Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ. բանակցությունները շարունակվում են․ շտաբ
16:40 - 12 դեկտեմբերի, 2022

Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ. բանակցությունները շարունակվում են․ շտաբ

Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ: Այս մասին հայտնում են Արցախիւ տեղեկատվական շտաբից։ 

«Ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքները, Ադրբեջանը փորձում է հումանիտար աղետ ստեղծել Արցախում։

Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում անչափահասներ, մնացել են ճանապարհին: Նրանց մի մասը վերադարձել է Գորիս, Իսկ Ստեփանակերտ-Շուշի գոտում ժամեր շարունակ սպասողական վիճակում գտնվող քաղաքացիները, ճանապարհային ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ տեղափոխվել են Ստեփանակերտ: Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ:

Բանակցություններն առայժմ շարունակվում են:

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք, որ մի խումբ ադրբեջանցիներ այսօր դարձյալ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցիները վրաններ են տեղադրել այնտեղ։

Արցախի նախագահը անդրադարձել է միջադեպին՝ կոչ անելով ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել: Արցախի ԱԺ նախագահը նույնպես հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «աննախադեպ վտանգված է Արցախի Հանրապետության և Արցախի ժողովրդի լիարժեք կյանքի և ապրելու իրավունքը»: Հայտարարություն են տարածել նաև Արցախի ԱԺ խմբակցությունները՝ հասարակությանը կոչ անելով ցուցաբերել զսպվածություն, լինել զգոն։

Հայատանյան պաշտոնյաններից միջադեպին անդրադարձել են հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ու ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ 

Ստեղծված իրավիճակի ֆոնին այսօր հեռախոսազրույց են ունեցել նաև ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել