Ինֆոքոմ

Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս  դրսևորել խուլիգանական վաքագիծ․ Ավանեսյանը՝ նախարությունում տեղի ունեցած միջադեպի մասին

Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս դրսևորել խուլիգանական վաքագիծ․ Ավանեսյանը՝ նախարությունում տեղի ունեցած միջադեպի մասին

Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս դրսևորել խուլիգանական վաքագիծ։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մտել էին Ավանեսյանի գրասենյակ և լուսանկարներ նետել նրա ուղղությամբ։  Միջադեպից հետո Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, , որ դիմելու է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը: Ավանեսյանը հույս հայտնեց, որ երբ ԱԺ-ում ստեղծվի էթիկայի հանձնաժողով, այն մանրամասն կքննի պատգամավորների վարքագիծը և դրան խստորեն արձագանք կլինի։ «Ազգային ժողովը բաց է, 2021 թ․-ի ընտրությունների արդյունքում ընտրվել են պատգամավորներ, նրանք պարտավոր են գալ իրենց աշխատանքի վայր, և ունեն բոլոր հնարավորությունները, հարթակները՝ հանդիպելու նախարարի հետ, ուղղելու հարցեր, քննադատություն և այլն։ Բայց չգիտես ինչու օրենքով սահմանված, քաղաքակիրթ երկրներին բնորոշ հարթակները թողած անձիք ոչ թե հանդիպում են ուզում, այլ ուղղակի բեմականացված, գռեհիկ շոուներ»,-ասաց նա։  Ավանեսյանն ընդգծեց՝ ոստիկանական ուժերը և  բոլոր իրավապաները պետք է խստիվ գործեն օրենքի շրջանակում․ «Ժողովրդավարության սկզբունքները Հայաստանում պահպանվում են 2018 թ․-ից, և դրա վերաբերյալ ամեն տարի բազմաթիվ արձանագրում են լինում, և տարեցտարի Հայաստանը՝ որպես ժողովրդավար երկիր իր դիրքերը բարելավում է, բայց ժողովրդավարությունը չի նշանակում անօրինականություն, հակառակը, ժողովրդավարությունը նշանակում է օրենքի ուղիղ գերակայություն»։
12:57 - 09 հունիսի, 2022
 ԶՈՒ ԳՇ պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին

ԶՈՒ ԳՇ պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Կառավարությանն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց «Պաշտպանության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց՝ օրենքում նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորաավաքի ոլորտում իրավասությունները, Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում։ Խմբագրվում և հստակեցվում են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը․ «Զինված ուժերի ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, Զինված ուժերի կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը։ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանալու պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ համապատասխան առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում»,-ասաց Պապիկյանը։  Նա  նաև նշեց՝  2020 թ․-ին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքներով ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը։ Փաշինյանն էլ նկատեց՝ նախագծում ամենակարևոր և առանցքային դրույթները երկուսն են․ «Այն Գլխավոր  շտաբի պետը դառնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, և երկրորդը, որ գնումների ամբողջ համակաարգը իրականացվում է Պաշպանության նախարարության կողմից, այսինքն՝ Գլխավոր շատբը գնումներով չի զբաղվում, Գլխավոր շտաբը զբաղվում է բացառապես իր գործառույթներով, նկատի ուենմ՝ Զինված ուժերի նախատեսված գործառույթներով»։
12:10 - 09 հունիսի, 2022
Կառավարությունը հաստատեց սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հաստատեց ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման 2022-2024 թթ․ ծրագիրը։  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը Նարեկ Մկրտչյանն ասաց՝ վարկային բեռը թեթևացնելու միջոցով ընտանիքներին հնարավորություն ենք ընձեռում բնակություն հաստատել իրենց կողմից կառուցվող անհատական բնակելի տանը իրենց իսկ նախընտրած սահմանամերձ գյուղական բնակավայրում։ Նախարարի խոսքով՝ ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկը գյուղական համայնքների համաչափ զարգացման գործընթացն է, և ծրագրով նախատեսված պետական աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ գյուղական բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով գործընկեր բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկ ստացած շահառուին, իսկ պետական աջակցությունն ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա մայր գումարի և տոկոսագումարների մարմանը․ «Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի 12 միլիոն դրամի և դրա գծով մինչև 12% տոկոսադրույքի չափով հաշվեգրվող տոկոսագումարների մարման համար»։  Մկրտչյանը նաև պարզաբանեց, թե ովքեր կարող են լինել շահառու․ «ՀՀ բնակչության  ռեգիստրում գրանցված ամուսիններ, որոնցից առնվազն մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի, չկա տարիքային սահմանափակում, չկա երեխա ունենալու պայման՝ անկախ այդ հանգամանքներից նրանք կարող են դառնալ այս ծրագրի շահառու, և, ըստ էության, այս ծրագրի հիմնական թիրախը նաև նոր ստեղծվող ընտանիքներն են, զույգերը, որոնք կկարողանան իրենց իսկ սեփական տունը կառուցել պետական աջակցությամբ»։
11:41 - 09 հունիսի, 2022
Կառավարությունը «Հյուսիս-Հարավի» շրջանակում Սյունիքի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

Կառավարությունը «Հյուսիս-Հարավի» շրջանակում Սյունիքի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Սյունիքի որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց։ Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ ծրագրի շրջանակներում կառուցվող ճանապարհահատվածի (այդ թվում՝ տեղափոխման ենթակա հաղորդակցուղիների) օտարման գոտու սահմաններում ներառված են ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր, Քաջարան, Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի, համայնքներում գտնվող ընդհանուրը 982 միավոր հողամասեր։ Նախագծով առաջարկվում է հաստատել օտարվող սեփականությունների օտարման գոտին և սահմանել, որ օտարվող սեփականության ձեռք բերող է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։  Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետն 2023 թվականի հունիսի 30-ն է:
10:48 - 09 հունիսի, 2022
Էդգար Ղազարյանը սխալվում է․ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի ընտրված նախագահ է

Էդգար Ղազարյանը սխալվում է․ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի ընտրված նախագահ է

Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր անցկացվում էր «Դատական իշխանությունը՝ որպես ժողովրդավարության երաշխավոր» խորագրով խորհրդաժողով, որին մասնակցում էին ՀՀ դատական իշխանության եւ միջազգային կառույցների բազում ներկայացուցիչներ։ Խորհրդաժողովին զուգահեռ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում ընդդիմադիր մի շարք գործիչներ եւ ցուցարարներ, որոնք ցանկանում էին ներկա գտնվել ժողովին՝ իրենց խոսքով՝ ՀՀ-ում դատական իշխանության իրական վիճակը ցույց տալու նպատակով, սակայն ոստիկանությունը նրանց թույլ չէր տալիս։ Ցուցարարների թվում էր ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, որը, զավեշտ որակելով ոստիկանության գործողությունները, առանձին անդրադարձավ նաեւ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին՝ ասելով․ «Այս կոնֆերանսի հիմնական կազմակերպիչներից մեկը ՍԴ-ն է, եւ զեկուցողներից մեկը ՍԴ նախագահ կոչվածն է, ես ուզում եմ իմանալ՝ ԵԽ կամ ԵՄ դեսպանը որտեղի՞ց են իմացել, որ Արման Դիլանյանը ՍԴ նախագահ է, երբ նման որոշում գոյություն չունի, ՀՀ պատմության մեջ կա ընդամենը երկու ՍԴ նախագահ՝ Գագիկ Հարությունյանը եւ Հրայր Թովմասյանը, որոնց ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ կա ԱԺ որոշում, Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ լինելու վերաբերյալ որոշում բնության մեջ գոյություն չունի, հիմա նրան որ դիմում են ՍԴ նախագահ, որտեղի՞ց գիտեն, որ նա նախագահ է, եթե նման որոշում գոյություն չունի»։ Էդգար Ղազարյանի այս հայտարարությունը, սակայն, մանիպուլատիվ է եւ խնդրահարույց, քանի որ Արման Դիլանյանը ոչ միայն սահմանված կարգով ընտրվել է ՍԴ նախագահ, այլ նաեւ այդ ժամանակ դեռ ՍԴ աշխատակազմի ղեկավար լինելով՝ Ղազարյանն անձամբ է այդ մասին հայտարարել, եւ լրատվամիջոցները, օրինակ՝ news.am-ը, armtimes.com-ը, armeniatoday.news-ը, նրա ֆեյսբուքյան գրառմանը հղում կատարելով են հայտնել այդ լուրը՝ կից տեղադրելով նաեւ Ղազարյանի գրառումը։ Վերջինս, սակայն, այս պահին հասանելի չէ․ ֆեյսբուքյան կարգավորումներից պարզ է դառնում, որ հեղինակը կա՛մ դրա տեսանելիությունը փակել է, կա՛մ այն ջնջել է առհասարակ։ Ինչ վերաբերում է ընտրության ընթացակարգին, ինչպես նաեւ Ղազարյանի հայտարարության այն հատվածին, որ գոյություն ունի ՍԴ երկու նախագահ, որոնց ընտրության վերաբերյալ ԱԺ-ն որոշումներ է կայացրել, իսկ Դիլանյանի ընտրության վերաբերյալ որոշում չկա, ապա դա սոսկ սահմանադրական փոփոխությունների արդյունք է։ Բանն այն է, որ թե՛ 1995 թվականի, թե՛ 2005 թվականի Սահմանադրության համաձայն՝ ՍԴ նախագահին ընտրում էր Ազգային ժողովը։ Մասնավորապես, ըստ 1995 թ․ Սահմանադրության 83-րդ հոդվածի՝ ԱԺ նախագահի առաջարկությամբ ԱԺ-ն, ի թիվս այլնի, նշանակում էր ՍԴ անդամներ եւ ՍԴ կազմից` ՍԴ նախագահ, իսկ 2005 թ․ Սահմանադրության 83-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեսնօրյա ժամկետում, ԱԺ նախագահի առաջարկությամբ խորհրդարանը ՍԴ կազմից նշանակում էր ՍԴ նախագահ։ Համապատասխան կարգավորումներ եղել են նաեւ այդ ժամանակ գործող «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով։ Սրանով է պայմանավորված, որ թե՛ Գագիկ Հարությունյանը, թե՛ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ են ընտրվել ԱԺ որոշմամբ, որի ժամանակ եւս կազմակերպվել է գաղտնի քվեարկություն։ 2015թ․-ին տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ, որոնցով արդեն ՍԴ նախագահի ընտրության լիազորությունը տրվել է հենց ՍԴ-ին։ Ըստ այդմ, գործող Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՍԴ-ն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է ՍԴ նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։ Համապատասխանաբար «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ գործող օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ կազմից նախագահ կարող է ընտրվել ՍԴ դատավորների առաջադրած կամ ինքնաառաջադրված այն թեկնածուն, որը ստացել է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է ՍԴ դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 2020 թ․ հոկտեմբերի 12-ին հրավիրված աշխատակարգային նիստում Արման Դիլանյանը եղել է ՍԴ նախագահի միակ թեկնածուն, նա ինքնառաջադրվել է եւ ձայների մեծամասնությամբ ընտրվել ՍԴ նախագահ։ Ընտրության արդյունքները, սակայն, չեն հրապարակվել, քանի որ դրանք գաղտնի են։ Մասնավորապես, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հարցերը, ինչպես նաեւ ՍԴ բնականոն գործունեության ապահովմանն ուղղված ներքին ընթացակարգերը կարգավորելու նպատակով 2018 թ․ հուլիսի 9-ին ՍԴԱՈ-1-Ն որոշմամբ ընդունվել է ՍԴ աշխատակարգը, որի 11-րդ հոդվածի համաձայն՝ ՍԴ նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ` ՍԴ աշխատակարգային նիստում։ Նախկինում աշխատակարգային այդ որոշումները հրապարակվում էին, ինչպես հրապարակվել է, օրինակ, 2018 թ․ ապրիլի 10-ին ՍԴ փոխնախագահ ընտրելու վերաբերյալ որոշումը, սակայն դրանից հետո ընդունված հիշյալ Աշխատակարգի 22-րդ հոդվածը սահմանում է միայն, որ քվեարկության արդյունքները արձանագրվում են։ Հետեւաբար, 2018 թ․ ապրիլի 10-ից հետո առանձին արձանագրային որոշում չի կայացվել եւ չի հրապարակվել ինչպես Արման Դիլանյանի՝ ՍԴ նախագահ ընտրվելու, այնպես էլ Ալվինա Գյուլումյանի, հետագայում նաեւ՝ Աշոտ Խաչատրյանի ՍԴ փոխնախագահ ընտրվելու վերաբերյալ։ Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք նաեւ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ներկայիս ղեկավար Սամվել Առաքելյանից, որը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ նախագահի ընտրության գործընթացը ամբողջությամբ տեղի է ունեցել Աշխատակարգին  համապատասխան․ «Քանի որ ՍԴ աշխատակարգի 11-րդ կետի հիման վրա ՍԴ նախագահի կամ փոխնախագահի ընտրությունը կատարվում է գաղտնի քվեարկությամբ, իսկ 22-րդ կետի համաձայն՝ քվեարկության արդյունքները արձանագրվում են, ապա այս դեպքում, քվեարկությունը գաղտնի կազմակերպվել է, արդյունքները ամփոփվել են եւ արձանագրվել են, դա էլ հանդիսանում է ՍԴ որոշումը, որից հետո որեւէ անհրաժեշտություն չկա, նույնիսկ անտրամաբանական է, եւ իրավաբանության տեսանկյունից անհեթեթություն կլինի ընդունել մեկ այլ որոշում, որով կհաստատվի, որ այդ քվեարկությամբ ՍԴ նախագահի ընտրությունը ՍԴ կողմից կատարվել է»,- նշեց Առաքելյանը։   Միլենա Խաչիկյան
20:36 - 08 հունիսի, 2022
«Ես գիտեի, թե ինչպես է մտածում Պուտինը»․ Անգելա Մերկել

«Ես գիտեի, թե ինչպես է մտածում Պուտինը»․ Անգելա Մերկել

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն իր պաշտոնավարման ավարտից հետո առաջին մեծ հարցազրույցն է տվել գերմանալեզու Der Spiegel պարբերականին, որում խոսել է ուկրաինական պատերազմի, այն մասին, թե ինչու է խանգարել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, Պուտինի և այլ հարցերի մասին։ DW-ն անդրադարձել է հարցազրույցին, հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «Սև տաբատ, կապույտ վերնազգեստ, նույն սաթե վզնոցը, նույն սանրվածքը․․․ Նա բացարձակ չի փոխվել։ Անգելա Մերկելն այնպիսի տեսք ուներ, կարծես Der Spiegel-ի լրագրողի հետ զրույցի էր եկել Բեռլինի «Շաուբյունե» թատրոն հենց դաշնային կանցլերի գրասենյակից, որը նա 16 տարի անց լքել է՝ թոշակի անցնելով կես տարի առաջ։ Հունիսի 7-ի երեկոյան տեղի ունեցած այս զրույցը նախկին կանցլերի առաջին մեծ ելույթն էր պաշտոնը լքելուց և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկնարկից հետո։ Չսադրված ռուսական ագրեսիան կտրուկ դատապարտող կարճ հայտարարություններ մամուլի համար Մերկելն արել էր։ Բայց ինչպե՞ս նա գնահատում իրադարձությունները, որոնք նախորդել են դրան։ Եվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարը, որի հետ նա բազմիցս հանդիպել է և անհամար հեռախոսազրույցներ ունեցել։   Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկի մասին Գերմանացի քաղաքական գործիչների և փորձագետների մեծ մասի համար փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումն Ուկրինա շոկ էր, շատ անսպասելի մի բան։ Մինչև վերջին պահը բոլորը կարծում էին, որ Ուկրաինայի հետ սահմանին զորքեր կուտալելով՝ Պուտինը միայն վախեցնում է և բարձրացնում խաղադրույքներն իր աշխարհաքաղաքական խաղում։ Սակայն Մերկելն, իր խոսքով, ամեաուշն անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Հռոմում G20-ի գագաթնաժողովին հասկացել է, որ աղետը մոտենում է։ 2021 թ-ի դեկտեմբերին պաշտոնը լքելուց հետո նա ուշադիր հետևել է իրադարձությունների զարգացմանը։ Սակայն կանցլերի պաշտոնում անցկացրած վերջին մեկ տարում նույնպես նա տեսել է, որ «նորմանդական ձևաչափը» փակուղի է մտել, իսկ Պուտինը վերջնականապես կորցրել հետաքրքրությունը Մինսկի գործընթացի նկատմամբ։ Սակայն Մինսկի գործընթացն, ասում է Մերկելը, միակ պահող բանն էր, որը թույլ էր տալիս շարունակել երկխոսությունը Դոնբասի իրավիճակի շուրջ։   Մինսկի գործընթացի մասին Եվ Գերմանիայում, և Ուկրաինայում շատերը Մինսկի գործընթացն այլ կերպ են գնահատում, շատ ավելի քննադատաբար, իսկ ոմանք Ռուսաստանի նկատմամբ Բեռլինի քաղաքականությունը Ղրիմի բռնակցումից հետո նույնիսկ համեմատում են Հիտլերի խաղաղեցման քաղաքականության հետ 1937-1938 թթ-ին։ Ի տարբերություն Գերմանիայի նախագահ, նախկին արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, որը խոստովանել է Ռուսաստանի նկատմամբ գերմանական քաղաքականության սխալները՝ Մերկելը կարծում է, որ ամեն ինչ ճիշտ է արել, վատթարագույն զարգացումները կանխելու ոչ մի փորձ բաց չի թողել։ Նա կոչ է անում ամեն ինչ սև-սպիտակ գույներով չտեսնել, հաշվի առնել հստակ հանգամանքները, որոնցում սկսվել և անցկացվում էր խաղաղ գործընթացը։ Մերկելը հասկանում է, որ Մինսկի համաձայանգիրն ամեն ինչով չէ, որ համապատասխանում էր Ուկրաինայի շահերին, սակայն «այն իրավիճակում, երբ 6 հազար ուկրաինացի զինծառայողներ կարող էին շրջափակման մեջ հայտնվել Դեբալցևոյում, դա որոշակի հանգստություն մտցրեց, ․․․իսկ հետագայում Ուկրաինային ժամանակ տվեց՝ 7 տարի տվեց, որպեսզի այն դառնա այնպիսին, ինչպիսին այժմ է»։ Նախկին կանցլերը նկատի ունի աշխարհի՝ հզորությամբ երկրորդ միջուկային գերտերությանը դիմակայելու Ուկրաինայի ունակությունը։ Առանց Մինսկի պայմանավորվածությունների, վստահ է նա, Պուտինն այն ժամանակ կանգ չէր առնի և «Ուկրաինային հսկայական վնաս կհասցներ»։   2008 թ-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին Այս շարժառիթով էր Մերկելն առաջնորդվում նաև ավելի վաղ՝ 2008 թ-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կտրականապես դեմ արտահայտվելով Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի՝ դաշինքին անդամակցության հեռանկարին։ Նա երեք պատճառ է նշել, որոնք իրեն ստիպել են դեմ արտահայտվել այդ գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների պլանի տրամադրմանը։ 2008 թ-ին Ուկրաինան, Մերկելի խոսքով, «քաղաքական առումով շատ պառակտված էր»։ Իսկ անկայուն ժողովրդավարական համակագ ունեցող երկիրն, ըստ նրա, չի կարող ՆԱՏՕ-ի անդամ լինել։ Որպես ևս մեկ պատճառ նա նշել է կոռուպցիան․ «Այն ժամանակ Ուկրաինան մի երկիր էր, որտեղ իշխում էին օլիգարխները»։ Ի վերջո, Մերկելը չի ցանկացել սադրել Պուտինին։ Նա վստահ է եղել, որ Ուկրաինային այդ գործողությունների պլանի տրամադրումը Ռուսաստանի նախագահը կընկալեր՝ որպես պատերազմի հայտարարում և թույլ չէր տա նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ «Նա ամբողջ Արևմուտքի մեջ թշնամի է տեսնում, կարծում է, որ իրեն անընդհատ նվաստացնում են։ Ես բացարձակ համաձայն չեմ դրան։ Բայց ես գիտեի, թե ինչպես է նա մտածում և որ դա դիտարկում է հենց այդպես»։   Պուտինի մասին Այն բոլոր տարիներին, ինչ Մերկելը գլխավորել է գերմանական կառավարությունը, այսպես թե այնպես ստիպված է եղել գործ ունենալ ԽՍՀՄ փլուզման հետ կապված խնդիրների հետ՝ Վրաստան, Ուկրաինա, Մերձդնեստր, Բալթյան երկրներ, Հայաստան, Ադրբեջան․․․ Այս առնչությամբ նա հիշեցրել է 2007 թ-ին Սոչիում Պուտինի հետ հանդիպումը, որի ժամանակ բանակցությունների սենյակ էր մտել նախագահի շունը՝ լաբրադորԿոնին։ Այն ժամանակ Պուտինն առաջին անգամ է Մերկելին հայտարարել, որ ԽՍՀՄ փլուզումը 20-րդ դարի ամենասարսափելի իրադարձությունն է համարում։ Իսկ Մերկելը նրան ասել է, որ իր կյանքում դա երջանիկ պահ էր, որը թույլ է տվել իրեն ազատ տնօրինել սեփական ճակատագիրը։ «Պարզ դարձավ, որ մեր միջև մեծ տարաձայնություններ կան, և այդ տարաձայնությունները մեծանում են, - հիշում է Մերկելը։ - Այնպես որ, այս բոլոր տարիներին այդպես էլ չհաջողվեց վերջնականապես վերջ տալ սառը պատերազմին»։ Ցավոք, ասում է Մերկելը, չստացվեց Եվրոպայում անվտանգության այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որոնք ունակ կլինեին կանխարգելելու նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը։ Սակայն, հավելում է նա, ոչինչ չի կարող արդարացում լինել ռուսական ագրեսիայի համար․ «Դա դաժան, միջազգային իրավունքը ոտնահարող հարձակում է, որը ներում չունի»։   Պուտինի շան և արժեքների մասին Այդ Կոնի շան դեպքի մասին մինչ օրս շատերն են հիշում։ Մի՞թե դա պատահականություն էր, չար դիտավորությո՞ւն։ Պուտինի մամուլի քարտուղարը վստահեցնում է, որ Կրեմլում չգիտեին, որ Մերկելը վախենում է շներից։ Ավելի ուշ այդ մասին Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել էր նաև Պուտինը։ Վարկած կա նաև, թե նա ցանկացել էր իր հյուրին ուրախացնել շան միջոցով։ «Երջանիկ է նա, ով հավատում է», - այս վարկածն է մեկնաբանում Մերկելը և հիշեցնում Մոսկվա կատարած իր առաջին այցի և Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մասին, երբ 2005 թ-ին կանցլեր էր ընտրվել․ «Այն ժամանակ արդեն Պուտինն ինձ ասաց, որ լսել է շների հետ կապված իմ խնդիրների մասին, և ինձ նվիրեց հսկայական խաղալիք շուն»։ Հետագայում նույնպես նրանք նվերներով են փոխանակվել։ Սակայն Ղրիմի բռնակցումից հետո, Մերկելի խոսքով, կտրուկ բեկում եղավ․ «Մենք հարաբերությունները պահպանում էինք, ինչպես պետք է անեն պետությունների և կառավարությունների առաջնորդները, սակայն ինձ համար բացարձակ պարզ էր դարձել, որ մենք գործ ունենք ոչ այնպիսի մեկի հետ, որը մեզ բարօրություն է մաղթում՝ մեր կենսակերպով հանդերձ»։ «Ես արժեքների մասին որոշակի պատկերացում ունեմ, և այն սկզբունքորեն տարբերվում է արժեքների մասին նախագահ Պուտինի պատկերացումից, - ասում է Մերկելը։ - Նա ժողովրդավարությունը սխալ է համարում, ես՝ ճիշտ և կառավարման ամենամարդկային ձև՝ բոլոր թերություններով հանդերձ»»։   Նորա Վանյան
19:55 - 08 հունիսի, 2022
Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են միջուկային գործարքը

Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են միջուկային գործարքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են Իրանի միջուկային գործարքի շուրջ «վերջնական պայմանավորվածության» գալու հարցերը, հայտնում է «Կոմերսանտը»։ «Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ընթացքում նշվել է դիվանագիտական ջանքերի շարունակման անհրաժեշտությունը՝ վերջնական պայմանավորվածության գալու նպատակով, որը թույլ կտար ապահովել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2015 թ-ի հուլիսի 20-ի՝ այդ պլանը հաստատած 2231 բանաձևի պահպանումն ու լիակատար իրականացումը», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում։ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը փաստաթուղթ է, որը ստորագրվել է 2015 թ-ին Իրանի և վեց միջնորդների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ՌԴ և Գերանիան) միջև։ Իրանը «սառեցրել է» միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2018 թ-ին հայտարարել է միջուկային գործարքից դուրս գալու մասին, Իրանը 2019 թ-ին դադարել է կատարել պլանի մի շարք կետերը։ Երկու երկրների նախագահների զրույցի ընթացքում «բարձր գնահատական է տրվել ռուս-իրանական հարաբերությունների առկա մակարդակին»։ Կողմերը մտադիր են ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ներառյալ առևտրատնտեսական նախագծերի իրականացումը։   Նորա Վանյան
18:27 - 08 հունիսի, 2022
Բեռլինում անցորդներին վրաերթի ենթարկած վարորդը Հայաստանի և Գերմանիայի քաղաքացի է․ BBC

Բեռլինում անցորդներին վրաերթի ենթարկած վարորդը Հայաստանի և Գերմանիայի քաղաքացի է․ BBC

Բեռլինում անցորդներին վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է դեպքի վայրում, BBC-ի փոխանցմամբ, ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Թիլո Կաբլիցը։ Միջադեպը տեղի էր ունեցել Բեռլինի Շարլոտենբուրգ մարդաշատ թաղամասում։  Ավտոմեքենան մխրճվել էր ամբոխի մեջ։ Մեկ զոհ կա, տասնյակ վիրավորներ։ Տեղի ոստիկանությունը հայտնել է նաև, որ մեքենայի վարորդը 29-ամյա տղամարդ է, որը և Գերմանիայի, և Հայաստանի քաղաքացի է։ Ըստ հաղորդագրությունների՝ Renault Clio արծաթագույն մեքենան փողոցի երթևեկելի մասից դուրս էր եկել և հայտնվել մայթին, այնուհետև մխրճվել մոտակա խանութի տարածք։ Բեռլինի ոստիկանության տվյալներով՝ դեպքի վայրում շուրջ 130 փրկարար է աշխատում։ Բեռլինի քաղաքապետ Ֆրանցիսկա Գիֆայը Թվիթերում գրել է, որ «խորապես ցնցված է միջադեպի պատճառով» և հայտնել, որ օրվա ընթացքում պատկերացում կկազմի իրավիճակի մասին։ Նորա Վանյան
17:31 - 08 հունիսի, 2022
Շվեյցարիայում սկսվել է Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի դատավարությունը

Շվեյցարիայում սկսվել է Զեպ Բլատերի և Միշել Պլատինիի դատավարությունը

Շվեյցարիայում սկսվել է ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերի և ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինիի գործով դատավարությունը։ Նախկին պաշտոնյաները մեղադրվում են կոռուպցիոն բնույթի վճարումներ իրականացնելու համար, գրում է Reuters-ը։ Նրանք մասնավորապես մեղադրվում են 2011 թ-ին 2 մլն շվեյցարական ֆրանկի ($2.08 միլիոն) ապօրինի վճարում կատարելու համար։ Բլատերն ու Պլատինին հերքում են մեղադրանքը՝ ասելով, թե Պլատինիին այդ գումարը վճարվել է 1998-2002 թթ-ին նրա խորհրդատվական ծառայությունների դիմաց՝ բանավոր պայմանավորվածության հիման վրա։ Շվեյցարիաի Բելինցոնա քաղաքի դաշնային քրեական դատարանում գործի լսումները շարունակվելու են մինչև հունիսի 22-ը։ Վճիռը կայացվելու է հուլիսի 8-ին։ Եթե այն մեղադրական լինի, Պլատինիին և Բլատերին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։ «Ես ինձ վստահ եմ զգում, արևը շողում է․․․ լավ տրամադրություն ունեմ։ Ես հակաօրինական ոչինչ չեմ արել», - ասել է Զեպ Բլատերը լրագրողներին։ Միշել Պլատինին վստահություն է հայտնել, որ «արդարությունը կվերականգնվի»։   Նորա Վանյան
16:41 - 08 հունիսի, 2022
Ռուսաստանը չի օգտվի առիթից, եթե Ուկրաինան ականազերծի իր նավահանգիստները․ Լավրով

Ռուսաստանը չի օգտվի առիթից, եթե Ուկրաինան ականազերծի իր նավահանգիստները․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսին հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է երաշխիքներ տալ, որ չի օգտվի ուկրաինական նավահանգիստների ականազերծումից կամ հացահատիկով բեռնված նավերի ելքի թույլտվությունից՝ «հատուկ ռազմական գործողության» նպատակներին հասնելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։ «Այս մասին նախագահ Պուտինն արդեն խոսել է, նա հրապարակավ ասել է, որ մենք երաշխավորում ենք նմանատիպ երթուղիների անվտանգությունը և երաշխավորում ենք, որ երբ և եթե Ուկրաինան ականազերծում կատարի և թույլ տա նավերի ելքը, մենք չենք օգտվի այդ գործողությունից՝ ի շահ իրականացվող հատուկ ռազմական գործողության», - ասել է Լավրովը։ «Ռուսաստանի նախագահի այդ երաշխիքները մենք պատրաստ ենք այս կամ այն ձևով ձևակերպել», - հավելել է նա։ Ռուսաստանի արտգործնախարարը չի բացառել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների անմիջական հանդիպումը, եթե դրան նախորդի պատվիրակությունների բանակցությունների վերսկսումը։ «Սկզբից անհրաժեշտ է, որ բանակցային թիմերը վերսկսեն աշխատանքը։ Գնդակն Ուկրաինայի դաշտում է արդեն գրեթե երկու ամիս՝ ապրիլի կեսերից, երբ նրանք դրանից առաջ փոփոխեցին սեփական մոտեցումները, որոնք ներկայացվել էին Ստամբուլում», - ասել է Լավրովը։ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ասել է, որ իր երկիրը պատրաստ է «հնարավոր և առավելագույն ջանքերը կիրառել, որպեսզի բանակցային գործընթացը սկսվի»։ Նորա Վանյան
15:57 - 08 հունիսի, 2022
Եվրամիությունում բոլոր գաջեթներն ունենալու են լիցքավորման միանման բնիկներ, Apple-ը դժվարությունների է բախվելու․ Reuters

Եվրամիությունում բոլոր գաջեթներն ունենալու են լիցքավորման միանման բնիկներ, Apple-ը դժվարությունների է բախվելու․ Reuters

Եվրամիության երկրներն այսօր պայմանավորվածության են եկել, որ մինչև 2024 թ-ը Եվրոպայում վաճառվող բջջային հեռախոսները, պլանշետները և տեսախցիկները լիցքավորիչի միանման բնիկ են ունենալու։ Այս որոշումն աննախադեպ է։ Apple ընկերությունը ստիպված է լինելու փոխել iPhone-ի լիցքավորման բնիկը, գրում է Reuters-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․ «Քաղաքական այս միջամտությունը, որն, ըստ Եվրահանձնաժողովի, կհեշտացնի սպառողների կյանքն ու կխնայի նրանց գումարները, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընկերությունները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ։ Բրյուսելն արդեն ավելի քան տասը տարի պնդում է, որ բջջային հեռախոսներն ունենան լիցքավորման միանման բնիկներ, քանի որ iPhone և Android-ի հիմքով սարքեր օգտագործողները բողոքում էին, որ դրանք լիցքավորելու համար ստիպված են տարբեր լիցքավորիչներից օգտվել։ iPhone-ը լիցքավորվում է Lightning լարի միջոցով, իսկ Android համակարգով աշխատող սարքերը՝ USB-C տիպի լիցքավորիչով։ «Մինչև 2024 թ-ի աշուն USB Type-C բնիկները ԵՄ տարածքում համընդհանուր են լինելու բոլոր բջջային հեռախոսների, պլանշետների և տեսախցիկների համար», - ասված է Եվրախորհրդարանի հայտարարությունում։ ԵՄ ներքին շուկայի հարցերով հանձնակատար Տիերի Բրետոնը հայտարարել է, որ այս որոշման արդյունքում սպառողները կտնտեսեն շուրջ 250 մլն եվրո (267 մլն դոլար)։ «Սա նաև կօգնի, որ նոր տեխնոլոգիաներ հայտնվեն, օրինակ՝ անլար լիցքավորիչներ, և թույլ չի տա, որ նորարարությունները շուկայի ֆրագմենտավորման և սպառողների համար անհարմարության աղբյուր դառնան», - ասել է նա։ Apple-ը, որը զգուշացրել էր, որ այս առաջարկը վնաս կհասցնի նորարարություններին և էլեկտրոնային թափոնների կույտեր կառաջացնի, դեռ չի պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։ «Մենք հպարտ ենք, որ նոութբուքերն, էլեկտրոնային ռիդերները, ականջակալները, ստեղնաշարերը, համակարգչային մկնիկները նույնպես ներառված են [այս որոշման մեջ]», - ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ալեքս Ագիուս Սալիբան, որը գլխավորում էր դեբատները խորհրդարանում։ Նոութբուքերը նույնպես պետք է հարմարեցվեն ԵՄ պահանջներին այս որոշման ուժի մեջ մտնելուց հետո 40 ամսվա ընթացքում»։   Նորա Վանյան  
20:29 - 07 հունիսի, 2022
Շվեդիայի խորհրդարանում չի հաջողվել անվստահություն հայտնել արդարադատության նախարարին

Շվեդիայի խորհրդարանում չի հաջողվել անվստահություն հայտնել արդարադատության նախարարին

Շվեդիայի կառավարությունը կարողացել է խուսափել խորհրդարանի կողմից անվտսահություն հայտնելուց, գրում է Reuters-ը։ Շնորհիվ այն բանի, որ խորհրդարանի անկախ, իրանաքրդական ծագման պատգամավոր Ամինե Կակաբավեն ձեռնպահ է մնացել քվեարկությունից, խորհրդարանը չի կարողացել անվստահություն հայտնել երկրի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնին։ Քվեարկություն նախաձեռնելու պատճառը հանցավորության աճն էր։ Առանց Կակաբավեի քվեի՝ նախարարին անվստահություն հայտնելուն կողմ է արտահայատվել խորհրդարանի 174 պատգամավոր, սակայն որոշման կայացման համար անհրաժեշտ էր 175 ձայն։ Ավելի վաղ երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել էր, որ իր կառավարությունը հրաժարական կտա, եթե խորհրդարանը նախարարին անվստահություն հայտնի։   Նորա Վանյան
19:03 - 07 հունիսի, 2022
ՀՀ քաղաքացիների 67%-ը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար բացասական էր․ սոցհարցում

ՀՀ քաղաքացիների 67%-ը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար բացասական էր․ սոցհարցում

Հայաստանի քաղաքացիների 67%-ը կարծում է, որ Խորհրդային Միության փլուզումը Հայաստանի համար բացասական էր, 22%-ի դիտարկմամբ՝ դրական էր։   Այս մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի իրականացրած «Կովկասյան բարոմետր 2021-2022»  սոցհարցման տվյալները։ Քաղաքացիների 56%-ը ասել է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո ապրում է ավելի վատ, 22%-ը՝ ավելի լավ, իսկ 21%-ի դիտարկմամբ՝ ինքն ապրում է նույն կերպ։Հարցվածների 80%-ը Խորհրդային Միության փլուզում դրական է համարում Հայաստանի անկախանալու համատեքստում։ 3%-ը կարծում է, որ մշակույթը հնարավորություն ունի զարգանալու, 3%-ի  կարծիքով՝ ԽՍՀՄ փլուզումը Հայաստանի համար դրական է մարդու իրավունքների պաշտպանվածության տեսանկյունից։ Խորհրդային Միության փլուզումը հարցվածների 52%-ի համար բացասական է մարդկանց սոցիալական կյանքի վատթարացման համատեքստում, 16%-ի համար՝ աշխատատեղերի սակավացման առումով։ 10%-ը Հայաստանի համար բացասական է համարում ԽՍՀՄ փլուզումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մեկնարկման տեսանկյունից, իսկ 5%-ը կարծում է, որ հարուստների և աղքատների միջև տարբերությունը խորացել է։
17:19 - 07 հունիսի, 2022
Բերդյանսկի և Մարիուպոլի նավահանգիստները պատրաստ են հացահատիկի արտահանմանը․ ՌԴ ՊՆ

Բերդյանսկի և Մարիուպոլի նավահանգիստները պատրաստ են հացահատիկի արտահանմանը․ ՌԴ ՊՆ

Ուկրաինական Մարիուպոլի և Բերդյանսկի նավահանգիստներն աշխատում են սովորական ռեժիմով և պատրաստ են հացահատիկի արտահանմանը, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Սկսել է աշխատել Բերդյանսկի նավահանգիստը։ Գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգով՝ հացահատիկը կարող է բեռնվել այդ նավահանգիստներում [Բերդյանսկի և Մարիուպոլի – խմբ․]», - ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ Մարիուպոլի նավահանգստի ականազերծումն ավարտված է, այն գործում է սովորական ռեժիմով և ընդունել է առաջին բեռնանավերը։ «Ականզերծման  աշխատանքները շարունակվում են։ Ընդհանուր առմամբ, ստուգվել է շուրջ 3 հազար հեկտար, ականազերծվել է գրեթե 15 հազար պայթյունավտանգ առարկա։ Ականներից ամբողջությամբ մաքրվել է «Ազովստալ» գործարանի տարածքն, այդ թվում՝ դրա ստորգետնյա կառույցները», - ասել է Շոյգուն։ Նորա Վանյան
16:50 - 07 հունիսի, 2022
Շոյգուն հայտարարել է Ղրիմի հետ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման մասին

Շոյգուն հայտարարել է Ղրիմի հետ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ղրիմի հետ ավտոմոբիլային հաղորդակցությունն այժմ կարող է իրականացվել Դոնբասի տարածքով և ռուսական վերահսկողության տակ անցած ուկրաինական մյուս տարածքներով։ Նախարարի խոսքով՝ ռազական գործողությունների արդյունքում ռուսական զորքերը զբաղեցրել են Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների զգալի մասն, այդ թվում՝ Կրասնի Լիման և Սվյատոգորսկ քաղաքները, հայտնում է «Կոմերսանտը»։ «Բաց է ավտոմոբիլային հաղորդակցությունը Ռուսաստանի տարածքից ցամաքային հատվածով դեպի Ղրիմ։ Վերականգնված է Ղրիմի թերակղզու ջրամատակարարումը Հյուսիս-ղրիմյան ջրագծով», - ասել է Շոյգուն ՌԴ ՊՆ խորհրդակցության ընթացքում։ Դոնի Ռոստով-Ղրիմ մայրուղին անցնում է Մարիուպոլով, ինչպես նաև Բերդյանկսով և Մելիտոպոլով։ «Ռուսաստանի պաշտպանության նախարարության և «Ռուսական երկաթուղիներ» բաժնետիրական ընկերության համատեղ ջանքերով երկաթուղային վեց կետերում պայմաններ են ստեղծել Ռուսաստանի և Դոնբասի, Ուկրաինայի և Ղրիմի միջև լիարժեք տեղաշարժի համար։ Գործարկվել են բեռնափոխադրումները դեպի Մարիուպոլ, Բերդյանսկ և Խերսոն», - ասել է նախարարը։ Վերականգնված երկաթուղային հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է 1,2 հազ․ կմ։ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի Լուգանսկի շրջանի Սևերոդոնեցկի քաղաքի բնակելի թաղամասերն «ամբողջությամբ ազատագրված են», գրում է Meduza-ն։ «Ամբողջությամբ ազատագրվել են Սևերոդոնեցկ քաղաքի բնակելի թաղամասերը։ Շարունակվում է վերահսկողության սահմանումը դրա արդյունաբերական գոտու և մոտակա բնակավայրերի նկատմամբ», - նշել է նա։ Նորա Վանյան
16:22 - 07 հունիսի, 2022