Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Մեղրի եւ Մեղրիի միջանցք բառեր չկան․ վարչապետը կոչ արեց այլ համատեքստում դիտարկել հարցը
11:22 - 05 դեկտեմբերի, 2020

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Մեղրի եւ Մեղրիի միջանցք բառեր չկան․ վարչապետը կոչ արեց այլ համատեքստում դիտարկել հարցը

Մեր զինված ուժերը տեղաբաշխվում են ՀՀ սահմանի երկայնքով։ Այս մասին այսօր՝ ուղերձի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խնդրելով ամեն օր այս առիթով խուճապային տրամադրության մեջ չընկնել։

«Խոսքը տվյալ դեպքում հայաստանյան հատվածի մասին է, Արցախի պարագան առանձին խնդիր է։ Մեր սահմանի մոտակայքում տեղի ունեցող այդ պրոցեսներն, իհարկե, մարդկանց ընկալումներում լուրջ խնդիրներ են առաջացնում։ Տարբեր գործնական խնդիրներ կան, բայց դրանք անլուծելի չեն, դրանց լուծման վրա մենք աշխատում ենք»,- հավելեց նա։

Վարչապետը հայտնեց, որ որոշակի տեղաշարժ կա Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման ուղղությամբ։

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչները, ՌԴ եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարները, ԱՄՆ փոխպետքարտուղարը համատեղ հայտարարություն են ընդունել՝ կարեւոր շեշտադրումներով։ Վերահաստատվել է Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ համատեղ աշխատելու եւ բանակցային լիարժեք գործընթաց վերականգնելու կամքն ու ցանկությունը։ Սա եւս մի կարեւոր գործոն է արձանագրված հրադադարն ամրապնդելու համար։ Այս պայմաններում մեր զինվորների ծառայությունն առավել անվտանգ կդառնա։ Այս պահին սահմանային լարում, ըստ էության, չկա»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ պատերազմի հետեւանքները որոշակի հարցեր են առաջացրել մեր զինվորների կեցության պայմանների հետ կապված, ու մենք հիմա ակտիվ զբաղվում ենք այդ հարցերով։ Իհարկե, ծանր հարցեր, իրավիճակներ կան, բայց գլոբալ հարցը հետեւյալն է․ ինչ ենք մենք պատրաստվում անել, պատրաստվո՞ւմ ենք հանձնվել, կքել այդ ծանրության ներքո․ ոչ, չենք պատրաստվում, մենք պետք է այդ ծանրությունը կարողանանք կրել արժանապատիվ և հաղթահարել հաղթահարելի ծանրությունը, որովհետեւ մեր եղբայրների կորուստներն անհաղթահարելի են։

Վարչապետն ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Մեղրի եւ Մեղրիի միջանցք բառեր չկան։ 

«Կա այլ բան․ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում։ Եթե ապագայի մասին պիտի մտածենք, ուրեմն պետք է մտածենք տնտեսական կյանքում նոր գործոնների ի հայտ գալու հնարավորության մասին։ Արդյո՞ք մեր տնտեսության մեջ էական բան կփոխի Հայաստան-ՌԴ ու Հայաստան-Իրան երկաթուղային կապի վերականգնումը․ կարծում եմ՝ այո։ Եթե այս համատեքստում ենք դիտարկում հարցը, պատկերն այլ կերպ է երեւում»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել