաջարկվում էր, այսինքն՝ ընդունեցիք ու լեգիտիմացրիք Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը»,- ասաց վարչապետը։
10:31 - 05 դեկտեմբերի, 2020
Մարդը, որ ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից, մեզ մեղադրում է, որ ԼՂ հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել․ Նիկոլ Փաշինյան

Մարդը, որ ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից, մեզ մեղադրում է, որ ԼՂ հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել․ Նիկոլ Փաշինյան

Այն մարդը, որը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից եւ բանակցությունները տեղափոխել Հայաստան-Ադրբեջան հարթություն, մեզ մեղադրում է նրանում, որ Ղարաբաղի հարցը տարածքային վեճի կոնտեքստ է ստացել մեր վարած քաղաքականության պատճառով։ Այս մասին այսօր ասաց ՀՀ վարրապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին։ «Հարցը տարածքային վեճի կոնտեքստ ստացել է այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց բանակցել Ղարաբաղի փոխարեն, եւ դա տեղի է ունեցել քսան տարի առաջ»,- ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ իրենց մեղադրում են, որ միջազգային հանրությունն ընդդեմ Ղարաբաղի Ադրբեջանի ագրեսիան ընկալել է որպես սեփական տարածքային ամբողջականության վերականգնում։ «Սա հնչեցնում է մի մարդ, ում կառավարման օրոք միջազգային հանրությունը Հայաստանին մեղադրում էր Ադրբեջանի տարածքներն օկուպացնելու մեջ, ինքը հայ հանրությանը բացատրում էր, որ «դրանում վտանգավոր բան չկա, որովհետեւ երբ մտնում ես օդանավի զուգարան եւ փակում դուռը՝ գրվում է «occupied», էնպես որ, օկուպացված բառի մեջ ոչ մի սարսափազդու բան չկա»»․,- ասաց նա՝ հավելելով, որ խոսում է բաների մասին, որոնք երկուհազարականներին հայնի էին յուրաքանչյուր քաղաքացու, որովհետեւ ամենաբարձր մակարդակով տրված բացատրություններ էին Հայաստանի դիվանագիտական անհաջողությունների մասին։ «Բայց ժամանակը երեւի ջնջում է հիշողությունը, ու ոմանք որոշել են օգտվել առիթից։ Վերջին երկու տարիներին չէ, որ միջազգային հանրությունը Հայաստանին ընկալեց օկուպանտ, վերջին երկու տարիների ընթացքում փորձ է արվել դուրս գալ այդ կախարդական շրջանից»,- ընդգծեց վարչապետը։
10:20 - 05 դեկտեմբերի, 2020
Վարչապետի հրահանգով կատարված կասկածելի օպերացիայում ջախջախվել են հարավային կորպուսն ու Ստեփանակերտի գունդը. Քոչարյան
 |news.am|

Վարչապետի հրահանգով կատարված կասկածելի օպերացիայում ջախջախվել են հարավային կորպուսն ու Ստեփանակերտի գունդը. Քոչարյան |news.am|

news.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ այս պատերազմում հնարավոր էր հաղթել, կամ գոնե ավելի բարենապաստ պայմաններով փաստաթուղթ ստորագրել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4–ին, «5–րդ ալիք» հեռուստաընկերությանը   տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Հնարավոր էր, և ստիպված պետք է իմ պատասխանը կոնկրետացնեմ, քանի որ տվյալ դեպքում առանց կոնկրետացման ուղղակի հնարավոր չէ բացատրել թե ինչու։ Առաջին․ Ապրիլյան պատերազմից հետո ակնհայտ էր, թե ինչ բնույթի պատերազմ ենք ունենալու մենք ապագայում։ Ինչո՞ւ մենք ընդհանրապես պատրաստ չէինք նման պատերազմի, չէ՞ որ այդ ինչպիսինն է լինելուն բոլորի համար ակնհայտ էր։ Հայտարարում էին, թե օդը լիարժեք փակված է․ պարզվեց՝ օդը լիարժեք բաց է ադրբեջանական օդուժի, ԱԹՍ-ների համար։ Հիմա կատարված սխալները, որոնք, ի դեպ, հնչեցվել են նաև զինվորականների կողմից։ Մենք այս երկուսուկես տարում լիարժեք չենք փորձել իսկապես փակել օդը»,– ասաց Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այս ընթացքում հնարավոր էր փակել օդը. «Օրինակ՝ 120 մլն դոլար պարգևավճարի տեղը այնպիսի համակարգեր գնել, որոնք էֆեկտիվ են անօդաչու սարքերի դեմ՝ ՏՈՌ համակարգերը։ Ակնհայտ է, որ գնվեց ՍՈՒ 30-եր, որոնք ընդհանրապես չեն օգտագործվել, մեկ մարտական թռիչք չի եղել։ Չեն գնել հրթիռներ... Պարզվում է, ինչպես ասաց նաև Մովսես Հակոբյանը, կա կառավարության որոշում, որ այդ տիպի հրթիռները չեն կարող ծախել երկրից դուրս։ Եթե չգնեին այն մետաղի ջարդոն «ОСА АК»-ները, 30, թե 40 տարվա, որոնք ուղղակի չաշխատեցին։ Այդ գումարները կային, կար  պայմանավորվածություն Ռուսաստանի հետ ՏՈՌ համակարգերի համար, բայց մեկ մարդու որոշումով այդ ամենը փոխվեց։ Պարգևավճարները վարչապետի որոշումով բաժանեցին, ՍՈՒ 30-երը գնեցին վարչապետի որոշումով, մինչդեռ այդ գումարը նախատեսված էր ՏՈՌ համակարգի համար։ Եվ ակնհայտ է, որ այդ կոռուպցիոն գործարքը՝ ОСА-ների համար, ևս վարչապետի գիտությամբ էր կայացվել։ Ըստ էության՝ մենք  ճիշտ որոշման արդյունքում ի վիճակի ենք եղել լիարժեք փակել օդը։ Եվ սա նորություն չէ, ուղղակի փորձում եմ տարբեր տեղերում հնչեցված և արդեն փաստ համարվող հանգամանքները կապել իրար։ Երկրորդ և ես կհամարեի՝ ամենից կոպիտ սխալներից մեկը դա այն փաստն է, որ երրորդ օրը դադարեցրել են համալրումը կանոնավոր բանակի՝ անցում կատարելով ջոկատային համակարգի։ Խայտառակություն էր։ Ես այդ ժամանակ Ղարաբաղում եմ եղել և տեսնում էի, որ ինչ-որ բան այն չէ։ Բայց ես միայն վերջերս իմացա, որ վարչապետի հատուկ որոշում կար դրա համար։ Ես այդ փաստը տեսնում էի։ Գիտե՞ք՝ մենք 1992-94 թթ․ պատերազմը հաղթել ենք հիմնականում այն պատճառով, որ մեկ տարի ավելի շուտ ջոկատներից անցում ենք կատարել կանոնավոր բանակի։ 27 տարի անց ինչպիսի՞ մտածելակերպ պետք է ունենա գերագույն գլխավոր հրամանատարը, որ այդ ամենը շուռ տա և գնա հակառակ ուղղությամբ՝ կանոնավոր բանակից դեպի ջոկատներ։ Մարդ ինչքա՞ն հեռու պետք է լինի բանակից, ընդհանրապես անվտանգության հարցերից, որ այդպիսի հիմարություն թույլ տա իրեն նման ճակատագրական պահին։ Ջոկատներն իրենց տեղը պետք է ունենան, և կային ջոկատներ, որոնք իսկապես շատ լավ են կռվել, բայց ջոկատը պետք է համալրի ինչ-որ բան, այլ ոչ թե փոխարինի կանոնավոր բանակին։ Սա ճակատագրական սխալ էր և կարծում եմ՝  պատերազմում մեր պարտության հիմնական պատճառներից մեկը։ Հաջորդը․ Ըստ էության, մեր ճակատը հյուսիսում և հարավում չդիմացավ, իրենք մխրճվեցին ուղղակի մեր առաջնագծով և ուղղակի հյուսիսում հաջողվեց կանգնեցնել և նոր բնագիծ կառուցել՝ Մատաղիսի շրջակայքներով, Թարթառ գետի աջափնյա բարձրունքների վրա և հյուսիս՝ դեպի Եղնիկների դիրքերը։ Ով գիտի Ղարաբաղը կամ պատկերացնում է քարտեզը, կարող է նաև պատկերացնել՝ ինչի մասին եմ ես խոսում։ Հարավում ընդամենը 14 կմ-ի վրա մենք չդիմացանք, հենց առաջին օրը հետ քաշվեցինք, երկրորդ օրը  այդ 14 կմ-ով ադրբեջանցիք զարգացրին իրենց գրոհը, ճյուղավորվեցին դեպի Ջեբրայիլ, հյուսիս, հետո Հադրութ և այլն և ուղիղ դեպի Խուդաֆերին, Կուբաթլու, Զանգելան, և ամբողջ այդ ընթացքում մենք չկարողացանք նոր բնագիծ ձևավորել։ Հիմա պատճառը՝ ինչո՞ւ․ որովհետև փորձել են մի ռազմական օպերացիա իրականացնել, որը շատ կասկածելի էր այն ժամանակ մի շարք զինվորականների համար։ Դա նույն այն օպերացիան էր, որի մասին վարչապետը հրճվանքով պատմում էր РБК-ի իր հարցազրույցի ժամանակ՝ հոկտեմբրի 7-ին՝ հեսա կորպուրսը շրջապատեցինք, ջախջախեցինք և սա կփոխի ամբողջությամբ... Դա ոչ միայն համաձայնեցված էր, վարչապետի ուղղակի հրահանգով էր այդ օպերացիան կատարվում, որը եղել է այս ամբողջ պատերազմի ժամանակ ամենից մեծ ձախողումը հայկական ուժերի: Այդ օպերացիայի արդյունքում ջախջախվեց հարավում գործող բանակային կորպուսը և Ստեփանակերտի գունդը, ուղղակի ջախջախվեց: Եվ դրանից հետո բավարար մարտունակ ստորաբաժանումներ մենք չունեցանք նոր բնագիծ կառուցելու համար, մինչդեռ մարդիկ ասում էին, որ պետք է հյուսիսի պես այդ ուժերով նոր բնագիծ կառուցել և պահել, պաշտպանվել։ Ընդամենը պետք էր պաշտպանվել տասը օր այդ ճնշումը կանգնեցնելու համար, բայց ընտրեցինք մի ճանապարհ, որը բերեց այդ ուղղությամբ զինված ուժերի ուղղակի ողնաշարի ջարդման: Գիտե՞ք ինչ էր, այդ Լելե-Թեփե սարը իբրև թե մեկը տվեց, մենք հետ վերցրինք, ֆեյսբուքյան լայքերը գերակայեցին առողջ տրամաբանությունը և տվյալ օպերացիայի պարագայում մի քանի տասնյակ մարդկային կյանքեր և մի քանի տասնյակ խփված և այնտեղ թողնված զրահատեխնիկա: Շատ ծանր հետևանքներ ունեցավ ամբողջ պատերազմի համար: Կան ևս մի շարք այլ հանգամանքներ, որոնց մասին ևս կարելի է խոսել։ Չգիտեմ՝ այդքանն էլ երևի հերիք է ասել, որ այո, մենք ի վիճակի ենք եղել կրել այս պատերազմը»: Նրա խոսքով՝ պատերազմում պարտության հանգեցրած բոլոր սխալ որոշումները կայացվել են մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի  կողմից։ «Օրինակ, զինվորականներն ասում էին՝ մեզ պետք չեն այդ ՍՈՒ-երը, ասում էր՝ չէ, սա՛ ենք ուզում: Ենթադրում եմ, որ պարադի ժամանակ այդ ՏՈՌ համակարգը այդքան տպավորիչ չէ, ինքնաթիռները, այսպես եռագույն ծուխ հանող սարքերով երևի ավելի տպավորիչ են, քաղաքացու օրը միգուցե նշելու համար: Երկու տարի ծառայել եմ սովետական բանակում, ելակի երես չեմ տեսել, բանակը՝ ուր, ելակը՝ ուր...Ի դեպ, մյուս հատվածում, ամբողջ ֆրոնտի հատվածում, հաջողվել էր պահել որտեղ կար կանոնավոր բանակ, որտեղ դիմացել են այդ ճնշման, հարձակման առաջին մի քանի օրվա ընթացքում և այդ բնագիծը պահպանվել է գրեթե ամբողջ պատերազմի ժամանակ, վերջում սկսվեց ուղղակի քայքայվել, որովհետև իրենք սկսել են Ջեբրայիլով հարավից հյուսիս բնագիծը ջարդել՝ կողքից հարվածներով: Այո, մենք ի վիճակի ենք եղել այս պատերազմում չպարտվել: Չպարտվելը այս պատերազմում ես կհամարեի բնագիծը պահելը կամ գոնե նվազագույն տարածքային կորուստներով պատերազմն ավարտելը։ Ինչո՞ւ Ադրբեջանը չէր համաձայնում զինադարների, որովհետև ամեն օր ուներ հաջողություններ, ամեն օր, հարձակվող բանակը, հաջողություններ ունեցող բանակը ոչ մեկը չի կանգնեցնում, ոչ մեկը: 93-94 թվականներին ինձ վրա ահռելի ճնշում է եղել մեր առաջխաղացումը կանգնեցնելու համար, չի հաջողվել և կրկնում եմ՝ ոչ մի բանակ չէր կանգնի, ուղղակի մենք պարտավոր էինք մեկ շաբաթ, տասն օր, երկու շաբաթ կանգնեցնել այդ ճնշումը, որից հետո շատ ավելի հեշտ կլիներ կնքել զինադադարի պայմանագիրը, որը շատ ավելի բարենպաստ կլիներ մեզ համար»,– ասաց Քոչարյանը:    
23:18 - 04 դեկտեմբերի, 2020
ՀՀ իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար․ Ռոբերտ Քոչարյան

Անկասկած հնարավոր էր խուսափել պատերազմից։ Ես համոզված եմ, որ ՀՀ իշխանությունը արեց ամեն ինչ՝ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ Այս մասին «5–րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա խոսքով՝ բանակցային գործողությունը մտցվեց փակուղի, մտցվեց գիտակցաբար։ «Իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, որ ՄԽ համանախագահողները նույնիսկ չէին հասկանում, թե հայկական կողմը ինչ է ուզում, ստեղծվեց տպավորություն, որ հայկական կողմը ուղղակի տարբեր հնարքներ է հորինում՝ բանակցային գործընթացը փակուղի մտցնելու համար»,- նշել է նա՝ ավելացնելով, որ պատերազմը սկսվել է այն պահին, երբ ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը տապալվում է հայկական կողմի պատճառով։ «Մեր իշխանությունները լեգիտիմիզացրել են Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ։ Արցախի գոյության իրավական հիմքն ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառումն է, մենք մեր հայտարարություններով փոխեցինք և հարցի կարգավորումը բերեցինք պետությունների տարածքային ամբողջականության տիրույթ, և սա է պատճառը, որ միջազգային հանրությունն այս պատերազմում Ադրբեջանի ագրեսիան դիտում էր որպես տարածքային ամբողջականության վերականգնում. քանի՞ երկիր դատապարտեց Ադրբեջանին՝ պատերազմ սկսելու համար։ Սա դիվանագիտական ձախողում էր»- ասել է Քոչարյանը։ Նա անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությանը՝ նշելով, որ դա մի բանաձև է, որը նշանակում է ուղղակի տեղափոխել հարցը հայ-ադրբեջանական տարածքային ամբողջականության հարաբերությունների տիրույթ։ «Այս երկու հարցերի ուղղակի մեղավորը ՀՀ վարչապետն է։ Հաջորդը Տավուշում մեր կողմից հրահրած սահմանային  կոնֆլիկտն է։ Երբ ԳՇ պետը ասում է , որ ինքը հունիսի 12-ին, ինքը զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմի և դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուրճացնել դրա նշանակությունը։ 70 հոգու մարտական խաչ-ով պարգևատրել և խոսել այդ մասին, որ մենք հաղթեցինք Թուրքիային և Ադրբեջանին։ Սա ինչ էր , եթե ոչ պատերազմի հրահրում։ Հաջորդը պաշպանության նախարարի հայտնի թեզն է՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Հարց է առաջանում, նախարարի այդ թեզը որևէ ատնչություն ուներ ԳՇ-ի կարծիքի հետ, թե չուներ, իրար հետ գոնե քննարկում էին մեր հնարավորությունները, թե ոչ։ Ոնց էր վարչապետի մոտ համադրվում այս երկու մոտեցումը»։- նշել է Քոչարյանը։ Ըստ նրա մենք հնչեցրել ենք պաշտպանության նախարարի միջոցով Ադրբեջանի նկատմամբ այնպիսի սպառնալիք, որի ամենից կարճ, չեզոքացման ճանապարհը դա Թուրքիայի ներգրավումն է պատերազմի մեջ։ «Դու ասում ես մի բան, որի համար բավարար ուժ չունես, որին ընդունակ չես գնալու, բայց քո խոսքով թշնամուդ դրդում ես Թուրքիայի հետ ավելի ինտեգրված պաշտպանական համակարգում համագործակցել, մենք տեսանք դրա արդյունքը»-ավելացրել է նա։ Քոչարյանը նշել է, որ կարելի է մի շարք այլ օրինակներ բերել և այս ամենը իր համադրության մեջ ստեղծել են մի վիճակ, երբ մենք Ադրբեջանին շանս չես թողել հույս պահելու, որ ինքը դիվանագիտական ճանապարհով կարող է ինչ-որ բանի հասնել, իսկ այդ դեպքում մնում է պատերազմը։
22:53 - 04 դեկտեմբերի, 2020
Մեծ կարևորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը. Փաշինյան

Մեծ կարևորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար կարգով: Այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ  Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ալեքսանդր Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետի պաշտոնակատար Արտյոմ Նովիկովը, ԵԱՏՄ-ում դիտորդ պետության՝ Մոլդովայի վարչապետ Իոն Կիկը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը: Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Կառավարությունների հարգելի ղեկավարներ, Պատվիրակությունների հարգելի անդամներ, Ուրախ եմ ձեզ հետ հանդիպելու և մեր համագործակցության օրակարգի հարցերը քննարկելու հերթական հնարավորության համար: Կցանկանայի շնորհակալություն հայտնել հեռավար ռեժիմով մեր հանդիպումը նախապատրաստելու և այս ծանր իրավիճակում Հանձնաժողովի կողմից կատարված կարևոր աշխատանքի համար: Համավարակը նշանակալի մարտահրավերներ է ստեղծել բոլորիս համար: Այնուամենայնիվ, այսօր մենք կարող ենք վստահորեն պնդել, որ այն չի ազդել մեր Միության աշխատանքի արդյունավետության վրա: Հուսով ենք, որ նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի հետագա համաձայնեցված գործողությունները մոտ ապագայում կհանգեցնեն դրական արդյունքների: Համոզված եմ, որ մեր համատեղ աշխատանքը և ծագած դժվարությունները հաղթահարելու ջանքերի համախմբումը լրացուցիչ հիմք կծառայեն մեր միավորման շրջանակում ինտեգրման գործընթացները խորացնելու համար: Բոլորիս համար այս դժվար ժամանակաշրջանում չափազանց կարևոր է գտնել բոլոր զգայուն հարցերի փոխընդունելի լուծումներ: Մեզ համար հիմնական խնդիրը մնում է ուղևորափոխադրումների հարցը և ՀՀ քաղաքացիների՝ ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի չեղարկումը: Հայաստանի համար այս տարին, բոլորիդ հայտնի պատճառներով, հատկապես բարդ էր: Բայց մենք չենք դանդաղեցրել համագործակցության մասնակցության տեմպերը և ակտիվորեն ներգրավված ենք եղել մեր ինտեգրացիոն տարածքում տեղի ունեցող բոլոր գործընթացներում: Պետք է նշեմ, որ այս օրերին մենք լիովին զգացել ենք մեր ընկերների աջակցությունը: Մենք երախտապարտ ենք այն անգնահատելի օգնության համար, որը Ռուսաստանի Դաշնությունը մեզ ցուցաբերեց համավարակի դեմ պայքարում և այս տարի մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր դժվարությունները հաղթահարելու գործում: Հարգելի գործընկերներ, Հանդիպման օրակարգի վերաբերյալ կցանկանայի կանգ առնել հետևյալ հարցերի վրա․ հայկական կողմն առաջնահերթություն է համարում «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» նախագծի լիարժեք իրականացումը: Այս փաստաթուղթը նպատակաուղղված է անդամ պետությունների տնտեսական զարգացման մակարդակների մերձեցմանը, տնտեսական համագործակցության ոլորտների ընդլայնմանը, Միության կարգավորող ոլորտի և ինստիտուտների բարելավմանը: Այդ փաստաթղթում նշված առանց խոչընդոտների, թերությունների և սահմանափակումների ընդհանուր շուկաների ձևավորման մեխանիզմները կարևոր գործոն են հանդիսանում չորս ազատությունների գործնական հաստատման և մեր երկրների ազգային տնտեսությունների համագործակցության ու մրցունակության մակարդակի բարձրացման համար: Փաստաթղթի իրագործումը կծառայի աշխարհում Միության հեղինակության ամրապնդմանը և, անկասկած, կնպաստի նրա ներդրումային և նորարարական գրավչության աճին: Միության անդամ երկրների տնտեսությունների բոլոր ճյուղերում մրցակցության հավասար և ոչ խտրական պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը մեզ համար մնում է կարևոր սկզբունքային հարց: Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է իրականացնել համակարգված էներգետիկ քաղաքականություն՝ նավթի, նավթամթերքների և գազի ընդհանուր շուկաների, ինչպես նաև էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձևավորման ուղղությամբ: Այս առումով, մեծ կարևորություն կունենա ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի ընդունումը, որը ենթադրում է ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայում գնագոյացման և սակագնի սահմանման ընդհանուր մոտեցումների իրականացում, այդ թվում՝ բնական մենաշնորհ ունեցող սուբյեկտի կողմից գազի փոխադրման և տարանցման ընթացքում մատուցվող ծառայությունների միասնական սակագների հարցում: Մենք կարևորում ենք ընդհանուր գազի շուկայի ձևավորման խնդրի միասնական լուծման որոնման և վերջնական կարգավորման անհրաժեշտությունը: Վստահ ենք, որ այդպիսով կապահովվեն Միության պետությունների էներգետիկ անվտանգության մակարդակի, տնտեսական ինտեգրման և մրցունակության մակարդակի բարձրացման համար անհրաժեշտ պայմաններ: Հաջորդ հարցը, որին կցանկանայի անդրադառնալ, շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի ստեղծումն է: Այս ոլորտում գործողությունների ծրագրի հաստատումը կարևոր քայլ է այդ ուղղությամբ: Նախատեսվող միջոցառումների համատեքստում կարևոր է ԵԱՏՄ շրջանակում մշակել և կնքել միջազգային համաձայնագիր շինարարության ոլորտում առաջատար տեխնիկական անձնակազմի մասնագիտական որակավորումների փոխադարձ ճանաչման վերաբերյալ: Եվ վերջում կցանկանայի անդրադառնալ զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքների և ծառայությունների սակագնային արտոնություններ տրամադրելու  խնդրին: Անհրաժեշտ եմ համարում անհապաղ վերանայել սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը: Այն պետք է կազմել մեր կողմից իսկ կազմված չափանիշներին համապատասխան: Հանդիպման հարգելի մասնակիցներ, Եզրափակելով ելույթս՝ կցանկանայի վերահաստատել Հայաստանի՝ ակտիվ համագործակցության պատրաստակամությունն ի նպաստ եվրասիական ինտեգրման հետագա զարգացմանը, և կոչ անել աջակցել ԵԱՏՄ սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը ճշգրտելու մեր նախաձեռնությանը` համաձայն Միության իրավական նորմերի պահանջների: Հաշվի առնելով, որ սա միջկառավարական խորհրդի այս տարվա վերջին նիստն է, կցանկանայի մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել բոլորին ակտիվ համագործակցության համար և մաղթել ամենայն բարիք: Շնորհակալություն ուշադրության համար»։ Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ: Ընդլայնված նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են նաև նիստի արձանագրություններն ու ընդունված որոշումների մասին փաստաթղթերը:
13:59 - 04 դեկտեմբերի, 2020