Ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ դրանից առաջ ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն․ Նիկոլ Փաշինյան
11:10 - 05 դեկտեմբերի, 2020

Ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ դրանից առաջ ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն․ Նիկոլ Փաշինյան

Մեր գերեվարված հայրենակիցների վերադարձի հարցում որոշակի առաջընթաց ունենք, եւ, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ։ Այս մասին այսօր՝ ուղերձի ժամանակ, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ընդ որում՝ ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլեւ դրանից առաջ հայկական ու ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն։ Ու հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք պաշտոնապես հաստատված գերիներին, այլ նաեւ մեխանիզմներ ստեղծենք, որ եթե հետագայում կպարզվեն այլ անուններ եւս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ անհետ կորածների ճակատագիրը պարզելու գործընթացը թեկուզ դանդաղ, բայց ընթանում է։

«Մի կողմից Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներից մարմինների դուրսբերում է կատարվում, մյուս կողմից՝ Հայաստանում գտնվող նահատակների անճանաչելի մարմինների ճանաչում է կատարվում։ Նոյեմբերի իննից հետո մեզ հաջողվել է դուրս բերել ավելի քան 600 մարմին, ավելի քան 500 մարմին այս պահին ճանաչման փուլում է։ Մեծ հավանականությամբ, ցավոք, այս մարմինները անհետ կորած համարվող մեր եղբայրների մարմիններն են։ Հիմա կատարվում է նարնց ճանաչման գործընթցը․ մարմնից վերցվում է ԴՆԹ նմուշ, որը համեմատվում է հարազատից վերցված նմուշի հետ»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ գործընթացը, ցավոք, բավականին ժամանակատար է, և նոյեմբերի իննից այս կողմ նույնականացվել ու հարազատներին է հանձնվել 135 մարմին, այս գործընթացը կշարունակվի։

Վարչապետը նշեց, որ կա անհետ կորածների մի խումբ, որոնց մասին հիմա չի ուզենա բարձրաձայնել, նրանց հետ կապված կոնկրետ աշխատանք է արվում։

«Մենք դեռ չենք հասցրել պետական մակարդակով խոնարհումի միջոցառումներ ու սգո օրեր հայտարարել։ Կարծում ենք՝ դա ավելի ճիշտ կլինի անել չճանաչված մարմինների առնվազն մեծ մասի ճանաչումից հետո․ սա պիտի լինի խոնարհումի, մտորումի, մորմոքի մի շրջան, եւ այն պետք է ապրենք իրար հետ եւ իրարով, սա պետք է լինի մտորում անցյալի ու ապագայի մասին՝ առավել միտված ապագային»,- ընդգծեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել