Եվրամիությունում բոլոր գաջեթներն ունենալու են լիցքավորման միանման բնիկներ, Apple-ը դժվարությունների է բախվելու․ Reuters
20:29 - 07 հունիսի, 2022

Եվրամիությունում բոլոր գաջեթներն ունենալու են լիցքավորման միանման բնիկներ, Apple-ը դժվարությունների է բախվելու․ Reuters

Եվրամիության երկրներն այսօր պայմանավորվածության են եկել, որ մինչև 2024 թ-ը Եվրոպայում վաճառվող բջջային հեռախոսները, պլանշետները և տեսախցիկները լիցքավորիչի միանման բնիկ են ունենալու։ Այս որոշումն աննախադեպ է։ Apple ընկերությունը ստիպված է լինելու փոխել iPhone-ի լիցքավորման բնիկը, գրում է Reuters-ը, որի հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ընթերցողին․

«Քաղաքական այս միջամտությունը, որն, ըստ Եվրահանձնաժողովի, կհեշտացնի սպառողների կյանքն ու կխնայի նրանց գումարները, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ընկերությունները չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ։

Բրյուսելն արդեն ավելի քան տասը տարի պնդում է, որ բջջային հեռախոսներն ունենան լիցքավորման միանման բնիկներ, քանի որ iPhone և Android-ի հիմքով սարքեր օգտագործողները բողոքում էին, որ դրանք լիցքավորելու համար ստիպված են տարբեր լիցքավորիչներից օգտվել։

iPhone-ը լիցքավորվում է Lightning լարի միջոցով, իսկ Android համակարգով աշխատող սարքերը՝ USB-C տիպի լիցքավորիչով։

«Մինչև 2024 թ-ի աշուն USB Type-C բնիկները ԵՄ տարածքում համընդհանուր են լինելու բոլոր բջջային հեռախոսների, պլանշետների և տեսախցիկների համար», - ասված է Եվրախորհրդարանի հայտարարությունում։

ԵՄ ներքին շուկայի հարցերով հանձնակատար Տիերի Բրետոնը հայտարարել է, որ այս որոշման արդյունքում սպառողները կտնտեսեն շուրջ 250 մլն եվրո (267 մլն դոլար)։

«Սա նաև կօգնի, որ նոր տեխնոլոգիաներ հայտնվեն, օրինակ՝ անլար լիցքավորիչներ, և թույլ չի տա, որ նորարարությունները շուկայի ֆրագմենտավորման և սպառողների համար անհարմարության աղբյուր դառնան», - ասել է նա։

Apple-ը, որը զգուշացրել էր, որ այս առաջարկը վնաս կհասցնի նորարարություններին և էլեկտրոնային թափոնների կույտեր կառաջացնի, դեռ չի պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։

«Մենք հպարտ ենք, որ նոութբուքերն, էլեկտրոնային ռիդերները, ականջակալները, ստեղնաշարերը, համակարգչային մկնիկները նույնպես ներառված են [այս որոշման մեջ]», - ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ալեքս Ագիուս Սալիբան, որը գլխավորում էր դեբատները խորհրդարանում։

Նոութբուքերը նույնպես պետք է հարմարեցվեն ԵՄ պահանջներին այս որոշման ուժի մեջ մտնելուց հետո 40 ամսվա ընթացքում»։

 

Նորա Վանյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել