Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու ստորագրված են, ուժի գործադրմամբ վերաբանակցումն ընդունելի չէ. ԱԳ նախարար
 |armenpress.am|

Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու ստորագրված են, ուժի գործադրմամբ վերաբանակցումն ընդունելի չէ. ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված ու արտացոլված են նոյեմբերի 9-ի փաստաթղթում, միջանցքի կարգավորումների վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Մյունխենի հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե  հայկական կողմին առաջարկել են, որ Զանգեզուրի միջանցքի սկզբում ու վերջում, նաև Լաչինի ու Հայաստանի միջև անցակետեր պետք է լինեն: «Իսկապես այդպիսի գաղափար հնչեցվել է՝ անցակետեր դնել Հայաստանի սահմանին և հատվածում, որտեղ սկսվում է Լաչինի միջանցքը: Բայց մեր պատասխանը միանշանակ ու բավականին հրապարակային է. Լաչինի միջանցքի արգելափակումից անմիջապես հետո այս դիրքորոշումը հնչեցվել է, և այն մնում է նույնը. Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված են, ստորագրված են, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի կողմից, ես խոսում եմ նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին: Լաչինի միջանցքի կարգավորումների վերաբանակցում, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, մեզ համար ակնհայտորեն ընդունելի չէ և չի կարող ընդունելի լուծում լինել»,- ասաց Միրզոյանը: Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը Հայաստանից պահանջում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ Լաչինը բացելու դիմաց, ԱԳ նախարարը հավելեց՝ վերլուծելիս կարելի է տեսնել ադրբեջանական ակնկալիքը՝ բացել Լաչինի միջանցքը մեկ այլ համարժեք միջանցք ստանալու շուրջ: Այս նարատիվը նոր չէ, և հայկական կողմի դիրքորոշումն էլ դրա կապակցությամբ նոր չի հնչեցվում: «Մենք ունենք Լաչինի միջանցք, որը, ի դեպ, նույնիսկ մինչև վերջին պատերազմը ողջ բանակցային գործընթացում առանձնացվել է որպես հումանիտար միջանցք՝ հաշվի առնելով, որ ԼՂ հայությունն ամբողջությամբ շրջափակված է Ադրբեջանի կողմից, և միակ ճանապարհը՝ աշխարհին ու Հայաստանին կապող, հենց Լաչինի միջանցքն է: Այսինքն՝ ի սկզբանե կարևորվել է միջանցքի գոյությունը: Եվ բոլորը, այդ թվում՝ Ադրբեջանը դա ընդունել են, դա նաև արտացոլված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, դրանում ևս հստակ ամրագրված է Լաչինի միջանցքը»,- ասաց Միրզոյանը: Իսկ ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որի շուրջ պայմանավորվածություններ կան և նոյեմբերի 9-ի փաստաթղթում և 2021-ի հունվարի 11-ի փաստաթղթում՝ հայկական կողմի դիրքորոշումը կրկին նույնն է ու շատ կառուցողական: «Մենք կարող են րոպե առաջ ձեռնամուխ լինել այդ ճանապարհների ապաշրջափակմանն այն պահից սկսած, երբ կընդունենք, որ այդ բոլոր ապաշրջափակվող ճանապարհները, այդ թվում՝ երկաթուղին, պետք է գործեն այն երկրների սուվերենության շրջանակում ու օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են: Սա կարծում եմ՝ շատ հիմնավոր, շատ կառուցողական ու շատ թափանցիկ մոտեցում է, մեր առաջարկն ու պատրաստակամությունն է»,-ասաց ԱԳ նախարարը: Հայկական կողմը բացառում է, չի ողջունում նոր ուժի կիրառմամբ սպառնալիքների ներքո եղած պայմանավորվածությունները փոխել կամ մի կողմի շահերի հաշվին զիջումներ կորզելու ագրեսիվ քաղաքականությունը, որն արտահայտված է նաև ադրբեջանական կողմի հայտարարություններում:
15:33 - 22 փետրվարի, 2023
Հայտնաբերվել և կալանավորվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը

Հայտնաբերվել և կալանավորվել է Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության, Ազգային ժողովի  շենքերում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու հասարակական վայրերում բռնություն  գործադրելով, ջարդ իրականացնելով, գույք ոչնչացնելով, վնասելով, կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելով արտահայտված զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության փորձի և այլ դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Քրեական վարույթի շրջանակներում կատարված լայնածավալ քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է զանգվածային անկարգությունների ընթացքում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին սպանելու փորձ կատարած անձանցից մեկը, ով ձերբակալվել է։ Մասնավորապես․ Թ․ Ա․-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի և դրանով պայմանավորված՝ նույն օրը Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին պատերազմը դադարեցնելու և Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողությանը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվության միջոցներում հրապարակվելուց հետո՝ տեղեկանալով, որ մայրաքաղաք Երևանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի և ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ, դրանց ներսում զանգվածային անկարգություններ են կատարվում, դրանց մասնակցելու նպատակով գնացել է  Երևան քաղաքի Դեմիրճյան և Պռոշյան փողոցների խաչմերուկ, որտեղ էլ, տեսնելով, որ ավտոմեքենայում խցանման մեջ է գտնվում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, տեղում միացել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը, մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին և վերջինիս պետական գործունեությունը դադարեցնելու նպատակով, նրան սպանելու դիտավորությամբ, այլոց հետ միասին ոտքերով հարվածներ է հասցրել Արարատ Միրզոյանի գլխին և մարմնի տարբեր մասերին, ինչի արդյունքում վերջինիս պատճառվել է դիմային գանգի ոսկրերի բազմակի կոտրվածքներ և այլ վնասվածքների ձևով մարմնական վնասվածքներ, ինչի հետևանքով Արարատ Միրզոյանը կորցրել է գիտակցությունը: Թ․ Ա․-ի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել, քանի որ Արարատ Միրզոյանի անվտանգությունն ապահովող ՀՀ ԱԱԾ ՊՊԾ աշխատակիցների միջամտության արդյունքում վերջինս տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն և ստացել համապատասխան բուժօգնություն։ Թ․ Ա․-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ երկու ամիս ժամկետով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար, որը բավարարվել է։ Քրեական վարույթով շարունակվում են ձեռնարկվել ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական և քննչական ու վարութային այլ գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, դեպքերի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու, նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և արդյունքում քրեական պատասխանատվության անխուսափելիության սկզբունքներն արդյունավետ կենսագործելու ուղղությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։  
10:18 - 22 փետրվարի, 2023
Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները բնորոշվում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Արարատ Միրզոյանը ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետին

Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները բնորոշվում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ. Արարատ Միրզոյանը ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետին

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, Հավրի քաղաքապետ և Հավր Սենա մետրոպոլի նախագահ Էդուար Ֆիլիպի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են խորհրդարանականներ, հասարակական և քաղաքական գործիչներ: Զրուցակցիները գոհունակությամբ արձանագրել են, որ  Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունները բնորոշվում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և ընդլայնվող բազմաոլորտ երկկողմ օրակարգով ու անդրադարձել հայ-ֆրանսիական համագործակցության հեռանկարներին: Հանդիպման օրակարգում են եղել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:  ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել տարբեր մակարդակներում և ձևաչափերում ֆրանսիական կողմի, այդ թվում՝ պատվիրակության անդամների հնչեցրած հասցեական գնահատականները ու գործադրած ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը ու ԼՂ հիմնախնդրի հասցեագրմանը:  Կողմերը կարևորել են նաև Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը:
19:25 - 21 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը և Ստեֆանո Տոմատը քննարկել են ԵՄ առաքելությանն առնչվող հարցեր

Արարատ Միրզոյանը և Ստեֆանո Տոմատը քննարկել են ԵՄ առաքելությանն առնչվող հարցեր

Փետրվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը: Հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների առանցքում էին ԵՄ նոր քաղաքացիական մշտադիտարկման առաքելությանն առնչվող հարցեր:  Բարձր գնահատելով Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ նախարար Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ առաքելությունը կարևոր ներդրում կունենա տարածաշրջանում կայունության և Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ապրող բնակչության անվտանգության ապահովման գործում:  Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանի անվտանգային ընդհանուր իրավիճակին և խաղաղություն հաստատելուն ուղղված Հայաստանի և միջազգային ջանքերին:
20:24 - 20 փետրվարի, 2023
Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարին

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԱԳ նախարարին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության հետագա խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված օրակարգի առաջմղման համատեքստում ընդգծվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափի կարևորությունը։ Նախարար Միրզոյանն արժևորել է ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված ՀՀ-ում ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և կառավարության ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը:  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը կարևորել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության հետագա խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված օրակարգի առաջմղման համատեքստում ընդգծվել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափի կարևորությունը։ Նախարար Միրզոյանն արժևորել է ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված ՀՀ-ում ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդմանը և կառավարության ժողովրդավարական բարեփոխումների խթանմանը:  Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:  Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:  Հայկական կողմը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրած ջանքերը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ նախապայմանների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը: Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:  Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, այդ թվում՝ Մյունխենում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը:  Հայկական կողմը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրած ջանքերը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակմանը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ ադրբեջանական կողմն առանց որևէ նախապայմանների պետք է վերականգնի Լաչինի միջանցքի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված ռեժիմը:
17:08 - 20 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը Կոսովոյի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Արարատ Միրզոյանը Կոսովոյի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Փետրվարի 19-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դոնիկա Գյորվալա-Շվարցի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի։ Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջնացքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի հետևանքները։ Դոնիկա Գյորվալա-Շվարցն անդրադարձել է Արևմտյան Բալկաններում առկա իրավիճակին։
15:05 - 19 փետրվարի, 2023
Փաշինյան- Ալիև-Բլինքեն հանդիպմանն անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին․ ՀՀ կառավարություն

Փաշինյան- Ալիև-Բլինքեն հանդիպմանն անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին․ ՀՀ կառավարություն

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ավարտվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: «Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության», - նշում են ՀՀ կառավարությունից: Ըստ հաղորդագրության՝ վարչապետ Փաշինյանը վերահաստատել է հայկական կողմի նպատակամղվածությունը` հասնելու այնպիսի պայմանագրի ստորագրմանը, որն իսկապես կերաշխավորի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը: «Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման ու դրա հետևանքով ԼՂ-ում առաջացած հումանիտար, բնապահպանական և էներգետիկ ճգնաժամի փաստը: Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շարունակականության ապահովումը», - հայտնում են ՀՀ կառավարությունից:
18:39 - 18 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի

Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին հանդիպել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Լուիս Բոնոյի հետ: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ Արարատ Միրզոյանը շնորհավորել և հաջողություն է մաղթել Լուիս Բոնոյին իր կարևոր առաքելության մեջ:  Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:  Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել հայկական կողմի վերջին առաջարկներն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նախագծի վերաբերյալ։  Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։ ԱԳ նախարարը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղն էթնիկ զտման ենթարկելու Ադրբեջանի քաղաքականությունը, շարունակական սադրանքները, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ նկրտումները խաթարում են տարածաշրջանում խաղաղություն հաստատելուն ուղղված միջազգային հանրության և հայկական կողմի ջանքերը: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և ավտանգության երաշխիքների քննարկման համար միջազգային մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։
16:43 - 18 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերը Հայաստանում

Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերը Հայաստանում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրին Էլիզաբեթ ՄըկՔիին: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցերը և հետագա փոխգործակցության հեռանկարները: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ և մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ դերը Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու գործում: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտագությանը և կայունությանն առնչվող հարցերի:  Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերները: Այս համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ միջազգային համապատասխան մարմինների անարգել հումանիտար հասանելիության հրամայականը:
16:06 - 18 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ

Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ

Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵԽ համագործակցությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026թթ․ գործողությունների ծրագրի մեկնարկի արարողությունը, որին բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու ԵԽ ԳՔ տեղակալ Բյորն Բերգեն: Իր խոսքում նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է.  «Գլխավոր քարտուղարի տեղակալ պարոն Բերգե, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հարգելի պարոն նախագահ, Դատական, օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների հարգարժան բարձրաստիճան պաշտոնյաներ, Հարգելի՛ գործընկերներ, Ողջունում եմ բոլորիդ արտաքին գործերի նախարարությունում՝ Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների Գործողությունների նոր ծրագրի պաշտոնական մեկնարկի կապակցությամբ։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալի մասնակցությամբ Գործողությունների  ծրագրերի մեկնարկն արդեն լավ ավանդույթ է դարձել։ Ուրախ եմ հյուրընկալել պարոն Բյորն Բերգեին, ում հետ նախքան այս միջոցառումն արդյունավետ քննարկում ենք ունեցել և անդրադարձել մեր համագործակցության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։ Տիկնայք և պարոնայք, Այս միջոցառումը նպատակ ունի ներկայացնել Հայաստանի համար նոր Գործողությունների ծրագրով նախանշված՝ առաջիկա չորս տարիների հիմնական առաջնահերթությունները։ Հայաստանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության, իրավահավասարության և ներառականության հետագա խրախուսումը կլինեն այսօրվա քննարկման առանցքում: Պետական իշխանության տարբեր թևերի և ազգային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների ներկայությունն ու ակտիվ մասնակցությունն այսօրվա միջոցառմանը վկայում են Գործողությունների ծրագրի կարևորությունն ու դրանում նրանց ակտիվ ներգրավվածությունը: Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է Հայաստանի  Հանրապետության կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանը և հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը։ Գործողությունների նախորդ ծրագրերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի դրական արձագանքը խոստումնալից է, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող՝ այս  Գործողությունների ծրագրի իրականացման համար ավելի բարձր նշաձող սահմանելու առումով: Այս առնչությամբ, ես վերահաստատում եմ Հայաստանի իշխանությունների անվերապահ հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին և արժեքներին, որոնք ամրագրված են նաև կառավարության Գործողությունների ծրագրում։ Կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունն անկյունաքարային են բարեփոխումների համար, միաժամանակ, շատ կարևոր է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ կայուն հաջողության և շոշափելի արդյունքներ ունենալու համար։ Այս առնչությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բարեկամներին ու գործընկերներին, որոնք միավորում են իրենց ջանքերը՝ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին աջակցելու համար։ Մենք բարձր ենք գնահատում մեր ավանդական գործընկերների՝  Եվրոպական միության, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության, Դանիայի, ինչպես նաև՝ Ավստրիայի, Գերմանիայի, Իռլանդիայի, Բելգիայի, Լիխտենշտեյնի, Ռումինիայի, միջազգային կազմակերպությունների  կամավոր ներդրումները, որոնք լրացնում են Եվրոպայի խորհրդի ինստիտուցիոնալ կարողությունները և փորձը: Գոհունակությամբ արձանագրում ենք, որ Գործողությունների նախորդ ծրագրերի իրականացման դրական փորձը մեր գործընկերների մոտ ձևավորել է այն համոզմունքը, որ այս ծրագրերի հիմնական շահառուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն են, ծրագրեր՝ ուղղված այնպիսի առաջնահերթ ոլորտներին, ինչպիսիք են սոցիալական արդարությունը, երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքները, մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումները, ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարման խթանումը: Կցանկանայի նաև հատուկ ընդգծել Հայաստանի Հանրապետության իշխանությունների և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության բարձր մակարդակը, Գործողությունների ծրագիրը կառավարության կարիքներին և առաջնահերթություններին համապատասխանեցնելու հարցում ճկունության ցուցաբերումը: Հարգելի՛ գործընկերներ, Մենք ապրում ենք անվտանգային բազում սպառնալիքներով լի տարածաշրջանում: Ավելի քան երկու ամիս է, ինչ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով շարունակվում է հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, բազմաթիվ անհետ կորած անձանց և բռնի անհետացածների ճակատագրերը մնում են չպարզաբանված: 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ձեռնարկված ագրեսիայի արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները հայտնվել են ադրբեջանական օկուպացիայի ներքո, իսկ Ադրբեջանի կողմից նոր էսկալացիայի հրահրման վտանգը շարունակում է մնալ  բարձր։ Եվ ահա, չնայած Հայաստանի և նրա ժողորդավարության դեմ ուղղված այս քայլերին և առկա սուր մարտահրավերներին, մենք հավատարիմ ենք մնում մեր արժեքներին և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար՝ շարունակում ենք ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է: Շնորհակալ եմ բոլորիդ մեկնարկի այս միջոցառմանը մեզ միանալու համար»։ Բացման արարողությանը հաջորդել է գործողությունների ծրագրի ներկայացումը, ինչպես նաև պանելային քննարկում ազգային շահառուների հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի նախորդ գործողությունների ծրագրերի հիմնական ձեռքբերումներին և նախանշվել են առաջընթացի ուղիները: Քննարկմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանը,  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և գործադիր իշխանության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: 
17:21 - 16 փետրվարի, 2023
Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է. տրվեց ԵԽ-ի՝ ՀՀ-ի համար իրականացվող գործողությունների նոր ծրագրի մեկնարկը
 |armenpress.am|

Ժողովրդավարությունը Հայաստանում անշրջելի է. տրվեց ԵԽ-ի՝ ՀՀ-ի համար իրականացվող գործողությունների նոր ծրագրի մեկնարկը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրի հիմնական շահառուն Հայաստանի քաղաքացիներն են, ծրագրերն ուղղված են առաջնահերթ ոլորտների՝ օրինակ երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը ԶՈՒ-ում, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական բարեփոխումներին և այլն: Երևանում փետրվարի 16-ին կայացած միջոցառմամբ տրվեց Եվրոպայի Խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թ.թ. ծրագրի մեկնարկը: Հայաստանի համար նոր գործողությունների ծրագրով նախանշվել են առաջիկա 4 տարիների հիմնական առաջնահերթությունները: «Գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է ՀՀ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգում՝ ուղղված եվրոպական չափանիշներին համապատասխան ժողովրդավարական հաստատությունների հետագա զարգացմանը, անկախ դատական համակարգի կայացմանն ու հակակոռուպցիոն ինստիտուտների հզորացմանը»,- ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով մասնակցում էր միջոցառմանը: ԱԳ նախարարը գործողությունների նախորդ ծրագրերի վերաբերյալ շահագրգիռ կողմերի դրական արձագանքը համարեց  խոստումնալից, միևնույն ժամանակ՝ պարտավորեցնող, այս գործողությունների ծրագրի իրականացման համար ավելի բարձր նշաձող սահմանելու առումով: Այս առնչությամբ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի իշխանությունների անվերապահ հավատարմությունը Եվրոպայի խորհրդի սկզբունքներին ու արժեքներին, որոնք ամրագրված են նաև կառավարության գործողությունների ծրագրում: «Կառավարության հանձնառությունն ու քաղաքական կամքի առկայությունը անկյունաքարային են բարեփոխումների համար: Միաժամանակ շատ կարևոր է համագործակցությունը միջազգային գործընկերների հետ՝ կայուն հաջողություն ու շոշափելի արդյունքներ ունենալու համար»,-ասաց Միրզոյանը՝ այս առնչությամբ շնորհակալություն հայտնելով Հայաստանի բարեկամներին ու գործընկերներին, որոնք միավորել են իրենց ջանքերը՝ կառավարության բարեփոխումների հավակնոտ օրակարգին աջակցելու համար: Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանը բարձր է գնահատում իր ավանդական գործընկերների՝ ԵՄ-ի, Նորվեգիայի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Միացյալ Թագավորության, Դանիայի, նաև Ավստրիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ռումինիայի և այլ երկրների, կազմակերպությունների կամավոր ներդրումները, որոնք լրացնում են Եվրոպայի խորհրդի ինստիտուցիոնալ կարողություններն ու փորձը: «Գոհունակությամբ արձանագրում ենք, որ գործողությունների նախորդ ծրագրերի իրականացման դրական փորձը մեր գործընկերների մոտ ձևավորել է այն համոզմունքը, որ այս ծրագրերի հիմնական շահառուն ՀՀ քաղաքացիներն են, ծրագրեր՝ ուղղված այնպիսի առաջնահերթ ոլորտների, ինչպիսիք են սոցիալական արդարությունը, երեխաների և կանանց, այլ խոցելի խմբերի իրավունքները, մարդու իրավունքների պաշտպանությունը ԶՈՒ-ում, կոռուպցիայի դեմ պայքարը, դատական բարեփոխումները, ապակենտրոնացումը և տեղական ինքնակառավարման խթանումը»,-ասաց Միրզոյանը:   ԱԳ նախարարը հատուկ ընդգծեց ՀՀ իշխանությունների և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության բարձր մակարդակը՝ գործողությունների ծրագիրը կառավարության կարիքներին ու առաջնահերթություններին համապատասխանեցնելու հարցում ճկունության ցուցաբերումը: Հիշեցնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման, Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի, ՀՀ ինքնիշխան տարածքներ օկուպացնելու մասին՝ Միրզոյանը շեշտեց, որ, չնայած Հայաստանի և նրա ժողովրդավարության դեմ ուղղված այդ քայլերին և առկա սուր մարտահրավերներին, Հայաստանը հավատարիմ է մնում իր արժեքներին և Եվրոպայի խորհրդի հետ համագործակցաբար շարունակում է ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը: «Ժողովրդավարությունը Հայաստանում այլևս անշրջելի է»,-եզրափակեց ԱԳ նախարարը: Նախքան միջոցառումը ՀՀ ԱԳ նախարարն Արարատ Միրզոյանն ու Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Բյորն Բերգեն քննարկում են ունեցել՝ անդրադառնալով համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակի:  
16:50 - 16 փետրվարի, 2023
Առաջիկայում պլանավորում ենք ԱԳ նախարարի այցը Սիրիա. Փաշինյան

Առաջիկայում պլանավորում ենք ԱԳ նախարարի այցը Սիրիա. Փաշինյան

Կառավարությունը այսօրվա նիստի ընթացքում  պահուստային ֆոնդից արտակարգ իրավիճակների նախարարությանը ավելի քան 157 միլիոն դրամ 157 միլիոն դրամ հատկացրեց արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ երկրաշարժից տուժած Թուրքիա և Սիրիա ուղարկված հումանիտար օգնության ծախսերի փոխհատուցման նպատակով: Այնուհետև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ամփոփեց երեկ Թուրքիա կատարած այցը, ինչից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ անընդունելի է համարում իրենց հասցեին հնչող քննադատությունները. «Չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, երբ ընդամենը դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն բնական աղետի պարագայում, և որևէ մեկը կարող է անտարբեր մնալ, դա բացարաձակապես անընդունելի է որևէ հիմանվորմամբ և որևէ պատճառաբանությամբ»: Փաշինյանը հիշեցրեց՝ բազմիցս ընդգծել են տարածաշրջանում հարաբերությունների որակը փոխելու տեսլականը. «Ցավում եմ, որ նման որոշակի մթնոլորտային փոփոխություն տեղի է ունենում այսպիսի աննախադեպ աղետի պայմաններում, բայց երևի նաև օբյեկտիվորեն մարդկային ողբերգությունը մարդկանց միմյանց համար ավելի հասկանալի է դարձնում: Գուցե դա նաև օբյեկտիվ իրականություն է: Հույս ունեմ, որ իսկապես սա կարող է մի նոր ելակետ դառնալ տարածաշրջանում հարաբերությունների հաստատման, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման համար»: Գործադիրի ղեկավարն ընդգծեց նաև, որ Սիրիայի ուղղությամբ աշխատանքները նույնպես շատ կարևոր է համարում. «Օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ հանգամանքներ կային, որոնք Սիրիային հումանիտար օգնությունը պակաս հասանելի էին դարձնում: Պիտի արձանագրեմ, որ Հայաստանը առաջին երկրներից էր, որ որոշում կայացրեց և հումանիտար օգնություն ուղարկեց Սիրիա: Մենք պլանավորում էինք նաև ԱԳ նախարարի այցը Սիրիայի Արաբարական Հանրապետություն, և նաև եթե մեր Սիրիայի գործընկերները դեմ չլինեն, մենք առաջիկայում նման այց կկատարենք, և կարծում եմ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը պետք է այց կատաի Սիրիա, որպեսզի մեր զորակցությունը արտահայտվի»: Փաշինյանը նաև նշեց, որ Սիրիա մեկնած հայ փրկարարները արդեն վերադարձել են հայրենիք, իսկ Թուրքիա մեկնած փրկարարները այսօր ցամաքային ճանապարհով կվերադառնան: Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին գտնվում էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Անկարայում տեղի է ունենցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, ինչից հետո նախարարները հանդես են եկել հայտարարություններով:
12:48 - 16 փետրվարի, 2023
Որոշում կա արագացնել Հայաստան-Թուրքիա երկխոսության և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները. Միրզոյան
 |1lurer.am|

Որոշում կա արագացնել Հայաստան-Թուրքիա երկխոսության և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների որոշ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ. այս մասին Կառավարության նիստում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թուրքիա կատարած այցին: «Որոշում կա արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները: Հայտարարվեց, որ համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ: Ըստ էության՝ մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»,- ասաց Միրզոյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին գտնվում էր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Անկարայում տեղի է ունենցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, ինչից հետո նախարարները հանդես են եկել հայտարարություններով:
12:02 - 16 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանն Ադըյամանում հանդիպել է հայ փրկարարների հետ |armenpress.am|

Արարատ Միրզոյանն Ադըյամանում հանդիպել է հայ փրկարարների հետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն Թուրքիայի Ադըյաման քաղաքում հանդիպել է հայ փրկարարների հետ: Հանդիպման ընթացքում Արարատ Միրզոյանը կարճատև զրույց է ունեցել փրկարարների հետ, շնորհակալություն հայտնել նրանց կատարած բարդ ու պատասխանատու աշխատանքի համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ադըյամանում աշխատող Հայաստանի փրկարարական ջոկատի ղեկավար, կապիտան Վահե Գևորգյանն ընդգծեց, որ բոլորը գոհ են հայ փրկարարների կատարած աշխատանքից: «Բոլորը մոտենում են մեզ, շնորհակալություն են հայտնում: Նաև զարմանում են, որ Հայաստանից ենք եկել, այդ դեպքում շնորհակալությունը կրկնապատկվում է: Կարելի է ասել, որ մենք անթերի աշխատանք ենք կատարել, որովհետև կարողացել ենք մյուս պետությունների փրկարար ծառայողների հետ արդյունավետ աշխատել»,- ասաց Գևորգյանը: Նա հավելեց, որ կարողացել են մարդկային կյանքեր փրկել, եղել են դեպքեր, երբ փլատակներից դիեր են դուրս բերել: Կապիտան Գևորգյանը հայտնեց, որ եղել են դեպքեր, երբ իրենց Ադըյամանի հայ բնակիչներ են մոտեցել և շնորհակալություն հայտնել:  
17:54 - 15 փետրվարի, 2023