Ապրիլյան պատերազմից հետո դուք լեգիտիմացրիք Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը․ Նիկոլ Փաշինյան
10:31 - 05 դեկտեմբերի, 2020

Ապրիլյան պատերազմից հետո դուք լեգիտիմացրիք Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը․ Նիկոլ Փաշինյան

Ոչ ոք հարց չի տալիս, թե Ղարաբաղի հարցում Հայաստանն այդ ե՞րբ եւ ինչպիսի՞ դիվանագիտական հաջողություն է ունեցել ինստիտուցիոնալ բանակցությունների մեկնարկից ի վեր։ Այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հրապարակած ուղերձում։

«Դիվանագիտական հաջողությունը 1995-ի ԵԱՀԿ Լիսաբոնյան գագաթնաժողո՞վն էր, որտեղ Արցախյան պատերազմում մեր հաղթանակից անմիջապես հետո միջազգային հանրությունն ի ցույց տվեց իր մոտեցումը, որ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ինքնավարություն պիտի լինի, եւ սա է լուծման բանաձեւը։

Դիվանագիտական հաջողությունը 1998-ին բանակցությունների սեղանին դրված «ընդհանուր պետություն» փաթե՞թն էր, որտեղ հստակ ֆիքսվում էր յոթ տարածքներն Ադրբեջանին հանձնելու պահանջը, որը դրվում էր Հայաստանի առաջ, եւ այն, որ Ադրբեջանն ու Ղարաբաղը նույն պետության կազմում պիտի լինեն։

Դիվանագիտական հաջողությունը 1999-ի ԵԱՀԿ Ստամբուլյան հռչակագի՞րն էր, որտեղ ֆիքսվում էր, որ կոնֆլիկտները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքով, դիվանագիտական հաջողությունը Մադրիդյան սկզբունքնե՞րն էին, որոնք, ի դեպ, թմբկահարվում էին որպես դիվանագիտական հաջողություն, բայց պարզվեց խայտառակ մի բան՝ Ղարաբաղն Ադրբեջանի կազմից դուրս կարող է լինել միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը համաձայնի։

Դիվանագիտական հաջողությունը 2011-ի Կազանյան բանակցություննե՞րն էին, երբ Ադրբեջանը բանակցությունների դուռը շրխկացրեց, իսկ ՀՀ ղեկավարն էստեղ-էնտեղ հարցազրույց էր տալիս ու ասում, թե մենք պատրաստ ենք Ադրբեջանի յոթ տարածքները վերադարձնել, բայց Ադրբեջանն ավելին է ուզում։

Դիվանագիտական հաջողությունը վերջին 25 տարվա մեջ ամենատարբեր միջազգային ատյաններում ընդունված բազմաթիվ փաստաթղթե՞րն էին, որտեղ հստակ ֆիքսվում էր Ադրբեջանի տարածքների օկուպացված լինելը, եւ որ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։

Դիվանագիտական հաջողությունն ա՞յն էր, որ 2013-ից Ադրբեջանն սկսեց ռազմական էսկալացիայի փուլը, ու, ըստ էության, ոչ ոք չէր դատապարտում նրան դրա համար․ ինչո՞ւ, շատ պարզ պատճառով, որովհետեւ «երբ մտնում ես օդանավի զուգարան եւ փակում դուռը, գրվում է occupied»։ Չեք հավատա, բայց սա 2000-ականների Հայաստանի բանակցողի հրապարակային արտահայտությունից գրեթե բառացի մեջբերում է։ Էս մակարդակով դիվանագիտություն վարածներն եկել են, էսօր եմզ ասում են, որ դիվանագիտությունը ձախողել ենք։

Դիվանագիտական հաջողությունը 2016-ի ռուսական առաջարկնե՞րն էին, երբ օրակարգից, ըստ էության, ընդհանրապես հանվեց Ղարաբաղի կարգավիճակի հարցը»,- ասաց վարչապետը։

Նա նշեց, ոի եթե այդքան լավ հարաբերություններ էիք կառուցել Ռուսաստանի հետ, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մեր ռազմավարական դաշնակցի ներկայացած առաջարկով Արցախի կարգավիճակի հարցն, ըստ էության, դուրս բերվեց օրակարգից։ 

«Լավ դիվանագետ էիք, ինչպե՞ս եղավ, որ Ապրիլյան պատերազմի կապակցությամբ Ադրբեջանը չպատժվեց, որովհետեւ դուք գնացիք եւ խելոք համաձայնեցիք նրան, ինչ առաջարկվում էր, այսինքն՝ ընդունեցիք ու լեգիտիմացրիք Ադրբեջանի՝ պատերազմ վարելու իրավունքը»,- ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել