«Եթե մի փոքր կոնֆետ ունենում ենք, հինգ մասի ենք բաժանում ՝ բոլորին հասնի» [Բլոկադան ներսից]
20:44 - 02 օգոստոսի, 2023

«Եթե մի փոքր կոնֆետ ունենում ենք, հինգ մասի ենք բաժանում ՝ բոլորին հասնի» [Բլոկադան ներսից]

44-օրյա պատերազմի պատճառով Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղը կիսվեց՝ ադրբեջանցիները եկան-նստեցին գյուղի միջով անցնող, այսպես ասած, սահմանի տարբեր կետերում։ Ու թեեւ կրակոցների ձայները չեն լռում այդպես էլ, մարդիկ շարունակում են ապրել այնտեղ՝ իրենց տունն է։ Հողը մշակում են հակառակորդի աչքի առաջ՝ չիմանալով՝ օդը ճեղքող հերթական փամփուշտն իրենց կդիպչի՞ այդ անգամ, թե՞ ոչ։ 23-ամյա Մերի Ալավերդյանին դժվար, կամ, ավելի ճիշտ, վտանգավոր այդ դրությունը չի խանգարում կարոտել գյուղը, երբ արդեն երկու շաբաթ է՝ Ստեփանակերտից տուն գնալ չի կարողանում, որովհետեւ մյուս կողմից էլ բլոկադան է իր անմարդկային երեսը ցույց տալիս։ Ես ասեմ բլոկադա, դուք իմացեք՝ դրա տակ ինչ տարբեր բառեր կան։ 

Մերին աշխատում է Ստեփանակերտում, բայց հիմա, երբ վառելիք չկա, տրանսպորտը չի աշխատում, մեքենա գտնել-գյուղ գնալն անհնար է դարձել։ Մյուս կողմից էլ եթե գյուղում ամեն մեկն իր այգին ունի, ինչ-որ քանակի բերք հավաքում է, ապա քաղաքում համարյա սնունդ չի մնացել․ «Խանութներում բան չի մնացել, բոլորովին դատարկություն է, ուտելիքից ինչ է մնացել․․․ Կարտոֆիլ, երբեմն ձու, դդում։ Մարդիկ հիմա արդեն միայն հացի համար են դուրս գալիս, բայց հիմա էլ հաց չեն հասցնում թխել։ Առաջ, որ գյուղերից կարողանում էին բերք բերել, հիմա դա էլ վառելիքի պատճառով չի լինում։ Իսկ կաթնամթերք, նման այլ բաներ էլ չկան»,- ասում է Մերին ու նշում, որ հացի հերթերում հիմա մարդիկ են վատանում, փռերին հասնելն էլ է դժվար, երբ մեքենա չկա։

Գյուղերում պակաս դժվար է միայն այն բերումով, որ մարդիկ հասցնում են հաց վերցնել, մի քիչ էլ այգու բերքից օգտվել։

Մերի Ալավերդյանը

Նույնիսկ սուրճն էլ է վերջանալու վրա, ասում է Մերին՝ բարի ժպտալով (զգացվում է հեռախոսի այն կողմից)․ «Եթե մի փոքր կոնֆետ ունենում ենք, հինգ մասի ենք բաժանում՝ բոլորին հասնի»,- ասում է նա։

Մերիի խոսքով՝ երեկոները, երբ զբոսնում են Ստեփանակերտում, տեսնում են շատ մարդկանց՝ գրկներին երեխաներ, եւ դա կարծես ստիպում է մինչեւ վերջ հուսալ, չկորցնել դժվարին այս ժամանակը հաղթահարելու ուժը, ասում է՝ այսքան պատերազմներ են եղել, այսքան զոհեր, նաեւ նրանց ու Արցախում ապրող մարդկանց, երեխաների հանդեպ անարդար կլինի պարզապես հանձնվել, թողնել ու հեռանալ։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ 2023թ․ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում՝ այդպիսով խորացնելով հումանիտար ճգնաժամը: Հակարիի կամրջի վրա տեղադրվել է ադրբեջանական անցակետ։ Այս տարվա հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով․ ԿԽՄԿ-ն դրանից հետո միայն հաշված անգամներ է կարողացել բուժառուների տեղափոխել ՀՀ։

Հուլիսի 29-ին Ադրբեջանը Հակարիի կամրջի մոտ տեղադրած անցակետի մոտից առեւանգել է ԿԽՄԿ միջնորդությամբ բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող հիվանդներից 68-ամյա մի քաղաքացու եւ տեղափոխել անհայտ վայր։ Օգոստոսի 1-ին Արցախի Հին Շեն գյուղից ոտքով ՀՀ գնալու փորձ կատարած մեկ այլ քաղաքացու են առեւանգել ադրբեջանցի զինծառայողները, նրա գտնվելու վայրը եւս անհայտ է։ 

Արցախում գրեթե ամբողջությամբ սպառվել են առաջին անհրաժեշտության մթերքներն ու դեղորայքը։ Մթերքներ ձեռք բերելու համար ամիսներ առաջ նախատեսված կտրոններն այլեւս անպիտան են, քանի որ խանութներում դատարկություն է։ Մարդիկ միայն հաց ստանալու համար են դուրս գալիս։ Արցախում վերջացել է վառելիքը, հանրային տրանսպորտն ընդհանրապես չի գործում, մասնավոր մեքենաները հազվադեպ են տեղաշարժվում։ Պարբերաբար ընդհատվում է գազամատակարարումը, անջատվում է էլեկտրաէներգիան։ Արցախում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա տոտալ բլոկադայի մեջ է։

Լուսանկարները տրամադրել է Մերի Ալավերդյանը

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել