Մեր հրապարակային խոսույթից դուրս մենք որևէ բան ո՛չ ասել ենք, ո՛չ արել ենք․ Փաշինյանն անդրադարձավ բանակցություններին տրված խոստումների մասին տեղեկություններին
19:03 - 14 սեպտեմբերի, 2022

Մեր հրապարակային խոսույթից դուրս մենք որևէ բան ո՛չ ասել ենք, ո՛չ արել ենք․ Փաշինյանն անդրադարձավ բանակցություններին տրված խոստումների մասին տեղեկություններին

Ինձ մի տեղեկանք են տվել այսօր, որ սոցցանցերում խոսույթ  է շրջանառվում, թե ՀՀ վարչապետը բանակցությունների ընթացքում ինչ-որ բաներ է խոստացել, հիմա չի տալիս, և դրա համար են էս գործողությունները տեղի ունենում։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, որը վերաբերում էր մեդիադաշտում տարածվող տեղեկություններին, և թե արդյոք կա գործիքակազմ դրա դիմաց առնելու համար։

Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ն ինչ խոստացել է կամ ինչ չի խոստացել, հրապարակային խոսույթի մեջ է եղել. «Մեր հրապարակային խոսույթից դուրս մենք որևէ բան ո՛չ ասել ենք, ո՛չ արել ենք»։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի ժամանակ տարածված տեղեկություններին, օրինակ, ինչպես Ջուլհակյանը նշեց, որ Փաշինյանը հանձնարարել է դիրքը թողնել, գնալ, ՀՀ վարչապետը նաև ասաց, որ ԱԱԾ-ն զեկուցել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հրամայվել է, որ հակառակորդի կողմից գրավված, ապա հետ գրավված բարձունքը զինված ուժերը թողնեն ու հեռանան․ «Սրանք դրվագներ են, որ պետք է պարզաբանվեն»։

«Էն ժամանակ ասում էին, որ էս ա հանձնել իշխանությունը, էս ա որոշել։ Ես խոստացել եմ, որ կառավարությունը ամենաշահագրգիռն է, որ պատերազմական դրվագներն ի հայտ գան, ու երբ հիմա, որ ոմանք ձերբակալվում են, օրինակ Շուշիի դրվագով, պարզվում է, որ ենթադրենք, հազար ներողություն, Ղարաբաղի խորհրդարանի կեսը պաշտպանում է։ Հիմա Շուշին հանձնել են, թե չեն հաննձել։ Թե պետք է պարտադիր պարզվեր, որ ես եմ Շուշին հանձնել, որ բոլորն ասեին՝ ուռա, կեցցե արդարությունը», նշեց նա։

Արուսյակ Ջուլհակյանը կարծիք հայտնեց, որ բավարար խիստ չեն եղել 44-օրյա պատերազմի ընթացքում կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ, Փաշինյանը չհամաձայնեց այդ կարծիքի հետ։

Նա այս համատեքստում անդրադարձավ նաև ԱԱԾ սպաների միությանը․ «Դուք նամուս ունենաք, էսօր փողոց դուրս կգա՞ք։ Երկրի կեսը շպիոն է եղել ձեր պաշտոնավարման ընթացքում, դուք ՀԿ եք հիմնում։ Ձեր օրոք ՀՀ-ում ԱԱԾ չի եղել, խոպանչիների բրիգադ եք դուք եղել։ Ցավոք սրտի, նաև մեր ժամանակ նշանակվածների շրջանից։ Ձեզնով ԱԱԾ-ն պետք է զբաղվի, որովհետև շատ դեպքերում պետք է հասկանանք՝ դուք ամեն մեկդ քանի երկրի շպիոն եք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել