Տեսե՞լ եք սյունի նկարը․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ
12:23 - 27 ապրիլի, 2024

Տեսե՞լ եք սյունի նկարը․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է․ Նիկոլ Փաշինյանը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ։

Բանախոսության ժամանակ նա արձանագրեց՝ քաղաքացին պետություն ունենալու կարևոր ու անհրաժեշտ պայման է, բայց ոչ բավարար պայման։ 

«Ո՞րն է հաջորդ պայմանը պետություն ունենալու․ դա տարածքային ամբողջականությունն է։ Չի կարող լինել պետություն առանց տարածքի»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մինչև Գավառ հասնելը հացի արտադրամասում քաղաքացիներից մեկը վարչապետին հարցրել է՝ «ինչու՞ են գյուղերը տալիս թուրքերին»․

«Սա շատ կարևոր հարց է․ ես չեմ ուզում հիմա էն քաղաքական մակարդակներում ասածս ասել, որ ՀՀ-ում երբեք այդպիսի գյուղ չի եղել․ էդ մասը չեմ ուզում ասել։ Բայց ուզում եմ ասել՝ էս որոշումները մենք ինչի համար ենք կայացնում․ կայացնում ենք ֆիքսելու համար ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Տեսե՞լ եք էն սյունի նկարները, որ հրապարակվել է․ էդ սյունը ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարն է։ Մենք էս որոշումները կայացնում ենք այն արձանագրմամբ, որ եթե պետության կարևոր նախապայմաններից մեկը քաղաքացին է, երկրորդը տարածքն է ու տարածքային ամբողջականությունը»։ 

Փաշինյանի խոսքով՝ տարածքային ամբողջականություն նշանակում է տվյալ երկրի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք, քանի որ տարածք կարող է լինել, բայց չլինել միջազգայնորեն ճանաչված։ 

«Երբ մենք փորձում ենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքը փորձում ենք խառնել մեր միջազգայնորեն չճանաչված տարածքի հետ, միջազգայնորեն ճանաչված տարածքը միջազգայնորեն ճչանաչված դարձնելու ռիսկի ենք ենթարկում մեր պետությունը։ Ինչը և մենք երկար տարիներ արել ենք»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ չի ուզում խոսել դրա մասին։ 

«Մի տեղ փակ խոսակցություն էր (կուսակցական ֆորմատում), եւ ես այդ հարցը տալիս էի՝ հարց են հնչեցնում (մարդիկ-խմբ․)՝ ինչու եք չորս գյուղը տալիս Ադրբեջանին, ես ասում եմ՝ մենք չորս գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք չորս գյուղը վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ, որ ՀՀ-ն ագրեսոր պետություն է, որպես փաստարկ՝ ՀՀ-ի դեմ ագրեսիվ քաղաքականություն վարելու՝ այն ըմբռմամբ, որ այդ ագրեսիվ քաղաքականության մեջ կարող են շահագրգռված լինել ոչ միայն նրանք, ում մենք սովորաբար ընկալում ենք որպես թշնամի, այլև նրանք, ում մենք համարել, համարում կամ կհամարենք բարեկամ։ Սա մեր քաղաքականության հասունության շատ կարևոր պահն է, որ մենք կարողանանք աշխարհը ընկալել այնպիսին, ինչպիսին այն կա իրականում։ Իսկ աշխարհը շատ վտանգավոր տեղ է․ լավ տեղ, հաճելի տեղ, իհարկե, բայց պետք է չմոռանալ, որ շատ վտանգավոր տեղ է։ Եթե մենք շարունակենք աշխարհը ընկալել երկու հարթությամբ, մենք խնդիրներ կունենանք։ Եվ մենք ունենք արդեն այդ խնդիրները և դրա պատճառներից մեկը այն է, որ մենք աշխարհը ընկալել ենք և, ցավոք, երբեմն չենք շարունակում ընկալել որպես վտանգավոր տեղ»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել