Իտալական «La Verita» թերթը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին |armenpress.am|
22:09 - 24 ապրիլի, 2020

Իտալական «La Verita» թերթը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին |armenpress.am|

armenpress.am: Իտալական «La Verita» թերթը «Հիշում ենք Օսմանյան կայսրության ձեռքով մեկուկես միլիոն հայերի սպանությունը» վերնագրով հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։ Հոդվածագիր Իգնացիո Մանգրանոն ներկայացրել է, թե ինչպես է հայ ժողովուրդը այս տարի կազմակերպել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, հաշվի առնելով աշխարհում համաճարակային իրավիճակը։

«Սովորաբար ամեն տարի ապրիլի 24-ին հարյուր հազարավոր հայեր Հայաստանի և արտերկրից այցելում Երևանում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ խոնարհելու և հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։

Այս տարի, չնայած նրան, որ կորոնավիրուսի համավարակի հետ կապված անվտանգության միջոցառումներից ելնելով՝ ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մուտքը փակ է, այնուամենայնիվ, աշխարհի համայն հայությունը յուրօրինակ կերպով է ոգեկոչում զոհերի հիշատակը։ Առաջին հերթին դա անհատական մոմավառությունն է, որով ողջ հայությունը միանում է հիշատակի արարողությանը։ Բացի այդ, հուշահամալիրի սյուներին արտացոլվում են նրանց անունները, ովքեր համապատասխան հաղորդագրություն են ուղարկում՝ դրանով իսկ խորհրդանշական միասնական ներկայություն ապահովելով անմար կրակի շուրջ»,- իր հոդվածում նշել է Իգնացիո Մանգրանոն։

Լրագրողի խոսքով՝ Հայոց ցեղասպանության մասին վկայություններ կարելի է գտնել աշխարհի ցանկացած անկյունում։

« Մասնավորապես այնտեղ, որտեղ հայեր են ապրում, քանի որ նրանցից շատերը համարվում են ցեղասպանությունը վերապրածների սերունդներ, ովքեր, ապաստան գտնելով աշխարհի տարբեր երկրներում, ձևավորել են հայկական համայնքներ։Այդպես ստեղծվել է մեծ հայկական սփյուռքը։ Ցեղասպանությունների հարցում հիշողությունն ու ներկա իրականությունն անխուսափելիորեն փոխկապակցված են: Դա հանցագործություն է, որի մասշտաբներն այնքան մեծ են, որի պատճառած վնասներն այնքան խորն են, որ անգամ տասնամյակներ անց նրանց ազդեցությունն իրենց վրա զգում են թե՛ ցեղասպանության ենթարկվածների ու այն իրականացնողների ժառանգները և թե՛ ողջ միջազգային հանրությունը»,- իր հոդվածում նշել է Իգնացիո Մանգրանոն։

Հոդվածագիրը ցավով արձանագրում է, որ ցեղասպանության կամ դրա սպառնալիքի կրկնությունը շրջված էջ չէ մարդկության համար:

«Եթե ժամանակին դատապարտվեր և ճանաչվեր անցյալ դարի առաջին՝ հայերի ցեղասպանությունը, չէին լինի դրան հաջորդող մարդկության դեմ իրագործված հետագա հանցագործությունները: Այսօր էլ բոլորի աչքի առջև կատարվող էթնիկ և կրոնական խմբերի դեմ ինքնությամբ պայմանավորված հանցագործությունները  բացահայտ կերպով ի ցույց են դնում, որ աշխարհը ազատված չէ մարդկության դեմ նոր հանցագործությունների վտանգից: Միջազգային հանրության համար սա հերթական ահազանգն է առ այն, որ ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների վտանգն ամենևին չի վերացել և պահանջում է միջազգային կառույցների, պետությունների ու քաղաքացիական հասարակության համախմբված և հետևողական քայլեր: Ահա թե ինչու է կարևոր ժամանակին և ճիշտ գնահատական տալ մարդկության դեմ գործած հանցագործություններին։ Ցեղասպանության կանխարգելումը մշտապես պահանջում է քաղաքակիրթ աշխարհի հետևողական ուշադրությունը և առավելագույն ջանքերը»,- նշում է հոդվածագիրը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել