«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»․ Ակներ գյուղի բնակչի շեն տունը վնասվել է արկի հարվածից
15:20 - 14 սեպտեմբերի, 2022

«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»․ Ակներ գյուղի բնակչի շեն տունը վնասվել է արկի հարվածից

«Զգույշ, բեկորներ են, ապակիներ են»,- հակառակորդի հրետանու արկից վնասված իր տուն ուղեկցելիս ասում է Գորիսի Ակներ գյուղի բնակիչ Էդգար Սալբունցը՝ ծխախոտի ծուխը լիքը ներս քաշելով։ Ոչ շատ հեռվից լսվող ամեն պայթյունի հետ խոր հոգոց է հանում, ձեռքը պարզում դեպի տանիքը, որի վրա էլ ընկել է արկը ու պոկել կտուրը, վնասել շեն տունը։ 

Տնից դուրս է եկել, ու տասը րոպե չանցած՝ հզոր պայթյուն է եղել. Էդգարը բառերով նկարագրել չի կարողանում։ Մինչ ես լուսանկարում եմ, նա ցույց է տալիս տան անկյունները՝ հուշելով՝ ինչին ուշադիր լինել։ Առաստաղը՝ քանդված, լուսամուտները՝ կոտրված, մի հայացք՝ մտահոգ, Վարարակ գետի ձայնը, մի մոլորված ճանճի բզզոց, ամպրոպի նման մի ձայն ու պայթյուն. մեկ, երկու, երեք։ Հետո հաշիվը կորում է։ 

Էդգարը ցույց է տալիս պայթած արկի բեկորները, անընդհատ կրկնում, որ զգույշ քայլենք, շատ սուր են, մխրճվել են գորգի մեջ։ Նա ինքն իրեն կրկնում է՝ «էրկու օրից անձրեւները սկսելու են, Էդա, պետք ա սարքեմ, ինչ անեմ»։ Էդգարը տանիքը կսարքի, տունն էլ կսարքի, կարծում եմ, նրա հետ զրույցից թողնել-գնալու տրամադրություն չէր գալիս, ինչքան էլ դժվար են ժամանակները եւ մոտ՝ պայթյունները։ 

Ակները սիրուն գյուղ է։ Բայց հիմա տխրություն է իջել այստեղ։ Սարգիսին ասում եմ՝ կանգնենք, հավաքված մարդկանց հետ խոսենք, բայց հետո փոշմանում եմ, որովհետև ինձ թվում է՝ ամեն ինչ ավելի քան ակնհայտ է, ու հիմա ես հարցնելու բան չունեմ։ Եթե մեկը խոսել ուզենա, ինքը կխոսի։ Ու այդպես էլ պատահում է։ 

Ընթացող մեր մեքենային է մոտենում սեւահեր մի տիկին, հենվում բաց լուսամուտին ու միանգամից պատմում.

«Ես չեմ վախենում, ջիգյար, ես երեխաներիս համար եմ վախենում, զինվորների։ Ես քինյամ, գյուլլեմ էդ թաղած թուրքերին, բայց բոլորն էլ երեխաների համար են վախենում, գոնե մեծերին հավաքեն, տանեն, որ էդ երեխեքը մենակ չմնան»,- ասում է տիկին Մարինան, որ սանիտար է աշխատում բուժհաստատությունում, վիրավոր զինվորներին է օգնում։ 

Տիկին Մարինան ասում է՝ հիմա էլ չեն կարող գնալ, դաշտից խոտ բերել, հակառակորդը մոտ է։

«Ասեք՝ ում դիմենք, ում բողոքենք, մի ուղղություն ցույց տվեք, ես գնամ, ասեմ։ Տպավորություն ա, որ ձեռքները ծալած նստել են։ Հիմա հասել են արդեն մեզ»,- ասում է՝ տիկինը, բայց թույլ տվեք այսքանով ավարտել պատմությունը Ակներից, որովհետեւ ծանր է, եւ որովհետև հրետանու պայթյունները երբեմն շեղում են ուշադրությունս։

 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել