Փաշինյանն ու Պուտինը նաև քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր․ ՀՀ կառավարություն
17:17 - 12 դեկտեմբերի, 2022

Փաշինյանն ու Պուտինը նաև քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր․ ՀՀ կառավարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը վերաբերող հարցեր: 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև անխափան կապի ապահովումն ու այդ ուղղությամբ ռուսական խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի, 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների կատարմանը վերաբերող հարցերին:

Նշենք, որ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել նաև Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ մի խումբ ադրբեջանցիներ այսօր դարձյալ փակել են Լաչինի միջանցքը։ Ադրբեջանցիները վրաններ են տեղադրել այնտեղ։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ստեփանակերտ-Շուշի միջպետական ճանապարհն արդեն 6 ժամ է շարունակում է փակ մնալ: Բանակցություններն առայժմ շարունակվում են:

Ստեղծված իրավիճակի ֆոնին այսօր հեռախոսազրույց են ունեցել նաև ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը։ Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվել են եռակողմ պայմանավորվածությունների կատարման որոշ գործնական ասպեկտներ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տնտեսական և լոգիստիկ կապերի վերականգնման ծրագրերը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել