Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսին հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է երաշխիքներ տալ, որ չի օգտվի ուկրաինական նավահանգիստների ականազերծումից կամ հացահատիկով բեռնված նավերի ելքի թույլտվությունից՝ «հատուկ ռազմական գործողության» նպատակներին հասնելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։
«Այս մասին նախագահ Պուտինն արդեն խոսել է, նա հրապարակավ ասել է, որ մենք երաշխավորում ենք նմանատիպ երթուղիների անվտանգությունը և երաշխավորում ենք, որ երբ և եթե Ուկրաինան ականազերծում կատարի և թույլ տա նավերի ելքը, մենք չենք օգտվի այդ գործողությունից՝ ի շահ իրականացվող հատուկ ռազմական գործողության», - ասել է Լավրովը։
«Ռուսաստանի նախագահի այդ երաշխիքները մենք պատրաստ ենք այս կամ այն ձևով ձևակերպել», - հավելել է նա։
Ռուսաստանի արտգործնախարարը չի բացառել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների անմիջական հանդիպումը, եթե դրան նախորդի պատվիրակությունների բանակցությունների վերսկսումը։
«Սկզբից անհրաժեշտ է, որ բանակցային թիմերը վերսկսեն աշխատանքը։ Գնդակն Ուկրաինայի դաշտում է արդեն գրեթե երկու ամիս՝ ապրիլի կեսերից, երբ նրանք դրանից առաջ փոփոխեցին սեփական մոտեցումները, որոնք ներկայացվել էին Ստամբուլում», - ասել է Լավրովը։
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ասել է, որ իր երկիրը պատրաստ է «հնարավոր և առավելագույն ջանքերը կիրառել, որպեսզի բանակցային գործընթացը սկսվի»։
Նորա Վանյան
comment.count (0)