Ինֆոքոմ

Մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է․ Սեյրան Օհանյան

Մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է․ Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի կարծիքով ռազմաքաղաքական իրավիճակի ոչ ճիշտ գնահատման արդյունքում է, որ Հայաստանը հայտնվել է բանակցային գործընթացից դուրս, այնուհետև՝ 2020 թվականին՝ պատերազմի մեջ։ Այս մասին Օհանյանը հայտարարեց ԱԺ շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ընթացքում։ «Պատերազմի ընթացքում այս իշխանությունները ոչիչ չեն արել, որպեսզի ապահովեն խնդիրների կատարումը, հաղթական ելքը, թույլ են տվել, որ թշնամին մոտենա ՀՀ սահմաններին։ Ուզում եմ ընդգծել, որ ՀՀ սահմաններին մոտ մարտական գործողությունները կանգնեցնելուց հետո ոչ մի միջոց չի ձեռնարկվել, որպեսզի մեր սահմաններում ռազմավարական կարևոր կետերը, ճանապարհները, բարձունքները վերցնենք մեր հսկողության տակ, որպեսզի հետագայում հեշտ լինի մեր պաշտպանության իրականացումը»,- ասաց նա։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ իշխանությունները մոբիլիզացիա չեն իրականացրել՝ համալրելու բանակը, որպեսզի բանակի, սահմանապահ ծառայության անձնակազմը հերիքի ՀՀ ամբողջ սահմանին և Արցախում պաշտպանություն կազմակերպելու։ «Դրանից օգտվել է մեր թշնամին՝ թուրք-ադրբեջանական տանդեմը, սկսել են հարձակողական գործողություններ մի քանի անգամ և գրավել մարտավարական կարևոր կետեր»,- նշեց նա։ Անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը՝ Սեյրան Օհանյանը նշեց․ «Սպետեմբերի 13-ի նրանց գործողությունները օղակի սեղմումն է ՀՀ շուրջը։ Դա ստիպելն է, որ ՀՀ-ը ճանապարհներ, միջանցք տրամադրի  թուրք-ադրբեջանական տանդեմին։ Այդ օղակը օրըստօրե սեղմվում է։ Կարևոր հանցագործը, իհարկե, Ադրբեջանն է, բայց ՀՀ իշխանությունը, կարելի է ասել, ոչինչ չեն արել՝ Ադրբեջանի հանցագործությունները միջազգային հանրությանը ներկայացնելու համար»։ Սեյրան Օհանյանի խոսքով՝ «պարտված իշխանությունները և՛ ներսում, և՛ միջազգային հարթակներում կոմպլեկսավորված վիճակում են, այդ պատճառով նրանց վրա ճնշումները շարունակվում են»։ «Այդ ամենի մասին խոսում է այս իրավիճակը, և խոսում է նաև այն, որ կան պայմանավորվածություններ։ Կառավարության ղեկին նստած անձը, իմանալով, որ եթե ինչ-որ մի մերժում լինի, ապա հակառակորդը սկսելու է մարտական գործողություններ, ոչինչ չի արել դրան նախապատրաստվելու համար։ Այսինքն, մեր խնդիրը պարտված իշխանություններին հեռացնելն է, բանակցողին հեռացնելն է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը մեր այսօրվա օրակարգն է»,- նշեց նա։ Հիշեցնենք, որ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է ընթանում, որի մասնակիցները պատգամավորներից պահանջում են վարչապետին անվստահություն հայտնել։
01:05 - 15 սեպտեմբերի, 2022
Բողոքի ակցիայի մասնակիցները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին՝ ԱԺ գալու և վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրելու համար

Բողոքի ակցիայի մասնակիցները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին՝ ԱԺ գալու և վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրելու համար

ԱԺ դիմաց ընթացքող բողոքի ակցիայի ժամանակ ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ նշելով․ «Մենք ապահովելու ենք «առանց Նիկոլ Հայաստան»։ Ի՞նչ է պետք դրա համար. «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ստորագրությունները կան։ Չկա ՔՊ 18 պատգամավորի ստորագրություն։ ՔՊ պատգամավորները պետք է իմանան, որ այս ժողովուրդը չի գնալու, եթե այդ ստորագրությունները չլինեն»։ Բողոքի ակցիայի մասնակիցները 1 ժամ ժամանակ տվեցին ՔՊ պատգամավորներին՝ Ազգային ժողով գալու և վարչապետին անվստահություն հայտնելու փաստաթուղթը ստորագրելու համար։ Ակցիայի մասնակիցները ընդդիմադիր պատգամավորներից պահանջում են գալ, մտնել Աժ և վառել նիստերի դահլիճի լույսերը և ապահովել քվե։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, որին ներկա են նաև «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։
00:44 - 15 սեպտեմբերի, 2022
Չկայացած հրադադար, տնտեսական հնարավոր հետևանքներ․ ի՞նչ է գրում միջազգային մամուլը հայ-ադրբեջանական պատերազմի մասին

Չկայացած հրադադար, տնտեսական հնարավոր հետևանքներ․ ի՞նչ է գրում միջազգային մամուլը հայ-ադրբեջանական պատերազմի մասին

Սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերվանից իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին լարված է։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսլ են Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը դիրքային առաջխաղացման փորձեր է իրականացրել, որոնք այսօր շարունակվել են։ Վերջին երկու օրերին հայ-ադրբեջանական պատերազմը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։ Ներկայացնում ենք, թե ինչպես են արտասահմանյան լրատվամիջոցները լուսաբանում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։ Reuters գործակալությունն, օրինակ, գրել է, որ էսկալացիայի համար կողմերը մեղադրում են իրար․ «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր հարձակման ժամանակ հրետանային, ականանետային զինատեսակներից և հրազենից կրակելու համար մեղադրել է Ադրբեջանին, որին քաղաքական և ռազմական առումով աջակցում է Թուրքիան։ ․․․․ Ադրբեջանը իր զորամասերի վրա ականանետերից և հրետանուց կրակելու համար մեղադրել է Հայաստանին, որը Մոսկվայի հետ ռազմական դաշինքի մեջ է, և որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան»։  Reuters-ը նաև նշել է, որ այս ամենը նախկին ԽՍՀՄ տարածքում ևս մի խոշոր զինված բախման մտավախություն է առաջացրել։ Գործակալությունը նաև գրել է․ «Վտանգ կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշատ հակամարտությունը կարող է ներքաշել Ռուսաստանին ու Թուրքիային և ապակայունացնել  նավթ ու գազ տեղափոխող խողովակաշարերի համար կարևոր նշանակություն ունեցող միջանցքը ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայի շուրջ առճակատումը խաթարում է էներգակիրների մատակարարումները»։ Reuters-ը առանձին վերլուծություն է հրապարակել՝ փորձելով հասկանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցողի պատճառներն ու ռիսկերը։ Վերլուծության մեջ նշվում է, որ էսկալացիայի ժամկետը շատ կարևոր է, քանի որ Ռուսաստանը նախկինում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաազդեցիկ միջնորդն էր․ «Թեև Կրեմլը երեքշաբթի հայտարարեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է Հարավային Կովկասում արյունահեղությունը զսպելու համար, Ուկրաինայի պատերազմը խաթարել է Մոսկվայի՝ որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավորի կարգավիճակը։ Դա կարող է քաջալերել Ադրբեջանին ավելի շատ պահանջներ ներկայացնելու համար»: Բրիտանական BBC-ն ևս գրել է, որ վերջին իրադարձությունների համար կողմերը միմյանց են մեղադրում։ BBC-ն նաև անդրադարձել է այն փաստին, որ չնայած Ռուսաստանը հայտարարել է հրադադար հաստատելու համար բանակցությունների մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բախումների ինտենսիվությունը նվազել է, բայց Ադրբեջանի հարձակումները 2-3 ուղղություններով շարունակվում են։ Լրատվամիջոցը գրել է նաև տարբեր երկրների արձագանքների և դիրքորոշումների մասին․ «Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, բայց տարածաշրջանում մեծ ուժ է և հարաբերություններ է պահպանում երկու կողմերի հետ։ Մինչդեռ Թուրքիան կապեր ունի Ադրբեջանի հետ և կարծես թե սատարում է իրադարձությունների վերաբերյալ վերջինիս վարկածը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է․  «Հայաստանը պետք է դադարեցնի իր սադրանքները և կենտրոնանա խաղաղ բանակցությունների վրա»»։ Գերմանական Deutsche Welle-ն ևս ներկայացրել է երկու կողմերի դիրքորոշումները և միջազգային արձագանքները։ «Հայ և ադրբեջանցի զինվորները փոխհրաձգություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղի մոտակայքում՝ մտավախություն առաջացնելով, որ 2020 թվականի պատերազմի նման էսկալացիա տեղի կունենա»,- գրել է լրատվամիջոցը։ Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը գրում է․ «Գործողությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղից դուրս։ Միաժամանակ, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պնդում են, որ էսկալացիան կազմակերպել է մյուս կողմը՝ վիճելի տարածքի (Արցախի,- Infocom) ճակատագրի շուրջ բանակցությունները խաթարելու նպատակով»։  Այնուհետև գործակալությունը մանրամասն ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներն ու հայտարարությունները, ինչպես նաև միջազգային կառույցների ու տարբեր երկրների արձագանքները։ Ամերիկյան CNN-ը գրում է, որ չնայած ռուսական կողմից հրադադարի մասին պնդումներին՝ Հայաստանի և Արդբեջանի միջև մարտերը շարունակվում են։  Al Jazeera-ն նշել է, որ այս կոնֆլիկտի հիմքում Լեռնային Ղարաբաղն է։ Լրատվամիջոցը շեշտել է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է ցույց տվել Ադրբեջանին։ France 24-ը գրել է․ «Չորեքշաբթի օրը՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի շուրջ 2020 թվականի պատերազմից ի վեր՝ ոխերիմ թշնամիների միջև վատագույն բախումներից մեկ օր անց, Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին սահմանին հարձակումները վերսկսելու համար»։ Լրատվամիջոցը ներկայացրել է իրադարձությունների ժամանակագրությունը, կողմերի փոխադարձ մեղադրանքները։ «Երեքշաբթի օրվա էսկալացիան տեղի ունեցավ այն պատճառով, որ Երևանի մերձավոր դաշնակից Մոսկվան, որը  2020 թվականի պատերազմից հետո հազարավոր խաղաղապահներ է տեղակայել տարածաշրջանում, կենտոնացած է Ուկրաինա իր վեցամսյա ներխուժման վրա»,- գրում է լրատվամիջոցը։ The Guardian-ն էլ գրել է, որ այս էսկալացիան հետխորհրդային տարածքում երկրորդ լայնամասշտաբ պատերազմի սկսվելու վախեր է առաջացնում։   Աննա Սահակյան
20:37 - 14 սեպտեմբերի, 2022
Մեր հրապարակային խոսույթից դուրս մենք որևէ բան ո՛չ ասել ենք, ո՛չ արել ենք․ Փաշինյանն անդրադարձավ բանակցություններին տրված խոստումների մասին տեղեկություններին

Մեր հրապարակային խոսույթից դուրս մենք որևէ բան ո՛չ ասել ենք, ո՛չ արել ենք․ Փաշինյանն անդրադարձավ բանակցություններին տրված խոստումների մասին տեղեկություններին

Ինձ մի տեղեկանք են տվել այսօր, որ սոցցանցերում խոսույթ  է շրջանառվում, թե ՀՀ վարչապետը բանակցությունների ընթացքում ինչ-որ բաներ է խոստացել, հիմա չի տալիս, և դրա համար են էս գործողությունները տեղի ունենում։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, որը վերաբերում էր մեդիադաշտում տարածվող տեղեկություններին, և թե արդյոք կա գործիքակազմ դրա դիմաց առնելու համար։ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն ինչ խոստացել է կամ ինչ չի խոստացել, հրապարակային խոսույթի մեջ է եղել. «Մեր հրապարակային խոսույթից դուրս մենք որևէ բան ո՛չ ասել ենք, ո՛չ արել ենք»։ Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ տարածված տեղեկություններին, օրինակ, ինչպես Ջուլհակյանը նշեց, որ Փաշինյանը հանձնարարել է դիրքը թողնել, գնալ, ՀՀ վարչապետը նաև ասաց, որ ԱԱԾ-ն զեկուցել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հրամայվել է, որ հակառակորդի կողմից գրավված, ապա հետ գրավված բարձունքը զինված ուժերը թողնեն ու հեռանան․ «Սրանք դրվագներ են, որ պետք է պարզաբանվեն»։ «Էն ժամանակ ասում էին, որ էս ա հանձնել իշխանությունը, էս ա որոշել։ Ես խոստացել եմ, որ կառավարությունը ամենաշահագրգիռն է, որ պատերազմական դրվագներն ի հայտ գան, ու երբ հիմա, որ ոմանք ձերբակալվում են, օրինակ Շուշիի դրվագով, պարզվում է, որ ենթադրենք, հազար ներողություն, Ղարաբաղի խորհրդարանի կեսը պաշտպանում է։ Հիմա Շուշին հանձնել են, թե չեն հաննձել։ Թե պետք է պարտադիր պարզվեր, որ ես եմ Շուշին հանձնել, որ բոլորն ասեին՝ ուռա, կեցցե արդարությունը», նշեց նա։ Արուսյակ Ջուլհակյանը կարծիք հայտնեց, որ բավարար խիստ չեն եղել 44-օրյա պատերազմի ընթացքում կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ, Փաշինյանը չհամաձայնեց այդ կարծիքի հետ։ Նա այս համատեքստում անդրադարձավ նաև ԱԱԾ սպաների միությանը․ «Դուք նամուս ունենաք, էսօր փողոց դուրս կգա՞ք։ Երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարման ընթացքում, դուք ՀԿ եք հիմնում։ Ձեր օրոք ՀՀ-ում ԱԱԾ չի եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել։ Ցավոք սրտի, նաև մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ Ձեզնով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, որովհետև շատ դեպքերում պետք է հասկանանք՝ դուք ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք»։
19:03 - 14 սեպտեմբերի, 2022
Որոշումը, որի արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն, ես ստորագրելու եմ

Որոշումը, որի արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն, ես ստորագրելու եմ

ԱԺ-հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը հարց ուղղեց, թե արդյո՞ք կնքվելիք խաղաղության պայմանագիրը չպետք է հաջորդի սահմանների ճշգրտմանը։ Սկզբում հարցին պատասխանեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ կարող է լինել խաղաղության կամ հարաբերությունների հաստատման, փոխադարձ ճանաչման պայմանագիր, որից բխեն տարբեր գործընթացներ, այդ թվում սահմանների սահմանազատման և սահմանագծման։ «Կարող է լինել և հակառակը՝ փաթեթային մոտեցմամբ՝ մի պայմանագրում բոլոր հարցերը՝ ամենայն մանրամասնությամբ, կարող են լինել նաև առանձին գործընթացներ՝ սահմանները սահմանազատվեն, կոմունիկացիաները որոշվեն, բացվեն, հետո լինի վերջնական պայմանագիրը։ Իմ կարծիքով կարելի է ճանաչման պայմանագիր ստորագրել, ամենաէական խնդիրները արձանագրել, և զուգահեռ գնան գործընթացներ, օրինակ՝ սահմանազատման գործընթացը»,- նշեց Միրզոյանը։ Այնուհետև Աղազարյանի հարցին անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ հարցը կարևոր է։ Նա նշեց` Ադրբեջանն ասում է եկեք փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչենք, ասում ենք՝ համաձայն ենք. «Եթե Ադրբեջանն ասում է, որ էն տարածքները, որոնք իրենք ներխուժել են՝ Շորժա, Վերին Շորժա, դա ո՞ւմ տարածքային ամբողջականության մեջ է։ Եթե Ադրբեջան ասում է, որ իր տարածքն է, ապա մենք իր տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում, որովհետև դա մեր տարածքն է, դա վիճելի տարածք չէ։ Եթե իրենք դուրս կգան, կկանգնեն Սովետական Միության սահմանի վրա, կճանաչենք տարածքային ամբողջականությունը, դուրս չեն գա, չենք ճանաչի, սա քաղաքական դիրքորոշում է։ Սրա հիման վրա պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի, դեմարկացիա, դելիմիտացիա անել։  Ադրբեջանը հիմա ասում է՝ եկեք դուք իմ տարածքային ամբողջականությունը ճանաչեք, ներառյալ այն տարածքենրը, որոնք ես ապօրինի օկուպացրել եմ, ճանաչեք իմ մաս, հետո դեմարկացիա դելիմիտացիայի շրջանում կարող է պարզվել, որ ՀՀ-ին պատկանող տարածքներ կան, որ ժամանակին տրվել են Ադրբեջանին, հետք կքննարկենք։ ՀԽՍՀ-ն ունի կոնկրետ տարածք, եթե Ադրբեջանը մեր Հանրապետության տարածքային ամբողջականոությունը ճանաչում է, ես հենց այսօր այդ հենքի վրա պատրաստ եմ գալ համաձայնության»։ «Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության։ Բայց ծանր որոշումներ չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ։ Մենք էդ որոշումներին պիտի գնանք՝ երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը, տևական կայունությունը, խաղաղությունը։ Մենք չենք կարող էսօր վերնագրի ներքո գրել խաղաղության պայմանագիր, տակը ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսվի։ Մենք ուզում ենք, որ ստորագրենք մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն 29 800 կմ քառակուսի տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։ Որոշումը, որը սա ապահովելու է, ես շատ այդ որոշումը ստորագրելու եմ։ Ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի Հայաստանի Հանրապետության հետ», - նշեց Փաշինյանը։
18:43 - 14 սեպտեմբերի, 2022
Ապահովում ենք մեր վիրավորների բժշկական օգնությունը․ Անահիտ Ավանեսյան

Ապահովում ենք մեր վիրավորների բժշկական օգնությունը․ Անահիտ Ավանեսյան

ԱՆ համակարգն ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի։ Մենք ապահովում ենք մեր վիրավորների բժշկական օգնությունը։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բոլոր ԲԿ-ները համալրվել են դեղորայքով, բժշկական նշանակության պարագաներով, մասնագիտական թիմերով, անհրաժեշտ շտապ օգնության բրիգադներով։ Այս պահին որևէ կարիք չունեն ոչ մեր համակարգի ներսում բաշխվածություն ապահովելու։ Ակտիվ կապի մեջ ենք թե՛ սփյուռքի, թե՛ միջազգային կազմակերպությունների հետ, համակարգին աջակցելու բոլոր աշխատանքներն իրականացվում են համակարգված։ Բոլոր վիրավորները մարզային կենտրոններում ստանում են համապատասխան բուժօգնություն, այնուհետև մեր մասնագիտական թիմերի ցուցումներով տեղափոխվում են Երևանի ԲԿ-ներ՝ ստանալու ավելի նեղ մասնագիտական և բարձր տեխնոլոգիաներ պահանջող բուժօգնություն»,- նշեց նա։ Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ այցելել է բժշկական կենտրոններ Երևանում, այցելելու է նաև մարզային բուժհաստատություններ։ Խոսելով արյան անհրաժեշտ պաշարների, ինչպես նաև սննդի հետ կապված հարցերի մասին՝ նախարարն ասաց․ «Մեր արյան պաշարները բավարար են, անընդհատ համալրվում են, չի նշանակում, որ չենք իրականացնում համալրում։ Սննդի հետ կապված հարցերը ևս համակարգված լուծվում են ՊՆ գործընկերների հետ համատեղ»։
18:25 - 14 սեպտեմբերի, 2022
Մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է․ Նիկոլ Փաշինյան

Մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ հարցուպատասխանին «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե ինչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։ Փաշինյանը, ի պատասխան կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյուքններից։  «Շատ տարօրինակ բան եմ հիմա ասում, հասկանում եմ՝ շատ մանրամասներ չեմ կարող ասել, պետք է արձանագրեմ, որ ինչքան էլ մենք երջանիկ չենք նոյեմբերի 9-ի հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում դրա դրույթները ի չիք դարձնելու համար։ Առաջինը, որ կա Լեռնային Ղարաբաղ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում և ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի, պաշտպանության գծի, Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է ԼՂ-ի ու ՀՀ-ի միջև կապ ապաովելու համար։ Այս երեք դրությները ունեն անկյունաքարային նշանակություն ունեն։ Եվ Ադրբեջանը պայքարում է դրանց դեմ։ Իր դիրքորոշումներում Ադրբեջանը որոշակիորեն խճճվել է»,- նշեց Փաշինյանը։  Փաշինյանը նշեց, որ թեև գուցե կոպիտ հնչի, բայց մենք դիրքի խնդիր չենք լուծում ընդհանրապես։ «Մեր քաղաքական խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է, և ագրեսորը Հայաստանի տարածքից պետք է դուրս գա։ Հայաստանի տարածքը այն տարածքն է, որի վրա ՀՀ-ն հռչակել է անկախություն։ Դա Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է։ Եթե այդ գիծը չի ճանաչում Ադրբեջանը, այլ հարց է»,- ասաց Փաշինյանը։  Վարչապետը անդրադարձավ նաև կամավորական ջոկատներին ու նշեց․  «Ակնհայտ է, որ նրանք առյուծի նման կռիվ են տալիս, և ուզում եմ Հայաստանի Հանրապետության ու ժողովրդի անունից երախտագիտության, շնորհակալության և գնահատանքի խոսք ասել, մարդկանց, որոնք, զենքը ձեռքին, պաշտպանում են իրենց հայրենիքի ինքնիշխանությունը, անկածությունը, տարածքային ամբողջականությունը, և փառք ընկած հերոսներին»,- տնդգծեց վարչապետը։  Փաշինյանը նաև պատասխանեց հարցին, թե որոնք են մեր գործնական քայլերը մեր կարմիր գծերը պահելու համար։ Վարչապետը հիշեցրեց զորքերի հայելային հետքաշման առաջարկի մասին։ «Երեկ ՀԱՊԿ խորհրդի նիստի ժամանակ առաջարկություն է հնչել դիտարկելու դեմարկացիայի և դելիմիտացիայի ընթացքում ՀՀ-ի և Արդբեջանի միջև միջազգային մոնիթորինգ ստեղծելու հարցը հրադադարի ռեժիմի պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով։ Կարծում եմ՝ սա առաջիկայում պետք է լինի մեր գործնական խնդիրներից մեկը։ Մենք օգտագործելու ենք մեր բոլոր քաղաքական, դիվանագիտական միջոցները ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և ագրեսոր Ադրբեջանի ԶՈՒ-ն ՀՀ տարածքից դուրս բերելու համար։ Ցանկալի է րոպե առաջ դադարեցնել ռազմական գործողությունները, բայց, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները չեն դադարում, և մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը բոլոր հնարավոր ուղղություններով այս խնդիրը լուծելու համար։   Նաև միջազգային հանրության հետ մեր աշխատանքը սերտացնելով։ Շատ կարևոր է միջազգային ճիշտ պատկերացում ձևավորելը տեղի ունեցողի վերաբերյալ։ Այս առումով երեկվա նիստը բավական արդյունավետ էր»,- նշեց Փաշինյանը։     
17:48 - 14 սեպտեմբերի, 2022
 Այս պահի դրությամբ ռազմական դրություն մտցնելու որոշում չի կայացվել․ կախված է իրավիճակի կոնկրետ գնահատականից․ Փաշինյան

Այս պահի դրությամբ ռազմական դրություն մտցնելու որոշում չի կայացվել․ կախված է իրավիճակի կոնկրետ գնահատականից․ Փաշինյան

Նախորդ օրը կեսգիշերից ռազմական դրություն մտցնելու նախագիծը դրված է իմ սեղանին։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Մենք ԱԽ-ի և այլ ֆորմատներով գնահատում ենք իրավիճակը և նման որոշում կայացնելու անհրաժեշտությունը։ Քանի այդ որոշումը չենք կայացրել, գտնում ենք, որ նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա, ոչ թե որովետև ագրեսիա չկա, որովհետև դա շատ լուրջ որոշում է, որ ունի մի շարք մեխանիզմներ, որոնք միայն ռազմական բնույթի չեն։ Նաև կայացվող որոշումների էֆեկտիվությունը հաշվի առնել։ Ռազմական դրություն մտցնելու հարցը օրակարգում է»,- ասաց վարչապետը։  Փաշինյանի խոսքով՝ այս պահի դրությամբ նման որոշում չի կայացվել, ինչը չի նշանակում, որ որևէ հաջորդ պահին չի կայացվի։ Կախված է իրավիճակի կոնկրետ գնահատականից։ «ՀՀ-ի սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար։ Մենք քննարկում ենք մեր տարածքային ամբողջականության հարցը։ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը քննարկման ենթակա լինել չի կարող։ Եվ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից և տարիքից, եթե անհրաժեշտություն լինի, զենքը ձեռքին՝ պետք է պաշտպանի հայրենիքի ամեն քառակուսի միլիմետրը։ ՀՀ տարածքները անսահմանափական չեն, ՀՀ-ն ունի սուվերեն տարածք․ այն Խորհրդային Հայաստանի տարածքն է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
17:22 - 14 սեպտեմբերի, 2022
Պնդումը, թե  ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ․ այդ սահմանը կա, և այն խախտված է Ադրբեջանի կողմից․ Նիկոլ Փաշինյան

Պնդումը, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ․ այդ սահմանը կա, և այն խախտված է Ադրբեջանի կողմից․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավոր Գևորգ Պապոյանը  հետաքրքրվեց, թե դեմարկացիան և դելիմիտացիան ինչ սկզբունքներով է արվելու, ինչ իրավապայմանագրային հիմքերով է անելու, արդյոք կա որոշակի ըմբռնում կողմերի մոտ։ «Այս հարցը հրապարակային քննարկվել է, բայց նորից անդրադառնալու կարիք կա։ Ինչպես նախկինում, հիմա էլ արձանագրեմ․ ՀՀ դիրքորոշումը տրամաբանական է և հետևյալն է․ խոսելով դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին՝ պետք է հենվենք իրավական որոշումներ վրա, եթե խոսում ենք քարտեզների մասին՝ պետք է հենվենք այն քարտեզների վրա, որոնք հիմնված են իրավական որոշումների վրա։ Առանց դրա քարտեզը գեղանկարչություն է։ Մենք ուսումնասիրել ենք, թե ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև սահմանների և քարտեզների ինչ իրավական հիմքեր կան։ Եվ մենք առաջարկել ենք, որ այս հենքի վրա իրականացվի դեմարկացիա և դլիմիտացիա։ Սա նշանակում է, որ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը բաժանող սահմանները, որոնք ԱՊՀ ձևավորման հռչակագրով և հետագայում համապատասխան վավերագրով, ճանաչվել են։ Եվ պնդումը, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման չկա, ճիշտ չէ։ Այդ սահմանը կա, և այն խախտված է Ադրբեջանի կողմից, որը երկու փուլանի ագրեսիա է իրականացրել»,- ասաց Փաշինյանը։  Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ երբ Ադրբեջանից հնչել էր տեսակետ, որ ոչ թե ԽՍՄ քարտեզների վրա պետք է հիմնվենք, այլ դրան նախորդած շրջանի, մեր ԱԳՆ-ն կես կատակ, կես լուրջ արձանագրել էր՝ նախախորհրդային որ քարտեզների հիման վրա։ «Մեր կարծիքն այն է, որ ԽՄ քարտեզների վրա պետք է հիմնվի։ Եթե Ադրբեջանը չի ճանաչում ԽՄ քարտեզները, չի հասկացվում տրամաբանությունը, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս եղել է Խորհրդային Միության շրջանում։ Ադրբեջանը երկար ժամանակ վարում է հետևյալ քաղաքականությունը։ Գնում է արևմուտք, ՀՀ-ին ներկայացնում է որպես պրոռուսական պետություն, և արևմուտքում, այսպես ասած, փորձում է առաջ մղել Հայաստանում ՌԴ դեմ երկրորդ ճակատ բացելու գաղափարը Ուկրաինայի հարցի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։ Ռուսաստանի հետ հաղորդակցությունում ՀՀ-ին ներկայացնում է որպես խիստ արևմտամետ պետություն, և փորձ է անում ստեղծել ըմբռնում՝ գուցե իմաստ ունի Հայաստանին պատժել արևմտամետ քաղաքականություն վարելու համար ու ՌԴ-ում ըմբռնում ստեղծել ՀՀ-ի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության համար։ Չեմ բացառում որ երկու կողմում էլ կան շրջանակներ, որոնց այս գաղափարները դուր են գալիս։ Հույս ունեմ և համոզված եմ, որ պետական մակարդակում նման ընկալում չկա, և մենք էլ շատ ինտենսիվացրել ենք մեր շփումները և՛ ՌԴ-ի, և՛ արևմտյան երկրների հետ։ Հայաստանը պռոքսի պետություն չէ և հավատարիմ է իր պարտավորություններին։ Մեր քաղաքական խնդիրը և դիրքորոշումը հետևյալն է․ ՀՀ և Ադրբեջանի միջև կա սահման, այդ սահմանը ճանաչված է, և այդ սահմանի ճանաչումը վավերացված է երկու երկրների կողմից։ Եթե Ադրբեջանը ասում է, որ նման բան չկա, նրա արտահայտած մի շարք դիրքորոշումներ զրկվում են իմաստից, և որևէ իմնավորում չեն ունենում»,- նշեց Փաշինյանը։  Ռուստամ Բաքոյանն էլ հետաքրքրվեց, թե ինչպես է արձագանքել ՌԴ-ն, արդյոք այլ երկրներ էլ են շահագրգռված միջանքցի բացումով՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից։ «Ինչքան էլ մենք աշխարհի ամենամեծ և ամենահզոր պետությունը չենք, բայց մեր տարածքային ամբողջականության հարցում ուրիշների տեսակները մեզ շատ չպետք է հետաքրքրի, և մենք ասել ենք, որ ՀՀ տարածքով մենք միջանցք, տարածք չենք տալու։ Այս առումով ուրիշների մեզ հետաքրքրում է երկրորդ հերթին։ Մենք մեր բոլոր դաշնակիցների հետ այս հարցով ունենք քննարկում և միասնական ըմբռնում, այդ թվում՝ իմ տպավորությամբ միջազգային հանրության հետ։ Չկա մի երկիր, որը մեզ հետ խոսում է միջանցքի մասին, և եթե մի երկիր փորձի, մենք չենք քննարկելու»,- ասաց Փաշինյանը։  Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ Հայաստանը առաջարկությունների նոր փաթեթ է ներկայացրել եռակողմ աշխատանքային խմբի ֆորմատով Ադրբեջանին։ «Այդ առաջարկությունը ես առձեռն փոխանցել եմ Ադրբեջանի նախագահին։ Որ պահին այն ընդունեն, մենք պատրաստ ենք դրա իրագործմանը։ Այդ առաջարկությունը այն մասին, որ մենք պատրաստ ենք ճանապարհներ բացել, տալ և ստանալ»,- եզրափակեց Փաշինյանը։ 
17:09 - 14 սեպտեմբերի, 2022
Հայաստանի սահմանից ներս արձանագրված բարձր ջերմային ֆոնը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ

Հայաստանի սահմանից ներս արձանագրված բարձր ջերմային ֆոնը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ

Հայաստանի արևելյան և հարավարևելյան սահմաններում հողի մակերեսի ակտիվ հրդեհների արբանյակային տվյալներից կարելի է փաստել, որ հայկական կողմի վրա տեղի է ունենում լայնամասշտաբ հարձակում Ադրբեջանի կողմից։  Սա վերջին մեկ օրվա պատկերն է, որը ներկայացված է Եվրոպական անտառային հրդեհների տեղեկատվական համակարգում (ներկայացված են սեպտեմբերի 13-ի և 14-ի տվյալները)։ Հիմնվելով այն փաստի վրա, որ  ՀՀ ԱԻՆ-ը վերջին 2 օրերի ընթացքում այդ հատվածներում բռնկված հրդեհների մասին ոչ մի հաղորդագրություն չի տարածել, կարող ենք ենթադրել, որ այս բոլոր բարձր ջերմային ֆոնով տարածքները ինտենսիվ մարտական գործողությունների կամ դրանց արդյունքում բռնկված հրդեհների հետևանք են։ Ինչպես երևում է քարտեզից, բարձր ջերմային ֆոն է գրանցվել ոչ միայն սահմանային հատվածում, այլ նաև ՀՀ ինքնիշխան տարածքում գտնվող տարածքներում։  Այսպիսով, Հայաստանի բնակավայրերում արձանագրված բարձր ջերմային ֆոնը ցույց է տալիս, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
16:12 - 14 սեպտեմբերի, 2022
«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»․ Ակներ գյուղի բնակչի շեն տունը վնասվել է արկի հարվածից

«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»․ Ակներ գյուղի բնակչի շեն տունը վնասվել է արկի հարվածից

«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»,- հակառակորդի հրետանու արկից վնասված իր տուն ուղեկցելիս ասում է Գորիսի Ակներ գյուղի բնակիչ Էդգար Սալբունցը՝ ծխախոտի ծուխը լիքը ներս քաշելով։ Ոչ շատ հեռվից լսվող ամեն պայթյունի հետ խոր հոգոց է հանում, ձեռքը պարզում դեպի տանիքը, որի վրա էլ ընկել է արկը ու պոկել կտուրը, վնասել շեն տունը։  Տնից դուրս է եկել, ու տասը րոպե չանցած՝ հզոր պայթյուն է եղել. Էդգարը բառերով նկարագրել չի կարողանում։ Մինչ ես լուսանկարում եմ, նա ցույց է տալիս տան անկյունները՝ հուշելով՝ ինչին ուշադիր լինել։ Առաստաղը՝ քանդված, լուսամուտները՝ կոտրված, մի հայացք՝ մտահոգ, Վարարակ գետի ձայնը, մի մոլորված ճանճի բզզոց, ամպրոպի նման մի ձայն ու պայթյուն. մեկ, երկու, երեք։ Հետո հաշիվը կորում է։  Էդգարը ցույց է տալիս պայթած արկի բեկորները, անընդհատ կրկնում, որ զգույշ քայլենք, շատ սուր են, մխրճվել են գորգի մեջ։ Նա ինքն իրեն կրկնում է՝ «էրկու օրից անձրեւները սկսելու են, Էդա, պետք ա սարքեմ, ինչ անեմ»։ Էդգարը տանիքը կսարքի, տունն էլ կսարքի, կարծում եմ, նրա հետ զրույցից թողնել-գնալու տրամադրություն չէր գալիս, ինչքան էլ դժվար են ժամանակները եւ մոտ՝ պայթյունները։  Ակները սիրուն գյուղ է։ Բայց հիմա տխրություն է իջել այստեղ։ Սարգիսին ասում եմ՝ կանգնենք, հավաքված մարդկանց հետ խոսենք, բայց հետո փոշմանում եմ, որովհետև ինձ թվում է՝ ամեն ինչ ավելի քան ակնհայտ է, ու հիմա ես հարցնելու բան չունեմ։ Եթե մեկը խոսել ուզենա, ինքը կխոսի։ Ու այդպես էլ պատահում է։  Ընթացող մեր մեքենային է մոտենում սեւահեր մի տիկին, հենվում բաց լուսամուտին ու միանգամից պատմում. «Ես չեմ վախենում, ջիգյար, ես երեխաներիս համար եմ վախենում, զինվորների։ Ես քինյամ, գյուլլեմ էդ թաղած թուրքերին, բայց բոլորն էլ երեխաների համար են վախենում, գոնե մեծերին հավաքեն, տանեն, որ էդ երեխեքը մենակ չմնան»,- ասում է տիկին Մարինան, որ սանիտար է աշխատում բուժհաստատությունում, վիրավոր զինվորներին է օգնում։  Տիկին Մարինան ասում է՝ հիմա էլ չեն կարող գնալ, դաշտից խոտ բերել, հակառակորդը մոտ է։ «Ասեք՝ ում դիմենք, ում բողոքենք, մի ուղղություն ցույց տվեք, ես գնամ, ասեմ։ Տպավորություն ա, որ ձեռքները ծալած նստել են։ Հիմա հասել են արդեն մեզ»,- ասում է՝ տիկինը, բայց թույլ տվեք այսքանով ավարտել պատմությունը Ակներից, որովհետեւ ծանր է, եւ որովհետև հրետանու պայթյունները երբեմն շեղում են ուշադրությունս։   Հայարփի Բաղդասարյան
15:20 - 14 սեպտեմբերի, 2022
Բախումներ են տեղի ունեցել ղրղզ-տաջիկական սահմանին

Բախումներ են տեղի ունեցել ղրղզ-տաջիկական սահմանին

Ղրղզստանի եւ Տաջիկստանի սահմանապահները սեպտեմբեր 14-ին փոխադարձ կրակոցներ են արձակել, հայտնել են երկու կողմերի պաշտոնյաները, գրում է Ռոյթերսը: Բախումները, որոնք տեղի են ունենում տարածաշրջանային անվտանգության մարմնի նիստի նախօրեին և Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտերի ֆոնին, սկսվել են այն բանից հետո, երբ ղրղզ սահմանապահները տաջիկներին մեղադրել են սահմանի  չսահմանագծված հատվածում դիրքեր գրավելու մեջ։ Ղրղզստանի ու Տաջիկստանի սահմանային հարցերի շուրջ կռիվները հաճախակի են և անցյալ տարի գրեթե հանգեցրել են համակողմանի պատերազմի՝ նախկին խորհրդային հանրապետությունների միջև: Տաջիկական կողմի հայտարարության մեջ ասվում է, որ ղըրղզ սահմանապահները հրազենից և ականանետից անկանոն կրակ են բացել իրենց դիրքի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ Ղրղզստանը հայտնել է, որ իրենց կողմից երկու զինծառայող վիրավորվել է, և ևս երկու միջադեպ է տեղի ունեցել սահմանային տարբեր շրջաններում, թեև երեք փոխհրաձգությունները տեղի են ունեցել Բատկեն շրջանի երկայնքով։
14:49 - 14 սեպտեմբերի, 2022
Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին

Սեպտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության կապակցությամբ՝ նշելով, որ ԵՄ ղեկավարությունը մշտական ​​կապի մեջ է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։  «Իլհամ Ալիևը նշել է, որ լայնածավալ սադրանքն իրականացրել է Հայաստանը, և ընդգծել, որ դրա ողջ պատասխանատվությունն ուղղակիորեն կրում է Հայաստանի քաղաքական-ռազմական ղեկավարությունը։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը աջակցում է խաղաղության օրակարգին՝ որպես Բրյուսելում անցկացված քննարկումների շարունակություն: Իլհամ Ալիևը հավելել է, որ չնայած Ադրբեջանը ձեռնարկել է անհրաժեշտ քայլեր իրավիճակը կայունացնելու և լարվածությունը թուլացնելու համար, Հայաստանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը»,- նշված է հաղորդագրության մեջ; 
14:16 - 14 սեպտեմբերի, 2022
Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»

Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն «կոչ է արել Երևանին երկխոսություն սկսելու Բաքվի հետ»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։  Նրա խոսքով՝ «Երևանը պետք է հրաժարվի նման սադրանքներից՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու համար»։ Նա հավելել է, որ Բաքուն չէր կարող չպատասխանել Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի գործողություններին, հաղորդում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»։ Թուրքական դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում բավականին փխրուն է և հիշեցրել է համապարփակ համաձայնագիր ստորագրելու ադրբեջանական կողմի առաջարկը։ Նա ընդգծել է, որ այդ համաձայնագրին Երևանը երկար ժամանակ չէր համաձայնվում։ Դիվանագետը նշել է, որ Թուրքիայի և Եվրամիության մասնակցությամբ այս հարցով կապ է հաստատվել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև, քննարկումներ են սկսվել սահմանի սահմանազատման և սահմանագծման շուրջ։
13:48 - 14 սեպտեմբերի, 2022
Վերիշենում լույս տասներեքի գիշերը հակառակորդի հրետակոծությունից մի քանի տներ են վնասվել, այսօր գյուղի ուղղությամբ կրակ չի եղել

Վերիշենում լույս տասներեքի գիշերը հակառակորդի հրետակոծությունից մի քանի տներ են վնասվել, այսօր գյուղի ուղղությամբ կրակ չի եղել

Գորիս համայնքի Վերիշեն գյուղի ուղղությամբ հակառակորդն այսօր հրետանի չի կիրառել, կրակոցներ էլ չեն եղել մինչեւ այս պահը։ Հրետանու պայթյուններ գյուղում լսվում են, բայց դրանք հարեւան Ակներ գյուղից ուղղությամբ են, որտեղից ավելի ուշ կհաղորդենք իրավիճակը այդ պահի դրությամբ։ Հակառակորդը Վերիշենը հրետակոծել է լույս տասներեքի գիշերը։ Գյուղում մի քանի տներ են վնասվել։ Հենց պայթյունների ձայները լսվել են, Սամվել Դադունցն իր ընտանիքի հետ պատսպարվել է տան նկուղում, ու արկը ընկել է հենց նկուղի վրա․ Սամվել Դադունցը «Քշերը, որ սկսել ա, հելել ենք նկուղ՝ ապահով տեղ, սպասել ենք, տեսնենք՝ ոնց կլինի, ինչ կլինի, մեկ էլ մի դմբոց եկավ, մառախուղ, թոզ, իրար չէինք տեսնում, մի ձեւ փախանք ուրիշ կողմ»,- պատմում է Սամվել Դադունցը, նրա կինն էլ՝ Եփրասյա Զադայանը, շարունակում․ «Հարսս նկուղի դռան մոտից գոռաց՝ վայ, էս ինչ թափվեց մեր վրա, էդտեղից հեռացանք, արդեն որ մի քիչ հանգստացան, ասինք՝ գնանք, տեսնենք՝ ինչ ա կատարվում։ Էնա մոտիկացանք, լույսը վառեցինք, տեսանք՝ քանդվել ա»։ Եփրասյա Զադայանի նկուղը, որտեղ ընկել է արկը Ընտանիքի անդամները վնասվածքներ, բարեբախտաբար, չեն ստացել։ Վնասվել է տունը, կոտրվել են տան պատուհանները, քանդվել է նկուղի պատը, վնասվել են մեքենաները։ Դադունցը ցույց է տալիս մեքենայի ջարդված մասերը։ Մեր զրույցի պահին մյուս հարեւաններն են դուրս գալիս․ այդ պայթյունից վնասվել են նաեւ կողքի տները, հարեւանների մեքենաները։ Սաիդա ու Սպարտակ Դադունցներն են մոտենում, ցույց են տալիս իրենց մեքենան, որ շարքից դուրս է եկել։ Տիկինը մատնացույց է անում նաեւ ջրի երկաթ մեծ բաքը՝ ամեն թիթեղը՝ մոտ երեք մմ հաստությամբ, որի մի պատից արկի բեկորը ծակել, մյուս կողմից դուրս է եկել․ պատկերացրեք՝ այդ բեկորը հանդիպեր մեկի մարմնին։ Սաիդա եւ Սպարտակ Դադունցները ու նրանց վնասված մեքենան Դադունցների նկուղ ընկած արկի պայթյունի ալիքից շատ է տուժել դիմացի հարեւանի՝ Ռաֆիկ Բակունցի տունը։ Պատկերները նույնն են՝ կոտրված լուսամուտներ, գետնին թափված ապակիներ, ճաքած պատեր, կիսախարխուլ դուռ։ Բակունցը պատմում է, որ ժամը տասներկուսի կողմերը, երբ հակառակորդը սկսել է կրակել, երեխաներին շուտ տարել են ապահով վայր․ «Գիշերը քնից հանեցի, շուտ տարանք երեխեքին, ես ու հարսս էինք մնացել, մենք էլ գնացինք»։  Ռաֆիկ Բակունցը ցույց է տալիս իր վնասված մեքենան Հետո ինքը շուտ բարձրացել է տուն, որ լույսը հանգցնի՝ վառ թողնել չէր կարելի, ու տաք շոր վերցնի, որովհետեւ շատ ցուրտ է եղել գիշերը, ու հենց այն պահին, երբ դռնից դուրս գալիս է եղել, արկն ընկել է Դադունցենց տան մոտ։ Բակունցն ասում է․ «Ես չգիտեմ՝ ինչ կատարվեց իմ հետ էդ պահին, զնգոցը մինչեւ հիմա ականջներիս մեջ ա, գլխիս մեջ էր զնգում, մի կերպ, մի կերպ հասցրի դուրս գամ, վազեմ ապահով տեղ»։ Հետո, երբ խաղաղվել է, եկել է տուն, տեսել՝ ամենը կոտրված, քանդված։ Ռաֆիկ Բակունցի տան պատուհանները Ռաֆիկ Բակունցը ցույց է տալիս բեկորները Վերիշենում մարդիկ շարունակում են ապրել իրենց առօրյայով։ Փոքրիկներ էլ են երեւում բակերում, թեեւ ոմանք անվտանգությունից ելնելով իրենց երեխաներին հանել են գյուղից։ Մեզ ճանապարհելիս Ռաֆիկ Բակունցն ասում է՝ այնպիսի զինվորներ ունենք, որ էլ չասած․ «Մալադեց մեր տղաներին, ամեն ինչ անում են»,- ասում է նա՝ շնորհակալ լինելով, որ եկել ենք, ու մաղթելով՝ «հաջորդ անգամ հարսանիք նկարելու գնաք»։   Գլխավոր լուսանկարում՝ Սամվել Դադունցը   Հայարփի Բաղդասարյան
12:49 - 14 սեպտեմբերի, 2022