Չկայացած հրադադար, տնտեսական հնարավոր հետևանքներ․ ի՞նչ է գրում միջազգային մամուլը հայ-ադրբեջանական պատերազմի մասին
20:37 - 14 սեպտեմբերի, 2022

Չկայացած հրադադար, տնտեսական հնարավոր հետևանքներ․ ի՞նչ է գրում միջազգային մամուլը հայ-ադրբեջանական պատերազմի մասին

Սեպտեմբերի 12-ի, լույս 13-ի գիշերվանից իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին լարված է։ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սկսլ են Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հակառակորդը դիրքային առաջխաղացման փորձեր է իրականացրել, որոնք այսօր շարունակվել են։

Վերջին երկու օրերին հայ-ադրբեջանական պատերազմը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է։ Ներկայացնում ենք, թե ինչպես են արտասահմանյան լրատվամիջոցները լուսաբանում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա։

Reuters գործակալությունն, օրինակ, գրել է, որ էսկալացիայի համար կողմերը մեղադրում են իրար․ «Հայաստանի պաշտպանության նախարարությունը նոր հարձակման ժամանակ հրետանային, ականանետային զինատեսակներից և հրազենից կրակելու համար մեղադրել է Ադրբեջանին, որին քաղաքական և ռազմական առումով աջակցում է Թուրքիան։ ․․․․ Ադրբեջանը իր զորամասերի վրա ականանետերից և հրետանուց կրակելու համար մեղադրել է Հայաստանին, որը Մոսկվայի հետ ռազմական դաշինքի մեջ է, և որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան»։ 

Reuters-ը նաև նշել է, որ այս ամենը նախկին ԽՍՀՄ տարածքում ևս մի խոշոր զինված բախման մտավախություն է առաջացրել։

Գործակալությունը նաև գրել է․ «Վտանգ կա, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշատ հակամարտությունը կարող է ներքաշել Ռուսաստանին ու Թուրքիային և ապակայունացնել  նավթ ու գազ տեղափոխող խողովակաշարերի համար կարևոր նշանակություն ունեցող միջանցքը ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայի շուրջ առճակատումը խաթարում է էներգակիրների մատակարարումները»։

Reuters-ը առանձին վերլուծություն է հրապարակել՝ փորձելով հասկանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցողի պատճառներն ու ռիսկերը։ Վերլուծության մեջ նշվում է, որ էսկալացիայի ժամկետը շատ կարևոր է, քանի որ Ռուսաստանը նախկինում Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաազդեցիկ միջնորդն էր․ «Թեև Կրեմլը երեքշաբթի հայտարարեց, որ նախագահ Վլադիմիր Պուտինը բոլոր ջանքերը գործադրում է Հարավային Կովկասում արյունահեղությունը զսպելու համար, Ուկրաինայի պատերազմը խաթարել է Մոսկվայի՝ որպես տարածաշրջանում խաղաղության երաշխավորի կարգավիճակը։ Դա կարող է քաջալերել Ադրբեջանին ավելի շատ պահանջներ ներկայացնելու համար»:

Բրիտանական BBC-ն ևս գրել է, որ վերջին իրադարձությունների համար կողմերը միմյանց են մեղադրում։ BBC-ն նաև անդրադարձել է այն փաստին, որ չնայած Ռուսաստանը հայտարարել է հրադադար հաստատելու համար բանակցությունների մասին, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բախումների ինտենսիվությունը նվազել է, բայց Ադրբեջանի հարձակումները 2-3 ուղղություններով շարունակվում են։

Լրատվամիջոցը գրել է նաև տարբեր երկրների արձագանքների և դիրքորոշումների մասին․ «Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, բայց տարածաշրջանում մեծ ուժ է և հարաբերություններ է պահպանում երկու կողմերի հետ։ Մինչդեռ Թուրքիան կապեր ունի Ադրբեջանի հետ և կարծես թե սատարում է իրադարձությունների վերաբերյալ վերջինիս վարկածը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է․  «Հայաստանը պետք է դադարեցնի իր սադրանքները և կենտրոնանա խաղաղ բանակցությունների վրա»»։

Գերմանական Deutsche Welle-ն ևս ներկայացրել է երկու կողմերի դիրքորոշումները և միջազգային արձագանքները։

«Հայ և ադրբեջանցի զինվորները փոխհրաձգություն են իրականացրել Լեռնային Ղարաբաղի մոտակայքում՝ մտավախություն առաջացնելով, որ 2020 թվականի պատերազմի նման էսկալացիա տեղի կունենա»,- գրել է լրատվամիջոցը։

Ռուսական ՏԱՍՍ գործակալությունը գրում է․ «Գործողությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղից դուրս։ Միաժամանակ, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պնդում են, որ էսկալացիան կազմակերպել է մյուս կողմը՝ վիճելի տարածքի (Արցախի,- Infocom) ճակատագրի շուրջ բանակցությունները խաթարելու նպատակով»։ 

Այնուհետև գործակալությունը մանրամասն ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումներն ու հայտարարությունները, ինչպես նաև միջազգային կառույցների ու տարբեր երկրների արձագանքները։

Ամերիկյան CNN-ը գրում է, որ չնայած ռուսական կողմից հրադադարի մասին պնդումներին՝ Հայաստանի և Արդբեջանի միջև մարտերը շարունակվում են։ 

Al Jazeera-ն նշել է, որ այս կոնֆլիկտի հիմքում Լեռնային Ղարաբաղն է։ Լրատվամիջոցը շեշտել է, որ Թուրքիան բացահայտ աջակցություն է ցույց տվել Ադրբեջանին։

France 24-ը գրել է․ «Չորեքշաբթի օրը՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի շրջանի շուրջ 2020 թվականի պատերազմից ի վեր՝ ոխերիմ թշնամիների միջև վատագույն բախումներից մեկ օր անց, Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին սահմանին հարձակումները վերսկսելու համար»։

Լրատվամիջոցը ներկայացրել է իրադարձությունների ժամանակագրությունը, կողմերի փոխադարձ մեղադրանքները։

«Երեքշաբթի օրվա էսկալացիան տեղի ունեցավ այն պատճառով, որ Երևանի մերձավոր դաշնակից Մոսկվան, որը  2020 թվականի պատերազմից հետո հազարավոր խաղաղապահներ է տեղակայել տարածաշրջանում, կենտոնացած է Ուկրաինա իր վեցամսյա ներխուժման վրա»,- գրում է լրատվամիջոցը։

The Guardian-ն էլ գրել է, որ այս էսկալացիան հետխորհրդային տարածքում երկրորդ լայնամասշտաբ պատերազմի սկսվելու վախեր է առաջացնում։

 

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել