Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար․ ԵՄ ներկայացուցիչ
14:11 - 24 փետրվարի, 2022

Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար․ ԵՄ ներկայացուցիչ

Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը եւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը այսօր Բրյուսելում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ անդրադառնալով Ուկրաինայի վրա ՌԴ հարձակմանը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը ասել է, որ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա դասվել է վերջին 80 տարվա ընթացքում Եվրոպայի ամենածանր ժամերի շարքին․ «Սրանք Եվրոպայի համար ամենածանր ժամերից են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո», - լրագրողների հետ զրույցում նշել է նա:

Բորելը խոստացել է հրատապ օգնություն ցուցաբերել Ուկրաինային, ինչպես նաև աջակցել մարդկանց, այդ թվում՝ ԵՄ անձնակազմի տարհանմանը։

Խոսելով Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին՝ նա ասել է, որ 27 անդամներից բաղկացած դաշինքի պատժիչ միջոցները Ռուսաստանի դեմ լինելու են պատժամիջոցների ամենախիստ փաթեթը, որը երբևէ իրականացվել է:

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն էլ նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանատու է պատերազմը Եվրոպա վերադարձնելու համար, ինչով պայմանավորված՝ ԵՄ-ն նրան պատասխանատվության կենթարկի․ «Այս փաթեթով մենք կթիրախավորենք Ռուսաստանի տնտեսության ռազմավարական ոլորտները՝ արգելափակելով նրանց հասանելիությունը հիմնական տեխնոլոգիաներ և շուկաներ։ Մենք կթուլացնենք Ռուսաստանի տնտեսական բազան և արդիականացման կարողությունները։ Դրանից բացի, կսառեցնենք ԵՄ-ում ռուսական ակտիվները և կդադարեցնենք ռուսական բանկերի մուտքը եվրոպական ֆինանսական շուկա»,- նշել է Լեյենը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել