Տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգի․ Արարատ Միրզոյանը ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցչին
17:37 - 12 դեկտեմբերի, 2022

Տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգի․ Արարատ Միրզոյանը ընդունել է ՄԱԿ-ի ներկայացուցչին

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ալիս Վաիրիմու Նդերիտուին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու հատուկ խորհրդականի գրասենյակի միջև առկա շարունակական համագործակցության կապակցությամբ, որն ուղղված է ցեղասպանությունների կանխարգելմանը և այլատյացության ու խտրականության դեմ գլոբալ պայքարի խթանմանը: Այս առումով կարևորվել է Հայաստանի կողմից նախաձեռնված և երկու տարին մեկ Մարդու իրավունքների խորհրդի շրջանակներում ներկայացվող «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը։

Արարատ Միրզոյանը և Ալիս Վաիրիմու Նդերիտուն մտքեր են փոխանակել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ Գլոբալ ֆորումի վերաբերյալ, որն այս տարի նվիրված է ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների համատեքստում: Ընդգծվել է ֆորումի անցկացման կարևորությունը` հաշվի առնելով, որ նոր տեխնոլոգիաները կարող են նպաստել ցեղասպանության և այլ հանցագործությունների կանխարգելմանը, բայց միևնույն ժամանակ օգտագործվել որպես գործիք` նոր ոճրագործությունների իրագործման համար:

Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ընդգծել է, որ տարածաշրջանում հայ ժողովուրդը շարունակում է բախվել գոյաբանական վտանգների: Նա անթույլատրելի է համարել Ադրբեջանի քաղաքական ամենաբարձր մակարդակով իրականացվող ինքնության վրա հիմնված ատելության հրահրումը, ինչը մեծապես խաթարում է տարածաշրջանում անվտանգության և խաղաղության հաստատման ջանքերը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման փորձերին՝ նախարար Միրզոյանը շեշտել է, որ դա Ադրբեջանի կողմից տարվող էթնիկ զտումների քաղաքականության վառ դրսևորումներից է:

Հիշեցնենք, որ մի խումբ ադրբեջանցիներ այսօր դարձյալ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցիները վրաններ են տեղադրել այնտեղ։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ: Բանակցություններն առայժմ շարունակվում են:

Ստեղծված իրավիճակի ֆոնին այսօր հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը։ ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: 

Հեռախոսազրույց են ունեցել նաև ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել