«Մինչեւ հերթը հասավ ինձ, հացը վերջացավ, ձմերուկ եմ առել, ասացի՝ ուտեմ հացի տեղը» [Բլոկադան ներսից]
22:40 - 02 օգոստոսի, 2023

«Մինչեւ հերթը հասավ ինձ, հացը վերջացավ, ձմերուկ եմ առել, ասացի՝ ուտեմ հացի տեղը» [Բլոկադան ներսից]

Լուսանկարում՝ Աննա Մանասյանը

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչ 21-ամյա Աննա Մանասյանը երեք շաբաթ է՝ չի կարողանում տուն գնալ․ Արցախում հիմա ընդհանրապես չի գործում հանրային տրասնպորտը, վառելիք չկա, ու նա մնացել է Ստեփանակերտում, որտեղ լավ է գոնե՝ աշխատանք ունի ու դեռ մնալու տեղ․ «Շատ ահավոր է»,- ասում է Աննան, ու հեռախոսի երկու կողմերում լռում ենք։

Աննան այսօր մեկ ժամ սպասել է հացի հերթում ու այդպես էլ ձեռնունայն մնացել․

«Ո՞նց նկարագրեմ, քաղաքում ահավոր է, լավ չէ վիճակը, ոչինչ չկա։ Այսօր էլ մի ժամ հերթում կանգնեցի, իմ հերթը հասավ, բայց հացը վերջացավ․ համարներով են տալիս հացը, թղթերի վրա գրում են, ասենք, մինչեւ 200, այդքան սպասում ես, կարող է հասնի հարյուրին, հացը վերջանա։ Հիմա արդեն հացը, որ չեն հասցնում թխել, խմորն են տալիս, որ մարդիկ գոնե տանը թխեն»,- պատմում է Աննան, որին ասել են՝ մի հատ էլ օրվա մեջ ժամը 3-ին գնա հացի հետեւից, բայց, ասում է, փուռն այնքան հեռու է, ոտքով գնալը շատ դժվար է․ «Հաց որ չեղավ, ձմերուկ եմ առել, ասացի՝ ձմերուկ ուտեմ հացի տեղը, քաղցր է էլի գոնե»,- առանց հավելյալ ողբերգականացնելու ասում է զրուցակիցս։

Եթե հանկարծ պատահում է՝ վառելիքով մեքենա է ճարվում, մայրը Մարտունուց մի քիչ բանջարեղեն է ուղարկում, իր հետ ապրող աղջիկների հետ ով ինչ ունի՝ կիսում են իրար մեջ։ Ասում է՝ լավ է գոնե այնտեղ մարդիկ այգի ունեն, մի քիչ բերք են ստանում, թե չէ Ստեփանակերտում գրեթե ոչինչ չի մնացել․

«Մարտունիում էլի ամեն մարդ իր այգին ունի, որ մեկը մի բան չի ունենում, փոխանցում են իրար, կարող է՝ մեկն ալյուր ունի, հաց է թխում, հասցնում են, բայց Ստեփանակերտում բնակչությունը շատ-շատ է, քաղաքում ոչինչ չկա, բանջարեղեն չկա։ Եթե գյուղից մեկը պազիկ մաշին ճարի, մի արկղ լոլիկ բերեն, կես ժամում կվերջանա, բոլորին չի հասնի»,- նեղսրտում է Աննան։

Այսօր հացի հերթում նա մի տխուր դրվագի է ականտես եղել, ասում է՝ երկու կին էին կանգնած, մեկը՝ մի քիչ տարիքով, մյուսն ավելի երիտասարդ, որ երեխաներ ունի․ «Ասում էր՝ գոնե մի հատ հաց կարողանամ առնել, տանեմ, կիսեմ՝ երեխքն ուտեն, մյուս կինն ասում է՝ բա դո՞ւ, ասում է՝ ես երկու օր ա հաց էլ չեմ ուտում, հացը կիսում եմ, երեխեքն ուտում են երկու անգամ»,- պատմում է Աննան,- «Շատ նեղվեցի․․․»։ 

Մի օր էլ Աննան ու իր ընկերուհին չեն իմացել՝ ինչով սնվել այդ օրը, ու ստացվել է այնպես, որ մի խանութում պիցցայի մի հատիկ լոշիկ է մնացած եղել․ «Էդ լոշիկը դրել ենք դուխովկա, մի քիչ տաքացրել, էնքան որ հացի տեղ կերել ենք էլի։ Միս չկա, այլ մթերքներ չկան։ Ինչ էլ կա, շատ քիչ է, մարդիկ հազիվ մի տասը-տասնհինգ օրվա պաշար ունեն երեւի տներում։ Հիմա շատ խանութներ արդեն փակվել են, կաֆեներ չկան, որ գոնե երեխեքին տանեն, մի բան ուտեն»,- ասում է Աննան՝ նշելով, որ իրենք գոնե մեծ են, մի քիչ փորձում են թեթեւ անցկացնել, բայց որ երեխաների սիրտը մի բան է ուզում, ծնողները չեն կարողանում գտնել, դա շատ, շատ տխուր է։

Արդեն ամենապետքական դեղերն էլ են սպառվել։ Աննայի ընկերուհին մի կերպ մեքենա էր ճարել երեկ, որ գնա գյուղ, հետն էլ պիտի տատիկի ճնշման դեղերը տաներ, ասում է՝ ողջ քաղաքը ման եկան, այդ դեղը չգտան․ «Շատ քիչ դեղեր են մնացել, ամենօրյա դեղերը, որ տարեցներին պետք են, արդեն չկան»։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։

Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։ 

Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։

Լուսանկարները տրամադրել է Աննա Մանասյանը

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել