Թուրքիան Ղարաբաղի հարցի մեջ մտել է ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքով․ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է մեղադրանքներին
10:50 - 05 դեկտեմբերի, 2020

Թուրքիան Ղարաբաղի հարցի մեջ մտել է ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքով․ Նիկոլ Փաշինյանն արձագանքում է մեղադրանքներին

Մեզ մեղադրում են, որ Թուրքիան մտավ Ղարաբաղի հարցի մեջ։ Կներեք, Թուրքիան Ղարաբաղի հարցի մեջ մտել է ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքով, երբ հայկական դիվանագիտության ձախողման արդյունքում հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի, քանի դեռ Ադրբեջանի տարածքներն օկուպացված են, եւ մտավ Ղարաբաղի հարցի մեջ, սա տասը տարի առաջ է տեղի ունեցել։ Այս մասին այսօր ուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ մեղադրում են, թե եկանք, բանակը քանդեցինք, օդը «չփակեցինք»։ Օդը «փակ էր», որովհետեւ 2017-ին 42մլն դոլարով ձեռք էին բերվել փաստեր, որոնցով օդը փակված պիտի լիներ, բայց հետո պարզվեց, որ էդ սարքերը չեն աշխատում ուղղակի։ Այդ գնման համահեղինակն իբր սենսացիոն բացահայտում է անում, թե՝ ինձ ատկատ էին առաջարկել, բայց ես հրաժարվել էի գործարքից։ Հարց՝ իսկ 42 մլն դոլարանոց չաշխատող սարքերն առանց ատկատի եք գնե՞լ, էդ ո՞վ կհավատա, որ չաշխատող սարքն այն գնով գնվել է բարի մղումներով եւ ազնվության շրջանակներում,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այս փաստից ուշադրություն շեղելու համար մի քանի ամիս թեմա են դարձրել Оса-АК համակարգերի գնումը, իբր դրանք անարդյունավետ զենքեր են։

«Նախ, այդ գնման որոշումը կայացվել է բազմակողմանի քննարկման արդյունքում, երկրորդը՝ դրանով բազմաթիվ թիրախներ են խոցվել, ընդ որում՝ իսրայելական Hermes-900 ԱԹՍ-ն, որն առաջին անգամ խոցվել է հուլիսին Տավուշում, եւ որի խոցումը դարձավ համաշխարհային սենսացիա, ահա այդ խոցումը եղել է Оса-АК համակարգով»,- ընդգծեց նա։

Վարչապետի խոսքով՝ հիմա իրենց առաջ հարց են դնում՝ ինչո՞ւ սա չեք գնել, նա չեք գնել բանակի համար։

«2,5 տարվա ընթացքում մենք ինչ հասցրել, գնել ենք, այդ ընթացքում մենք պիտի զինվորականանների աշխատավարձը բարձրացնեինք, զինվորների սննդի, կոշիկի ու վարտիքի հարցը լուծեինք, արկեր գնեինք, որոնք չկային, ավտոմատներ գնեինք, որոնք նորմալ չէին, փամփուշտներ գնեինք, ՀՕՊ միջոցներ, այո, ինքնաթիռներ գնեինք, մենք պիտի գնեինք այն ամենը, ինչ քսան տարվա ընթացքում պետք է գնվեր»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենք երկու տարվա մեջ քսան տարվա չգնածը չգնեցին, իսկ դուք (նախկին իշխանությունները - խմբ․) նախորդ 18-20 տարվա մեջ ինչո՞ւ չեք գնել, այդ ինչպե՞ս է եղել, որ դղյակներ կառուցելը, կղզիներ գնելը, շվերցարական բանկերում միլիոններ կուտակելն ավելի կարեւոր են համարվել, քան երկուսուկես տարվա մեջ մեր չգնածը քսան տարվա մեջ գնելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել