Թուրքիայի նախագահականի խոսնակը ցեղասպանության թեմայով հայտարարություն է արել |ermenihaber.am|
17:32 - 24 ապրիլի, 2020

Թուրքիայի նախագահականի խոսնակը ցեղասպանության թեմայով հայտարարություն է արել |ermenihaber.am|

ermenihaber.am:  Թուրքիայի նախագահականի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը ցեղասպանության վերաբերյալ հայտարարություն է արել՝ հերթական անգամ ներկայացնելով Անկարայի ժխտողական թեզերը։

«1-ին համաշխարհային պատերազմի կործանարար ու տրավմատիկ պայմաններում 1915-ի ապրիլի 24-ի տեղահանության ու վերաբնակեցման որոշումը «հավատարիմ ժողովուրդ» անվանվող հայ ժողովրդի ոչնչացմանը միտված քաղաքականության արդյունք չէր»,- ասել է Քալընը։

Ըստ թուրք պաշտոնյայի՝ ցեղասպանության թեման լոբբինգ է արվում, և որոշ հակաթուրքական քաղաքական շրջանակներ իբր միտումնավոր «նենգափոխում են պատմական փաստերը»՝ նպատակ ունենալով թշնամություն սերմանել։

«Թուրքիայի Հանրապետությունը և ժողովուրդը իր բոլոր շերտերով հանդերձ երբեք տուրք չի տալու այս շահարկման, ստի ու զրպարտության արշավին»,- ասել է Քալընը։

Նա, շարունակելով թուրքական թեզերի շարադրումը, կրկին խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջարկած պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այնուհետև խոսելով 2009-ի հայ-թուրքական արձանագրությունների մասին՝ դրանք անվանել է Արցախի հարցի լուծման, քաղաքական ու տնտեսական կարգավորման և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության համար արված քայլ՝ զրպարտելով Հայաստանին այդ «քայլն» անպատասխան թողնելու մեջ։

Քալընը նաև խոսել է 2014-ից սկսած Էրդողանի կողմից Պոլսի հայոց պատրիարքարանին հղվող «ցավակցական ուղերձի» մասին՝ այն անվանելով Անատոլիայի մարդկանց «համատեղ ցավերը» մեղմելու համար պարզված ձեռք, որն իբր թե անտեսվել է «շահարկում անող լոբբիստական ուժերի» կողմից։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել