Հայոց ցեղասպանություն

Իտալական «La Verita» թերթը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին |armenpress.am|

Իտալական «La Verita» թերթը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին |armenpress.am|

armenpress.am: Իտալական «La Verita» թերթը «Հիշում ենք Օսմանյան կայսրության ձեռքով մեկուկես միլիոն հայերի սպանությունը» վերնագրով հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ Հոդվածագիր Իգնացիո Մանգրանոն ներկայացրել է, թե ինչպես է հայ ժողովուրդը այս տարի կազմակերպել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, հաշվի առնելով աշխարհում համաճարակային իրավիճակը։ «Սովորաբար ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր Հայաստանի և արտերկրից այցելում Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։ Այս տարի, չնայած նրան, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված անվտանգության միջոցառումներից ելնելով՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մուտքը փակ է, այնուամենայնիվ, աշխարհի համայն հայությունը յուրօրինակ կերպով է ոգեկոչում զոհերի հիշատակը։ Առաջին հերթին դա անհատական մոմավառությունն է, որով ողջ հայությունը միանում է հիշատակի արարողությանը։ Բացի այդ, հուշահամալիրի սյուներին արտացոլվում են նրանց անունները, ովքեր համապատասխան հաղորդագրություն են ուղարկում՝ դրանով իսկ խորհրդանշական միասնական ներկայություն ապահովելով անմար կրակի շուրջ»,- իր հոդվածում նշել է Իգնացիո Մանգրանոն։ Լրագրողի խոսքով՝ Հայոց ցեղասպանության մասին վկայություններ կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում։ « Մասնավորապես այնտեղ, որտեղ հայեր են ապրում, քանի որ նրանցից շատերը համարվում են ցեղասպանությունը վերապրածների սերունդներ, ովքեր, ապաստան գտնելով աշխարհի տարբեր երկրներում, ձևավորել են հայկական համայնքներ։Այդպես ստեղծվել է մեծ հայկական սփյուռքը։ Ցեղասպանությունների հարցում հիշողությունն ու ներկա իրականությունն անխուսափելիորեն փոխկապակցված են: Դա հանցագործություն է, որի մասշտաբներն այնքան մեծ են, որի պատճառած վնասներն այնքան խորն են, որ անգամ տասնամյակներ անց նրանց ազդեցությունն իրենց վրա զգում են թե՛ ցեղասպանության ենթարկվածների ու այն իրականացնողների ժառանգները և թե՛ ողջ միջազգային հանրությունը»,- իր հոդվածում նշել է Իգնացիո Մանգրանոն։ Հոդվածագիրը ցավով արձանագրում է, որ ցեղասպանության կամ դրա սպառնալիքի կրկնությունը շրջված էջ չէ մարդկության համար: «Եթե ժամանակին դատապարտվեր և ճանաչվեր անցյալ դարի առաջին՝ հայերի ցեղասպանությունը, չէին լինի դրան հաջորդող մարդկության դեմ իրագործված հետագա հանցագործությունները: Այսօր էլ բոլորի աչքի առջև կատարվող էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունները  բացահայտ կերպով ի ցույց են դնում, որ աշխարհը ազատված չէ մարդկության դեմ նոր հանցագործությունների վտանգից: Միջազգային հանրության համար սա հերթական ահազանգն է առ այն, որ ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենևին չի վերացել և պահանջում է միջազգային կառույցների, պետությունների ու քաղաքացիական հասարակության համախմբված և հետևողական քայլեր: Ահա թե ինչու է կարևոր ժամանակին և ճիշտ գնահատական տալ մարդկության դեմ գործած հանցագործություններին։ Ցեղասպանության կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի հետևողական ուշադրությունը և առավելագույն ջանքերը»,- նշում է հոդվածագիրը։
22:09 - 24 ապրիլի, 2020
«Ապագան երեկվա եւ այսօրվա շարունակությունն է»․ նախագահ Սարգսյանի հարցազրույցը Nouvelles d’Arménie-ին |armenpress.am|

«Ապագան երեկվա եւ այսօրվա շարունակությունն է»․ նախագահ Սարգսյանի հարցազրույցը Nouvelles d’Arménie-ին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիական Nouvelles d’Arménie ամսագիրը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա կապակցությամբ  հարցազրույց է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Հարցազրույցի թարգմանությունը ներկայացվում է ստորև․ ՀԱՐՑ. Պարոն նախագահ, ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը աշխարհով մեկ նշում է  1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում զոհ գնացին երիտթուրքական կառավարության կազմակերպած հայ բնակչության տեղահանությունների, զանգվածային ջարդերի, բռնությունների, սովի եւ հիվանդությունների հետեւանքով: Ի՞նչ կասեք այդ մասին: ՊԱՏԱՍԽԱՆ. Ավելի քան մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճիրի հետեւանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս եւ կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը: Իրականում հայերի զանգվածային կոտորածներն Օսմանյան Թուրքիայում սկսվել են 1894-96թթ. Սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդի օրոք, որոնց զոհ գնացին 300 հազ. հայ: Ժամանակի խոշոր տերությունները, համաշխարհային մամուլը եւ նշանավոր անհատները՝ որոնց մեջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Գլադսթոնը, ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսը, գրող Անատոլ Ֆրանսը, գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսը եւ ուրիշներ, թեեւ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին այդ արարքի դեմ, եւ պահանջեցին խոստացված բարեփոխումներն իրականացնել Արեւմտյան Հայաստանում, որոնցով պետք է ապահովվեր հայերի տարրական քաղաքացիական իրավունքների հարգումը, կյանքի եւ գույքի անձեռմխելությունը, սակայն չկարողացան կանգնեցնել սուլթան Աբդուլ-Համիդին: Ոչ էլ Անտանտի երկրները, Վատիկանն ու Թուրքիայում հավատարմագրված դիվանագետները, որոնց մեջ հատկապես ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, կարողացան հետ պահել երիտթուրքերին, որոնք կատարելագործեցին հայերի ոչնչացման մեխանիզմը՝ հասցնելով այն պետականորեն ծրագրված եւ իրականացված ցեղասպանության: Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից՝ Երիտթուրքական կառավարությունը 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայիում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադեպ ծավալի եւ անեւերակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ եւ սպանություններ: (Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ այն բնորոշեցին որպես «հանցագործություն մարդկության եւ քաղաքակրթության դեմ»: Հետագայում, 1944 թվականին, Ռաֆայել Լեմկինը հենց 1915թ. հայերի ոչնչացումը հիմք ընդունեց, երբ միջազգային իրավունքում ներդրեց «ցեղասպանություն» տերմինը): Առաջին աշխարհամարտի ավարտից հետո իր նախորդների գործը շարունակեց Թուրքիայի նոր առաջնորդ Մուստաֆա Քեմալը՝ Կիլիկիայում եւ Արեւմտյան Հայաստանում վերացնելով հայության վերջին մնացորդներին եւ սանձազերծելով պատերազմ երիտասարդ Հայաստանի Հանրապետության դեմ: ՀԱՐՑ. Ինչո՞ւ եւ ինչպե՞ս կատարվեց դա: Չէ՞ որ օսմանահպատակ հայերը դարեր շարունակ օրինապաշտորեն ծառայել են այդ երկրին եւ նպաստել նրա զարգացմանը: Ինչո՞վ էին նրանք խանգարում թուրքերին: ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցն էլ այդ է: Թե ինչպե՞ս, Ցեղասպանության ակտի եւ այն մեխանիզմների մասին, որոնցով դա իրականացվել է, ականատեսները՝ դիվանագետներ, զինվորականներ, ռազմական բժիշկներ, միսիոներներ, քաղաքական գործիչներ, միջազգային մամուլ եւ այլն, անհերքելի վկայություններ են թողել: Հետագայում ակադեմիական շրջանակները, պատմաբանները եւ ցեղասպանագետները, հենվելով արխիվային փաստաթղթերի վրա, դա մանրամասն նկարագրել եւ հաստատել են: Աշխարհը քաջատեղյակ է դրան: Կուզենայի կենտրոնանալ ցեղասպանության պատճառների եւ հետեւանքների վրա: Առանձնացնեմ պատճառներից մի քանիսը: Առաջինը քաղաքական էր: 1878թ. Սան Ստեֆանոյի եւ Բեռլինի կոնֆերանսներում բարձրացված «Հայկական հարցը» իր տրամաբանական ավարտին պետք է հասցվեր պատմական Հայաստանի տարածքների վրա հայոց ինքնավարության հաստատմամբ, հիմք դնելով Հայաստանի հետագա անկախության, ինչը օսմանահպատակ մյուս ազգերի դեպքում Բալկանյան պատերազմից եւ Առաջին համաշխարհայինից հետո տեղի էր ունեցել կայսրության Եվրոպական եւ Միջինարեւելյան հատվածներում: Հենց դրան էր դեմ սուլթանական, այնուհետեւ՝ հանրապետական Թուրքիան, որովհետեւ Հայաստանի անկախության դեպքում կայսրության մարմնից պոկվում էր ստրատեգիական գերկարեւորություն ներկայացնող հատվածը, որը թուրքերի ճանապարհը փակում էր դեպի Կովկաս եւ Միջինասիական երկրներ: Ի դեպ, այդպիսի տարածքների վրա հայերի նման ակտիվ ու ձեռներեց մի ազգի կողմից ինքնուրույն պետություն ստեղծելու հեռանկարի նկատմամբ հետաքրքրությունը կորցրեցին նաեւ ժամանակի գերտերությունները՝ այլապես նրանք 1923թ. Լոզանում չէին հրաժարվի 1920թ. օգոստոսի 10-ի Սեւրի հաշտության պայմանագրի Հայաստանին վերաբերող բաժնից, որով հայկական գերիշխանություն էր հաստատվում Օսմանյան Թուրքիայի հայկական նահանգների վրա՝ դեպի Սեւ ծով ելքով: Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերն անտեսվեցին նաեւ 1921թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերով, որոնցով հայերին հատկացվեց չնչին տարածք: Հայաստանը մասնատվեց՝ Կարսի եւ Արդահանի նահանգները զիջվեցին քեմալականներին: Մյուս կողմից Լեռնային Ղարաբաղը եւ Նախիջեւանը կամայականորեն հանձնվեցին Խորհրդային Ադրբեջանի վարչական տնօրինությանը, որով տեւական վեճի եւ կոնֆլիկտի օջախ էր ստեղծվում մեր տարածաշրջանում, որի ականատեսն ենք այսօր: Ցեղասպանության մյուս պատճառը գաղափարախոսական էր: Թուրքական նորածիլ ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ եւ բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան եւ մոնոլիտ թուրքական պետության՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկասի եւ Միջին Ասիայի ընդարձակ եւ հարուստ տարածքները: Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները դարձյալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջեւ, ինչպես նաեւ Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ: Ուստի կայսրության գերակտիվ երկու տարրերի՝ հույների եւ հայերի էթնիկական զտումը այլընտրանք չուներ թուրք ազգայնամոլների համար: Այն երկու ժողովուրդների, որոնք կերտողն ու ժառանգորդն են Բյուզանդական քաղաքակրթության, որոնք Օսմանյան կայսրության զարգացմանն ու ծաղկմանը նվիրել էին իրենց տաղանդն ու եռանդը: ՀԱՐՑ. Այնուհանդերձ խոսվում է, թե հայերը բավարար ռեսուրսներ չունեին ինքնուրույն պետություն ստեղծելու համար, ինչպես, ասենք, անկախություն ձեռք բերած կայսրության այլ ժողովուրդները: ՊԱՏԱՍԽԱՆ. Բոլորովին էլ այդպես չէ, եւ ամենից լավ դա գիտեին թուրքերը: Դեռեւս 17-18-րդ դարերից հայերն ունեին ինքնավարության հաստատման, ընդհուպ մինչեւ պետականության վերականգնման ծրագիր եւ սահմանադրություն: Այդ ժամանակներից սկսած ակտիվորեն գործում էին քաղաքական խմբակներ, որոնք 19-րդ դարի երկրորդ կեսին վերածվեցին քաղաքական կուսակցությունների: Դեռեւս 16-րդ դարի սկզբներից ստեղծվել էին տպարաններ, գրահրատարակչություն, 18-րդ դարում՝ ազգային մամուլ, որտեղ ծավալվում էին լայն քննարկումներ Հայաստանի եւ հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի եւ ապագայի վերաբերյալ: Ռուսաստանում եւ Եվրոպայում պատրաստվում էին տարբեր ոլորտների ուսյալ կադրեր: Տնտեսության եւ առեւտրի մեջ հայերը շատ ակտիվ եւ ազդեցիկ էին ոչ միայն Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների տարածքների վրա, որտեղ գտնվում էր նրանց պատմական հայրենիքը, այլեւ Արեւմուտքից Արեւելք, Հյուսիսից Հարավ ահռելի տարածքների, ուր նրանք իրենց ձեռներեցության շնորհիվ դարձել էին անշրջանցելի գործոն, եւ մեծապես նպաստում էին համաշխարհային առեւտրին եւ Արեւելք-Արեւմուտք առեւտրատնտեսական կապերի զարգացմանը: Հարավ-արեւելյան Ասիայում բանկային համակարգի հիմնադիրներ Սարգիս ընտանիքը, Ռուսաստանում Լազարյան տոհմը, Միջին Արեւելքում եւ Եւրոպայում նավթային մագնատ Գյուլբենկյանները եւ Եսայանները, Կովկասում Ալեքսանդր Մանթաշովը եւ ուրիշներ ժամանակի գործարար աշխարհի հայտնի դեմքեր էին: Նրանց ձեռքին էր կուտակվել վիթխարի կապիտալ: Այդ կապիտալը ֆինանսավորում էր հայկական ուսումնական հաստատությունների լայն ցանցը, հոգեւոր-մշակութային կենտրոնները, հիվանդանոցներ, երիտասարդական եւ մարզական հաստատություններ: Հայերը, որպես պետականության ավանդներ ունեցող հին ժողովուրդ, ունեին արդյունավետ ինքնակառավարման մարմիններ, ոչ միայն այս երկու կայսրություններում, այլ նաեւ Արեւելքից Արեւմուտք իրենց բնակության երկրներում: Նրանցից շատերը զինվորական, դիվանագիտական եւ վարչական բարձրագույն պաշտոններ էին զբաղեցնում տարբեր երկրներում: Ապագա երկրի ներքին եւ արտաքին անդորրությունը պահպանելու համար հայերն ունեին նաեւ Բալկանյան եւ Կովկասյան մարտերում թրծված հմուտ սպայակազմ, զորահրամանատարներ, գեներալներ, շարքային զինվորներ եւ կամավորական գնդեր, որոնք հետագայում՝ 1-ին եւ 2-րդ աշխարհամարտերի ընթացքում ցուցաբերեցին իրենց ռազմական հմտությունները: Առկա էր նաեւ բավարար մարդկային ռեսուրս. ժողովրդագրական առումով հայերը Օսմանյան կայսրությունում եւ Կովկասում զգալի թիվ էին կազմում եւ համեմատելի էին մյուս ժողովուրդների հետ, որոնցից նույնիսկ ոմանց գերազանցում էին: Այսինքն, Առաջին համաշխարհային պատերազմից առաջ հայերն ունեին բոլոր նախադրյալները ինքնուրույն պետություն ձեւավորելու համար: Դրա վառ ապացույցն այն է, որ 1915-1923թթ. ցեղասպանությունից հետո հայերը կարողացան ոտքի կանգնել եւ պատմական հայրենիքի մի կտորի վրա կառուցել ժամանակակից զարգացած երկիր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հայ զինվորները, գեներալներն ու մարշալներն իրենց անունը փառքով պսակեցին ֆաշիզմի դեմ պայքարի բոլոր ճակատներում: Մեր ժամանակներում նրանց թոռներն անձնուրացորեն պաշտպանում են Արցախի հայ բնակչության ազատ եւ անկախ ապրելու իրավունքը: Այսօր Հայաստանը Արցախի եւ հայկական կազմակերպված ու ազդեցիկ Սփյուռքի հետ միասնություն են կազմում: Այն հայերի ժառանգները, որոնք 100 տարի առաջ կանգնած էին վերացման եզրին: ՀԱՐՑ. Պարոն նախագահ, արդեն ավելի քան մեկ դար է անցել ցեղասպանությունից, եւ ինքան էլ կորուստները ծանր լինեն, ոմանք ասում են, որ դա անցյալ է եւ պետք է նայել ապագային: ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր հայացքն ուղղված է դեպի ապագան, մենք երազում ենք ապագայի մասին, ծրագրում այդ ապագան, ամեն օր աշխատում ապագա կառուցելու վրա: Բայց հիշենք, որ ապագան երեկվա եւ այսօրվա շարունակությունն է: Մենք շատ հաճախ խոսում ենք մարդկային եւ նյութական վիթխարի կորուստների մասին: Եւ դա ճիշտ է: 1.5 մլն մարդկային կորուստը էապես ազդեց հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. նորմալ պայմաններում այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին: Մեկ այլ կարեւոր կորուստ, ինչին ձգտում էին իրարահաջորդ թուրք կառավարությունները, հայկական տարրի իսպառ վերացումն էր պատմական հայկական տարածքներից: Այսօր այդ տարածքների վրա այլեւս չկան համախումբ ապրող հայեր: Եւ եթե չկան մարդիկ, չկան ուրեմն նրանց լեզուն, սովորույթները, ապրելակերպը, մշակույթը, խոհանոցը, տունուտեղը, որոնցով ձեւավորվում է ազգային միջավայրը, կազմվում հասարակություն ու ժողովուրդ: Այսինքն, հայերը Ցեղասպանության հետեւանքով զրկվել են իրենց պապենական հողի վրա ապրելու եւ իրենց կյանքն ու սեփական ապագան տնօրինելու իրավունքից: Եւ նկատի առեք, հայերը նոր ձեւավորվող էթնիկական խումբ չէին, այլ աշխարհի հին պետականություն եւ քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ: Ցեղասպանությանը հաջորդած տասնամյակներում Թուրքիայում հետեւողականորեն ոչնչացվել են հայերի եւ հայկական քաղաքակրթության հետքերը: Եւ եթե այսօր մենք արդարացիորեն դատապարտում ենք աշխարհի տարբեր կողմերում ծայրահեղականների կողմից առանձին պատմական հուշարձանների ավերումը, ապա որքան խստությամբ պետք է դատապարտենք, եւ ժամանակին դատապարտած լինեինք, առնվազն հազարամյակների պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի նյութական եւ մշակութային հուշարձանների ոչնչացումը: Հիմա պատկերացրեք աշխարհով մեկ սփռված փրկված հայերի վիճակը, որոնցից շատերը տասնամյակներ շարունակ, նույնիսկ մինչեւ անցյալ դարի 40-50-ական թվականները մնացին անհայրենիք՝ ապատրիդ: Ի դեպ, Առաջին աշխարհամարտի ընթացքում թեեւ հայերը, դաշնակից բանակների կազմում, պատվով եւ անձնազոհությամբ կռվեցին բոլոր ճակատներում՝ Վերդենից սկսած մինչեւ Պաղեստին, Բրեստից սկսած մինչեւ Տրապիզոն ու Կովկաս, պատերազմի ավարտից հետո չստացան իրենց երազած հայրենիքը: Այսօր հայերի գրեթե երեք-քառորդն ապրում է տարբեր երկրներում, ամենաբազմազան սովորույթների, հասարակական կարգերի եւ դավանանքների պայմաններում: Ամենուր հայերը մեծ ջանքեր են գործադրում իրենց ինքնությունը պահպանելու եւ իրենց իրավունքների մասին խոսելու համար, որից նրանք զրկվել են ցեղասպանության հետեւանքով: ՀԱՐՑ. Որո՞նք են, ըստ Ձեզ, ցեղասպանության դասերը, եւ ի՞նչ անելիք ունի մարդկությունը: ՊԱՏԱՍԽԱՆ. Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճորագործությունները: Եւ մարդկությունը դրանից հետո նորից ականատես եղավ այլ ցեղասպանություների: Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլ առաջին հերթին այն համամարդկային անանց արժեքների նկատմամբ մոտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց: Հենց այս գիտակցությամբ է առաջնորդվում Հայաստանը՝ իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը սահմանելով ցեղասպանությունների կանխարգելումը եւ այս ուղղությամբ ակտիվորեն քայլեր ձեռնարկելով ազգային եւ միջազգային մակարդակներով: Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ավանդականորեն ընդունում է ցեղասպանությունների կանխարգելման բանաձեւեր, իսկ 2015թ-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից դարձյալ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվեց դեկտեմբերի 9-ը ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձեւը:  Ուստի Ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության եւ Թուրքիայի առջեւ, խիստ այժմեական է: Այն մի քանի բաղադրիչ ունի. hիշողության պարտք, նման ոճրի կանխարգելում եւ կրկնության բացառում, հետեւանքների վերացում: Կես դար լռությունից հետո 1960-70-ական թվականներին աշխարհն սկսեց կրկին խոսել Հայոց ցեղասպանության մասին. 1965թ. Ուրուգվայն առաջին ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, որոնց մեջ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Վատիկանը, արաբական աշխարհում՝ Լիբանանը, Սիրիան: Նրանց թիվը գնալով ավելանում է: Այսօր միջազգային հանրությունը բացարձակ մեծամասնությամբ չի կասկածում Ցեղասպանության եղելության մեջ: Միաժամանակ, անընդունելի է, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկվում է Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից: Այդ դեպքում մենք չենք կարող մի կողմից հայտարարել մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության, հակասեմականության, Հայոց ցեղասպանության ժխտողականության եւ այլ համամարդկային չարիքների դեմ համատեղ արդյունավետ պայքարի մասին, եւ մյուս կողմից այդ հարցերի շուրջ «դիվանագիտություն բանեցնել»: Համոզված եմ, որ գլխավորապես հենց այդ սկզբունքներով են առաջնորդվել նաեւ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները եւ միջազգային կազմակերպությունները, որի համար մենք երախտապարտ ենք նրանց: Երախտապարտ ենք այն երկրներին, որոնք ցեղասպանությունից հետո իրենց դռները բացել եւ ապաստան են տվել այդ արհավիրքից փրկվածներին: Երախտապարտ ենք միսիոներներին, ռազմական բժիշկներին ու բուժքույրերին, դիվանագետներին, որբախնամ կազմակերպություններին, դժբախտության մեջ մեր եղբայրներին՝ հույներին, ասորիներին, հրեաներին ու եզիդներին, ինչպես նաեւ թուրք, քուրդ եւ արաբ այն ընտանիքներին ու անհատներին, որոնք հաճախ իրենց կյանքն ու ապահովությունը վտանգելով ջարդի դաժան այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին ու փրկեցին շատերին: Այլ հարց է Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների դիրքորոշումը՝ խուսափել ցեղասպանության ճանաչումից եւ պետական մակարդակով առաջ տանել ժխտողականության քաղաքականությունը: Այսօր միջազգային հանրությունը, քաղաքական եւ հասարական գործիչներ, որոնց մեջ նաեւ բազմաթիվ թուրք մտավորականներ եւ հանրային գործիչներ հարց են բարձրացնում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հուսալով, որ Թուրքիայի իշխանությունները կառերեսվեն սեփական պատմության ողբերգական էջերի հետ եւ կշրջեն դրանք: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից եւ դրա հետեւանքների վերացումը անվտանգության երաշխիք է Հայաստանի եւ հայ ժողովրդի, ինչպես նաեւ տարածաշրջանի համար: Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը եւ չենք կարող հաշտվել դրա հետեւանքների հետ: Մենք չենք կարող անտեսել զոհերի եւ վերապրածների տառապանքները եւ նրանց սերունդների համար պետք է ապահովենք անվտանգ ու արժանապատիվ ապագա:
17:54 - 24 ապրիլի, 2020
Թուրքիայի նախագահականի խոսնակը ցեղասպանության թեմայով հայտարարություն է արել |ermenihaber.am|

Թուրքիայի նախագահականի խոսնակը ցեղասպանության թեմայով հայտարարություն է արել |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիայի նախագահականի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել՝ հերթական անգամ ներկայացնելով Անկարայի ժխտողական թեզերը։ «1-ին համաշխարհային պատերազմի կործանարար ու տրավմատիկ պայմաններում 1915-ի ապրիլի 24-ի տեղահանության ու վերաբնակեցման որոշումը «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության արդյունք չէր»,- ասել է Քալընը։ Ըստ թուրք պաշտոնյայի՝ ցեղասպանության թեման լոբբինգ է արվում, և որոշ հակաթուրքական քաղաքական շրջանակներ իբր միտումնավոր «նենգափոխում են պատմական փաստերը»՝ նպատակ ունենալով թշնամություն սերմանել։ «Թուրքիայի Հանրապետությունը և ժողովուրդը իր բոլոր շերտերով հանդերձ երբեք տուրք չի տալու այս շահարկման, ստի ու զրպարտության արշավին»,- ասել է Քալընը։ Նա, շարունակելով թուրքական թեզերի շարադրումը, կրկին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկած պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այնուհետև խոսելով 2009-ի հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ դրանք անվանել է Արցախի հարցի լուծման, քաղաքական ու տնտեսական կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության համար արված քայլ՝ զրպարտելով Հայաստանին այդ «քայլն» անպատասխան թողնելու մեջ։ Քալընը նաև խոսել է 2014-ից սկսած Էրդողանի կողմից Պոլսի հայոց պատրիարքարանին հղվող «ցավակցական ուղերձի» մասին՝ այն անվանելով Անատոլիայի մարդկանց «համատեղ ցավերը» մեղմելու համար պարզված ձեռք, որն իբր թե անտեսվել է «շահարկում անող լոբբիստական ուժերի» կողմից։ 
17:32 - 24 ապրիլի, 2020
Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը նույնպես նամակ է հղել Հայաստանի հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը նույնպես նամակ է հղել Հայաստանի հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լակոտը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է, որում ասվում է․ «Ամեն տարի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի կապակցությամբ։ Վարչապետ Էդուար Ֆիլիպը նույնպես նամակ է հղել Հայաստանի հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։ Ամեն տարի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա՝ ապրիլի 24-ի կապակցությամբ։ Վարչապետ Էդուար Ֆիլիպը նույնպես նամակ է հղել Հայաստանի հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին pic.twitter.com/wdncsTys4W — Jonathan Lacôte (@JonathanLacote) April 24, 2020
16:22 - 24 ապրիլի, 2020
Պատմական ճշմարտության համար պայքար ենք պարտք. Փարիզի քաղաքապետի ուղերձը Ցեղասպանության տարելիցին |armenpress.am|

Պատմական ճշմարտության համար պայքար ենք պարտք. Փարիզի քաղաքապետի ուղերձը Ցեղասպանության տարելիցին |armenpress.am|

armenpress.am: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն կարծում է՝ քանի դեռ ամբողջ աշխարհը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և քանի դեռ ժխտողականությունը քրեականացված չէ, մարդկությունը պատմական ճշմարտության համար պայքար է պարտք:  Իդալգոն նախ նկատեց՝ այս տարի Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցն անցնում է սանիտարական արտակարգ դրությամբ պայմանավորված մեկուսացման բացառիկ պայմաններում։ «Դա է պատճառը, որ, ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահների՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի համաձայնությամբ, ես ստիպված եղա չեղարկել հայ համայնքի համար ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանում նախատեսված ամենամյա ընդունելությունը: Ցավում եմ և գիտեմ, որ դուք բոլորդ կհասկանաք, որ սա կառավարական որոշումների հետ համահունչ լինելու հրամայականն է»,-ասաց նա: Քաղաքասպետը պարզաբանեց՝ այդ որոշումներով է պայմանավորված նաև, որ CCAF-ը ստիպված է եղել սահմանափակվել միայն խիստ սահմանափակ կազմով ապրիլի 24-ի ավանդական միջոցառման ընթացքում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ դնելով։ Դրան Անն Իդալգոն ներկա կլինի: «Եթե այս տարի մենք չենք կարողանում ինչպես հարկն է հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին, անկախ ամեն ինչից, պետք է հիշենք նրանց ոգեկոչման այս ազգային օրը։ Մենք նրանց պարտք ենք պատմական ճշմարտության համար պայքարը, քանի դեռ ցեղասպանությունը չի ճանաչվել ամբողջ աշխարհում և քանի դեռ մեր երկրում ժխտողականությունը քրեականացված չէ։ Ես ձեզ առաջարկում եմ ինձ պես պաշտպանել և շրջանառել CCAF-ի կողմից մեկնարկած իրազեկման արշավը հետևյալ խորագրով․ «Ես մնում եմ տանը, բայց մոբիլիզացվում եմ»,-ասաց քաղաքապետը: Նա շեշտեց՝ պետք է մնալ տանը, առողջությունը բացարձակ առաջնահերթություն է, բայց միևնույն ժամանակ նշեց. «Հավատարիմ լինենք պատմության հանդեպ մեր պարտքին, ինչպիսին էլ որ լինեն բարդություններն այս պահին Փարիզում, Հայաստանում և Արցախում, որոնք, ես գիտեմ, որ շատ են տուժել համաճարակից»: Անն Իդալգոն վստահություն հայտնեց, որ գալիք տարի հնարավոր կլինի սովորական պայմաններում հանդիպել հիշատակի արարողությանը։
15:12 - 24 ապրիլի, 2020
Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ. Լիբանանի նախագահի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին |armtimes.com|

Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ. Լիբանանի նախագահի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության տարելիցին |armtimes.com|

armtimes.com: Մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն  կմնա անպատիժ. Հայոց ցեղասպանությունը դրա վառ վկայությունն է: Այս մասին նշել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի իր ուղերձում: «Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը համամարդկային գիտակցության վրա այն դրոշմն է, որը մեզ մշտապես հիշեցնում է, որ մարդու գործած ոճիրը կհարատևի այնքան, որքան այն կմնա անպատիժ: Արդարությունը մարդասիրության միակ ճանապարհն է»,- նշել է նախագահ Աունը: Օսմանյան կայսրության 1915 թ. հայերի նկատմամբ իրականացրած ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Լիբանանի Պատգամավորների պալատն առաջին որոշումն ընդունել է 1997 թ. ապրիլի 3-ին, իսկ 2000 թ. մայիսի 11-ին խորհրդարանը ևս մեկ որոշմամբ դատապարտել է ոճրագործությունը:
12:29 - 24 ապրիլի, 2020
Օսմանյան կայսրության իրավահաջորդի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը ոճրագործության ուղղակի շարունակությունն է․ Արցախի ԱԳՆ

Օսմանյան կայսրության իրավահաջորդի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը ոճրագործության ուղղակի շարունակությունն է․ Արցախի ԱԳՆ

Արցախի Արտաքին գործերի նախարարության ուղերձը Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ․ «Այսօր ապրիլի 24-ն է. լրանում է Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը հայ ժողովրդին զրկեց իր պատմական հայրենիքից, այդ աննախադեպ հանցագործության հետևանքով միլիոնավոր հայեր ստիպված եղան բռնագաղթել և հաստատվել աշխարհի տարբեր անկյուններում. սկիզբ դրվեց Արևմտյան Հայաստանի հայկական մշակութային ժառանգության կազմակերպված զանգվածային ոչնչացմանը:Օսմանյան կայսրության իրավահաջորդի՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը ոճրագործության ուղղակի շարունակությունն է: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման համատեքստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևորագույն նշանակություն ունի:Այսօր համայն հայությունը՝ Մայր Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ոգեկոչում է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Համոզված ենք, որ միայն հայկական երկու հանրապետությունների և Հայրենիք-Սփյուռք միասնության շարունակական հզորացման և ամրապնդման միջոցով է հնարավոր հաղթահարել Հայոց Ցեղասպանության անամոքելի վիշտը և երաշխավորել իրենց հայրենիքում անվտանգ ապրելու և արարելու մեր հայրենակիցների անբեկանելի իրավունքը»։
12:22 - 24 ապրիլի, 2020
Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում և պիտի քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում |ermenihaber.am|

Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում և պիտի քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը համոզված է, որ անցյալի իրողությունների հետ առերեսվելու միակ վայրը այդ երկրի խորհրդարանն է։ Ըստ նրա՝  Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նման թեմայով քննարկումներ պիտի տեղի ունենան 100-րդ տարվա կենսագրությունը բոլորող Թուրքիայի խորհրդարանում։ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) ընդդիմադիր պատգամավորն այս մասին հայտնել է թուրքական «Evrensel» թերթի հետ զրույցում։ «Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել այս հողերում։ Հայ ժողովուրդը և նրա մշակութային արժեքները ոչնչացվել են։ Ավաղ, 105 տարի շարունակ անցյալի հետ առերեսում չի եղել, դեռ մի բան էլ ժխտողական քաղաքականությունն է շարունակվել»,- շեշտել է Փայլանը։ Նա հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանության համար պատասխանատու երիտթուրք ղեկավարներից Թալեաթի և Էնվերի անուններով դեռ պողոտաներ ու զբոսայգիներ կան։ Թուրքիայում։ Կործանարար նույն քաղաքականությունը, ըստ Փայլանի, այսօր էլ շարունակվում է կիրառվել քուրդ ժողովրդի նկատմամբ։ Ատելության հանցագործություններին վերջ դնելու համար հարկավոր է առերեսվել անցյալի հետ։ Հայ պատգամավորի կարծիքով, եթե դա տեղի չունենա, ապա հանցագործությունների կրկնման ռիսկը ավելի հավանական կդառնա։ Փայլանը նաև հիշեցրել է, որ անցած տարիներին՝ սկսած 2013-ից, Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել ապրիլի 24-ին, բայց ոչ մի անգամ չի խոսել ցեղասպանության հանցագործների մասին։ «Ցավակցելով հանդերձ 105 տարի անց էլ ինքն է հալածանքները շարունակում։ Բանտերում չպետք է լինեն քաղաքական գործիչներ, լրագրողներ»։ Անդրադառնալով այլ երկրների խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ընդունմանը՝ Կարո Փայլանը նշել է. «Այդ ամենը մեր վերքերը չեն ապաքինում։ Անհրաժեշտ է, որ մեր երկրի խորհրդարանում այդ հարցը քննարկվի։ Աշխարհասփյուռ հայությունը արդարությունը պիտի կարողանա գտնել հենց Թուրքիայի խորհրդարանում։  Վաղը ես խորհրդարանին առաջարկելու եմ առերեսվել Հայոց ցեղասպանության հետ և արդարացի անվանում տալ կատարվածին»։
11:41 - 24 ապրիլի, 2020
Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված այս ոճիրը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ կատարված հանցագործություն էր․ Արարատ Միրզոյան

Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված այս ոճիրը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ կատարված հանցագործություն էր․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր մենք ոգեկոչում ենք 105 տարի առաջ իրենց պատմական հայրենիքում ցեղասպանության ենթարկված մեր հայրենակիցների հիշատակը: 1,5 միլիոն տղամարդ և կին, ծեր և երեխա սպանվեցին միայն այն պատճառով, որ հայ էին։ Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով կազմակերպված այս ոճիրը ոչ միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ կատարված հանցագործություն էր: Վստահ եմ, որ ժամանակակից Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի հետ առերեսումը, ճանաչումը և արդարացի հատուցումը չունի որևէ այլընտրանք: Որպես այդ արհավիրքի միջով անցած և վարապրած ժողովուրդ՝ մենք հանձնառու ենք բոլոր պատեհ առիթներով բարձրաձայնել ոչ միայն մեր նախնիների նկատմամբ իրագործված ցեղասպանության, այլև Մեծ Եղեռնին հաջորդած այլ ցեղասպանությունների մասին, որպեսզի թույլ չտանք մարդկության դեմ նման հանցագործությունների կրկնումը»:
11:10 - 24 ապրիլի, 2020