Ինֆոքոմ

Ավստրալական ասոցիացիաների բաց նամակը «Pfizer»-ի մասին մանիպուլյատիվ տվյալներ է ներկայացնում

Ավստրալական ասոցիացիաների բաց նամակը «Pfizer»-ի մասին մանիպուլյատիվ տվյալներ է ներկայացնում

«Հակահամաճարակային Ալյանս» ֆեյսբուքյան էջը փետրվարի 3-ին հրապարակում է արել այն մասին, որ Ավստրալիայի առողջապահական ոլորտի ասոցիացիաները բաց նամակով երկրի ղեկավարությանը կոչ են արել դադարեցնելու երեխաների պատվաստումները։ «Հղում կատարելով Պֆայզերի պատվաստանյութի անվտանգության խնդիրների վերաբերյալ նոր հաղորդումներին՝ մասնագետները զգուշացրել են, որ դրանք կարող են լուրջ վնաս հասցնել երեխաներին։ Նամակի հեղինակների խոսքով՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ Պֆայզեր պատվաստանյութի անվտանգության տվյալները ցույց են տալիս, որ կիրառման ընդամենը առաջին 10 շաբաթվա ընթացքում մահացել է ավելի քան 1200 մարդ»,- ասված է հրապարակման մեջ։  Գրառումը հրապարակել է medmedia.am կայքը։ Ավստրալական ասոցիացիաների նամակում, սակայն, կան մի շարք սխալ և մանիպուլյատիվ պնդումներ, որոնց կանդրադառնանք առանձին-առանձին։   Ինչ է ասվում բաց նամակում Ըստ ավստրալական ասոցիացիաների բաց նամակի` «Pfizer»-ի մասին հրապարակված նոր տեղեկություններից պարզ է դառնում, որ «Pfizer»-ը նախօրոք իմացել է իր պատվաստանյութի հետ կապվող մի շարք անբարենպաստ դեպքերի (adverse events) մասին և այդ տվյալները թաքցրել Ավստրալիայի կառավարությունից։ Նամակի հեղինակների խոսքով՝ ի-ՌՆԹ պատվաստանյութերի դեպքում մահվան մասին հաղորդումներն ավելի շատ են, քան մյուս պատվաստանյութերի դեպքում։ Իսկ «Pfizer»-ը, հիշեցնենք, հենց այս տեխնոլոգիայով արտադրված պատվաստանյութ է (ի-ՌՆԹ պատվաստանյութերի մասին կարող եք կարդալ այստեղ)։   Ի՞նչ փաստաթուղթ է հրապարակվել 2021-ի ամռանը ԱՄն Սննդի և դեղերի վարչությունը հաստատեց «BioNTech» ընկերության «Pfizer» պատվաստանյութը։ Մինչև այդ պաստվաստանյութն արտակարգ իրավիճակներում օգտագործման թույլտվություն ուներ։ Արտակարգ իրավիճակներում օգտագործման թույտվություն Սննդի և դեղերի վարչությունը տալիս է առողջապահական արտակարգ իրավիճակներում։ Իսկ երբ պատվաստանյութ արտադրող որևէ ընկերություն Կենսաբանական լիցենզիայի դիմում (Biologics License Application) է ներկայացնում, Սննդի և դեղերի վաչությանը տրամադրում է նաև անհրաժեշտ տեղեկություններ, որոնց հիման վրա՝ վարչությունը հաստատում է պատվաստանյութը։ Դիմումի հետ ներկայացվում են պաստվաստանյութի մասին նախակլինիկական և կլինիկական տվյալներ, արտադրական գործընթացի մանրամասներ, պատվաստանյութի փորձարկման արդյունքներ և այլն։ «Pfizer» պատվաստանյութն արտադրող «BioNTech» ընկերությունը ևս Կենսաբանական լիցենզիայի դիմումի հետ ներկայացրել է պահանջված տեղեկությունները։ «Մեր գիտական և բժշկական փորձագետներն իրականացրել են այս պատվաստանյութի մանրակրկիտ և մտածված գնահատում։ Մենք գնահատել ենք հարյուրավոր էջերով գիտական տվյալներ և տեղեկություններ, անվտանգության և արդյունավետության սեփական վերլուծություններն ենք արել, իրականացրել ենք արտադրական գործընթացների մանրամասն գնահատում՝ ներառյալ արտադրական ենթակառուցվածքների ստուգումները»,- անդրադառնալով պաստվաստանյութի հաստատմանը՝ նշել է ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության՝ Կենսաբանության գնահատման և հետազոտությունների կենտրոնի տնօրենը։ 2021-ի օգոստոսին «Հանրային առողջապահական և բժշկական մասնագետները՝ հանուն թափանցիկության» կազմակերպությունը (Public Health and Medical Professionals for Transparency) հարցում էր ուղարկել ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությանը՝ «Pfizer»-ի անվտանգության վերաբերյալ տվյալները ստանալու նպատակով։ Կազմակերպության անդամներն են բժիշկներ, գիտնականներ, հանրային առողջության մասնագետներ և լրագրողներ։  Սննդի և դեղերի վարչությունը նշել էր, որ զգալի ժամանակ կպահանջվի ամբողջ տվյալները ներկայացնելու համար, սակայն համաձայնել էր տրամադրել փաստաթղթերից մի հատված, որը հրապարակվել է հարցում ուղարկած կազմակերպության կայքում։  Ավստրալական ասոցիացիաների ներկաայցուցիչները, բաց նամակում խոսելով «Pfizer»-ի հետ կապվող անբարենպաստ դեպքերի և մահվան դեպքերի մասին, հղում են անում հենց այդ փաստաթղթի տվյալներին։ Տվյալները «BioNtech»-ը ներկայացրել է Սննդի և դեղերի վարչությանը Կենսաբանական լիցենզիայի դիմումի հետ․ այդ մասին և՛ փաստաթղում է նշված, և՛ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունն է հաստատել դա՝ «Reuters» գործակալության հարցմանն ի պատասխան։ «Հանրային առողջապահական և բժշկական մասնագետները՝ հանուն թափանցիկության» կազմակերպության պահանջած ողջ տվյալները տրամադրելու նպատակով Սննի և դեղերի վարչությունը երկար ժամանակ էր խնդրել։ Սակայն 2022-ի հունվարին Թեքսաս նահանգի դաշնային դատարանը Սննդի և դեղերի վարչությանը պարտավորեցրեց մնացած տվյալները հրապարակել ավելի արագացված ժամանակացույցով։   Ի՞նչ տեղեկություններ է պարունակում «BioNtech»-ի փաստաթուղթը «Հանրային առողջապահական և բժշկական մասնագետները՝ հանուն թափանցիկության» կազմակերպության կայքում 2021-ի դեկտեմբերին հրապարակված փաստաթուղթն, ինչպես նշեցինք, ներկայացվել է Կենսաբանական լիցենզիայի դիմումի հետ։ Փաստաթղթում նշվում է, որ Սննդի և դեղերի վարչությունը խնդրել է «BioNtech»-ին դիմումի հետ պատվաստանյութի ռիսկերի, անբարենպաստ դեպքերի մասին և այլ տվյալներ ներկայացնել։  Տվյալները ներառում են 2020 թ․ դեկտեմբերի 1-ից 2021 թ․ փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում անբարենպաստ դեպքերի մասին հաղորդումները։ Նախ հասկանանք, թե ինչ են անբարենպաստ դեպքերը։ Անբարենպաստ դեպքը ցանկացած անցանկալի դեպք է, որը կապվում է բժշկական արտադրանքի օգտագործման հետ: Անբարենպաստ դեպքերը լուրջ են, եթե հանգեցրել են մահվան, մահվան ռիսկի, հոսպիտալացման և այլն։ «Pfizer»-ի փաստաթղթում ներկայացված անբարենպաստ դեպքերը ներառում են առողջապահության նախարարությունների հաղորդած, բժշակական գրականությունում հրապարակված, «Pfizer»-ի հովանավորած մարքեթինգային ծրագրերից ստացված, անկախ հետազոտություններում հրապարակված, կլինիկական փորձարկումներից տացված տվյալները՝ անկախ նրանից՝ պաստվաստանյութի հետ պատճառահետևանքային կապը գնահատվե՞լ է, թե՞ ոչ։ Փաստաթղթում նշվում է՝ երբ անբարենպաստ դեպքերի հաշվետվություն է ներկայացվում, պարտադիր չէ, որ բոլոր դեպքերն առաջացած լինեն դեղամիջոցի  (այս դեպքում՝ պատվաստանյութի) պատճառով։ Անբարենպաստ դեպքերը կարող են պայմանավորված լինել նախկինում ունեցած այլ հիվանդությամբ կամ ուրիշ գործոններով։ Հաշվետվության մեջ նշվում է, որ դեկտեմբերից փետրվար ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Պորտուգալիայից, Իսպանիայից և 56 այլ երկրից ստացվել է 42 086 հաղորդում (158 893 անբարենպաստ դեպք), և գրանցվել է մահվան 1223 դեպք։ Սակայն այդ տվյալները չեն նշանակում, որ հաղորդված բոլոր դեպքերն ու գրանցված մահերը եղել են պատվաստման հետևանքով։ «Agence France-Presse» գործակալության փաստերի ստուգման թիմը դեկտեմբերին՝ փաստաթղթի հրապարակումից հետո, դիմել էր ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությանը, որտեղից գործակալությանը հայտնել են, որ առողջապահական ծառայություն մատուցողներից պահանջվում է հաղորդել պատվաստումից հետո արձանագրված մահվան ցանկացած դեպքի մասին՝ անգամ երբ պարզ չէ, թե արդյո՞ք պատվաստանյութն է եղել մահվան պատճառը։ «Սննդի և դեղերի վարչության ու Հիվանդությունների վերահսկման կենտրոնի վերստուգումները ցույց են տվել, որ մահերի ճնշող մեծամասնությունը ուղղակիրոն չի կապվում պատվաստանյութերի հետ»,- խոսելով ԱՄՆ-ում աբարենպաստ դեպքերի վերաբերյալ հաղորդումների մասին՝ գործակալությանը հայտնել է վարչության խոսնակը։ Ինչ վերաբերում է նրան, որ «Pfizer»-ն այս տեղեկությունները թաքցրել է, ապա, ինչպես նշված է վերևում, անբարենպաստ դեպքերի մասին տվյալները վերցվել են ինչպես կլինիկական փորձարկումների արդյունքներից, այնպես էլ տարբեր երկրների առողջապահության նախարարությունների հաղորդած, անկախ հետազոտություններում ներկայացված տվյալներից։ Միացյալ Նահանգներում, օրինակ, պաստվաստանյութերից հետո արձանագրված անբարենպաստ դեպքերի մասին հաղորդվում է vaers.hhs.gov կայքի միջոցով, Մեծ Բրիտանիայում՝ yellowcard.mhra.gov.uk, Եվրոպայի տարածքում՝ EudraVigilance համակարգի միջոցով։ Ինչ վերաբերում է «Pfizer»-ի կողմնակի հետևանքներին, Ավստրալիայի կառավարությունը նշում է, որ պատվաստվելուց հետո միոկարդիտի և պերիկարդիտի (ի-ՌՆԹ տեխնոլոգիայով արտադրված «Pfizer» և «Moderna» պատվաստանյութերի կողմնակի հետևանքներ) դեպքերի մոնիթորինգ է իրականացնում։  Միոկարդիտը սրտի մկանների բորբոքումն է, իսկ պերիկարդիտը՝ սրտի արտաքին թաղանթի բորբոքումը: Երկու դեպքում էլ մարմնի իմունային համակարգը բորբոքում է առաջացնում՝ ի պատասխան վարակի կամ այլ գործոնների (առավել մանրամասն՝ այստեղ)։ Ավստրալիայի Թերապևտիկ ապրանքների գործակալությունը մինչև 2022-ի փետրվարի 6-ը միոկարդիտի առաջացման 446 հաղորդում է ստացել 34.2 մլն դեղաչափ «Pfizer» ստացածների շրջանում։ Իսկ «Pfizer» ստանալուց հետո անբարենպաստ դեպքերի մասին հաղորդումների ընդհանուր թիվը 58 629 է։ Ստացվում է, որ Ավստրալիայում «Pfizer»-ի ստացված դեղաչափերի 0,17%-ի դեպքում է հաղորդվել անբարենպաստ դեպքի մասին, իսկ միոկարդիտի դեպքեր գրանցվել են դեղաչափերի 0,0013%-ի դեպքում։  Եվրոպայի դեղերի գործակալությունը նշում է, որ ի-ՌՆԹ պատվաստանյութերից հետո միոկարդիտի և պերիկարդիտի առաջացման հավանականությունը խիստ հազվադեպ է, և պատվաստանյութերի օգուտները գերազանցում են հնարավոր ռիսկերը։  Ավստրալիայի կառավարությունը նաև տվյալներ է ներկայացրել երեխաների պատվաստումներից հետո ստացված հաղորդումների մասին։ Մինչև փետրվարի 6-ը Թերապևտիկ ապրանքների գործակալությունը «Pfizer»-ի և «Moderna»-ի 3.3 մլն դեղաչափ ստացած 12-17 տարեկանների շրջանում ստացել է 3400 հաղորդում։ Հաղորդումներում ամենատարածված դեպքերն են կրծքավանդակի ցավը, գլխացավը, գլխապտույտը, սրտխառնոցը և ջերմությունը: Այսինքն՝ այս տարիքային խմբում ի-ՌՆԹ պատվաստանյութերի դեղաչափերի 0,10%-ի դեպքում են եղել հաղորդումներ, որոնց հիմնական մասը պատվաստվելուց հետո առաջացող սովորական կողմնակի հետևանքներն են։ Մինչև փետրվարի 6-ը Ավստրալիայում 5-11 տարեկան երեխաները ստացել են մոտ 1 մլն դեղաչափ «Pfizer»: Գործակալությունը ստացել է 523 հաղորդում։ Հաղորդումներից 10-ի դեպքում կասկած է եղել, որ պատվաստվածների մոտ միոկարդիտ կամ պերիկարդիտ է։ Եվ նրանցից միայն 10-ամյա մի տղայի մոտ է արձանագրվել պերիկարդիտ։ Տարիքային այս խմբում, փաստորեն, «Pfizer»-ի դեղաչափերի 0,05%-ի դեպքում են հաղորդումներ եղել, և պերիկարդիտ է գրանցվել 0,0001%-ի մոտ։ Իսկ Ավստրալական ասոցիացիաների նամակի հեղինակների պնդումը, թե ի-ՌՆԹ տեխնոլոգիայով արտադրված պատվաստանյութերի դեպքում («Pfizer», «Moderna»)  մահվան մասին հաղորդումներն ավելի շատ են, քան մյուս պատվաստանյութերի դեպքում, սխալ է։ Ավստրալիայի Թերապևտիկ ապրանքների գործակալությունը մինչև 2022-ի հունվարի 30-ը մահվան մասին 762 հաղորդում է ստացել ու պարզել, որ դեպքերից 11-ում է մահը կապված է եղել պատվաստանյութի հետ, և խոսքը «AstraZeneca» պատվաստանյութի մասին է: Ի-ՌՆԹ պատվաստանյութերի հետևանքով մահվան դեպքերի մասին չի նշվում։ Ամփոփելով նշենք․ «Pfizer»-ի փաստաթղթում չի նշվում, որ ներակայացված անբարենպաստ դեպքերի մասին հաղորդումներն ու արձանագրված մահերը «Pfizer»-ով պատվաստվելու հետևանք են․ այնտեղ ներկայացված են բոլոր դեպքերը, երբ պատվաստվելուց հետո խնդիր կամ մահ է արձանագրվել՝ անկախ պատճառահետևաքային կապն ապացուցված լինելու փաստից։ «Pfizer»-ը չի թաքցրել անբարենպաստ դեպքերի մասին տվյալները, քանի որ այդ տվյալները ներկայացնելիս օգտվել է նաև բաց աղբյուրներից։ «Pfizer»-ն, ինչպես այլ պատվաստանյութեր, ունի կողմնակի հետևանքներ (միոկարդիտ, պերիկարդիտ), որոնք խիստ հազվադեպ են․ այդ մասին են վկայում նաև հենց Ավստրալիայի տվյալները։ Գլխավոր լուսանկարը՝ «The New York Times»-ից Աննա Սահակյան
17:17 - 11 փետրվարի, 2022
Ռենտգեն #20․ Աշոտ Բլեյան

Ռենտգեն #20․ Աշոտ Բլեյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի «Ռենտգենը»: 00:00 - Անոնս 02:02 - Չդժգոհելու, ուրախ միջավայր ձևավորելու անհրաժեշտության մասին: 03:00 - ԵՊՀ-ում իրականացված առաջին ուսանողական «հեղափոխության» մասին: 06:40 - 23 տարեկանում դպրոցի փոխտնօրեն դառնալու և առաջին հայագիտական դասարանների ստեղծման մասին: 11:43 - 1989 թվականին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գրանցման մասին: 16:38 - Անկախության տարիներից կրթության ոլորտում առկա բացթողումների և խորհրդային իներցիայի մասին: 19:06 - Լուսավորության նախարար աշխատելու և բարեփոխումների հարցում կառավարության աջակցությունը չստանալու մասին: 24:31 - Պետական պաշտոններով հետաքրքրված չլինելու և նոր քաղաքական ուժի ձևավորման անհրաժեշտության մասին: 34:45 - Հանրային ճաշակի պատասխանատու լինելու մասին: 36:44 - Հայերենի նկատմամբ ունեցած ակնածանքի մասին: 40:12 - 1998 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու և քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին: 44:52 - Անազատության մեջ գտնվելու տարիների մասին: 50:16 - Խաղաղության, հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղ համակեցության մասին: 52:40 - 2018 թվականի իշխանափոխության, դրա բերած, բայց չօգտագործված հնարավորությունների մասին: 57:11 - Վանո Սիրադեղյանին չվերադարձնելու, նրան հանձնելու մասին:
13:09 - 11 փետրվարի, 2022
Միայն մեկ ճանապարհ՝ դեպի Խոզնավար ու վտանգի դեպքում միայն մի ելք՝ դիտարկվող

Միայն մեկ ճանապարհ՝ դեպի Խոզնավար ու վտանգի դեպքում միայն մի ելք՝ դիտարկվող

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խոզնավար փոքրիկ գյուղը սահմանամերձ է դարձել․ գյուղն ադրբեջանցիների դիտակետում է երեք կողմերի բարձր բլուրներից։ Խոզնավար գնալու ու գյուղից դուրս գալու միայն մի ճանապարհ կա, որն էլ առանձնապես անվտանգ չէ, հակառակորդի համար տեսանելի ու դիտարկվող է․ լարվածության դեպքում ադրբեջանցիներն այդ ճանապարհն էլ կարող են փակել։ Սա գյուղում հիմնական մտահոգություններից մեկն է։ ՀՀ ԶՈՒ ծառայողները սահմանին հսկողություն են իրականացնում, գյուղացի տղամարդիկ էլ իրենց նախաձեռնությամբ գիշերները հերթապահություն են անում՝ հանկարծ հակառակորդը փորձ անի սադրել, անակնկալի չգան․ «Ժողովուրդը ցանկություն ա հայտնել, որ գյուղի մեջ գոնե հերթապահություն անեն, պոստերը (հայկական ԶՈՒ դիրքերի մասին է խոսքը,- հեղ․) կանգնած են, հա, բայց գյուղի միջին պիտի լինի հերթապահություն, որ մի բան լինի, գոնե մեկը մեկին ձեն տա»,- ասում է Խոզնավարի վարչական ղեկավար Վահան Զաքյանը՝ նշելով՝ երեկոյան 5-6-ից մինչեւ առավոտ տղամարդիկ հսկում են գյուղը․ վտանգն օդում կախված է։ Վահան Զաքյանը Խոզնավարը Սյունիքի՝ սահմանամերձ դարձած այն բնակավայրերից է, որ պատերազմից հետո արոտավայրեր է կորցրել, ու գյուղացիները ստիպված կրճատել են անասնագլխաքանակը։ Հիմա գյուղացիները 434 խոշոր եղջերավոր անասուն են պահում, 1626 ոչխար, բայց նախկինում շատ են եղել, ինչպես ասում է Վահան Զաքյանը։ Հիմա, երբ արոտները կորցրել են, հովիվներն անասուններին ստիպված սահմանին մոտիկ են արածեցնելու տանում։  Գյուղապետն ասում է՝ չեզոք գոտու տարածքում մնացած ահռելի տարածքով արտերն էլ չեն կարող հնձել, հակառակորդը չի թողնում․ «Վերեւ՝ Սեւ լճի տակը 100 հեկտարի չափով տեղ ա մնացել թուրքի տրամադրության տակ, ժողովուրդը խոտն ըտեղից ա բերել»։  Խոզնավարը մոտ է Սեւ լճին, որի տեղանքում անցյալ տարվա մայիսին ադրբեջանցի զինծառայողները հատել էին ՀՀ պետական սահմանն ու ներխուժել մեր երկրի ինքնիշխան տարածք՝ խորանալով մինչեւ 3,5 կմ․ լարվածություն էր առաջացել նաեւ Սոթք-Խոզնավար հատվածում։  Խոզնավարի բնակիչ Քրիստինե Կարապետյանի ընտանիքը մինչեւ վերջին զարգացումները անասնապահությամբ է զբաղվել, բայց իրենց տունն էլ անմասն չի մնացել պատերազմի դառը հետեւանքներից․ 80 խոշոր եղջերավոր անասուն են ունեցել, հիմա բոլորը վաճառել են, հարց է տալիս՝ որտե՞ղ պահեն։ Նախկինում նա աշխատել է գյուղապետարանում, հիմա ոչ ինքն աշխատանք ունի, ոչ ամուսինը։ Երկու որդի ունեն՝ 6-ամյա Ալենն ու 3-ամյա Արմանը։ Քրիստինեն ամեն ինչից զատ առաջին հերթին երեխաների անվտանգության մասին է մտածում։ Երբ անգամ մտքի ծայրով անցնում է՝ հանկարծ լարվածություն կլինի, ադրբեջանցիները գյուղից դուրս եկող միակ ճանապարհը կփակեն, արյունը երակներում սառչում է։ Ասում է՝ ձեռքները ճար լիներ՝ կգնային գյուղից․ վախը սրտներում են քնում։ Ալենը Ալենը լավ է սովորում դպրոցում եւ ներկել-նկարել է սիրում։ Փոքր եղբայրը բերում, սեղանին է դնում խաղալիք տանկը եւ ցույց տալիս, թե ոնց է աշխատում այդ տեխնիկան, որ նույնքան ողբերգական է, անգամ երբ խաղալիք է։ Արմանը Խոզնավարի դպրոցը բարեկարգ է, ջեռուցվում է, տեղացիները գոհ են։ Միայն աշխարհագրության ուսուցիչ չունեն եւ 8 ու 11-րդ դասարաններ։ Մանկապարտեզ չկա, բայց հիմա գյուղապետարանի կողքին պատրաստվում են հիմնել։  Պատերազմից հետո Խոզնավարի դպրոցից 12 աշակերտ է դուրս եկել, գյուղից 2-3 ընտանիք հեռացել է։ Բայց մնացողներն, ապրողներն ավելի շատ են՝ մտքով, որ մի բուռ այս պետության մի կտորը պահողները հենց իրենք են։ Հայարփի Բաղդասարյան
22:35 - 10 փետրվարի, 2022
Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու․ Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու․ Չավուշօղլուն՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Ադրբեջանը աջակցում է այս գործընթացին։ Այս մասին TRT Haber-ի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն` խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: «Մենք ոչ մի քայլ չենք ձեռնարկել՝ առանց Ադրբեջանի հետ խորհրդակցելու. Ադրբեջանը նույնպես նախընտրում է, որ մենք անմիջական կապի մեջ լինենք Հայաստանի հետ»,- ասել է նա։ Չավուշօղլուն նշել, է թե «այժմ Հարավային Կովկասում այս խնդրին վերջ տրվեց Ղարաբաղյան պատերազմում Ադրբեջանի հաղթանակով․ «Հիմա պետք է լինի խաղաղություն եւ համագործակցություն։ Պետք է աշխատել տարածաշրջանի զարգացման համար՝ տարածաշրջանում կարեւոր ծրագրեր իրականացնելով։ Դրա համար բոլոր երկրները պետք է ունենան նույն ըմբռնումը։ Բոլորը պետք է ներգրավված լինեն այս գործընթացում։ Ոչ ոք չպետք է բացառվի, այդ թվում՝ Հայաստանը»։ Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով «Ղարաբաղյան հաղթանակից հետո դաս եւ հնարավորություններ կան․ «Հաղթանակից անմիջապես հետո դրական ազդակներ տվեցինք։ Փաշինյանը կարեւոր ուղերձներ տվեց ընտրություններում հաղթելուց հետո։ Մեր նախագահը սրան դրական պատասխաններ տվեց։ Մենք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցինք, որոնք հանդիպեցին Մոսկվայում։ Հաջորդիվ նրանք կհանդիպեն Վիեննայում փետրվարի 24-ին»։ Չավուշօղլուն նաեւ ընդգծել է, որ Ադրբեջանը նույնպես ցանկանում է տեւական խաղաղություն Հայաստանի հետ։
14:10 - 10 փետրվարի, 2022
Դատախազը պարտավոր է բողոքարկել իր կողմից ապօրինի համարվող դատական ակտը․ Գագիկ Ջհանգիրյանի պնդումը սխալ է

Դատախազը պարտավոր է բողոքարկել իր կողմից ապօրինի համարվող դատական ակտը․ Գագիկ Ջհանգիրյանի պնդումը սխալ է

Հանրային հեռուստաընկերության եթերում հաղորդավար Պետրոս Ղազարյանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հարցազրույցի ժամանակ, ի թիվս այլնի, երեկ անդրադարձ է կատարվել նաեւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի վերաբերյալ քրեական գործին։ Մասնավորապես, Պետրոս Ղազարյանը մի քանի հարց է հնչեցրել, որոնք այս օրերին բարձրացնում է Բորիս Բախշիյանի պաշտպանական թիմը։ Դրանցից մեկը այն է, թե ինչու ՀՀ գլխավոր դատախազությունը չի բողոքարկել այն դատական ակտը, որի կայացման համար այժմ քրեական հետապնդում է իրականացվում դատավորի նկատմամբ։ Հիշեցնենք՝ հունվարի 31-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երկու միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ-ին՝ դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար։ Դատավորը անձեռնմխելիությամբ օժտված պաշտոնատար անձ է, եւ Սահմանադրության համաձայն՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում չէր կարող իրականացվել առանց ԲԴԽ համաձայնության։ Նույն օրը ԲԴԽ-ն միաձայն որոշել էր բավարարել երկու միջնորդությունները, ինչից հետո Բախշիյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ակնհայտ ապօրինի կալանավորելու համար, ինչը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։  Խոսքը Քաջարանի ղեկավար Մանվել Փարամազյանի գործով ամբաստանյալներից մեկին՝ Նվեր Մկրտչյանին կալանավորելու մասին է։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը, սակայն 2021 թ․ դեկտեմբերի 3-ի դատական նիստից առաջ Նվեր Մկրտչյանի պաշտպանը դատարան գրություն է ուղարկել՝ տեղեկացնելով, որ Երևանում մեկ այլ գործով անհետաձգելի քննչական գործողության է մասնակցելու, ինչի պատճառով դատարան ներկայանալ չի կարող: Նա միաժամանակ հայտնել է, որ իր պաշտպանյալ Նվեր Մկրտչյանին տեղյակ է պահել իր չներկայանալու մասին, եւ վերջինս ցանկություն չի հայտնել առանց իրեն մասնակցել նիստին: Դատարանը, անհարգելի գնահատելով Մկրտչյանի չներկայանալը, վերացրել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը եւ կալանավորելու որոշում կայացրել։ Պետրոս Ղազարյանը հենց այդ որոշումը նկատի ունի, քանի որ այն, Դատախազության կողմից չբողոքարկվելով, մտել է օրինական ուժի մեջ, եւ փաստորեն, որոշման կայացումից գրեթե երկու ամիս անց նույն այդ որոշման համար դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Դիմելով Գագիկ Ջհանգիրյանին՝ Ղազարյանը նշել է․  «Ձեր ընդդիմախոսները ասում են՝ եթե հարցը կալանքն էր, որ մարդը չի եկել դատարան, եւ դատավորը որոշել է նրան կալանավորել, ապա ինչո՞ւ նույնիսկ Դատախազությունը դա չի բողոքարկել»։ Ի պատասխան հարցին՝ Ջհանգիրյանը ասել է․ «Սա երեւի թե հնարավոր է ասել, որովհետեւ Դատախազության հաղորդագրության մեջ այդ մասին բարձրաձայնվել էր, այդ անձի կալանքի որոշումը տվյալ անձը ինքը արդեն բողոքարկած է եղել Վերաքննիչ դատարան, հետեւաբար Դատախազությունը պարտադրված չէր բողոքարկելու, այլ Դատախազությունը կգար եւ պարտավոր էր գալ Վերաքննիչ դատարան եւ իր դիրքորոշումը հայտնել բողոքի վերաբերյալ, կալանքի հիմնավորվածության կամ ոչ հիմնավորվածության վերաբերյալ»։ Իրականում, սակայն, «Դատախազության մասին» ՀՀ օրենքը իմպերատիվ պահանջ է ներկայացնում դատախազին՝ բողոքարկելու այն դատական ակտը, որը ինքը ապօրինի է համարում։ Մասնավորապես, օրենքի 27-րդ հոդվածի համաձայն՝ գործին մասնակցող դատախազը պարտավոր է բողոքարկել օրինական ուժի մեջ չմտած այն դատական ակտը, որը, իր կարծիքով, հիմնավոր չէ կամ ապօրինի է։  Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ դատախազի մասնակցությանը, դա սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, որի 390-րդ հոդվածի համաձայն՝ Վերաքննիչ դատարանում դատական նիստերին դատախազի մասնակցությունը պարտադիր է։ Կալանավորման հիշյալ որոշումը չբողոքարկելու հանգամանքին օրերս անդրադրաձել էր նաեւ Դատախազությունը։ Վերջինս պարզաբանում էր տարածել՝ նշելով․ «Դատավոր Բախշիյանի կողմից կայացված ակնհայտ ապօրինի որոշումը դատախազությունը չի բողոքարկել, քանի որ այն արդեն իսկ իր պաշտպանի կողմից եղել է բողոքարկված, ինչը բավարար հիմք էր դրա օրինականությունն ու հիմնավորվածությունը վերաքննիչ դատարանում ստուգելու համար: Այնտեղ դատախազը պնդելու էր առաջին ատյանի դատարանում արտահայտված դիրքորոշումն այն մասին, որ կալանավորումն ակնհայտ ապօրինի է: Սակայն ամբաստանյալի ազատ արձակվելուց հետո նշված բողոքը վերաքննիչ դատարանից հետ է վերցվել»։ Նշենք, որ դա պայմանավորած է եղել այն հանգամանքով, որ կարճ ժամանակ անց դատարանը վերացրել է կալանավորման որոշումը եւ անձին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել։ Հավելենք, որ գործնականում բազմաթիվ են քրեական գործերը, որոնց շրջանակում կայացված դատական ակտերը միաժամանակ բողոքարկվել են եւ պաշտպանների, եւ Դատախազության կողմից։ Այսպիսով,  Գագիկ Ջհանգիրյանի պնդումը, թե Դատախազությունը պարտադրված չէր բողոքարկել իր կողմից ապօրինի համարվող դատական ակտը, սխալ է եւ չի համապատասխանում օրենքի պահանջին։   Միլենա Խաչիկյան
19:44 - 09 փետրվարի, 2022
Արտերկրից հնչած որևէ միտք չի կարելի օգտագործել ներքաղաքական դաշտում․ Ռուբեն Ռուբինյան

Արտերկրից հնչած որևէ միտք չի կարելի օգտագործել ներքաղաքական դաշտում․ Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այսօր՝ հայտարարությունների ժամին անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջայանի ելույթին, որում պատգամավորը արձագանքել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին։ «Ելույթում արտահայտված մտքերի կեսի հետ բնականաբար համաձայն եմ, բայց մյուս կեսի հետ խնդիր ունեմ։ Ինչո՞ւ։ Որովհետև դուք արտերկրից հնչած մտքերը օգտագործեցիք ներքաղաքական դաշտում ձեր քաղաքական հակառակորդներին, այս համատեքստում՝ մեզ, հարվածելու համար։ Ի պատասխան դրա, հաշվի առնելով մեր Ազգային ժողովի տեղ-տեղ անզիջում մթնոլորտը, օրինակ գուցե մեկն էլ ՔՊ խմբակցությունից գա ամբիոնի մոտ ու հիշեցնի ԵԱՏՄ նիստի ժամանակ Ղազախստանի նախկին նախագահի կարդացած նամակը Սերժ Սարգսյանի ներկայությամբ, բայց շատ իզուր, եթե այդպիսի մտքեր ունեն որոշ մարդիկ այստեղ, խնդրում եմ դա չանել»։ Ռուբինյանը շեշտեց, որ արտերկրից հնչած որևէ միտք չի կարելի օգտագործել ներքաղաքական դաշտում․ «Կա մի պարզ տրամաբանություն, արտերկրից հնչած որևէ միտք, ու կապ չունի հնչեցնողը մեր թշնամին է, թե մեր բարեկամն է, նեյտրալ է, կապ չունի բացարձակապես, չի կարելի օգտագործել ներքաղաքական դաշտում։ Ինչո՞ւ չի կարելի, որովհետև այդպիսով մենք բոլորս (կապ չունի՝ ով է դա անում) թույլ ենք տալիս ուղիղ ազդել Հայաստանի քաղաքական դաշտի վրա, իսկ դա, վստահ եմ, պարոն Մամիջանյան, ոչ ես, ոչ դուք չենք ուզում։ Եկեք դադարեցնենք այս պրակտիկան»։ ԱԺ փոխնախագահը նաև կարծիք հայտնեց, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս տված հարցազրույցում օգտագործել է Ադրբեջանի նախագահի արտահայտած մտքերը․ «Դա նախկինում էլ է եղել , այսօր լսեցի պարոն Ռուստամյանի արտահայտած մտքերը, որտեղ ասում էր ՝ այո, պատճառը պետք է մեր մեջ փնտրենք, թե ինչու է երեկվա հայտնի հայտարարությունը արվել Բելառուսի նախագահի կողմից։ Ես կարծում եմ՝ սա անթույլատրելի է, սիրելի բարեկամներ, եկեք դադարենք օգտագործել արտերկրից հնչող կարծիքները ներքաղաքական դաշտում և եկեք դադարենք արտաքին խաղացողներին հրավիրել մեր ներքաղաքական դաշտ։ Կարծում եմ՝ դժվար չի պահել այս կանոնը, եթե, իհարկե, համաձայն եք այդ կանոնի հետ»։
18:10 - 08 փետրվարի, 2022
Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ հստակ նպատակներ ունի. Մամիջանյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին

Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ հստակ նպատակներ ունի. Մամիջանյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին

Բոլորս վրդովված ենք Բելառուսի նախագահի հնչեցրած խոսքերից, բայց գուցե փորձենք հասկանալ դրա պատճառները։ ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտողար Հայկ Մամիջանյանը։ «Իսկ պատճառները հասկանալու համար խորհուրդ կտամ նորից լսել Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունը ու տարբերել, թե ինչպես էին մինչև 2018 թ․-ը խոսում մեր երկրի ղեկավարի հետ առանց տեսախցիկների ու ինչպես են խոսում Փաշինյանի հետ հիմա տեսախցիկների առաջ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են ասում, երբ տեսախցիկներ չկան»։ Մամիջանյանն ընդգծեց՝ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հարցազրույցներում թույլ է տվել արտահայտություններ, որոնք անընդունելի է համարում․ «Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ Հայաստանը հստակ նպատակներ ունի։ Հայաստանը շարունակելու է մնալ Եվրոպան և Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց, Հայաստանն ու Արցախը եղել և շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը, Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման երաշխավորն ու աջակիցը։ Մեր երկիրը ոտքի է կագնելու և մաքրվելու է կապիտուլյացիայի և դրա պատճառ հանդիսացող խմբակին վերընտրելու խայտառակ խարանից, մեր երկիրը հմուտ դիվանագիտության միջոցով և դրան ուժ տվող արհեստավարժ զինված ուժերի գոյությամբ վերականգնելու է արդարությունը տարածաշրջանում, բայց այս ամենը տեղի է ունենալու միայն  այն ժամանակ, երբ մեր երկրի կառավարչի միջազգային հարաբերությունների զինանոցը չսահմանափակվի իբր պարզաբանում պահանջող, իսկ իրականում լայքեր մուրացող հայացքով»։ Պատգամավորն ասաց՝ այս ամբիոնից և ոչ միայն բազմիցս պահանջել է, որ Արտաքին գործերի նախարարությունը արձագանքի Ալիևի և Էրդողանի արտահայտություններին․ «Բայց այսօր, ծանոթանալով Բելառուսի նախագահի հարցազրույցի արձագանքին, հասկացա, որ ավելի լավ է չարձագանքել։ Ալեքսանդր Գրիգորի, մի նույնակացրեք Հայաստանը և Նիկոլ Փաշինյանին, և երբեք չկարծեք, որ Հայաստանի Հանրապետության հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»։
17:13 - 08 փետրվարի, 2022
Տեղ, որտեղ մինչեւ պատերազմը դուռ-դարպաս բաց էին քնում

Տեղ, որտեղ մինչեւ պատերազմը դուռ-դարպաս բաց էին քնում

«Կարան, չէ՞, էն ձորովը կյան-էթան»,- տան լուսամուտից ձեռքն ուղղելով ադրբեջանական դիրքերի կողմը՝ որդուն հարցնում է Տեղ գյուղի բնակիչ Սուսան Մաթեւոսյանը։ «Հա՜, խե՞ չեն կարա։ [Հայկական կողմի] պոստեր կա ամեն դեպքում, բայց դե․․․»,- ասում է որդին՝ Ռաֆիկ Մկրտչյանը, ու տիկին Սուսանը հույսը մեկ մեր զինվորների, մեկ էլ երկնքի վրա է դնում, թե՝ «պոստեր կան, բայց դե աստված չանի էլի․․․»։ Մկրտչյանների տան պատուհանից երեւում է Թրուսի խութ կոչվող բլուրը, որտեղ պատերազմից հետո տեղակայվել են ադրբեջանցիները։ Տեղ գյուղի տներն էլ, ինչպես Արավուսում, այդ բլրից ամբողջությամբ հակառակորդի դիտակետում են։ «Երեկոյան դռները-բանը փակում ընք, թուրքի պյան ա էլի, մեկ էլ տեսար՝ մի պյան արեցին, վախումըս, էլի՜»,- վառարանի մոտ տաքանալու հրավիրելիս մեր զրույցի ընթացքում ասում է տիկին Սուսանը՝ շեշտելով, որ նախկինում՝ մինչեւ պատերազմը, դուռ-դարպաս բաց էին քնում․ «Հլա անասուններն էլ տյուս չեն եկալ հանդ։ Թե էդ վախտն էլ հինչ կլինի, հիմա գոմումն ենք պահում․․․»,- ասում է տանտիկինն, իսկ որդին շարունակում՝ ամբողջ գյուղում մի ծառ չկա, որ թիրախում չլինի։ Սուսան Մաթեւոսյանը Մկրտչյանների ընտանիքը պատերազմից հետո կորցրել է արտը․ «Մեր հողը ցանած ա մնացել իրանց, չեն թողացալ, որ հնձենք»,- ափսոսանքով ու տխրությամբ ասում է տիկին Սուսանը, որդին՝ շարունակում՝ տարածքների հիմնական մասն անցել է ադրբեջանցիներին, գյուղացու հոգսն ավելի ծանր է դարձել․ «Կոպիտ հաշվարկով՝ երեւի 1000-1500 տոննա բերք [ցորեն, գարի] ա մնացել իրանց տարածքներում, եւ իրանք չեն էլ թույլատրել, որ հունձ կատարվի, խոչընդոտել են ամեն անգամ։ Անձամբ ես ներկա եմ եղել մեր տրակտորիստ տղաների հետ, քանի անգամ ենք փորձել, որ հունձը կատարենք, չեն թողել։ Զինված գալիս, հարձակվում են տրակտորիստի վրա, ի՞նչ անի էդ տրակտորիստը, հո կլուչով կամ քլունգով չի գնալու հելնի ավտոմատավոր մարդկանց դեմը։ Եսիմ»։   Ռաֆիկ Մկրտչյանը մեկ այլ խնդրի մասին էլ է բարձրաձայնում․ ասում է՝ գարնանը մարդկանց եթե ոչ տոննաներով, ապա կիլոգրամներով ազոտական պարարտանյութ է պետք լինելու, իսկ պարարտանյութի գինը, գաղտնիք չէ, Հայաստանում թանկացել է․ «Էդքան չարչարանքը, էդքան սերմը հողի մեջ ա, բայց էսօր ազոտական պարարտանյութի մի մեշոկը քսան հազար են սարքել, գյուղացին ո՞նց անի, որ քսանով պարարտանյութ առնի, 8-9 հազարով դիզվառելիք առնի, տրակտորիստի ծախս, էս մեկ, էն մեկ, ո՞նց ապրի գյուղացին, կարող ա մինուսով էլ գնա, եթե տենց հաշվում ես, էդ ա նշանակում»։  Զրուցակիցս հույս ունի՝ այս հարցով պետության աջակցությունը կունենան։ Հիշեցնում է՝ մարդկանց աշնանը սերմեր բաժանել են, մի տանը՝ հեկտարի համար մոտ 300կգ․ դա մարդկանց շատ է օգնել, բայց այլ խնդիրներ են լինելու ապագայում, գյուղացին միայնակ չի կարողանա լուծել դրանք։ Խոսքի մեջ պարզվում է՝ այս տարեսկզբին Տեղ գյուղից գերեվարված հովիվը՝ Սուրիկ Մաթեւոսյանը, Ռաֆիկի մոր՝ տիկին Սուսանի հորեղբոր որդին է․ «Անասուններին արոտ ա տարալ, մի քանի օր առաջ եկալ են, զրուց են արալ, ասալ են՝ մեր սահմանը չբերես։ Բայց տեղ չկա, պյան չկա գծած, էլի տարել ա արածացնելու։ Դե՜, մարդ ա էլի, ախար սոված անասունն աչքին ցավ ա տված, ասալ ա՝ խոտ ա էլի, թո ուտեն։ Էտա կյան, իրան միանգամից վիրունեն, տանեն»,- պատմում է նա։ Հովվին ռուս խաղաղապահների միջնորդությամբ են վերադարձրել, բայց անասուններին մինչեւ հիմա չեն տվել՝ ինչպես ասում է տիկին Սուսանը․ «Տանն էլ ինչքան գառներ կային, լրիվ սատկալ են, էդ երեք հարյուր հատն էլ մնացել ա իրանց»։ Արտ ու արոտները կորցնելու պատճառով գյուղում շատ մարդիկ իրենց անասունների մի մասը վաճառել են կամ մորթել, այդ թվում՝ Մկրտչյանները։ Տիկին Սուսանն ասում է՝ ընդամենը մի խոշոր եղջերավոր են պահել, մնացածը՝ ծախել, որդին էլ հավելում է՝ խոշոր եղջերավոր անասնապահությամբ զբաղվելն այլեւս ձեռնտու չէ գյուղացու համար նաեւ այն պատճառով, որ այսօր անասնապահության համար խոտի մեկ տուկը 2 հազար դրամ արժե․ «Մսի կիլոն, որ համեմատում ես, մարդիկ 0-0 են ապրում անասնապահությամբ»։ Տեղ համայնքի Տեղ գյուղում այսօր 518 տնտեսություն կա, 2154 բնակիչ։ Այստեղ մարդիկ գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ են իրենց ապրուստը վաստակել, իրենց սարերի հովին ապրել խաղաղ, մինչեւ վերջերս, մինչեւ պատերազմը, երբ մի կողմից մտածում ես ընտանիքիդ ֆիզիկական անվտանգության մասին, մյուս կողմից՝ ապրուստի։ Թվերը, որ կներկայացնենք ստորեւ, առավել խոսուն ցույց կտան պատկերը պատերազմից հետո այս գյուղում, քան որեւէ այլ մեկնաբանություն։  2020-ին գյուղում 4517 խոշոր եղջերավոր անասուն է եղել, 2021-ին՝ 2593, 2022-ին՝ 1776։  2020-ին գյուղում 27392 մանր եղջերավոր անասուն է եղել, 2021-ին՝ 12650, 2022-ին՝ 6510։ Հայարփի Բաղդասարյան
13:59 - 08 փետրվարի, 2022
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները դադարեցվեցին

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները դադարեցվեցին

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները դադարեցվեցին․ որոշմանը կողմ քվեարկեց ավագանու 45 անդամ, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 1։ Հիշեցնենք, ավագանու այսօրվա նիստում քննարկվում էր Մխոյանի՝ Երեւան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագիծը, որում նշված է, որ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի՝ 14.09.2021, 26.10.2021, 30.11.2021 թվականների հերթական նիստերին․ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երեւան քաղաքի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, իսկ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»,- ասված է նախագծում։ Նման որոշման իրական պատճառը, սակայն, ըստ Լուսինե Մխոյանի, իրականում այլ է․ նախ՝ նա կողմ չի եղել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, բացի դրանից՝ կարծում է՝ մեկ այլ պատճառ է նաեւ քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում իր եւ մնացյալի պատկերացումների տարբերությունը։
12:37 - 08 փետրվարի, 2022
Տիկին Մխոյանի հետ ունեցել ենք քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակներում, բայց մեր տեսակետները չեն հատվել․ Արմեն Գալջյան

Տիկին Մխոյանի հետ ունեցել ենք քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակներում, բայց մեր տեսակետները չեն հատվել․ Արմեն Գալջյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»-ի Եթե ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանը միանար Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ստորագրահավաքին, այսօր բերելո՞ւ էիք նրա լիազորությունները դադարեցնելու հարցը։ Այսօր Երեւանի ավագանու նիստի ժամանակ այսպիսի հարց հնչեցրեց ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին։ Գալջյանը ներկայացնում էր Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագիծը՝ հիմնավորմամբ, որ նա օրենքով թույլատրելիից ավելի բացակայություններ ունի։ Խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ տիկին Մխոյանի հետ ունեցել են քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակներում, բայց իրենց տեսակետները չեն հատվել․ «Ինչ վերաբերում է սպառնալիքներին, շանտաժին, ամենեւին դա այդպես չէ։ Մենք տիկին Մխոյանին ասել ենք, որ կա բացակայությունների շեմ, որը հատվել է, եւ բացի քաղաքական հարցերից՝ կա նաեւ աշխատանքի մասով խնդիր»,- ասաց Գալջյանը՝ նշելով, որ խմբակցությունում կան անդամներ, որոնք չեն պաշտպանել իրենց որոշումը՝ Մարությանին հեռացնելու վերաբերյալ, բայց շարունակում ներկայացնել խմբակցությունը։ Աբգարյանն արձագանքեց, թե՝ շանտաժը «պոզով-պոչով» չի լինում, եթե մարդուն երկընտրանք են առաջարկում, դա հենց շանտաժն է։  Գալջյանի խոսքով՝ երկընտրանք չի առաջարկվել, ինքն այդ մեկնաբանությանը համաձայն չէ։  Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց, որ Մխոյանը մասնակցում էր ճարտարապետական այն խմբի աշխատանքներին, որը քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանն էր ստեղծել․ «Աշխատանքային տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, որտեղ ինքը ակտիվ մասնակցություն էր ունենում, այսինքն՝ անկախ երեխայի հանգամանքից, ինքը հնարավորություն ունեցել է մասնակցելու, կարծում եմ՝ նույն տրամաբանությամբ ավագանու նիստերին կարող էր մասնակցություն ունենալ»,- նկատեց քաղաքապետը։
12:14 - 08 փետրվարի, 2022
Մխոյանի պնդմամբ՝ իրեն ավագանուց հեռացնելը կապ ունի Մարությանին անվստահություն չհայտնելու եւ քաղաքաշինության ոլորտում իր պատկերացումների հետ

Մխոյանի պնդմամբ՝ իրեն ավագանուց հեռացնելը կապ ունի Մարությանին անվստահություն չհայտնելու եւ քաղաքաշինության ոլորտում իր պատկերացումների հետ

Երեւանի ավագանին մտադիր է «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանին զրկել մանդատից՝ ավագանու նիստերին նրա բացակայությունների հիմնավորմամբ։  Մասնավորապես, ավագանու այսօրվա նիստում քննարկվում է Մխոյանի՝ Երեւան քաղաքի ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագիծը, որում նշված է, որ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի՝ 14.09.2021, 26.10.2021, 30.11.2021 թվականների հերթական նիստերին․ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երեւան քաղաքի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, իսկ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»,- ասված է նախագծում։ Նման որոշման իրական պատճառը, սակայն, ըստ Լուսինե Մխոյանի, իրականում այլ է․ նախ՝ նա կողմ չի եղել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացին, բացի դրանից՝ կարծում է՝ մեկ այլ պատճառ է նաեւ քաղաքաշինության, ճարտարապետության ոլորտում իր եւ մնացյալի պատկերացումների տարբերությունը։ Մխոյանը չի հերքում, որ ունի բացակայություններ, բայց ասում է՝ դրանք պայմանավորված են եղել իր երեխայի ծննդի, հետագայում իր վատառողջ լինելու հանգամանքով, այսինքն՝ դրանք, ըստ էության, հարգելի բացակայություններ են եղել․ «Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բալիկս վատառողջ է եղել, ինչի մասին խմբակցութան ղեկավարին տեղյակ եմ պահել՝ նշելով, որ ոչ ոքի մոտ չեմ կարող թողնել եւ ստիպված եմ բացակայել»։ Մեր զրուցակցի հավաստմամբ՝ կան նաեւ տեղեկանքները, որոնք փաստում են, որ բացակայությունները հիվանդության պատճառով են եղել, սակայն իրենից այդ տեղեկանքները նույնիսկ չեն էլ ուզել։  Միեւնույն ժամանակ, Մխոյանը մեր զրույցում ընդգծում է, որ ինքը մասնակցել է հանձնաժողովի նիստերին, քանի որ հենց հանձնաժողովի նիստերի ընթացքում են նախագծերի վերաբերյալ քննարկումներն իրականացվում։ «Այո, բացակայություններ եղել են, քանի որ մանդատս վերցնելը համընկավ բալիկիս ծննդի հետ։ Այս ընթացքի բացակայությունների պատճառը նաեւ իմ ու երեխայի հիվանդություններն էին։ Սակայն բացակայությունները սկսեցին շահարկել, երբ քաղաքապետին անվստահություն հայտնելու համար ստորագրություն էին հավաքում»,- մեր զրույցում պատմեց ավագանու անդամը՝ նշելով, որ իրեն հորդորել են կամ ստորագրել անվստահություն հայտնելու նախագծի տակ, կամ վայր դնել մանդատը, այլապես բացակայությունների հիմքով կդադարեցնեն լիազորությունները։ «Ես ընթացքում ուզում էի դուրս գալ ավագանու կազմից, քանի որ բալիկիս հետ չէի հասցնում շատ ակտիվ լինել։ Ավագանու գործընկերներս համոզում էին, որ մնամ, քանի որ միակ ճարտարապետն եմ, Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովում բացի ինձանից երեւի մեկն է մնացել ով գոնե մոտ մասնագիտություն ունի»,- ասաց մեր զրուցակիցը, որը մասնագիտությամբ ճարտարապետ է։ Infocom-ի հետ զրույցում Լուսինե Մխոյանն ասաց, որ անցած շաբաթ առաջարկի տեսքով հերթական սպառնալիքն է ստացել խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանից, թե՝ այլեւս անհնարին են համարում իր՝ ավագանու կազմում լինելը․ «Պարզաբանեցին, թե ես քաղաքական քայլեր եմ արել՝ բարձրաձայնելով ինձ ուղված սպառնալիքի մասին, եւ հիմա առաջարկում են մանդատը դնել կամ նախագիծ կբերեն եւ բացակաների հիմքով կհանեն, ինչն էլ անելու են այսօր»,- ասաց Մխոյանը։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանում եւ ավագանու կազմում իր գործունեությանը՝ Մխոյանը մեկնաբանեց, որ 2020թ․-ի դեկտեմբերին ինքը քաղաքապետի խորհրդական Դավիթ Ճգնավորյանից համագործակցելու հրավեր է ստացել՝ որպես ավագանու անդամ եւ ճարտարապետ, ով տասը տարուց ավել աշխատել է ՛՛Երեւանի 2005թ Գլխավոր Հատակագծի՛՛ համահեղինակ Գուրգեն Մուշեղյանի հետ, եւ անդամակցել է ճարտարապետներից եւ ուրբանիստներից կազմված խմբին, ակտիվ մասնակցել քննարկումներին եւ հնարավորինս աջակցել ռեֆորմների գործընթացին։ Ի հավելումն՝ մեր զրուցակիցը նշեց, որ կամավորական հիմքերով աշխատող խմբում էին այնպիսի մասնագետներ, ինչպիսիք են Տիգրան Պողոսյանը, Հայկ Մելիքյանը, Գառնիկ Ստեփանյանը, Մերուժան Մինասյանը, Արմեն Շատվորյանը, Հայկ Նիկոյանը, Զոհրաբ Զուրաբյանը, Մարիաննա Կարապետյան, Գեւորգ Եղիկյանը, Հեղինե Փիլոսյանը եւ այլք։  «Նաեւ արդեն նախկին փողքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի հրավերով ներգրավված եմ եղել մի քանի նախագծերում, որոնցից էր Էրեբունի թանգարանի հիմնանորոգման եւ արդիականացման նախագիծը»,- ասաց Մխոյանը։ Նա նշեց, որ իր գործունեության ընթացքում գլխավոր ճարտարապետի կողմից նախագծման թույլտվությունների եւ նախագծերի միանձնյա հաստատման գործառույթների փոխարեն կոլեգիալ որոշումների ձեւաչափի անցման նպատակով նախաձեռնվել էր ռոտացիոն ձեւաչափով գործող խորհրդի ստեղծման բազմափուլ գործընթացը։ Այն նախատեսվում էր իրականացնել ոլորտում հեղինակություն վայելող, փորձառու մասնագետների ներգրավմամբ, որոնք պետք է առաջադրվեին պրոֆեսիոնալ դաշտը ձեւավորող այնպիսի կառույցների կողմից, ինչպիսիք են Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանը, Հայաստանի ճարտարապետների պալատը, Միջազգային ճարտարապետների ակադեմիայի հայաստանյան մասնաճյուղը եւ այլն։ Նշենք նաեւ, որ այդ խորհրդի ստեղծման որոշումը հաստատվել էր ավագանու կողմից։ Մխոյանի փոխանցմամբ՝ ստեղծված աշխատանքային խմբի մասնակցությամբ «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի հիման վրա ստեղծվել էր նոր բաժին, որը կոչված էր մշակել քաղաքի զարգացման ծրագիրն ու ռազմավարությունը, որն էլ իր հերթին պետք է ձեւավորեր գլխավոր հատակագծի համար տեխնիկական առաջադրանքը։  «Իրականացվեց նաեւ նախապատրաստական միջոցառումների եւ հանդիպումների մի մեծ գործընթաց՝ միտված քաղաքի կառավարման թվային համակարգի ներդրման ու ողջ ոլորտի գործառույթների, ինչպես նաեւ փաստաթղթաշրջանառության ամբողջական թվայնացմանը։ Մշակվեց, բայց չհասցրեց հաստատվել ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման նոր, պարզեցված ու ավելի տրամաբանական ձեւաչափ, որը կոչված էր կառուցապատող ընկերությունների եւ ճարտարապետների համար շատ ավելի հստակ եւ կանխատեսելի նախապայմաններ հաստատել՝ հիմնվելով գործող քաղաքաշինական նորմերի ու տարածական պլանավորման փաստաթղթերի վրա»,- ներկայացրեց մեր զրուցակիցը՝ հավելելով նաեւ, որ կամավորության սկզբունքների հիման վրա ստեղծվել էր խորհրդատվական մի հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էինք քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտներում տարիների ընթացքում իրենց լավագույնս դրսեւորած մի քանի տասնյակ երիտասարդ մասնագետներ, վաստակաշատ ու փորձառու մասնագետներ (Հրաչիկ Պողոսյան, Սաշուր Քալաշյան, Ալեքսանդր Բադալյան, Ալբերտ Զուրաբյան, Մհեր Չերկեզյան, Միքայել Հասրաթյան, Միսաք Խոստիկյան, Զառա Մամյան եւ այլք)։ Խորհրդի մի քանի ամսվա աշխատանքի ընթացքում, մեր զրուցակցի վստահեցմամբ, քաղաքապետարանի աշխատակազմի մասնագետների հետ համատեղ նախաձեռնվել են բազում քննարկումներ ոլորտում ձեւավորված խնդիրների եւ դրանց իրատեսական կամ հեռանկարային լուծումների, նոր համագործակցության ձեւաչափերի վերաբերյալ»։ Ի հավելումն՝ Լուսինե Մխոյանը հայտնեց նաեւ, որ սկզբունքային վերաարժեվորման ենթարկվեց գլխավոր ճարտարապետի պաշտոնը՝ իբրեւ քաղաքի ուրբանիստական զարգացման համար պատասխանատուի, որը կոչված է ոչ թե ձեւավորել կամ թելադրել կառուցվող շենքերի ճարտարապետական ոճը, այլ համակարգել քաղաքաշինության ոլորտի կառավարման ու զարգացման մեջ ներգրավված բոլոր վարչական ու մասնագիտական միավորները։ «Ցավով պետք է նշեմ՝ ակնհայտ է, որ հիմա միտված են ղեկը լրիվ այլ ուղությամբ պտտել»,- եզրափակելով՝ ասաց ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանը։ Խխմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ավագանու նիստի ժամանակ նշեց, որ տիկին Մխոյանի հետ ունեցել են քաղաքական զրույց՝ քաղաքակիրթ եւ օրենքի շրջանակներում, բայց իրենց տեսակետները չեն հատվել․ «Ինչ վերաբերում է սպառնալիքներին, շանտաժին, ամենեւին դա այդպես չէ։ Մենք տիկին Մխոյանին ասել ենք, որ կա բացակայությունների շեմ, որը հատվել է, եւ բացի քաղաքական հարցերից՝ կա նաեւ աշխատանքի մասով խնդիր»,- ասաց Գալջյանը՝ նշելով, որ խմբակցությունում կան անդամներ, որոնք չեն պաշտպանել իրենց որոշումը՝ Մարությանին հեռացնելու վերաբերյալ, բայց շարունակում ներկայացնել խմբակցությունը։ Հավելենք, որ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է Երեւանի քաղաքապետարանին՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե ավագանու բոլոր անդամները որքան բացակայություններ ունեն ավագանու նիստերից։ Հայարփի Բաղդասարյան
11:56 - 08 փետրվարի, 2022
Երեւանի ավագանին քննարկում է Լուսինե Մխոյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագիծը

Երեւանի ավագանին քննարկում է Լուսինե Մխոյանի՝ ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագիծը

Երեւանի ավագանին քննարկում է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշման նախագիծը։ Որոշման նախագիծում նշված է, որ Լուսինե Մխոյանը չի մասնակցել ավագանու 7-րդ նստաշրջանի՝ 14.09.2021, 26.10.2021, 30.11.2021 թվականների հերթական նիստերին․ ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ավագանու անդամը պարտավոր է մասնակցել ավագանու նիստերին, մինչդեռ Երեւան քաղաքի ավագանու անդամ Լուսինե Մխոյանը անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերից, իսկ օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ավագանու անդամի լիազորությունները կարող են վաղաժամկետ դադարեցվել ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, եթե նա մեկ հերթական նստաշրջանի ընթացքում անհարգելի պատճառով բացակայել է ավագանու նիստերի կամ քվեարկությունների ավելի քան կեսից կամ հանձնաժողովի նիստերի կեսից»,- ասված է նախագծում։ Խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը որոշման նախագիծը ներկայացնելիս նշեց, որ տիկին Մխոյանը ավագանու նիստերից բացակայել է մոտ 20 անգամ, չնայած՝ իրենք տեղեկանքում մի քանի ամսաթիվ են նշել․ «Այդ ժամկետն արդեն իսկ բավարար է օրենքով սահմանված կարգով լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։ Պետք է օբյեկտիվորեն ասեմ, որ բացակայությունների իմ նշած թվի մի մեծ հատվածն օբյեկտիվ պատճառներ ունի, այսինքն՝ տիկին Մխոյանը ֆիզիակապես օբյեկտիվ պատճառով չէր կարող գալ նիստի, մենք այդ ժամանակահատվածը չենք դիտարկել, այլ միայն այն, որն օբյեկտիվ հիմքեր չի ունեցել»։ Գալջյանը նշեց, որ իրենք որոշակի նախնական համաձայնության են եկել, որ Մխոյանը պետք է ակտիվություն դրսեւորի, բայց դա, Գալջյանի պնդմամբ, տեղի չի ունեցել․  «Ստիպված այս ճանապարհով ենք գնում։ Այո, էլի ունենք ավագանու անդամներ, որոնք բավարար բացակայություններ ունեն, այսինքն՝ թույլատրելիի շեմը հայտնել են, բայց ինչու ենք միայն տիկին Մխոյանի հետ կապված այս նախագիծը բերել, քանի որ այս դեպքում միակ լուծումը սա էր, իսկ մյուս դեպքերում այլ լուծումներ կան եւ այլ լուծումներ կտրվեն»,- մեկնաբանեց խմբակցության ղեկավարը։ Ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովը հարց հնչեցրեց․ «Լուսինե Մխոյանը, որքանով տեղյակ եմ, ֆիզարձակուրդում է, որքանով եք բարոյական եւ իրավական տեսանկյունից այս մոտեցումը համարում արդարացված»։ Արմեն Գալջյանը պատասխանեց, որ այս հարցն իր կարծիքով այն հարցը չէ, որ պետք է բարոյականության դաշտում քննարկել, քանի որ ֆիզարձակուրդը աշխատանքային հարաբերություններին է վերաբերում․ «Ավագանու անդամի կարգավիճակը գործատու աշխատող հարաբերություններ չի ենթադրում, ամսվա մեջ մեկ անգամ նիստի պետք է գալ, եւ չեմ կարծում, թե ֆիզարձակուրդը կարող է հիմնավոր լինել երկու տարում այդչափ բացակայությունների համար»,- ասաց խմբակցության ղեկավարը։ Մխոյանի պնդմամբ իրեն ավագանուց հեռացնելը կապ ունի Մարությանին անվստահություն չհայտնելու եւ քաղաքաշինության ոլորտում իր պատկերացումների հետ:
11:50 - 08 փետրվարի, 2022
Այն օրակարգը, որ հիմա ենք քննարկում, բացարձակապես կապ չունի իրական մարտահրավերի հետ, որ այսօր Հայաստանին սպառնում է․ Ռուստամյան

Այն օրակարգը, որ հիմա ենք քննարկում, բացարձակապես կապ չունի իրական մարտահրավերի հետ, որ այսօր Հայաստանին սպառնում է․ Ռուստամյան

Մենք հայտնվել ենք մեր պատմական երևի վերջին ժամանակաշրջանում, ամենալուրջ մարտահրավերներով լեցուն միջավայրում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը անթաքույց հստակ նշում է, թե ինչի է ձգտելու, որն է իր կենսական շահերը, և դրանք ուղղակի հակասում են մեր Հայաստանի և հայության ռազմավարական շահերին։ Այս մասին Ազգային ժողովի նիստի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը՝ խմբակցության անունից ելույթ ունենալիս։ Նրա խոսքով՝ այն օրակարգը, որ այսօր քննարկվում է, կապ չունի իրական մարտահրավերի հետ, որ այսօր Հայաստանին սպառնում է․ «Թուրքիան ու Ադրբեջանը ուղղակի արձանագրել են, որ առաջնորդվելու են հիմնականում չորս խնդիր լուծելու ուղղությամբ․ ապօրինի բոլոր սահմանները ճանաչելու, պարտադրելու դա, որ  կատարի Հայաստանը, Ցեղասպանությունից հրաժարում, Ադրբեջանի պահանջների բավարարում Արցախի հարցով և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ամրագրում, և դա ուղղակի սևով սպիտակի վրա գրվել է հենց այն հռչակագրի մեջ, որը իրականացրեցին և շատ սիմվոլիկ անցած տարվա հրապարակումներում դա եղավ, դրա մասին խոսեցինք, բայց դրան ադեկվատ արձագանք չեղավ, դա Շուշիի հայտնի հռչակագիրն է»։ Ռուստամյանը նշեց՝ Շուշիի հռչակագրի արձագանքները սպասարկել են այն, ինչ հայտարարում է Թուրքիան «Ցեղասպանությունը թողնում ենք Սփյուռքին, ասում ենք, որ մենք որևէ պահանջ չունենք սահմանների հետ կապված ճշգրտումների մասով, ասում ենք, որ Ադրբեջանի կազմում պիտի մնա Արցախը, որովհետև տեսականորեն անգամ լուծում գոյություն չունի, անհասկանալի ձևակերպումներով խուսափում ենք Զանգեզուրի խնդրից, և ուրեմն մեզ մնում է մեկ շանս, կամ այդ հարցը լուծում ենք այստեղ՝ խորհրդարանում, ուղղակի արձանագրում ենք մեր կարմիր գծերը, մեր հայեցակարգը, կամ դա կատարվելու է խորհրդարանից դուրս»։
11:47 - 08 փետրվարի, 2022
Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը․ քաղաքապետը հայտնեց ավագանու նոր անդամների անունները

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը․ քաղաքապետը հայտնեց ավագանու նոր անդամների անունները

Մեկնարկել է Երեւանի ավագանու ութերորդ նստաշրջանի առաջին նիստը, որը վարում է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։ Նա հայտնեց, որ համաձայն ԿԸՀ-ի՝ 2021-ի դեկտեմբերի 29 արձանագրությունների՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամներ Հայկ Մարությանի, Պավել Մազմանյանի, Ռուբեն Հայրապետյանի եւ Լիլիթ Պիպոյանի մանդատները համապատասխանաբար տրվել են Նաիրի Փեթակչյանին, Գայանե Խաչատրյանին, Արսեն Վերդյանին, Արտաշես Մակարյանին։ Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ցուցակից ընտրված Օվսաննա Հովսեփյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Սերգեյ Սարգսյանը, Միսակ Սարգսյանը, Արտաշես Մակարյանը դիմումներ են ներկայացրել ավագանու անդամի իրենց լիազորությունները դադարեցնելու մասի։ ԿԸՀ հունվարի արձանագրությունների համաձայն՝ Օվսաննա Հովսեփյանի եւ լիլիթ Կիրակոսյանի մանդատները տրվել են Արմեն Մանուկկյանին եւ Շուշաննա Սիրականյանին, նրանք եւս դիմումներ են ներկայացրել իրենց լիազորութունները դադարեցնելու մասին։ Սերգեյ Սարգսյանի, Միսակ Սարգսյանի, Արտաշես Մակարյանի, Արմեն Մանուկյանի եւ Շուշաննա Սիրականյանի մանդատները տրվել են Միքայել Բաղդասարյանին, Աննա Ավանեսյանին, Աշոտ Առուշանյանին, Վահան Ներսիսյանին, Հեղինե Ոսկանյանին։ Աննա Ավանեսյանը եւ Վահան Ներսիսյանը դիմումներ են ներկայացրել իրենց լիազորությունները դադարեցնելու մասին։ Աննա Ավանեսյանի եւ Վահան Ներսիսյանի մանդատները տրվել «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներ Լեւոն Սահակյանին եւ Մանուել Մարգարյանին։
11:34 - 08 փետրվարի, 2022
Ադրբեջանցիների կողմից սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է․ ՊՆ-ն եւ դատախազությունը չեն կողմնորոշվում՝ ով է իրավասու պատասխանել

Ադրբեջանցիների կողմից սահմանահատման դեպքի առթիվ քրեական գործ հարուցվե՞լ է․ ՊՆ-ն եւ դատախազությունը չեն կողմնորոշվում՝ ով է իրավասու պատասխանել

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Պաշտպանության նախարարությունը չեն կողմնորոշվում, թե իրենցից ով է իրավասու պատասխանել լրատվամիջոցից ստացված հարցմանը, ինչի արդյունքում խախտվում են տեղեկության տրամադրման օրենքով սահմանված ժամկետները։ Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերի 18-ին տելեգրամյան «Mika Badalyan» ալիքում, ապա նաեւ ֆեյսբուքյան «Ազատագրում» էջում հրապարակվեց տեղեկություն՝ Ջերմուկի հատվածում երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Ավելի ուշ նույն «Ազատագրում» էջը հայտնեց, որ ադրբեջանցիները տեղափոխվել են Երեւան՝ կից հրապարակելով լուսանկար։  Հաշվի առնելով սա՝ Infocom-ը դեկտեմբերի 20-ին գրավոր հարցմամբ դիմեց Գլխավոր դատախազությանը՝ հետաքրքրվելով՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ տեղեկությունը։ Իրականությանը համապատասխանելու դեպքում խնդրել էինք հայտնել՝ դեպքի առթիվ հարուցվե՞լ է արդյոք քրեական գործ, եթե այո, ապա Քրեական օրենսգրքի ո՞ր հոդվածի հատկանիշներով, եւ նախաքննական ո՞ր մարմինն է այն քննում։ Խնդրել էինք հայտնել նաեւ, թե ինչ կարգավիճակ ունեն հիշյալ անձինք, ինչ խափանման միջոց է ընտրված նրանց նկատմամբ, եւ որտեղ են պահվում նրանք։ Հնարավորության դեպքում խնդրել էինք հայտնել նաեւ գերեվարման հանգամանքները, ինչպես նաեւ՝ թե քանիսն են նրանք, եւ միայն զինվորական, թե նաեւ քաղաքացիական անձինք են։ Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն՝ նշելով․ «Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում, հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին»։ Նկատենք, որ ՊՆ հաղորդադրության մեջ առկա ձեւակերպումները պատահական ձեւակերպումներ չեն․ սահմանը խախտելը, մասնավորապես, պետական սահմանն ապօրինի հատելը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն է, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ անձը ձերբակալվում է կամ հարուցված քրեական գործի շրջանակում քննիչի կայացրած որոշման հիման վրա, կամ որեւէ հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա։ Հարցումն ուղարկելու հաջորդ օրը՝ դեկտեմբերի 21-ին, Դատախազությունից տեղեկացրին, որ ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ, Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Ա․ Չախոյանի որոշմամբ մեր հարցումը վերահասցեագրվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Ա․ Զաքարյանին՝ կից գրությամբ․ «Հարգելի՛ պարոն Զաքարյան, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։ Դեկտեմբերի 29-ին ՊՆ ռազմական ոստիկանության պետ Ա․ Զաքարյանը պատասխանեց Դատախազությանը՝ նշելով, որ հարցումը դուրս է ՊՆ ռազմական ոստիկանության լիազորություններից։ Պատասխանում, մասնավորապես, գրված է․ «Հարգելի՛ պարոն Չախոյան, հայտնում եմ, որ համաձայն ՀՀ «Ռազմական ոստիկանության» մասին օրենքի 4-րդ հոդվածի՝ Ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինվորական հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ ՌՈ-ն ապահովում է նաեւ զինծառայողների կողմից նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ խափանումը, ինչպես նաեւ Լիազոր մարմնին ամրացված պետական գույքի պահպանությունը։ «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Մ․ Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին հարցումը դուրս է ՀՀ ՊՆ ՌՈ լիազորություններից, այդ իսկ պատճառով ՀՀ ՊՆ ՌՈ-ն չի տիրապետում նման տեղեկատվության»։ 2022 թվականի հունվարի 5-ին Գլխավոր դատախազությունը դարձյալ պատասխան նամակ ուղարկեց ՊՆ-ին՝ պատճենը տրամադրելով նաեւ մեզ։ Այս անգամ պատասխանը գրված էր Գլխավոր դատախազի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գ․ Բաղդասարյանի կողմից եւ հասցեագրված էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին։ Ներկայացնելով հարցման նախապատմությունը եւ ՊՆ ռազմական ոստիկանության պատասխանը՝ Գ․ Բաղդասարյանը գրել էր․ «Հարգելի՛ պարոն Սարգսյան, «Ռազմական ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ռազմական ոստիկանությունը, օրենքին համապատասխան, ապահովում է հետաքննության իրականացումը զինված ուժերում՝ զինված հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ այն արարքների վերաբերյալ գործերով, որոնք կատարվել են զորամասի տարածքում կամ վերագրվում են ժամկետային ծառայության զինծառայողներին։ Հետեւաբար, ակնհայտ է, որ ՀՀ ՊՆ զորամասերի պահպանության տեղամասերը, որոնցում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները իրականացնում են մարտական հերթապահություն, գտնվում են ՀՀ ՊՆ իրավազորության ներքո, իսկ այդ հատվածներում կատարված առերեւույթ հանցագործությունների դեպքերով մինչդատական  քրեական վարույթի նախնական փուլը պետք է իրականացվի հետաքննության մարմին հանդիսացող զորամասերի հրամանատարների կամ ռազմական ոստիկանության կողմից։ Ավելին, դեռեւս 2021 թ դեկտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում` mil.am-ում, հաղորդագրություն է հրապարակվել առ այն, որ դեկտեմբերի 18-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասերից մեկում հայ դիրքապահների կողմից ձերբակալվել են Ադրբեջանի ԶՈՒ երկու սահմանախախտ զինծառայողներ։ Դեկտեմբերի 20-ին, մարդասիրական նկատառումներով եւ ՌԴ միջնորդությամբ, նշված զինծառայողները վերադարձվել են ադրբեջանական կողմին։ Ուստի, Ձեր քննարկմանն եմ ուղարկում «Ինֆորմացիոն կոմիտե» ՀԿ-ի լրագրող Միլենա Խաչիկյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված հարցումը՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների կողմից երկու ադրբեջանցիների գերեվարման մասին։ Խնդրում եմ քննարկման արդյունքների մասին օրենքով սահմանված ժամկետներում հայտնել լրագրող Մ․ Խաչիկյանին»։ Դատախազության այս նամակը ստանալուց հետո բազմաթիվ անգամներ զանգահարեցինք ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն, որտեղից խոստացան ճշտել, թե ինչ փուլում է հարցումը, եւ զանգահարել։ Քանի որ պատասխան զանգեր այդպես էլ չստացանք, տարբեր օրերի նորից զանգահարեցինք թե՛ հիշյալ վարչություն, թե՛ վարչության պետ Գեւորգ Ալթունյանին, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։  «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ գրավոր հարցման պատասխանը տրվում է 5-օրյա ժամկետում,  բացառությամբ այն դեպքերի, երբ լրացուցիչ աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա։ Այդ դեպքերում տեղեկությունը դիմողին տրվում է հարցումը ստանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, որի մասին այն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է նրան՝ նշելով հետաձգման պատճառները եւ տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը։ Թեեւ  մենք լրացուցիչ ժամանակի անհրաժեշտության մասին չէինք տեղեկացվել, բայց որոշեցինք սպասել 30 օր՝ ժամկետի հաշվարկը սկսելով հարցումը ՊՆ նախարարի տեղակալ Ա․ Սարգսյանին վերահասցեագրելու օրվանից, այսինքն՝ այս տարվա հունվարի 5-ից։ Սակայն այդ ժամանակը եւս լրացավ, իսկ պետական մարմինների կողմից նշված դեպքի վերաբերյալ որեւէ տեղեկություն մեզ այդպես էլ չտրամադրվեց։ Միլենա Խաչիկյան
18:54 - 07 փետրվարի, 2022