Արտերկրից հնչած որևէ միտք չի կարելի օգտագործել ներքաղաքական դաշտում․ Ռուբեն Ռուբինյան
18:10 - 08 փետրվարի, 2022

Արտերկրից հնչած որևէ միտք չի կարելի օգտագործել ներքաղաքական դաշտում․ Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այսօր՝ հայտարարությունների ժամին անդրադարձավ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջայանի ելույթին, որում պատգամավորը արձագանքել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին։

«Ելույթում արտահայտված մտքերի կեսի հետ բնականաբար համաձայն եմ, բայց մյուս կեսի հետ խնդիր ունեմ։ Ինչո՞ւ։ Որովհետև դուք արտերկրից հնչած մտքերը օգտագործեցիք ներքաղաքական դաշտում ձեր քաղաքական հակառակորդներին, այս համատեքստում՝ մեզ, հարվածելու համար։ Ի պատասխան դրա, հաշվի առնելով մեր Ազգային ժողովի տեղ-տեղ անզիջում մթնոլորտը, օրինակ գուցե մեկն էլ ՔՊ խմբակցությունից գա ամբիոնի մոտ ու հիշեցնի ԵԱՏՄ նիստի ժամանակ Ղազախստանի նախկին նախագահի կարդացած նամակը Սերժ Սարգսյանի ներկայությամբ, բայց շատ իզուր, եթե այդպիսի մտքեր ունեն որոշ մարդիկ այստեղ, խնդրում եմ դա չանել»։

Ռուբինյանը շեշտեց, որ արտերկրից հնչած որևէ միտք չի կարելի օգտագործել ներքաղաքական դաշտում․ «Կա մի պարզ տրամաբանություն, արտերկրից հնչած որևէ միտք, ու կապ չունի հնչեցնողը մեր թշնամին է, թե մեր բարեկամն է, նեյտրալ է, կապ չունի բացարձակապես, չի կարելի օգտագործել ներքաղաքական դաշտում։ Ինչո՞ւ չի կարելի, որովհետև այդպիսով մենք բոլորս (կապ չունի՝ ով է դա անում) թույլ ենք տալիս ուղիղ ազդել Հայաստանի քաղաքական դաշտի վրա, իսկ դա, վստահ եմ, պարոն Մամիջանյան, ոչ ես, ոչ դուք չենք ուզում։ Եկեք դադարեցնենք այս պրակտիկան»։

ԱԺ փոխնախագահը նաև կարծիք հայտնեց, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս տված հարցազրույցում օգտագործել է Ադրբեջանի նախագահի արտահայտած մտքերը․ «Դա նախկինում էլ է եղել , այսօր լսեցի պարոն Ռուստամյանի արտահայտած մտքերը, որտեղ ասում էր ՝ այո, պատճառը պետք է մեր մեջ փնտրենք, թե ինչու է երեկվա հայտնի հայտարարությունը արվել Բելառուսի նախագահի կողմից։ Ես կարծում եմ՝ սա անթույլատրելի է, սիրելի բարեկամներ, եկեք դադարենք օգտագործել արտերկրից հնչող կարծիքները ներքաղաքական դաշտում և եկեք դադարենք արտաքին խաղացողներին հրավիրել մեր ներքաղաքական դաշտ։ Կարծում եմ՝ դժվար չի պահել այս կանոնը, եթե, իհարկե, համաձայն եք այդ կանոնի հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել