Կարմիր խաչի միջազգային կոմիտեն - ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) մարդասիրական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1863թ․ հունիսի 24-ին Ժնեւում։ 1949թ․ Ժնեւյան չորս կոնվենցիաների եւ 1977 ու 2005 թվականների դրանց լրացուցիչ արձանագրությունների անդամ երկրները ԿԽՄԿ-ին տվել են միջազգային եւ ներքին զինված հակամարտությունների տուժածների պաշտպանության մանդատ։ Այդ տուժածների թվին են պատկանում պատերազմի արդյունքում վիրավորվածները, բանտարկյալները (ռազմագերիներ), տեղահանվածները, քաղաքացիական անձինք եւ այլ ոչ կոմբատանտներ։
 
ԿԽՄԿ-ն Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի եւ 189 ազգային միությունների հետ միասին հանդիսանում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային շարժման մի մասը։ Կազմակերպությունը երեք անգամ՝ 1917, 1944 եւ 1963 թվականներին, արժանացել է Նոբելյան մրցանակի։
 
Կոմիտեի առանցքային խնդիրները, որոնք բխում են Ժնեւյան կոնվենցիաներից եւ նրա սեփական կանոններից, հետեւյալն են․
 
Դիտարկել պատերազմող կողմերի գործողությունների համապատասխանությունը Ժնեւյան կոնվենցիաների դրույթներին,
Կազմակերպել ռազմադաշտում վիրավորվածների բժշկական օգնությունը եւ խնամքը,
Ղեկավարել պատերազմի ռազմագերիների բուժումը եւ պահող կողմի հետ վարել կոնֆիդենցիալ բանակցություններ,
Աջակցել զինված հակամարտության արդյունքում անհետ կորած անձանց փնտրման աշխատանքներին,
Կազմակերպել քաղաքացիական հասարակության պաշտպանություն եւ խնամք,
Պատերազմող կողմերի միջեւ հանդես գալ որպես չեզոք միջնորդ:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում իր գործունեությունը սկսել է 1992 թվականից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։
Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մինչ այսօր կապ չի հաստատել ընտանիքի հետ. դուստր
 |artsakhpress.am|

Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը մինչ այսօր կապ չի հաստատել ընտանիքի հետ. դուստր |artsakhpress.am|

artsakhpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը, հուլիսի 29-ին Ադրբեջանի կողմից առևանգվելուց հետո, ընտանիքի անդամներից ոչ մեկի հետ առ այսօր կապ չի հաստատել։ Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Վագիֆ Խաչատրյանի դուստր՝ Ծովինար Խաչատրյանը: «Ամեն օր  մի քանի անգամ գնում ենք Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակ, իսկ քույրս՝ Երևանի՝ որևէ տեղեկություն իմանալու համար: Մեզ ասում են, որ ոչ մի տեղեկություն չունեն: Հայտնում են, որ  բանակցում են հորս տեսակցելու համար, բայց առայժմ անարդյունք»,-մանրամասնել է Ծ. Խաչատրյանը: Նրա խոսքով՝ Կարմիր խաչի ներկայացուցիչը միայն հուլիսի 29-ի կեսգիշերին է զանգահարել և տեղեկացրել, որ Վագիֆ Խաչատրյանը գտնվում է Բաքվում՝ հիվանդանոցում, որտեղ նրան արհեստական շնչառության սարք է միացվել: Դստեր խոսքով՝ հայրը առողջական խնդիրներ ունի և մեկ անգամ ևս հորդորում է միջազգային կառույցներին արձագանքել իրենց խնդրանքներին և հորը օր առաջ վերադարձնել հայրենիք՝ կյանքը փրկելու համար: Նշենք, որ Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը երեկ հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ Սաբինա Ալիևան անձամբ հանդիպել է Վագիֆ Խաչատրյանին: Ըստ հաղորդագրության՝ Խաչատրյանը իբր «երախտագիտություն է հայտնել ադրբեջանական պետությանը վերաբերմունքի, պահման պայմանների և ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորության համար»: Այնինչ, փաստորեն, ընտանիքն ընդհանրապես կապ չի ունեցել Խաչատրյանի հետ, ում նույնիսկ Կարմիր խաչը չի կարողացել այցելել հուլիսի 29-ից հետո: Հուլիսի 29-ին Ադրբեջանն առևանգեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին՝ հայտարարելով, թե Խաչատրյանը 1991 թվականին կազմել է հանցավոր խումբ և մասնակցել Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակչության դեմ հանցագործություններին։
15:49 - 04 օգոստոսի, 2023
«Տատիկս քաղցկեղ ունի, չենք կարողանում հասցնել Ստեփանակերտ, դեղերն էլ վերջացել են» [Բլոկադան ներսից]

«Տատիկս քաղցկեղ ունի, չենք կարողանում հասցնել Ստեփանակերտ, դեղերն էլ վերջացել են» [Բլոկադան ներսից]

Բլոկադա՝ օր անհաշվելի․ յոթհոգանոց ընտանիքին ժամեր շարունակ հերթում սպասելուց հետո երեկ գեթ մեկ հաց է հասել․ «Առավոտը նախաճաշին հաց չունեինք, մեծ եղբայրս հերթում էր, եկավ՝ մի հաց ձեռքին․ մեծ ընտանիքին մի հացն ի՞նչ է»,- ասում է Արցախի Մարտակերտի շրջանի Մարտակերտ քաղաքի 19-ամյա բնակիչ Ալյոնա Սայիյանը, որն ապրում է իր քրոջ, եղբայրների ու ծնողների հետ, որոնք զինվորականներ են։  Ալյոնան ասում է՝ Արցախում վիճակն ահավոր է․ հացը չի հերիքում, վառելիք չկա, միրգն ու բանջարեղենը՝ սակավ։ «Որ հովհարային անջատումներ են լինում, չեն հասցնում հաց թխել, հերթեր են գոյանում, մեկը գնում է, հերթում սպասում, իրեն հասնում է, ում չի հասնում, գնում, նորից է գալիս, որ գոնե մի քիչ ուշ հաջողի հաց ստանալ։ Բայց այսօր կտրոններ են բաժանել, մարդիկ հայտնել են՝ ով որ խանութից է գնումներ անում, այդ խանութներին ընտանիքների հաշվով հաց են ուղարկում»,- ասում է Ալյոնան՝ հույս ունենալով, որ այս կարգավորումը գոնե մի քիչ կմեղմի հերթերում ժամերով սպասելու դժվարությունը։ Ամսվա օրերի թերթիկի վրա էլ ամեն օր նշումներ են արվելու, որ իմացվի՝ ընտանիքն այդ օրը հաց ստացել է, թե ոչ։ Ալյոնան մտահոգվում է, որ ձմռանն է ավելի բարդ լինելու․ «Առաջ դվիժոկներն աշխատում էին, կապ լինում էր, ալյուրը կարողանում էին քաղաքից հասցնել, բայց ձմռանը շատ դժվար է լինելու»։ Մարտակերտում, ի համեմատ Ստեփանակերտի, մթերքների առումով իրավիճակը դեռ աղետալի չէ, որովհետեւ մարդիկ իրենց բակերում ու շրջանում հողեր ունեն, որտեղ կարտոֆիլ, լոբի, լոլիկ ու կանաչի են աճեցնում։ Դեղերն էլ գրեթե վերջացել են։ Մարդիկ ինչ ունեին, վերջին օրերին երեւի արդեն սպառել են։ Ալյոնայի տատիկն էլ առողջական լուրջ խնդիրներ ունի․ «Տատիկս հիվանդ է, քաղցկեղ ունի, չենք կարողանում հասցնել Ստեփանակերտ։ Շատ թանկ դեղեր են անհրաժեշտ նրան։ Այն ժամանակ մի կերպ ՌԴ խաղաղապահների հետ դեղերի առաջին փաթեթն իջավ, հիմա էլ չկա։ Պետք է հասցնել քաղաք՝ ԿՏ անելու, որ հասկանանք՝ հիվանդությունն ինչ փուլում է, ինչ դեղեր են պետք, բայց վառելիք ու տրասնպորտ չկա, ԿՏ-ի նյութն էլ վերջացել է»,- ասում է Ալյոնան։ Տատի հետ քննարկել են ԿԽՄԿ միջնորդությամբ ՀՀ տեղափոխելու հարցը, բայց նա մտահոգվում է, որ գուցե գա Երեւան, չկարողանա հետ գալ, կամ, որ ավելի վախենալու է, ադրբեջանցիներն առեւանգեն, ինչպես վերջին օրերին առեւանգել են Արցախի երկու այլ քաղաքացիների․ «Տատիկս ասում է՝ լավ ա մնամ երեխեքիս կողքին, քան գնամ՝ չթողնեն հետ գամ։ Նա իննսունականներին էլ, 2016-ի ու 2020-ի պատերազմների ժամանակ էլ Արցախում է եղել՝ պապիկի կողքին, որն առաջին պատերազմի մասնակիցներից է»։ Մարդիկ էլ չեն կարողանում հիվանդանոց գնալ, սկսել են բաց թողնել բուժման կուրսները։ Որոշ ժամանակ անց գուցե մահացության դեպքերն էլ աճեն․ «Երեխաները սկսել են նիհարել, վիտամինների պակաս ունեն»,- նեղսրտում է զրուցակիցս, ու հիշում, որ բլոկադայի ընթացքում եղած ամենատխուր դեպքը, որ ցնցել էր բոլորին, մարտակերտցի երկու փոքրիկների մահն էր․ «Ամենաշատը մեզ այդ դեպքը ցավեցրեց։ Ես այդ երեխաներին Ստեփանակերտ գնալիս հաճախ էի հանդիպել տրանսպորտում․․․ Շատ ենք ազդվել։ Մտածում ենք՝ կարող է վաղը մենք էլ չկարողանանք մեր երեխեքի համար ինչ-որ բան հայթայթել, որովհետեւ հիմա շատ դժվար է դարձել․․․»։ Ալյոնան հիշում է, որ բլոկադայի ընթացքում, երբ մի քանի լիտր կաթ էր կարողացել տանել Ստեփանակերտ, խանութում մի քանի պապիկներ էին եղել, կաթնամթերքը բոլորին չէր հասել, ինքն էլ տխրել էր դրանից։ Մտածում է՝ ինչու մինչ այսօր մարդիկ ավելի շատ չեն աշխատել՝ այսքան բանի միջով անցելով։ Նրա ընտանիքը անասնաֆերմա ունի․ բlոկադայի ընթացքում Ալյոնան որոշել է դասընթացների գնալ ու արդեն սկսել է կաթի արտադրությամբ զբաղվել, ասում է՝ մի փոքր լուսավոր կետ է այս դժվարին օրերում։ Մի շատ կարեւոր որոշում էլ է կայացրել Ալյոնան․ նշանադրվել է, ու որոշել են, որ իրենց երեխաներն էլ պիտի Արցախում ծնվեն ու ապրեն։ Ասում է՝ մի քանի պատերազմներով են անցել, ամեն ինչ հաղթահարել, հիմա չի կարելի թողնել-գնալ։ Ինքն էլ մի պահ որոշել է, որ գնա դրսում սովորելու, բայց վերջին պատերազմը ցույց է տվել, որ Արցախը մարդկանց կարիքն ունի։ Ալյոնան հիմա Շուշիի տեխնոլոգիական համալսարանում է սովորում՝ անասնաբուժության բաժնում։ Ուզել է սննդի անվտանգության մասնագետ դառնալ, բայդ այդ բաժինը համալսարանում չկա։ Այս հանգամանքը նրան չի ընկճել, որոշել է այս ոլորտում էլ հրաշալի մասնագետ լինել․ դա Արցախին պետք է։ Ալյոնան եւ իր ընտրյալը 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։  Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։ Լուսանկարները տրամադրել է Ալյոնա Սայիյանը Հայարփի Բաղդասարյան
01:26 - 04 օգոստոսի, 2023
«էրեխեն ոչ մի սնունդ չունի, ուռուցքն էլի գլուխ կբարձրացնի, եթե վիտամիններ չստանա» [Բլոկադան ներսից]

«էրեխեն ոչ մի սնունդ չունի, ուռուցքն էլի գլուխ կբարձրացնի, եթե վիտամիններ չստանա» [Բլոկադան ներսից]

44-օրյա պատերազմի պատճառով Անուշ Անդրյանի բազմազավակ ընտանիքը կորցրել է Հադրութի շրջանի Թաղասեռ գյուղի իր տունը։ Վեց երեխաների ու ամուսնու հետ Անուշը հիմա ապրում է Ստեփանակերտում՝ պետության հատկացրած հյուրատանը։ Այսօր բլոկադայի պատճառով Անուշի երեխաները նորմալ չեն սնվում, իսկ քաղցկեղի ճիրաններից փրկված 9-ամյա աղջկա առողջությունը ռիսկի տակ է․ վերականգնողական շրջանում լուրջ բժշկական վերահսկողություն ու ստուգումներ են պետք, աղջիկը պետք է ՊԷՏ/ԿՏ հետազոտություն անցնի, իսկ դա միայն ՀՀ-ում կամ այլ երկրում է հնարավոր։  Նվարդը՝ բուժման ընթացքում «Աղջիկս առողջական լուրջ խնդիրներ ունի, էրեխուս հարցն է ստեղ։ Չարորակ ուռուցք է ունեցել, Երեւանում բուժել ենք, էս պահին էրեխես հսկողության տակ է։ Ստեղ կա ԿՏ, բայց ասում են, որ ՊԷՏ/ԿՏ-ի կարիք կա, բայց չենք կարողանում բերել էրեխուն։ ՊԷՏ/ԿՏ Հայաստան կա, Վրաստան, ստեղ չկա։ Իր ուռուցքն էն տեսակի է, որի բջիջների ակտիվությունը մենակ էդ հետազոտությունն է ցույց տալիս։ Աղջիկս պահպանողական փուլում է, էս էրեխեն ոչ մի սնունդ չունի, վիտամիններ են պետք իրեն, սնունդ էլ չստացավ, էդ ուռուցքն էլի գլուխ կբարձրացնի»,- մտահոգվում է 9-ամյա Նվարդի մայրը՝ նշելով, որ ԿԽՄԿ միջնորդությամբ միայն երեխային հնարավոր չի եղել բերել Երեւան, քանի որ առանց չափահասի ուղեկցությամբ մարդկանց տեղափոխումներ չեն արվում, իսկ Անուշը հարազատներ չունի Արցախում, որ հինգ երեխաներին թողնի նրանց հույսին ու անհայտ ժամանակով գա ՀՀ։ Իսկ ամուսինը ՊԲ զինծառայող է, հերթապահության է լինում, նա էլ չի կարող միշտ զավակների կողքին մնալ։  Անուշը՝ երեխաների հետ «Ահավոր վիճակ ա։ Հերթեր ենք կանգնում, որ մի կտոր մի բան առնենք, բերենք, մեր էրեխեքն ուտեն, միս չկա շատ ժամանակ, եթե կա էլ, էնքան թանկ ա, կիլոն հինգ հազար ու ավելի։ Հերթերից տուն չենք գալիս, ոչ մի բան չկա խանութներում, գոյություն չունի։ Դաժե մի մածուն, մի սմետան, էս շոգ օրին չես կարում ճարես, որ ուտեն, այ էդ վիճակն ա, պատկերացրու՝ աղ էլ չունենք արդեն։  Կարտոշկա եմ մենակ խաշում, ուտում են, էդ ա ու լոբին։ Ուրիշ պրադուկտ չկա։ Էրեխեքը շատ են նեղվում, փոքրս կանֆետ ա շատ ուզում, չկա, քաղցր պիտի ուտեն էրեխեքը, չկա․․․»,- նեղսրտում է բազմազավակ մայրը ու զանգից հետո անմիջապես ուղարկում իր կողքին հավաքված երեխաներից մի նկար։ Փոքր դուստրը՝ Մանեն, 7 տարեկան է, Ալվարդը՝ 12 տարեկան է, Գոռը՝ 13, Էդմոնը՝ 16, Մխիթարն էլ 18 նոր է դարձել, բանակ պիտի զորակոչվի արդեն, սպասում են ծանուցմանը։ Ձախից՝ աջ՝ Ալվարդը, Նվարդը, Մանեն, Էդմոնը Անուշը երեկ ողջ օրը չի կարողացել հաց գնել, մինչեւ երեկոյան տասը սպասել է հերթում, հինգհարյուրքանիերորդ համարն է եղել (հացի ձեռք բերելու համար մարդկանց թղթերի վրա գրված համարներ են տրամադրում, որ հերթն այդպես առաջ գնա)․ «Մինչեւ իրիկունը ժամը տասը հաց չեմ կարողացել առնեմ, տասից հետո էլ էս փոքր էրեխուս եմ տվել թուղթը, ասել եմ էլ հնար չկա։ Մի ժամ յոթ տարեկան էրեխես կանգնել ա, էն էլ լավ ա՝ մարդիկ կարողացել են մեջ գցել, էրեխուս երկու հաց են տվել, կարողացել ա բերել»,- հոգոց հանելով պատմում է Անուշը՝ ասելով, որ լավ է՝ գոնե այսօր հաց թխել-մատակարարելու գործընթացը մի քիչ կարգավորվել է, կարողացել են մի երկու հաց գնել։ Օրեր առաջ Արցախում կրճատվել էր հացի արտադրանքի ծավալը, քանի որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով։ Արցախի Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հաղորդել էր, որ իրականացվող արտակարգ միջոցառումների արդյունքում Արցախում աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը:  Բազմազավակ մայրը մտահոգվում է նաեւ երեխաների հոգեվիճակի մասին, ասում է՝ մի դմփոց է գալիս, վախենում են․ «Երեկ հացի հերթում մի մարդու հաց չէր հասել, գնացել էր ավտոմատով հրապարակում կրակել, էրեխեքը ստեղ սրտաճաք էին եղել, որ կարող ա կռիվը սկսեց։ Ահավոր վիճակ ա․․․ Բազմազավակ պապա էր, հաց չէին տվել, իրա էրեխեքը սոված էին, էկել, ստեղ խփել էր, էդ ձեներից ասի էդ ա՝ կռիվը սկսեց։ Փոքր էրեխեք են է, սրտաճաք են լինում․․․»։ Դառը հոգոցներով է ավարտվում այս զրույցը։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։  Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։ Լուսանկարները տրամադրել է Անուշ Անդրյանը Հայարփի Բաղդասարյան
18:04 - 03 օգոստոսի, 2023
Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին
 |1lurer.am|

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեռ չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին |1lurer.am|

1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին: Այս մասին «1lurer.am»-ին ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին իրենց լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր են ձեռնարկվում խնդրի առնչությամբ որոշակի առաջընթաց ապահովելու համար: Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին, Զառա Ամատունին տեղեկացրեց, որ ԿԽՄԿ պատվիրակները, այդ թվում՝ 1 բժիշկ, Բաքվում նրան այցելել են հենց ձերբակալության օրը՝ հուլիսի 29-ի երեկոյան, ստուգել նրա առողջական վիճակը, ծանոթացել պահման պայմաններին:   
16:57 - 03 օգոստոսի, 2023
«Մինչև վաղը ժամանակ ենք տվել, սպասում ենք». արցախցի ուսանողները կրկին ԿԽՄԿ–ի մոտ են |armeniasputnik.am|

«Մինչև վաղը ժամանակ ենք տվել, սպասում ենք». արցախցի ուսանողները կրկին ԿԽՄԿ–ի մոտ են |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախցի ուսանողները շարունակում են իրենց բողոքի ակցիան Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ` ի պաշտպանություն օրեր առաջ առևանգված Վագիֆ Խաչատրյանի։ Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից հայտնում է, որ նրանք կանգնած են մուտքի մոտ ու ԿԽՄԿ–ին ժամանակ են տվել իրենց պահանջները բավարարելու համար։ «Մենք տեղ չենք գնալու, սպասում ենք։ Ժամանակ ենք տվել նորից, մինչև վաղը սպասում ենք, որ գոնե աղջկան թույլ տան տեսազանգով խոսել հոր հետ»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։ Հուլիսի 29-ին Ադրբեջանն առևանգեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին՝ հայտարարելով, թե Խաչատրյանը 1991 թվականին կազմել է հանցավոր խումբ և մասնակցել Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակչության դեմ հանցագործություններին։    
09:56 - 03 օգոստոսի, 2023
«Մինչեւ հերթը հասավ ինձ, հացը վերջացավ, ձմերուկ եմ առել, ասացի՝ ուտեմ հացի տեղը» [Բլոկադան ներսից]

«Մինչեւ հերթը հասավ ինձ, հացը վերջացավ, ձմերուկ եմ առել, ասացի՝ ուտեմ հացի տեղը» [Բլոկադան ներսից]

Լուսանկարում՝ Աննա ՄանասյանըԱրցախի Մարտունի քաղաքի բնակիչ 21-ամյա Աննա Մանասյանը երեք շաբաթ է՝ չի կարողանում տուն գնալ․ Արցախում հիմա ընդհանրապես չի գործում հանրային տրասնպորտը, վառելիք չկա, ու նա մնացել է Ստեփանակերտում, որտեղ լավ է գոնե՝ աշխատանք ունի ու դեռ մնալու տեղ․ «Շատ ահավոր է»,- ասում է Աննան, ու հեռախոսի երկու կողմերում լռում ենք։ Աննան այսօր մեկ ժամ սպասել է հացի հերթում ու այդպես էլ ձեռնունայն մնացել․ «Ո՞նց նկարագրեմ, քաղաքում ահավոր է, լավ չէ վիճակը, ոչինչ չկա։ Այսօր էլ մի ժամ հերթում կանգնեցի, իմ հերթը հասավ, բայց հացը վերջացավ․ համարներով են տալիս հացը, թղթերի վրա գրում են, ասենք, մինչեւ 200, այդքան սպասում ես, կարող է հասնի հարյուրին, հացը վերջանա։ Հիմա արդեն հացը, որ չեն հասցնում թխել, խմորն են տալիս, որ մարդիկ գոնե տանը թխեն»,- պատմում է Աննան, որին ասել են՝ մի հատ էլ օրվա մեջ ժամը 3-ին գնա հացի հետեւից, բայց, ասում է, փուռն այնքան հեռու է, ոտքով գնալը շատ դժվար է․ «Հաց որ չեղավ, ձմերուկ եմ առել, ասացի՝ ձմերուկ ուտեմ հացի տեղը, քաղցր է էլի գոնե»,- առանց հավելյալ ողբերգականացնելու ասում է զրուցակիցս։ Եթե հանկարծ պատահում է՝ վառելիքով մեքենա է ճարվում, մայրը Մարտունուց մի քիչ բանջարեղեն է ուղարկում, իր հետ ապրող աղջիկների հետ ով ինչ ունի՝ կիսում են իրար մեջ։ Ասում է՝ լավ է գոնե այնտեղ մարդիկ այգի ունեն, մի քիչ բերք են ստանում, թե չէ Ստեփանակերտում գրեթե ոչինչ չի մնացել․ «Մարտունիում էլի ամեն մարդ իր այգին ունի, որ մեկը մի բան չի ունենում, փոխանցում են իրար, կարող է՝ մեկն ալյուր ունի, հաց է թխում, հասցնում են, բայց Ստեփանակերտում բնակչությունը շատ-շատ է, քաղաքում ոչինչ չկա, բանջարեղեն չկա։ Եթե գյուղից մեկը պազիկ մաշին ճարի, մի արկղ լոլիկ բերեն, կես ժամում կվերջանա, բոլորին չի հասնի»,- նեղսրտում է Աննան։ Այսօր հացի հերթում նա մի տխուր դրվագի է ականտես եղել, ասում է՝ երկու կին էին կանգնած, մեկը՝ մի քիչ տարիքով, մյուսն ավելի երիտասարդ, որ երեխաներ ունի․ «Ասում էր՝ գոնե մի հատ հաց կարողանամ առնել, տանեմ, կիսեմ՝ երեխքն ուտեն, մյուս կինն ասում է՝ բա դո՞ւ, ասում է՝ ես երկու օր ա հաց էլ չեմ ուտում, հացը կիսում եմ, երեխեքն ուտում են երկու անգամ»,- պատմում է Աննան,- «Շատ նեղվեցի․․․»։  Մի օր էլ Աննան ու իր ընկերուհին չեն իմացել՝ ինչով սնվել այդ օրը, ու ստացվել է այնպես, որ մի խանութում պիցցայի մի հատիկ լոշիկ է մնացած եղել․ «Էդ լոշիկը դրել ենք դուխովկա, մի քիչ տաքացրել, էնքան որ հացի տեղ կերել ենք էլի։ Միս չկա, այլ մթերքներ չկան։ Ինչ էլ կա, շատ քիչ է, մարդիկ հազիվ մի տասը-տասնհինգ օրվա պաշար ունեն երեւի տներում։ Հիմա շատ խանութներ արդեն փակվել են, կաֆեներ չկան, որ գոնե երեխեքին տանեն, մի բան ուտեն»,- ասում է Աննան՝ նշելով, որ իրենք գոնե մեծ են, մի քիչ փորձում են թեթեւ անցկացնել, բայց որ երեխաների սիրտը մի բան է ուզում, ծնողները չեն կարողանում գտնել, դա շատ, շատ տխուր է։ Արդեն ամենապետքական դեղերն էլ են սպառվել։ Աննայի ընկերուհին մի կերպ մեքենա էր ճարել երեկ, որ գնա գյուղ, հետն էլ պիտի տատիկի ճնշման դեղերը տաներ, ասում է՝ ողջ քաղաքը ման եկան, այդ դեղը չգտան․ «Շատ քիչ դեղեր են մնացել, ամենօրյա դեղերը, որ տարեցներին պետք են, արդեն չկան»։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։  Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։ Լուսանկարները տրամադրել է Աննա Մանասյանը Հայարփի Բաղդասարյան
22:40 - 02 օգոստոսի, 2023
«Եթե մի փոքր կոնֆետ ունենում ենք, հինգ մասի ենք բաժանում ՝ բոլորին հասնի» [Բլոկադան ներսից]

«Եթե մի փոքր կոնֆետ ունենում ենք, հինգ մասի ենք բաժանում ՝ բոլորին հասնի» [Բլոկադան ներսից]

44-օրյա պատերազմի պատճառով Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը կիսվեց՝ ադրբեջանցիները եկան-նստեցին գյուղի միջով անցնող, այսպես ասած, սահմանի տարբեր կետերում։ Ու թեեւ կրակոցների ձայները չեն լռում այդպես էլ, մարդիկ շարունակում են ապրել այնտեղ՝ իրենց տունն է։ Հողը մշակում են հակառակորդի աչքի առաջ՝ չիմանալով՝ օդը ճեղքող հերթական փամփուշտն իրենց կդիպչի՞ այդ անգամ, թե՞ ոչ։ 23-ամյա Մերի Ալավերդյանին դժվար, կամ, ավելի ճիշտ, վտանգավոր այդ դրությունը չի խանգարում կարոտել գյուղը, երբ արդեն երկու շաբաթ է՝ Ստեփանակերտից տուն գնալ չի կարողանում, որովհետեւ մյուս կողմից էլ բլոկադան է իր անմարդկային երեսը ցույց տալիս։ Ես ասեմ բլոկադա, դուք իմացեք՝ դրա տակ ինչ տարբեր բառեր կան։  Մերին աշխատում է Ստեփանակերտում, բայց հիմա, երբ վառելիք չկա, տրանսպորտը չի աշխատում, մեքենա գտնել-գյուղ գնալն անհնար է դարձել։ Մյուս կողմից էլ եթե գյուղում ամեն մեկն իր այգին ունի, ինչ-որ քանակի բերք հավաքում է, ապա քաղաքում համարյա սնունդ չի մնացել․ «Խանութներում բան չի մնացել, բոլորովին դատարկություն է, ուտելիքից ինչ է մնացել․․․ Կարտոֆիլ, երբեմն ձու, դդում։ Մարդիկ հիմա արդեն միայն հացի համար են դուրս գալիս, բայց հիմա էլ հաց չեն հասցնում թխել։ Առաջ, որ գյուղերից կարողանում էին բերք բերել, հիմա դա էլ վառելիքի պատճառով չի լինում։ Իսկ կաթնամթերք, նման այլ բաներ էլ չկան»,- ասում է Մերին ու նշում, որ հացի հերթերում հիմա մարդիկ են վատանում, փռերին հասնելն էլ է դժվար, երբ մեքենա չկա։ Գյուղերում պակաս դժվար է միայն այն բերումով, որ մարդիկ հասցնում են հաց վերցնել, մի քիչ էլ այգու բերքից օգտվել։ Մերի Ալավերդյանը Նույնիսկ սուրճն էլ է վերջանալու վրա, ասում է Մերին՝ բարի ժպտալով (զգացվում է հեռախոսի այն կողմից)․ «Եթե մի փոքր կոնֆետ ունենում ենք, հինգ մասի ենք բաժանում՝ բոլորին հասնի»,- ասում է նա։ Մերիի խոսքով՝ երեկոները, երբ զբոսնում են Ստեփանակերտում, տեսնում են շատ մարդկանց՝ գրկներին երեխաներ, եւ դա կարծես ստիպում է մինչեւ վերջ հուսալ, չկորցնել դժվարին այս ժամանակը հաղթահարելու ուժը, ասում է՝ այսքան պատերազմներ են եղել, այսքան զոհեր, նաեւ նրանց ու Արցախում ապրող մարդկանց, երեխաների հանդեպ անարդար կլինի պարզապես հանձնվել, թողնել ու հեռանալ։ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։ Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։  Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։ Լուսանկարները տրամադրել է Մերի Ալավերդյանը Հայարփի Բաղդասարյան
20:44 - 02 օգոստոսի, 2023
Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանն օգտագործել է ԿԽՄԿ-ին Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար
 |armenpress.am|

Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանն օգտագործել է ԿԽՄԿ-ին Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար |armenpress.am|

armenpress.am: ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանի կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդու իրավունքների տեսանկյունից արտակարգ հանձնում է, որը խախտում է անձնական ազատության իրավունքը,  տվյալ մարդուն խոշտանգումների վտանգի առաջ է կանգնեցնում, բացառում է արդար դատաքննությունը: Սիրանուշ Սահակյանը չի բացառել նաև այն տարբերակը, որ Ադրբեջանն օգտագործել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար։ Այս մասին Սիրանուշ Սահակյանն ասաց օգոստոսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանը: Նրա համոզմամբ՝ միջադեպը դժվար է տեղավորվում միջազգային իրավունքի  տրամաբանության մեջ: «Միջազգային իրավունքն, իհարկե,  ունի քրեական ոլորտում համագործակցության մեխանիզմներ, որոնք խիստ կարևոր են ու նպաստում են, որ հանցագործները կանգնեն արդարադատության առաջ, և կանխվի նրանց փախուստն արդարադատությունից: Դրա համար միջազգային իրավունքում կան հանձնման, արտահանձնման և փոխանցման գործիքներ, որոնց հասցեատեր կարող են լինել պետությունները: Եթե Ադրբեջանը կարծում էր, որ Վագիֆ Խաչատրյանը  հանցագործ է, ապա այդ հանցագործին տերիտորիալ յուրիսդիկցիա կարող էր բերել միջազգային քրեական իրավունքի համագործակցության ճանապարհով՝ Արցախի, Հայաստանի իշխանությունների, Ռուսաստանի Դաշնության և, ինչու ոչ, Ինտերպոլի հետ համագործակցությամբ»,-նշեց նա և հավելեց՝ Ադրբեջանը ոչ արժանահավատ մեկնաբանություն է տվել, որ տվյալ անձը գտնվել է միջազգային հետախուզման մեջ, ինչը հերքվեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Սահակյանի խոսքով՝ Ադրբեջանը ոչ թե գնացել է իրավական գործընթացներում  համագործակցելու ճանապարհով, այլ, նախապես տեղեկանալով, որ իր կողմից ցանկալի անձ է ճանապարհորդելու, որևէ ինֆորմացիա չի տրամադրել Կարմիր խաչին և  Կարմիր խաչի մարդասիրական առաքելության միջոցով  արհեստականորեն Վագիֆ Խաչատրյանին Արցախի իշխանության յուրիսդիկցիայից խաբեությամբ բերել է Ադրբեջանի յուրիսդիկցիա, որտեղ արդեն կամայական գործելակերպով ձերբակալել է: «Արդարացի գործընթացներ մենք չենք կարող ակնկալել Վագիֆ Խաչատրյանի պարագայում, որովհետև ի սկզբանե նա բերվել է Ադրբեջանի տարածքային իրավազորության ներքո իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար երաշխիքների խախտմամբ: Երկու հնարավոր տարբերակ գոյություն ունի. Վագիֆ Խաչատրյանին տեսնելով ենթադրաբար միջազգային հետախուզման մեջ գտնվող  անձանց ցուցակում՝ Ադրբեջանն առնվազն  պարտավոր էր դրա մասին տեղյակ պահել Կարմիր խաչի միջազգային  կոմիտեին՝ հայտնելով, որ կա հանցագործության համար փնտրվող անձ, որն, Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվելով, կարող է ձերբակալվել: Այդպես Ադրբեջանը կպաշտպաներ Կարմիր խաչի միջազգային մարդասիրական մանդատը, և Կարմիր խաչը այդ մասին պետք է տեղեկացներ  Վագիֆի ընտանիքի անդամներին»,-շեշտեց Սահակյանը, որն առավել քան վստահ է, որ նման տեղեկատվություն չի եղել: Ըստ նրա՝ երկրորդ տարբերակն այն է, որ ի սկզբանե Ադրբեջանը նման տեղեկատվություն  չի տրամադրել Կարմիր խաչին, և Կարմիր խաչին օգտագործել է իր խնդիրը լուծելու նպատակով: «Այլ պայմաններում Ադրբեջանը կարող էր հատուկ օպերացիա իրականացնել, հատուկ ջոկատայիններին մտցնել, որպեսզի  առևանգեին Վագիֆ Խաչատրյանին ու տանեին Ադրբեջան, ինչը ռեսուրսներ էր պահանջում, և նրանք գնացել են խաբեության ճանապարհով: Շատ լավ հասկանալով, որ Վագիֆ Խաչատրյանին ձերբակալելու են, նրանք լռել են այդ մասին ու Կարմիր խաչին օգտագործել են, որպեսզի նա հեշտությամբ մարդասիրական խնդրի կոնտեքստում  Վագիֆին տեղափոխի ու մտցնի ադրբեջանական վերահսկողության գոտի»,-ասաց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչը: Սահակյանը կարծում է՝ Կարմիր խաչը կարող էր շատ կոշտ արձագանքի դեպքում տեղում միջադեպը կանխել՝ էսկալացնելով խնդիրը մինչև բարձր օղակներ, այսինքն՝ միջադեպի վաղ փուլից այդ հարցի մասին պետք է տեղեկանային կենտրոնական մարմինները: «Մենք չունենք պարզաբանում, որ Կարմիր խաչը հենց ձերբակալման վտանգը հասկանալու պահից ձեռնարկել է անհրաժեշտ համալիր բոլոր գործողությունները, որպեսզի միջազգային բարձր օղակների ներգրավվածությամբ, նրանց ճնշման ներքո միջադեպը կանխվեր: Եթե նույնիսկ այդ պահին բացահայտ կամայական են գործել Ադրբեջանի իշխանությունները նաև Կարմիր խաչի  մանդատի նկատմամբ, Կարմիր խաչը պարտավոր էր ոչ թե փաստերի շուրջ մեկնաբանություն տալ, այլ արձագանքել Կարմիր խաչի գործունեության խոչընդոտների ու Կարմիր խաչի օգտագործման ռիսկերի, վտանգների մասին՝ կոչ անելով ավելի կոշտ գործիքակազմ ունեցող կառույցներին աջակցել Կարմիր խաչի մանդատին և ձեռնարկել գործուն քայլեր՝ կանխելու  իրենց գործունեության խոչընդոտները»,-վստահեցրեց նա: Սիրանուշ Սահակյանը ենթադրում է՝ Կարմիր խաչն անընդհատ վախեցած է ադրբեջանական արձագանքներից, և Ադրբեջանը տակտիկական նկատառումներով ռիսկեր է ստեղծում, սպառնում է, որ  առհասարակ անհնար կդարձնի Կարմիր խաչի գործունեությունն  Ադրբեջանում, և նրանք գերզգուշավոր  դիրքերից են հանդես գալիս, որ ապահովեն իրենց շարունակական գործունեությունն Ադրբեջանում, ինչը, գուցե, արդարացված էր ավելի վաղ փուլում: «Ներկայումս տեսնում ենք, որ Կարմիր խաչը զրկված է խնդիրը լուծելու հնարավորությունից:  Կառույցի մարդասիրական գործողությունների լիմիտը սպառվել է. Կարմիր խաչը զրկված է սնունդ  մատակարարելուց, ինչի պատճառով մարդիկ սովամահ են լինում, թերսնուցումը մեծ առողջական խնդիրներ է առաջ բերում ու կյանքի անմիջական սպառնալիք դառնում արցախահայության համար»,-շեշտեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: Ըստ Սահակյանի՝ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը հեռահար նպատակ է հետապնդում. բացի այն, որ անմեղ քաղաքացիների իրավունքներն ու շահերն է այս պահին անմիջականորեն շոշափում, այլև գործողություն է, որը հնազանդության կոչ է Արցախի իշխանություններին: «Շրջափակման պայմաններում մենք հասկանում ենք, որ, եթե այդտեղ ֆիզիկական բնաջնջման ռիսկերն արդեն իրագործվում են, որպես փրկօղակ կարող է լինել հարկադիր տեղահանումը, որն ինքնին միջազգային հանցագործություն է, բայց այդ հանցագործության կատարմանը զուգընթաց մենք կարող ենք Լաչինի միջանցքով ուղի ապահովելու ճանապարհով ապահովել որոշ անձանց կյանքը, այսինքն՝ հարկադիր իրենց բնակավայրը լքելու, ինքնությունը փոխելու ճանապարհով արցախցիների մի մասն առնվազն կարող էր Հայաստան տեղափոխվելու ճանապարհով  իր հետագա կյանքը կառուցել Հայաստանում կամ աշխարհի այլ հատվածքում: Միջանցքը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, որտեղ մարդասիրական կամ խաղաղապահ առաքելություն իրականացնողները դարձել են անզոր: Ադրբեջանն այդ միջանցքով անցնելու ընթացքում կարող է ձերբակալել և կամայական գործողություններ իրականացնել ցանկացած անձի նկատմամբ, այդ թվում՝ այս պահին Արցախում որոշում կայացնող քաղաքական և ռազմական ղեկավարության նկատմամբ: Արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի առևանգման մասին, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Հայաստան էր տեղափոխվում բուժման նպատակով, Արցախի պետնախարարն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգել են հուլիսի 29-ին։ Այդ հայտարարություններից ժամեր անց Բաքուն հաղորդել է, որ ադրբեջանցի իրավապահները ձերբակալել ու Բաքու են տեղափոխել Հայաստան բուժման եկող տղամարդուն։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում կայացվել, իսկ նույն թվականին իբր նրա նկատմամբ  «միջազգային հետախուզում է հայտարարվել»։
15:56 - 02 օգոստոսի, 2023
Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է. ՄԻՊ-ը գործընկերների հետ հանդիպումներ է ունեցել

Վագիֆ Խաչատրյանի առևանգումը մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է. ՄԻՊ-ը գործընկերների հետ հանդիպումներ է ունեցել

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա քաղաքացուն Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 29-ից մի շարք քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների և տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։ Մասնավորապես՝ նրանց են ներկայացվել ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ միջազգային հետախուզական որևէ համակարգում առկա չէ վերջինիս հետախուզման վերաբերյալ տվյալ, իսկ անձի հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ։ Համապատասխան նամակներ են ուղարկվել մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կառույցներին։ Այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ իրականացվող աշխատանքները շարունակվում են, ձեռք են բերվում նոր տվյալներ։ Անահիտ Մանասյանը հանդիպել է նաև առևանգված քաղաքացու հարազատների հետ, որոնց ներկայացվել են իրականացվող, սակայն հրապարակման ոչ ենթակա աշխատանքների մանրամասները։ Պաշտպանը նշում է, որ Վագիֆ Խաչատրյանը միջազգային մարդասիրական պաշտպանության տակ գտնվող անձ է, որը ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան էր տեղափոխվում բուժում ստանալու նպատակով։ Ուստի վերջինիս առևանգումն Ադրբեջանի սահմանապահ ծառայողների կողմից միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։ Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է դեպքեր, երբ սոցիալական ցանցերում, մասնավորապես տելեգրամյան ալիքներում, ադրբեջանցիների կողմից թիրախավորվել են Վագիֆ Խաչատրյանի հարազատները, այդ թվում՝ անչափահաս, ինչը խիստ անընդունելի և դատապարտելի է։ Պաշտպանն ընդգծում է, որ այս երևույթը Ադրբեջանի կողմից վարվող հայատյացության քաղաքականության ևս մեկ ապացույց է։ Հուլիսի 29-ին Ադրբեջանն առևանգեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին՝ հայտարարելով, թե Խաչատրյանը 1991 թվականին կազմել է հանցավոր խումբ և մասնակցել Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակչության դեմ հանցագործություններին։
11:08 - 02 օգոստոսի, 2023
Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հեռախոսազրույցում դատապարտել է կառույցը հեղինակազրկելուն ուղղված Ադրբեջանի փորձերը

Արարատ Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հեռախոսազրույցում դատապարտել է կառույցը հեղինակազրկելուն ուղղված Ադրբեջանի փորձերը

Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգերի հետ:  Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Արարատ Միրզոյանը շեշտել է Լաչինի միջանցքի արգելափակման անհապաղ վերացման հրամայականը, ԼՂ սննդի, դեղորայքի և առաջնային անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման հրատապությունը:  Նախարար Միրզոյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղում մուտք ունեցող միակ միջազգային մարդասիրական կազմակերպության՝ ԿԽՄԿ գործունեության պատշաճ, շարունակական ապահովման կարևորությունը և դատապարտելի համարել Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ հումանիտար գործունեությունը խանգարելուն և հեղինակազրկելուն ուղղված Ադրբեջանի փորձերը: Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է հուլիսի 29-ին բուժման նպատակով ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվող՝ լուրջ առողջական խնդիրներ ունեցող Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի սահմանային ծառայության կողմից առևանգման դեպքին՝ այն որակելով նենգ և անընդունելի արարք՝ ընդդեմ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի և միտված ԼՂ ժողովրդի էթնիկ զտմանը:
20:51 - 01 օգոստոսի, 2023
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տրամադրել Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տրամադրել Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչարյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այս մասին հայտնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։  Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին: Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանն առևանգեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին՝ հայտարարելով, թե Խաչատրյանը 1991 թվականին կազմել է հանցավոր խումբ և մասնակցել Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակչության դեմ հանցագործություններին։ 
14:30 - 01 օգոստոսի, 2023
Դեռ որևէ արձագանք չկա նաև Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի կողմից. Վարդան Սարգսյան
 |1lurer.am|

Դեռ որևէ արձագանք չկա նաև Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի կողմից. Վարդան Սարգսյան |1lurer.am|

1lurer.am: Արդեն 6-րդ օրն է՝ Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղարկվելիք 360 տոննա մարդասիրական օգնությունը Կոռնիձորի սահմանային հատվածում է: Հայկական կողմը սպասում է, որ բեռները փոխանցվեն ՌԴ խաղաղապահ զորախմբին, նրանք էլ իրենց հերթին՝ ԼՂ-ին։ Մինչև այս պահը, սակայն, որևէ արձագանք չկա: Դեռ որևէ արձագանք չկա նաև Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի կողմից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը՝ ընդգծելով, որ չնայած տարբեր պետությունների կողմից հնչած տարբեր կոչերին, միջազգային լայն արձագանքին, քաղաքական, հասարակական գործիչների հայտարարություններին, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված համապատասխան որոշումներին՝ Ադրբեջանը փաստացի շարունակում է ապօրինբար փակ պահել Լաչինի միջանցքը և խոչընդոտել բեռների տեղափոխմանը: «Նկատվում է միջազգային լրատվական գործալակությունների կողմից ստեղծված իրավիճակի հետ կապած հետաքրքրության աճ: Մասնավորապես, երեկ այստեղ էր «Ֆրանսպրես» գործակալության լրագրողը և ստեղծված իրավիճակի հետ կապված՝ վերջինս հնարավորություն ստացավ ականատես լինելու, թե ինչ է կատարվում տեղում, և համապատասխան հրապարակումը «Ֆրանսպրես» գործակալության կողմից արդեն իսկ տարածվել է»,- ասաց Վարդան Սարգսյանը: Նա նաև նշեց, որ միջազգային մամուլի այլ ներկայացուցիչները ևս հետաքրքրված են իրավիճակով: Կոռնիձորի սահմանային հատված են այցելել նաև ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Արգենտինայից ԶԼՄ ներկայացուցիչներ: «Եթե ցանկություն լինի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ներկայացնելու իրավիճակը համապատասխան լրատվամիջոցներով, մենք, բնականաբար, բաց ենք, և հնարավորինս փորձում ենք ներկայացնել տվյալ միջոցառման հումանիտար բնույթը: Համոզված ենք, որ համապատասխան լրատվամիջոցները, այստեղ գտնվելով, կհամոզվեն դրանում, և համապատասխան հրապարակումները կլինեն»,- ասաց նա:
16:07 - 31 հուլիսի, 2023
«Հայաստան» խմբակցությունը Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստի առթիվ նամակ է հղել ԿԽՄԿ-ին, միջազգային խորհրդարանական կազմակերպություններին

«Հայաստան» խմբակցությունը Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստի առթիվ նամակ է հղել ԿԽՄԿ-ին, միջազգային խորհրդարանական կազմակերպություններին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ադրբեջանցիների կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առևանգման փաստի առթիվ նամակ է հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաև ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովներին և միջազգային խորհրդարանական կազմակերպություններին։ Այս մասին հայտնում են ԱԺ «Հայաստան» խմբակցության մամուլի ծառայությունից։ Խմբակցության անունից ուղղված նամակում, դատապարտելով միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումը և մարդկության հիմնարար սկզբունքների բացահայտ անտեսումը, նշվում է, որ նման արարքը ոչ միայն ոտնահարում է անմեղ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, այլև՝ խաթարում է Միջազգային Կարմիր Խաչի կողմից մարդասիրական գործողություններին օժանդակելու գործում ներդրված ջանքերին։ Ակնհայտ է, որ այս արարքն ուղղված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում հուսահատություն տարածմանը, այլև՝ Կարմիր Խաչի համբավն արատավորելուն և կարևոր մարդասիրական առաքելության իրականացման խոչընդոտմանը։ Խմբակցությունը կոչ է անում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին անհապաղ և վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Վագիֆ Խաչատրյանի անվտանգ և արագ վերադարձն իր ընտանիք և պատասխանատվության ենթարկել նրա առևանգման պատասխանատուներին՝ համաձայն միջազգային իրավունքի։ «Հայաստան» խմբակցությունը նաև հորդորում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին բազմապատկել իր ջանքերը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումը և տարածաշրջանում մարդասիրական իրավունքի ոտնահարման դեպքերը։ 
15:47 - 31 հուլիսի, 2023
ԿԽՄԿ-ից ասացին` ձեր հայրը չի ուզել հաղորդագրություն ուղարկել ձեզ. Վագիֆ Խաչատրյանի դուստր
 |armeniasputnik.am|

ԿԽՄԿ-ից ասացին` ձեր հայրը չի ուզել հաղորդագրություն ուղարկել ձեզ. Վագիֆ Խաչատրյանի դուստր |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանցի սահմանապահների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանն ինքը չի ցանկացել հաղորդագրություն գրել, ուղարկել հարազատներին։ ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը։ Հայտնել ենք, որ Երևանում Կարմիր խաչի և ՄԱԿ-ի գրասենյակների մոտ այսօր վաղ առավոտից բողոքի ակցիաներ են տեղի ունենում ի պաշտպանություն ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի։ Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերա Խաչատրյանը, հայտարարել էր, որ իրենք` ընտանիքի անդամները, մինչ այս պահը չեն կարողացել կապ հաստատել հոր հետ։ «Իսկ, այն, որ ասել էին, թե հարազատները կապ են հաստատել իր հետ, ասել եմ, որ կեղծ է, նման բան չկա։ Նրանք ասացին, որ այդ հաղորդագրությունը կջնջեն։ Միևնույն ժամանակ ասացին` ձեր հայրն է մերժել, չի ցանկացել հաղորդագրություն գրել, ուղարկել ձեզ»,- ասաց Վերա Խաչատրյանը։ ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ հանդիպումից հետո Վագիֆ Խաչատրյանի դուստրը ակնկալիք չունի, որ կվերադարձնեն իր հորը. ԿԽՄԿ-ից ասել են, որ իրենց մանդատը թույլ է տալիս միայն տեսակցություններ կազմակերպել։ Վերա Խաչատրյանը ԿԽՄԿ-ից տեղեկացել է, որ միայն հուլիսի 29-ին են կոմիտեից այցելել իր հորը։«Ասում են, որ շատ են ցավում կատարվածի համար։ Ասում են, որ Ադբեջանը համաձայնություն էր տվել, որ հայրը պետք է անցներ սահմանը, սակայն խախտել է խոստումը»,- պատմեց Վերա Խաչատրյանը։
15:01 - 31 հուլիսի, 2023
ԿԽՄԿ-ից բողոքի ակցիայի մասնակիցներին բացատրել են, թե ինչու չեն բավարարվել նրանց պահանջները |armeniasputnik.am|

ԿԽՄԿ-ից բողոքի ակցիայի մասնակիցներին բացատրել են, թե ինչու չեն բավարարվել նրանց պահանջները |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԿԽՄԿ- ից բողոքի ակցիայի մասնակիցներին բացատրել են, թե ինչու չեն կարող բավարարվել նրանց պահանջները։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Հասցեագրել ենք խնդիրները, որոնք հնչեցվել են։ Հուսով ենք` կարողացել ենք մեր պատկերացումներով սպառիչ կերպով ներկայացնել մեր կազմակերպության գործելաոճը, թե ինչպես ենք աշխատում այս իրավիճակում։ Մենք բացատրեցինք, թե ինչու ԿԽՄԿ–ն չի կարող բավարարել այդ պահանջները` ելնելով իր գործելաոճից։ Փորձել ենք բացատրել, որ մեր աշխատանքը տևական է, ընթացիկ է, ու համաձայն մեր հանձնագրի` մենք փորձում ենք կողմերի հետ գտնել հնարավոր լուծումներ, որոնք կկարողանան ապահովել մեր աշխատանքի ընթացքը, որն այս պահի դրությամբ կասեցված է Լաչինի միջանցքում»,– ընդգծեց Ամատունին։ Նա նշեց, որ ի պաշտպանություն Վագիֆ Խաչատրյանի տեղի ունեցող բողոքի ակցիայի մասնակիցներն այսօր հանդիպել են ՀՀ–ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ և ներկայացրել իրենց պահանջները` միջազգային լրատվամիջոցների հետ անցկացնել մամուլի ասուլիս և անհապաղ վերադրաձնել Վագիֆ Խաչատրյանին։ Ամատունին տեղեկացրեց, որ փորձում են լուծումներ ու մոտեցումներ գտնել այն իշխանությունների հետ, որոնք անմիջականորեն պատասխանատու են այս իրավիճակում։ Ըստ նրա` կողմերի միջև երկխոսությունը շարունակվում է, որպեսզի հնարավոր լինի շարունակել մարդասիրական առաքելությունն Արցախում։ «Նշեմ, որ բացի մեզնից, այս պահին ԼՂ–ում որևէ այլ միջազգային կառույց չի աշխատում։ Բուժառուների տեղափոխման հարցը մեր որոշման խնդիրը չէ, դա որոշում են պատկան մարմինները, որոնք գիտեն` քանի մարդ է իրենց մոտ բուժվում, քանիսն ունեն դրա կարիքը։ Կան բուժառուներ, որ հիմա էլ սպասում են իրենց հերթին։ Մենք ընթացակարգերի ճշտման խնդիր ու կարիք ունենք, որպեսզի մեր առաքելությունը կարողանանք շարունակել ապահով պայմաններում»,– ասաց Ամատունին։ Նա հիշեցրեց, որ ԿԽՄԿ-ն չի կարող ու որևէ դեպքում չի աշխատի, եթե չեն ստացել համաձայնություն բոլոր նրանցից, ովքեր այս իրավիճակում որոշում կայացնողների մեջ են։ Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, թե ԿԽՄԿ–ն կարող է դիմել աշխարհի ցանկացած ուժային կառույցի` հակամարտության գոտում իր անվտանգ տեղաշարժն ապահովելու համար, Զառա Ամատունին վստահեցրեց, որ իրենք իրենց հանձնագրով ուղղակի իրավունք չունեն դիմելու որևէ զինված խմբավորման կամ կառույցի։ «Մեր նկատմամբ սպառնալիքի դեպքում մենք ուղղակի չենք աշխատում։ Մենք աշխատում ենք միայն դեպքում, երբ գտնում ենք համաձայնություն, հնարավորություն բոլոր կողմերի հետ»,– ասաց նա։ Նա չմեկնաբանեց ադրբեջանական անցակետում ԿԽՄԿ աշխատակցի նկատմամբ տեղի ունեցածը` նշելով, որ բովանդակային մասով այն, ինչ է տեղի ունեցել իրենց աշխատակցի հետ, կոնֆիդենցիալ կերպով անմիջապես քննարկվում է հնարավոր խախտողի հետ, որը պատասխանատու է այս կամ այն իրավիճակի համար։ Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
14:04 - 31 հուլիսի, 2023