Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Դոնեցկից դուրս եկող հայեր կան, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ |armenpress.am|

Դոնեցկից դուրս եկող հայեր կան, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Դոնեցկում  բնակվող որոշ հայեր դուրս գալու ցանկություն են հայտնել, սակայն հիմնական մասը նախընտրում է մնալ: Այս մասին նշեց Ուկրաինայի հայերի միության Դոնեցկի մարզի ներկայացուցչության նախագահ Վահագն Մաթևոսյանը: «Տարհանման պլանն իրականում մենք պատրաստել ենք դեռ շաբաթներ առաջ: Կոնկրետ Դոնեցկի մարզից այն հայերը, որոնք դուրս գալու ցանկություն են հայտնել, գնացել են: Եղել են հայեր, որոնք ցանկացել են դուրս գալ, փոխադրամիջոց չեն ունեցել, մենք այդ հարցում աջակցել ենք: Ասեմ, որ շատ մեծ զանգված նախընտրում է մնալ Դոնեցկում, իրենց տներից չեն ցանկանում դուրս գալ»,-ասաց Վահագն Մաթևոսյանը: Նա տեղեկացրեց, որ ինչպես Ուկրաինայի տարբեր հատվածներում, Դոնեցկում նույնպես բանկերում, բանկոմատների, դեղատների մոտ հերթեր են: Մարդիկ չեն կարողանում կանխիկացնել իրենց գումարները: Հերթեր են նաև գազալցակայաններում: «Քաղաքում կրակոցների ձայներ լսվում են, զգացվում է, որ ծանր հրետանի է աշխատում, սակայն կդժվարանամ ներկայում մանրամասն տեղեկություններ հաղորդել: Միայն կասեմ, որ հայերի շրջանում վիրավորներ չկան»,-ասաց Վահագն Մաթևոսյանը: 
15:06 - 24 փետրվարի, 2022
Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ

Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն Ռադա է ներկայացրել համընդհանուր մոբիլիզացիայի մասին օրինագիծ։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Իզվեստիա»-ն, փետրվարի 24-ին, նշված է Ուկրաինայի խորհրդարանի կայքում։ Համապատասխան օրինագիծը փետրվարի 24-ին գրանցվել է Գերագույն ռադայում 7113 համարով, որի տեքստը և այլ մանրամասներ չեն նշվում։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
14:58 - 24 փետրվարի, 2022
Մոլդովան արտակարգ դրություն կմտցնի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման պատճառով |news.am|

Մոլդովան արտակարգ դրություն կմտցնի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման պատճառով |news.am|

news.am: Մոլդովայի Անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է արտակարգ դրություն մտցնել երկրում՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման համատեքստում։ Այս մասին տեղեկացնում է «Европейская правда»-ն։ «Այսօր առավոտյան Ռուսաստանը հարձակում է սկսել հարեւան պետության՝ Ուկրաինայի դեմ՝ խախտելով միջազգային նորմերը։ Միջազգային հանրությունը միահամուռ դատապարտում է այդ ռազմական գործողությունները։ Այս առնչությամբ ես հրավիրել եմ Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստ։ Մենք որոշել ենք, որ կառավարությունը խնդրի խորհրդարանին՝ արտակարգ դրություն հայտարարել»,- ասել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն Անվտանգության բարձրագույն խորհրդի նիստից հետո։ Սանդուի խոսքով՝ արտակարգ դրության հանձնաժողովն այսօր նիստ կգումարի եւ կքննարկի ճգնաժամի կառավարման հնարավորությունները։ Միեւնույն ժամանակ, Սանդուն կարգադրել է ուժեղացնել պաշտպանության նախարարության ստորաբաժանումների պարեկումը՝ հնարավոր սադրանքների կանխման նպատակով։
14:37 - 24 փետրվարի, 2022
Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված չեն հասցնում քաղաքների ուղղությամբ. ՌԴ ՊՆ |1lurer.am|

Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված չեն հասցնում քաղաքների ուղղությամբ. ՌԴ ՊՆ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի զինված ուժերը հրթիռային հարված չեն հասցնում Ուկրաինայի քաղաքների ուղղությամբ: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից: Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում նշել են նաև Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները շարքից հանելու մասին։ «Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքները, հակաօդային պաշտպանության օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ռազմական ավիացիան բարձր ճշգրտության զենքերով հանվում են շարքից։ Ռուսական ուժերը հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում ուկրաինական քաղաքներին»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։ Ուկրաինայի սահմանապահ ծառայությունից փոխանցել են, որ ռուսական ուժերն առաջ են շարժվում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Բելառուսի տարածքից:
14:15 - 24 փետրվարի, 2022
Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար․ ԵՄ ներկայացուցիչ

Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար․ ԵՄ ներկայացուցիչ

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այսօր Բրյուսելում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով Ուկրաինայի վրա ՌԴ հարձակմանը։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը ասել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա դասվել է վերջին 80 տարվա ընթացքում Եվրոպայի ամենածանր ժամերի շարքին․ «Սրանք Եվրոպայի համար ամենածանր ժամերից են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո», - լրագրողների հետ զրույցում նշել է նա: Բորելը խոստացել է հրատապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ինչպես նաև աջակցել մարդկանց, այդ թվում՝ ԵՄ անձնակազմի տարհանմանը։ Խոսելով Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին՝ նա ասել է, որ 27 անդամներից բաղկացած դաշինքի պատժիչ միջոցները Ռուսաստանի դեմ լինելու են պատժամիջոցների ամենախիստ փաթեթը, որը երբևէ իրականացվել է: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար, ինչով պայմանավորված՝ ԵՄ-ն նրան պատասխանատվության կենթարկի․ «Այս փաթեթով մենք կթիրախավորենք Ռուսաստանի տնտեսության ռազմավարական ոլորտները՝ արգելափակելով նրանց հասանելիությունը հիմնական տեխնոլոգիաներ և շուկաներ։ Մենք կթուլացնենք Ռուսաստանի տնտեսական բազան և արդիականացման կարողությունները։ Դրանից բացի, կսառեցնենք ԵՄ-ում ռուսական ակտիվները և կդադարեցնենք ռուսական բանկերի մուտքը եվրոպական ֆինանսական շուկա»,- նշել է Լեյենը։    
14:11 - 24 փետրվարի, 2022
Լուկաշենկոն պնդում է, որ որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին

Լուկաշենկոն պնդում է, որ որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ զինվորականների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ ասել է, որ Բելառուսի զորքը մասնակցություն չունի Ուկաինայի սամանին ընթացող ռազմական գործողություններին։ Այս մասին հայտնում է belta.by-ը։ Խորհրդակցության ընթացքում Լուկաշենկոն անդրադարձել է այն հարցին, որ Բելառուսում Ռուսաստանի հետ համատեղ զորավարժություններից հետո ռուսական զորքերի մի խումբ է մնացել․ «Մոսկվայում վերջին հանդիպման ժամանակ ես առաջարկեցի Պուտինին Ռուսաստանի Զինված Ուժերի որոշ մասը թողնել Բելառուսի հարավում։ Ինչո՞ւ։ Ես չեմ ամաչում այդ մասին խոսելուց․ մենք պատրաստ չէինք տվյալ իրավիճակում ծածկել հարավային ուղղությունը, քանի որ ուկրաինական ստորաբաժանումները (ռազմական, ոչ թե սահմանապահ), մոտեցել էին սահմանին և սկսել այնտեղ մանևրել։ Մենք դա տեսնում էինք, բայց այնտեղ երբեք զորքեր չենք ունեցել։ Այս պատճառով էլ ես առաջարկեցի [ռուսական զորքերի] որևէ ոչ մեծ մաս թողնել այնտեղ՝ հարավային սահմաններում, մինչև մեր ԶՈՒ-ն կփոխարինի նրանց»։ Ըստ Լուկաշենկոյի՝ Պուտինը համաձայնել է ու ասել, որ այդպես ուկրաինացիները միգուցե հասկանան, որ պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջ և խաղաղության մասին որոշում կայացնել։ «Ահա թե ինչի մասին ենք մենք խոսել (Լուկաշենկոն և Պուտինը- խմբ․), և ոչ թե մենք պատրաստվում էինք Ուկրաինայի դեմ պատերազմի»,- նշել է Բելառուսի նախագահը։
13:32 - 24 փետրվարի, 2022
Բայդենը Զելենսկուն խիստ պատժամիջոցներ է խոստացել Ռուսաստանի նկատմամբ |armenpress.am|

Բայդենը Զելենսկուն խիստ պատժամիջոցներ է խոստացել Ռուսաստանի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն խոստացել է, որ G7-ի ղեկավարների հետ փետրվարի 24-ին նշանակված հանդիպումից հետո «ԱՄՆ-ը, դաշնակիցներն ու գործընկերները խիստ պատժամիջոցներ կսահմանեն Ռուսաստանի նկատմամբ»: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը: Երկու ղեկավարները հեռախոսազրույց են անցկացրել: Զելենսկին Բայդենին խնդրել է համաշխարհային առաջնորդներին հորդորել՝ հստակորեն հանդես գալ Ռուսաստանի գործողությունների դեմ եւ աջակցել Ուկրաինայի ժողովրդին: Բայդենը Զելենսկու հետ զրույցի ժամանակ «դատապարտել է ռուսաստանցի զինվորականների այդ չհրահրված եւ չարդարացված հարձակումն Ուկրաինայի վրա» եւ հայտնել այն քայլերի մասին, որոնք ԱՄՆ-ն անում է, որպեսզի այդ գործողությունները դատապարտի ողջ համաշխարհային հանրակցությունը: ԱՄՆ-ի նախագահը հիշեցրել է, որ հանդիպում է պլանավորում «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարների հետ եւ այդ հանդիպման արդյունքներով խիստ պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի նկատմամբ: Նա նաեւ խոստացել է՝ օգնել եւ աջակցել Ուկրաինային ու ուկրաինացի ժողովրդին: Նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը՝ փետրվարի 24-ի առավոտյան, հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություն սկսելու մասին: Բայդենն արդեն դատապարտել է այդ որոշումը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:10 - 24 փետրվարի, 2022
Ռուսաստանի հարավում օդանավակայանները դադարեցնում են աշխատանքը

Ռուսաստանի հարավում օդանավակայանները դադարեցնում են աշխատանքը

Ռոսավիացիայից հայտնել են, որ դադարեցվել է Ռուսաստանի հարավում 11 օդանավակայանների աշխատանքը, ինչպես նաև Սիմֆերոպոլի օդանավակայանի աշխատանքը: Ռոսավիացիան թվարկել է այն քաղաքները, որտեղ օդանավակայանները չեն աշխատում։  Գերատեսչության տվյալներով հարավային օդային տարածքը ճանաչվել է «քաղաքացիական օդանավերի և ուղևորների համար վտանգավոր»։ Խոսքը հետևյալ օդանավակայանների մասին է՝ • Ռոստով (Պլատով),• Կրասնոդար (Պաշկովսկի),• Անապա (Վիտյազևո)• Գելենջիկ• Էլիստա• Ստավրոպոլ• Բելգորոդ• Բրյանսկ• Օրյոլ• Կուրսկ• Վորոնեժ• Սիմֆերոպոլ Ռոսավիացիան հայտարարել է, որ խորհուրդ չի տալիս մոտակա չվերթների ուղևորներին և դիմավորողներին ժամանել նշված օդանավակայաններ: Ռուսաստանի հարավի օդանավակայաններից թռիչքների սահմանափակումները կգործեն մինչև մարտի 2-ը՝ ժամը 3:45-ը, հայտնել են գերատեսչությունից: «Սահմանվել է օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմ՝ կապված քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության բարձր սպառնալիքի հետ, որը պայմանավորված է սպառազինության եւ ռազմական տեխնիկայի կիրառմամբ», – ասված է փետրվարի 24-ի առավոտյան ավիաընկերություններին ուղարկված ծանուցման մեջ:
12:40 - 24 փետրվարի, 2022