Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ հստակ նպատակներ ունի. Մամիջանյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին
17:13 - 08 փետրվարի, 2022

Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ հստակ նպատակներ ունի. Մամիջանյանը՝ Լուկաշենկոյի հայտարարության մասին

Բոլորս վրդովված ենք Բելառուսի նախագահի հնչեցրած խոսքերից, բայց գուցե փորձենք հասկանալ դրա պատճառները։ ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտողար Հայկ Մամիջանյանը։

«Իսկ պատճառները հասկանալու համար խորհուրդ կտամ նորից լսել Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունը ու տարբերել, թե ինչպես էին մինչև 2018 թ․-ը խոսում մեր երկրի ղեկավարի հետ առանց տեսախցիկների ու ինչպես են խոսում Փաշինյանի հետ հիմա տեսախցիկների առաջ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչեր են ասում, երբ տեսախցիկներ չկան»։

Մամիջանյանն ընդգծեց՝ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հարցազրույցներում թույլ է տվել արտահայտություններ, որոնք անընդունելի է համարում․ «Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին՝ Հայաստանը հստակ նպատակներ ունի։ Հայաստանը շարունակելու է մնալ Եվրոպան և Ասիան կապող աշխարհաքաղաքական հանգույց, Հայաստանն ու Արցախը եղել և շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը, Հայաստանը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի արդար ինքնորոշման երաշխավորն ու աջակիցը։ Մեր երկիրը ոտքի է կագնելու և մաքրվելու է կապիտուլյացիայի և դրա պատճառ հանդիսացող խմբակին վերընտրելու խայտառակ խարանից, մեր երկիրը հմուտ դիվանագիտության միջոցով և դրան ուժ տվող արհեստավարժ զինված ուժերի գոյությամբ վերականգնելու է արդարությունը տարածաշրջանում, բայց այս ամենը տեղի է ունենալու միայն  այն ժամանակ, երբ մեր երկրի կառավարչի միջազգային հարաբերությունների զինանոցը չսահմանափակվի իբր պարզաբանում պահանջող, իսկ իրականում լայքեր մուրացող հայացքով»։

Պատգամավորն ասաց՝ այս ամբիոնից և ոչ միայն բազմիցս պահանջել է, որ Արտաքին գործերի նախարարությունը արձագանքի Ալիևի և Էրդողանի արտահայտություններին․ «Բայց այսօր, ծանոթանալով Բելառուսի նախագահի հարցազրույցի արձագանքին, հասկացա, որ ավելի լավ է չարձագանքել։ Ալեքսանդր Գրիգորի, մի նույնակացրեք Հայաստանը և Նիկոլ Փաշինյանին, և երբեք չկարծեք, որ Հայաստանի Հանրապետության հետ կարող եք խոսել այն նույն ձևով, ինչպես խոսում եք Փաշինյանի հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել