Ինֆոքոմ

Պարենային ապրանքների գների աճը՝ ցույցերի պատճառ զարգացող երկրներում․ Reuters

Պարենային ապրանքների գների աճը՝ ցույցերի պատճառ զարգացող երկրներում․ Reuters

Պատերազմն Ուկրաինայում և կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած երաշտը հանգեցրել են հացահատիկի, ձեթի, վառելիքի և պարարտանյութերի համաշխարհային գների աճի, գրում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Սննդամթերքի գների աճը ցույցերի պատճառ է դարձել աշխարհի տարբեր երկրներում՝ Ինդոնեզիայից մինչև Իրան։ Եվրոպայում ցորենի գներն աճել են 52%-ով, իսկ արմավենու յուղի ֆյուչերսների գինը հունվարից հետո աճել է 25%-ով։ Այս միտումը շարունակվում է և տագնապ առաջացնում քաղաքական գործիչների շրջանում․ ՄԱԿ-ը զգուշացնում է, որ գների բարձրացումը կվատթարացնի առկա պարենային ճգնաժամն Աֆրիկայում՝ երեխաների մոտ «աղետալի» թերսնման բերելով։ Ներկայացնում ենք այն երկրների ցանկը, որտեղ վերջին մի քանի ամսում բողոքի ցույցեր են սկսվել պարենային ապրանքների գների աճի պատճառով։   Արգենտինա Հազարավոր ֆերմերներ ցույցի են դուրս եկել Բուենոս Այրեսում ապրիլի 23-ին՝ բողոքելով նախագահ Ալբերտո Ֆերնանդեսի կառավարման դեմ, որի՝ գնաճի դեմ պայքարի համար սննդամթերքի գների զսպմանն ուղղված քաղաքականությունը քննադատության է արժանացել երկրի գյուղատնտեսական հատվածի կողմից։   Չիլի Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում մարտի 25-ին հազարավոր ուսանողներ երթ են անցկացրել՝ պահանջելով ավելացնել սննդամթերքի համար նպաստները։   Կիպրոս Կիպրոսի ֆերմերները մայիսի 18-ին տոննաներով կաթ են թափել և այրել ծղոտի դարսակները Նիկոսիայում՝ նախագահական պալատի առջև՝ բողոքելով բարձր գներից և արտադրական խնդիրներից։   Հունաստան Հազարավոր հույն աշխատավորներ Աթենքում Աշխատավորների օրը ցույցեր են անցկացրել՝ էներգակիրների և սննդամթերքի գների աճի դեմ։ Հունաստանում տարեկան սպառողական գնաճը մարտին հասել է 8,9%-ի, որը վերջին 27 տարում ամենաբարձր ցուցանիշն է։   Գվինեա Գվինեայի մայրաքաղաքում հունիսի 2-ին մեկ մարդ է սպանվել վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Սրանք ամենալուրջ հուզումներն են այն պահից ի վեր, երբ անցյալ տարի երկրում իշխանության է եկել ռազմական խունտան: Կոնակրիում գիշերը կրակոցներ էին հնչել, երբ մարդիկ փակել էին փողոցները, անվադողեր այրել՝ որպես բողոքի նշան բենզինի գների 20% տոկոս աճի դեմ։   Ինդոնեզիա Մայիսի 17-ին ինդոնեզացի ֆերմերները բողոքի ցույց են անցկացրել Ջակարտայում՝ արմավենու յուղի արտահանման արգելքի դեմ։ Ֆերմերների APKASINDO ասոցիացիայի տվյալներով՝ արգելքի սահմանումից հետո արմավենու յուղ արտադրողների նվազագույնը 25%-ը դադարել է արմավ գնել անկախ ֆերմերներից։ Արդյունքում՝ արմավի գները սահմանված նվազագույն արժեքից 70%-ով ավելի ցածր են։   Իրան Գների աճի դեմ ցույցերն Իրանում քաղաքական երանգ են ստանում՝ դրանց տարածմանը զուգահեռ։ Ցույցերը սկսվել են մայիսի սկզբին այն բանից հետո, երբ կառավարությունը որոշում է ընդունել կրճատել սուբսիդիաները։ Այս որոշման  հետևանքով Իրանում 300%-ով աճել են հացաբուլկեղենի գները։ Աճել են նաև որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների՝ ձեթի և կաթնամթերքի գները։ Թոշակառուներն Իրանում բողոքի ցույց են անցկացրել հունիսի 6-ին՝ ընդդեմ գների աճի։ Շուրջ 1000 թոշակառուներին ուղեկցել է ոստիկանությունը։   Քենիա Նայրոբիում ցուցարարները հանրահավաք են անցկացրել մայիսի 17-ին՝ կառավարությանը խնդրելով իջեցնել ապրանքների, հատկապես՝ սննդամթերքի գները։   Լիբանան Լիբանանում բեռնատարների և ավտոբուսների վարորդները հունվարին փակել են ճանապարհները՝ բողոքելով գների աճի դեմ։ Ցուցարարները քաղաքական գործիչներին մեղադրում էին 2019 թ-ից սկսված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու անկարողության համար։   Պաղեստին Պաղեստինի ոստիկանությունը հունիսի 6-ին մի շարք անձանց է ձերբակալել սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։ Պաշտոնական տվյալներով՝ սննդամթերքի աճը կազմել է 15-18%։   Պերու Պերուում նույնպես գրանցվել է գնաճի ամենաբարձր ցուցանիշը վերջին 25 տարում։ Սննդամթերքի և վառելիքի գների աճը բնակչության շրջանում զայրույթ է առաջացրել, ապրիլին նրանք փակել են ճանապարհները, կառավարությունը ստիպված է եղել դիմել բանակի օգնությանը։   Շրի Լանկա Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան մայիսին արտակարգ դրություն էր հայտարարել ահագնացող տնտեսական ճգնաժամի պատճառով անցկացված հակակառավարական ցույցերից և գործադուլներից հետո։ Տնտեսական ճգնաժամը Շրի Լանկայում աննախադեպ է՝ 1948 թ-ին անկախություն ձեռք բերելուց ի վեր։ Դրա պատճառը կորոնավիրուսի համավարակն է ու նավթի գների աճը։   Սուդան Սուդանում նախորդ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումից հետո ազգային արժույթը մեկ երրորդով արժեզրկվել է։ Սա հանգեցրել է վառելիքի, սննդամթերքի և այլ ապրանքների գների աճի։ Մարդիկ դժգոհ են և մարտին երթեր են անցկացրել՝ բողոքելով ռազմական հեղաշրջման և որպես դրա հետևանք՝ տնտեսական ճգնաժամի դեմ»։   Նորա Վանյան Լուսանկարը՝ reuters-ի, Պերուի ցույցերից   
20:18 - 10 հունիսի, 2022
Ուկրաինայի կողմից պատերազմին մասնակցած երկու բրիտանացիներին և մարոկկացուն ԴԺՀ-ում մահապատժի են դատապարտել

Ուկրաինայի կողմից պատերազմին մասնակցած երկու բրիտանացիներին և մարոկկացուն ԴԺՀ-ում մահապատժի են դատապարտել

Ինքնահռչակ ԴԺՀ Գերագույն դատարանը հունիսի 9-ին մահապատժի է դատապարտել երեք օտարերկրացիների, որոնք կռվել են Ուկրաինայի կողմից։ Դատարանն այսպիսի վճիռ է կայացրել Մեծ Բրիտանիայի երկու քաղաքացիներ 48-ամյա Շոն Փիների և նրա ընկեր 28-ամյա Էյդեն Էսլինի, ինչպես նաև Մարոկկոյի 21-ամյա քաղաքացի Բրահիմ Սաադունի դեմ։ Մահապատիժը պետք է ի կատար ածվի գնդակահարման միջոցով, գրում է Meduza-ն։ Բոլոր երեքը մեղադրվում էին ԴԺՀ Քրեական օրենսգրքի «Իշխանության բռնազավթում կամ իշխանության բռնի պահպանում» և «Վարձկանություն» հոդվածներով։ Ինչպես հայտնել է դատարանում նախագահող Ալեքսանդր Նիկուլինը, դատապարտյալները խոստովանել են մեղքը մեղադրանքի բոլոր կետերով։ Նրանք մեկ ամիս ունեն՝ դատարանի վճիռը բողոքարկելու համար։ Երեքն էլ մտադիր են բողոքարկել այն։ Դատապարտվածների փաստաբաններից մեկը՝ Պավել Կոսովանն, ասել է, որ, ըստ ամենայնի, օտարերկրացիները ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինին կխնդրեն ներում շնորհել իրենց։ Դատապարտյալները դեռևս պատերազմից առաջ պայմանագիր էին կնքել Ուկրաինայի Զինված ուժերի հետ։ Ինչպես հայտնել է «Մեդիազոնան», Էդեն Էսլինն ու Շոն Փիներն ուկրաինական բանակում ծառայության են անցել 2018 թ-ին, Բրահիմ Սաադունը՝ 2021-ին։ Երեքն էլ ծառայել են Ուկրաինայի Զինված ուժերի Մարիուպոլի ծովային հետևակի 36-րդ բրիգադում։ Հայտնի է, որ երկու բրիտանացիներն ամուսնացել են Ուկրաինայում, իսկ մարոկկացին ծառայությունից առաջ սովորել է Կիևի բուհերից մեկում։ Էսլինն ու Փիներն ապրիլի կեսերին գերի են հանձնվել Մարիուպոլում, Սաադունը՝ մարտի 12-ին Վոլնովախայում, որը գտնվում է Մարիուպոլի և Դոնեցկի միջև։ ԴԺՀ-ում դատում են ևս մեկ օտարերկրացու՝ բրիտանացի Էնդրյու Հիլին։ Նրա գործով վճռի մասին չի հաղորդվել։ Սա մահապատժի առաջին վճիռն է ԴԺՀ-ում, որը կայացվել է Ուկրաինայի Զինված ուժերի զինծառայողների գործով։ Ուկրաինան հետաքննում է դատավճեռները, որոնք կայացրել է «կեղծ դատարանը», հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։ Նրա խոսքով՝ բոլոր երեք զինծառայողները, Ժնևի կոնվենցիայի համաձայն, «կոմբատանտների իմունիտետ ունեն և, որպես ռազմագերի, չեն կարող պատասխանատվության ենթարկվել ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցելու համար»։ Մեծ Բրիտանիայի իշխանությունը հայտարարել է, որ Էսլինն ու Փիները չպետք է դատական հետապնդման ենթարկվեն, քանի որ ռազմագերի են։  «Մենք անընդհատ խոսում ենք այն մասին, որ ռազմագերիները չպետք է օգտագործվեն քաղաքական նպատակներով», — ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի պաշտոնական ներկայացուցիչը։ Մեծ Բրիտանիայի արգործնախարար Լիզ Թրասն ասել է, որ «դա կեղծ դատավճիռ է, որը բացարձակ ոչ մի լեգիտիմություն չունի»։ Մեծ Բրիտանիայի կառավարության հայտարարությունում ասված է, որ երկիրը «շարունակելու է աշխատել Ուկրաինայի իշխանության հետ՝ փորձելով հասնել Բրիտանիայի բոլոր քաղաքացիներին ազատ արձակելուն, որոնք ծառայում են Ուկրաինայի Զինված ուժերում»։ ԱՄՆ-ն Ռուսաստանին և նրա «խամաճիկներին» կոչ է արել հարգել միջազգային հումանիտար իրավունքը։ Այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ ՄԱԿ գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը կազմակերպության անունից կոչ է արել, «որ ռազմական գործողությունների բոլոր ձերբակալված մասնակիցները միջազգային պաշտպանություն ստանան, և որ նրանց հետ վարվեն՝ Ժնևի կոնվենցիայի համաձայն»։ Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ԴԺՀ դատարանի վճիռը խեղկատակություն է անվանել, որը խախտում է ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով դատավճիռը, ասել է, որ այն կայացվել է ԴԺՀ օրենսդրության հիման վրա։ «Հանցագործությունները, որոնց մասին գնում է խոսքը, կատարվել են ԴԺՀ տարածքում։ Մնացածն արդեն, երևի թե, շահարկումների առարկա է։ Ես չէի միջամտի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իրավապահ և դատական համակարգերի գործերին», - ասել է նա։ ԴԺՀ-ում օտարերկրացիների գործով դատավճիռը կայացվել է այն բանից մի քանի շաբաթ անց, երբ Ուկրաինայում առաջին անգամ դատել են ռուսաստանցի զինվորականին՝ ներխուժման ժամանակ կատարած հանցագործությունների համար։ Մայիսի 23-ին ռուսաստանցի սպա Վադիմ Շիշիմարինը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ ռազմական հանցագործության՝ խաղաղ բնակչի սպանության համար։ Նորա Վանյան
17:44 - 10 հունիսի, 2022
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը 2021 թ-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները պետական հեղաշրջման փորձ է որակել

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը 2021 թ-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունները պետական հեղաշրջման փորձ է որակել

ԱՄՆ Կոնգրեսի՝ Կապիտոլիում ներխուժումը հետաքննող  հանձնաժողովը Վաշինգտոնում 2021 թ-ի հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգությունների համար գլխավոր պատասխանատու է ճանաչել այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է DW-ն։ «Հունվարի 6-ը պետական հեղաշրջման, կառավարությունը տապալելու հանդուգն փորձի գագաթնակետն էր։ Բռնությունը պատահական չէր։ Դա Թրամփի վերջին փորձն էր», - հայտարարել է հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Բեննի Թոմփսոնը հունիսի 9-ի երեկոյան հանրային լսումների առաջին փուլի բացման ժամանակ։ Քննչական հանձնաժողովի փոխնախագահ, հանրապետական Լիզ Չեյնին արձանագրել է․ «Նախագահ Թրամփն ամբոխին կանչել է, հավաքել և վառել  «հարձակման կրակը»»։ Կապիտոլիումի գրոհից հետո ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովն ուսումնասիրել է ավելի քան 140 հազար փաստաթուղթ և զրուցել ավելի քան հազար ականատեսների հետ՝ պարզելու համար Թրամփի դերն այն ժամանակվա իրադարձություններում։ Չեյնիի խոսքով՝ քննչական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ այն ժամանակվա նախագահն ընտրություններում խարդախության անարդար մեղադրանք է հնչեցրել, խրախուսել հուզումները՝ միջամտելու փոխարեն, և կոռուպցիայի է դիմել՝ նախագահի պաշտոնում մնալու համար։   Ենթադրյալ խարդախությունն ընտրություններում Պլանավորված վեց նիստերից մեկի շրջանակում, որը հեռարձակվում էր ուղիղ եթերում, հանձնաժողովի տեսադաշտում էին Թրամփի կարևորագույն խորհրդականներն ու ընտանիքի անդամները։ Լսումներին հրավիրվել էր նաև երկու ականատես՝ ոստիկան Քերոլայն Էդվարդզը, որն անկարգությունների հետևանքով գանգուղեղային վնասվածք է ստացել և օպերատոր Նիկ Քուեսթեդը, որը տեսանկարահանել է Proud Boys խմբավորման աջ ծայրահեղականներին։ Կոնգրեսականները ցուցադրել են տեսագրություններն ու Թրամփի դուստր Իվանկայի և նրա ամուսին Ջարեդ Քուշների, ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսի և գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի ցուցմունքները։ Թրամփի շտաբի անդամներն, այդ թվում՝ նրա դուստր Իվանկան, քննչական հանձնաժողովի տվյալներով, հերքել են ընտրություններում ենթադրյալ զեղծարարության մասին նախկին նախագահի կեղծ պնդումները։ Ավելի վաղ նույն բանն էին արել նաև մի շարք դատարաններ, պաշտոնյաներ և Թրամփի վարչակազմի անդամներ։ Միաժամանակ Դոնալդ Թրամփը մինչ օրս չի հրաժարվել այն պնդումներից, թե 2020 թ-ի նախագահական ընտրություններում իր պարտությունը մասշտաբային խարդախության հետևանք էր։ Լսումների առաջին փուլի նախաշեմին նա կտրուկ քննադատել է քննչական հանձնաժողովի գործունեությունը։ Թրամփը չի բացառում, որ կրկին իր թեկնածությունն առաջադրելու է 2024 թ-ին ԱՄՆ նախագահի ընտրություններում։ Նորա Վանյան
16:10 - 10 հունիսի, 2022
Ուկրաինան ասում է, որ գրեթե սպառել է ունեցած զինամթերքը, և հույսն արևմտյան զենքն է

Ուկրաինան ասում է, որ գրեթե սպառել է ունեցած զինամթերքը, և հույսն արևմտյան զենքն է

Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալի խոսքով՝ Ուկրաինան զիջում է Ռուսաստանին ճակատում և այժմ գրեթե ամբողջությամբ կախված է արևմտյան զենքից։ «Սա արդեն հրետանային պատերազմ է», - The Guardian-ին ասել է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Վադիմ Սկիբիցկին։  Նրա խոսքով՝ ապագան որոշվում է առաջնագծում և Ուկրաինան «պարտվում է հրետանու մասով»։ «Այժմ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ [զենք] կտա մեզ Արևմուտքը։ Ուկրաինայի ունեցած հրետանային մի կայանքը ռուսական 10-15-ի դեմ է։ Մեր արևմտյան գործընկերները մեզ տվել են իրենց ունեցածի շուրջ 10%-ը», - ասել է Սկաբիցկին։ Ուկրաինան այժմ օգտագործում է օրական 5-6 հազար հրետանային արկ։ «Մենք գրեթե ամբողջությամբ սպառել ենք մեր զինամթերքը և այժմ օգտագործում ենք ՆԱՏՕ-ի 155 տրամաչափի ստանդարտ արկերը», - ասել է Սկիբիցկին։   Նորա Վանյան
15:29 - 10 հունիսի, 2022
44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում

44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու մեջ մեղադրվող հրամանատարը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում

#Կարճասած Դատարանում այսօր սկսվեց 44-օրյա պատերազմի ժամանակ մարտի դաշտը լքելու եւ իշխանության անգործության մեջ մեղադրվող հրամանատար Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը: Վահանյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, ինչը զայրացրեց նիստին ներկա տուժողների իրավահաջորդներին: Զոհված եւ անհետ կորած բազմաթիվ զինծառայողների՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված ծնողներից բացի այս գործով տուժող են նաեւ ավելի քան 70 օր Հադրութի հարակից անտառներում թաքնված եւ 2020 թ․ դեկտեմբերի 20-ին փրկված ժամկետային 6 զինծառայողները, որոնցից դատարան էին ներկայացել Արման Արմաղանյանը եւ Դավիթ Սահակյանը։ #Մանրամասն Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրն այսօր մարդաշատ էր։ Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այստեղ սկսվեց Պաշտպանության բանակի N զորամասի գումարտակի հրամանատար, նույն ստորաբաժանման ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի վերաբերյալ գործի քննությունը։ Վահանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ եւ 380-րդ հոդվածի 1-ին մասերով՝ պատերազմի ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իշխանության անգործության եւ մարտի դաշտը ինքնակամ լքելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված կալանավորումը։ Նշենք, որ այս գործն ի սկզբանե ուղարկվել էր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ մարտի 28-ին դատավոր Լուսինե Սեփխանյանի նախագահությամբ կայացել է դատական նիստ։ Շաբաթներ անց, սակայն, ապրիլի 15-ին, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ գործի տարածքային ընդատությունը փոխելու վերաբերյալ, որը դատարանը բավարարել է այն հիմնավորմամբ, որ տուժողների իրավահաջորդների, նրանց ներկայացուցիչների եւ դատակոչված վկաների գերակշիռ մասի բնակության վայրը գտնվում է Սյունիքի մարզի վարչական տարածքից դուրս՝ ՀՀ տարբեր, այդ թվում՝ Երեւանին մոտ մարզերում։  Ընդատության փոփոխության այդպիսի հիմք նախատեսված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 50-րդ հոդվածով։ Նիստի սկզբում նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը դահլիճում ներկա տուժողներին եւ տուժողների իրավահաջորդներին ասաց՝ ոչ ոք չի կարող հասկանալ այն ցավը, որ նրանք են զգում, սակայն իրենք դատական գործընթաց են անցկացնելու, եւ ինքը, որպես դատավոր, պարտավոր է դատարանում նիստի կարգը ապահովել, ուստի խնդրում է ըմռնումով մոտենալ, չաղմկել եւ վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, հակառակ դեպքում դա համարժեք պատասխանատվության է հանգեցնելու։ Չնայած դատավորի հորդորին՝ դատական նիստը անցավ լարված մթնոլորտում։ Լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Նիստին ներկա անձանց ինքնությունը ճշտելու ընթացքում պարզ դարձավ, որ զոհված զինծառայողների՝ տուժողի իրավահաջորդ ճանաչված ծնողներից բացի դատարան են ներկայացել նաեւ ծնողներ, որոնք գործով իրավահաջորդ ճանաչված չեն, թեեւ նրանց որդիները եւս ծառայել են այն գումարտակում, որի հրամանատարը ամբաստանյալն է եղել։ Դատախազը պարզաբանեց՝ դա պայմանավորված է եղել նախաքննության ժամկետների սղությամբ․ «Ամբաստանյալի գործողությունների հետեւանքով, այո, տուժել են անձինք, սակայն քրեական գործի նախաքննության ժամկետների հետ կապված ստեղծվել էր իրավիճակ, երբ բոլոր տուժողներին հնարավոր չեղավ ճանաչել»,- ասաց նա՝ առաջարկելով գործի քննության ընթացքում այդպիսի տվյալներ հայտնաբերելու դեպքում համապատասխան անձանց ճանաչել տուժող, որից հետո նրանց ծնողներին՝ տուժողների իրավահաջորդ։ Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդներն ու ծնողները Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանը ընդգծեց՝ դա պետք է ոչ թե ընթացքում, այլ ի սկզբանե անել, քանի որ այդ մարդիկ իրենց իրավունքների պաշտպանության խնդիր ունեն։ Այնուհանդերձ, կողմերը չառարկեցին այս փուլում դատական նիստը շարունակելուն։ Դատավոր Ջոն Հայրապետյանը պարզաբանեց, որ ցանկացած անձ, որը համարում է, որ առաջադրված մեղադրանքի սահմաններում իրեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ նյութական վնաս, իրավունք ունի դիմում հասցեագրել դատարան՝ իրեն տուժող կամ եթե տուժողը կենդանի չէ, ապա տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Այնուհետեւ դատավորը ճշտեց ամբաստանյալի ինքնությունը։ Դատավորի հարցերին ի պատասխան՝ Իշխան Վահանյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ծնվել է Երեւանում, 37 տարեկան է, ամուսնացած, խնամքին կա երկու անչափահաս՝ 14 եւ 15 տարեկան երեխա, նախկինում դատապարտված չի եղել։ Վահանյանն ունի զինվորական բարձրագույն կրթություն, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ծառայել Արմավիրի ուսումնական բրիգադում, Մեհրաբի զորամասում, ապա՝ Ջաբրայիլում։ Դատավորը ճշտեց դատավարության մյուս մասնակիցների ինքնությունները եւս, պարզաբանեց նրանց իրավունքներն ու պարտականությունները, հետաքրքրվեց՝ կողմերը ունե՞ն բացարկի, ինքնաբացարկի կամ այլ միջնորդություններ։ Քանի որ այդպիսիք առկա չէին, դատարանը սկսեց դատաքննության փուլը։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը Մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը, հրապարակելով մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հայտնեց, որ Իշխան Վահանյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա, ՊԲ N զորամասի հրամանատարի համապատասխան հրամանի համաձայն՝ 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես ՊԲ N զորամասի գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի՝ ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Դատախազի խոսքով՝ դրանից բացի Իշխան Վահանյանը նույն օրը «Խուռհատ» սարի վրա տեղի ունեցած մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտական դիրքը:  Լուսանկարում՝ դատախազ Գեւորգ Ավետիսյանը Մասնավորապես, Վահանյանը, ըստ մեղադրանքի, ՊԲ N զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հրաման է ստացել իր ենթակայության ներքո գտնվող գումարտակի անձնակազմի հետ տեղափոխվել Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող «Խուռհատ» սարի վրա եւ իրականացնել հիշյալ վայրում տեղակայված մարտական դիրքերի պաշտպանությունը, ինչն արվել է հոկտեմբերի 9-ին։ Մեկ օր անց՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդն անցել է հարձակման, որի ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ Իշխան Վահանյանը չի կատարել ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ իր վրա դրված բազում պարտավորություններ, ինչպես, օրինակ, հավատարիմ մնալ զինվորական երդմանը, անձնուրաց կերպով ծառայել իր ժողովրդին, արիաբար, հմտորեն, չխնայելով սեփական արյունը եւ նույնիսկ կյանքը, խստորեն պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները,  իր բացակայության դեպքում պարտականությունների կատարումը թողնել տեղակալին, պատասխանատու լինել իրեն վստահված ստորաբաժանման կողմից մարտական առաջադրանքների հաջող կատարման եւ գումարտակը հմտորեն ղեկավարելու համար, կազմակերպել ավագ պետի առաջադրած խնդիրների կատարումը, ղեկավարել ենթակա ստորաբաժանումների կողմից ստացած խնդրի կատարումը, մարտի վճռական պահերին գտնվել առավել կարեւոր ուղղությունում եւ իր ենթակայության տակ եղած ուժերով ու միջոցներով ժամանակին ազդել մարտի վրա եւ այլն։  Լուսանկարում՝ տուժողների իրավահաջորդները Ըստ մեղադրանքի՝ Վահանյանը, տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր անվտանգությունը վեր է դասել ենթակայության տակ գտնվող զինծառայողների անվտանգությունից, անտեսել իր ենթակայության տակ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների նորակոչիկ լինելու եւ մարտական հմտություններին բավարար չտիրապետելու հանգամանքները, ինչպես նաեւ մարտի դաշտը չթողնելու եւ ենթակա անձնակազմի անվտանգությունն ապահովելուն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի պահանջը եւ որեւէ միջոց չի ձեռնարկել առաջադրված խնդրի կատարումն ապահովելու ուղղությամբ․ «Փոխարենը մարտական գործողությունների ընթացքում աջ ազդոսկրի վերին երրորդականի կույր բեկորային վիրավորման ձեւով թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք ստանալը որպես պատրվակ օգտագործելով՝ Վահանյանը վերցրել է վերադաս հրամանատարության հետ կայուն կապ հաստատելու համար նախատեսված «Հայտեռա» տեսակի միակ կապի միջոցը եւ պարտականությունների կատարումը տեղակալներից որևէ մեկին չփոխանցելով՝  անձնակազմին թողել առանց պատշաճ ղեկավարման եւ ղեկավարման միջոցների, որից հետո, նստելով ավտոմեքենան՝ ինքնակամ լքել մարտադաշտ հանդիսացող վերոնշյալ մարտական դիրքը»,- հայտարարեց դատախազը։ Ըստ նրա՝ իշխանության այդպիսի անգործությունն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ․ «Մասնավորապես, գումարտակի անձնակազմը, մնալով առանց պատշաճ հրամանատարական ղեկավարման եւ կապի միջոցի, մատնվել է խուճապի, փորձել է հնարավոր միջոցներով եւ եղանակներով պաշտպանվել, սակայն համակարգված մարտական գործողություններ վարելու եւ միասնական ղեկավարման բացակայության պայմաններում դա նրանց չի հաջողվել, որպիսի պայմաններում հնարավորություն չի եղել նաեւ վերադաս շտաբից տեղեկանալ հակառակորդի կողմից Հադրութ քաղաք ներթափանցելու վերաբերյալ»։ Համաձայն մեղադրական եզրակացության՝ դրա արդյունքում գումարտակի անձնակազմի մի մասը նահանջել է նշված քաղաքի ուղղությամբ, որոնցից, ի թիվս այլոց, զոհվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ Տիգրան Ագանեսյանը, Նարեկ Ղազարյանը, Հարութ Ղարախանյանը, Սուրեն Խեչումյանը, Էրիկ Մարտիրոսյանը, Արտաշես Այվազյանը, Հայկ Հարությունյանը, Սասուն Պետրոսյանը, Ալբերտ Ստեփանյանը, Սամվել Սամբատովը, Կարեն Ներսեսյանը, Գրիշա Գրիգորյանը, Դավիթ Ադոյանը, Արտյոմ Մկրտչյանը, Արման Գաբրիելյանը և Ռաֆիկ Սահակյանը, հակառակորդի կողմից գերեվարվել են Էրիկ Գասպարյանը, Ալբերտ Գրիգորյանը, Նարեկ Սիրունյանը, Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Կարեն Մանուկյանը և  Արայիկ Գալստյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ Արման Արմաղանյանը, Արթուր Հարությունյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Դավիթ Սահակյանը, Արսեն Այվազյանը, Ռուսլան Թումանյանը, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Ալեքսանյանի գտնվելու վայրը մինչեւ օրս հայտնի չէ։ Լուսանկարում՝ ամբաստանյալ Իշխան Վահանյանը, պաշտպան Գեւորգ Պարունակյանը Մեղադրական եզրակացության հրապարակումից հետո դատավորի հարցին՝ հասկանալի՞ են իրեն մեղադրանքի էությունն ու իրավաբանական որակումը, Իշխան Վահանյանը դրական պատասխան տվեց։ Նա նաեւ հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում։ Ապացույցների հետազոտման ժամանակ նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց Լսելով կողմերի կարծիքը՝ դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետեւյալ հաջորդականությունը․ նախ կհետազոտվեն գործում առկա նյութերը, ապա՝ իրեղեն ապացույցները, եթե այդպիսիք առկա են, որից հետո կհարցաքննվեն վկաները, տուժողները եւ տուժողների իրավահաջորդները, իսկ վերջում՝ ամբաստանյալը։ Ըստ այդմ, մեղադրող դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց Վահանյանի հեռախոսահամարների վերծանումների զննության արձանագրությունները։ Դրանք պարունակում էին տեղեկություններ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում կատարված մուտքային եւ ելքային զանգերի վերաբերյալ։ Ըստ դատախազի՝ զննությամբ պարզվել է, որ կատարված զանգերի մեջ ՊԲ N զորամասի հրամանատար Արթուր Քարամյանի հեռախոսահամարը առկա չէ։ Վահանյանը, սակայն, հակառակը պնդեց՝ կարծիք հայտնելով, որ դա գուցե պայմանավորված է Արցախի հեռախոսահամարների 097 կոդով․ «Նախաքննության ժամանակ ասել են, որ բարդ պրոցես է, ՀՀ համարները կարողացել են հանել, Արցախինը դեռ հանում էին»,- նշեց նա։ Դատավորը, սակայն, նկատեց՝ հրապարակված հեռախոսահամարների մեջ կային 097 կոդով սկսվող զանգերի վերծանումներ։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանն էլ հայտնեց, որ միջնորդություններ են ներկայացվել հենց «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությանը եւ այնտեղից են ստացվել տեղեկությունները․ «Եվ ինչպես դատարանը նշեց, այդ զանգերի մեջ կան նաեւ 097 կոդով, այսինքն՝ Ղարաբաղից իրականացված զանգեր, ամբողջ տեղեկութոյւնը ստացվել է, եւ ինչ զանգ կա, արձանագրվել է»,- ասաց նա։ Լուսանկարում՝ տուժողի իրավահաջորդ Վարդուհի Մանուկյանը Ամբաստանյալի առարկությունները զայրացրին դահլիճում ներկա ծնողներին, որոնք սկսեցին վիրավորական արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին՝ ասելով նաեւ․ «Ի՞նչ ես հեքիաթ պատմում», «Սա էլ արդարանալու նոր ձե՞ւ է», «Փոխանակ աչքերը կախի, մարդկանց դեմքերին է նայում», «Սրա նման սրիկաները իմ երկու տղայի եւ հինգ հազար էրեխու գլուխն են կերել, իմ տունը քանդել են» եւ այլն։ Դատավորը փորձեց հանդարտեցնել տուժողների իրավահաջորդներին, որոնցից մեկը՝ Վարդուհի Մանուկյանը, ասաց․ «Չի ստացվում, չեմ կարողանում իմ էմոցիաները զսպել, երբ նրան տեսնում եմ»։ Դատավորը պարզաբանեց, որ խոսելու իրավունք ունեն ինչպես տուժողների իրավահաջորդները, այնպես էլ ամբաստանյալը․ «Բայց ստելու իրավունք նա չունի»,- արձագանքեց Մանուկյանը։ Իսկ երբ դատավորը փորձեց մեջբերել օրենքը, Մանուկյանը, ձեռքի ժամացույցը նետելով ամբաստանյալի ուղղությամբ, բղավեց․ «Այդ օրենքը միայն մե՞զ համար է գործում»։ Դատական նիստը ընդմիջվեց։ Լուսանկարում՝ ժամացույցը Հետազոտվեցին Իշխան Վահանյանի ստացած վնասվածքի եւ բուժման  վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի բժշկական փաստաթղթերը Ընդմիջումից հետո դատարանը շարունակեց ապացույցների հետազոտումը։ Դատախազ Գեւորգ Ավետիսյանը հրապարակեց ամբաստանյալի բուժման վերաբերյալ Զանգեզուրի կայազորային հոսպիտալից ստացված որոշ փաստաթղթեր։ Դրանցից պարզ էր դառնում, որ Իշխան Վահանյանը 2020 թ․ հոկտեմբերի 10-ին ընդունվել է հոսպիտալ «աջ ազդրի կույր բեկորային վնասվածք» ախտորոշմամբ, որից հետո կատարվել է վերքի մշակում, վիրակապում։ Հոկտեմբերի 13-ի դրությամբ վերքի վիճակը գնահատվել է հանգիստ, կատարվել են վիրակապումներ, իսկ հոկտեմբերի 15-ին նշվել է, որ հիվանդի վիճակը բավարար է, տվյալները նորմայի սահմաններում են։ Այնուհանդերձ, երկու օր անց՝ հոկտեմբերի 17-ին, Վահանյանը, ըստ ներկայացված փաստաթղթերի, վիրահատվել է, նրան տրամադրվել է 10-օրյա վերականգնողական արձակուրդ։ Հհոկտեմբերի 27-ին արդեն նշվել է, որ նա պիտանի է ծառայության եւ դուրս է գրվում զորամաս։ Այս ապացույցների հրապարակումից հետո հայտարարությամբ հանդես եկավ տուժող Արման Արմաղանյանը։ Վերջինս, հիշեցնենք, մեկն է այն 6 տղաներից, որոնք շուրջ 70 օր թաքնվել էին Հադրութի հարակից անտառներում եւ որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել եւ փրկվել։ Նա ասաց, որ Վահանյանի զորքից է եղել եւ նրան շատ լավ ճանաչում է․ «Հոկտեմբերի 6-ի կողմերը Վահանյանը կողքից վիրավորում է ստացել, իսկ 10-ին, երբ ձորից իջնում էինք, ինձնից մի տասը մետր այն կողմ նորմալ քայլում էր, երբ տեսավ՝ կամազներ են գալիս, կողքը բռնեց, սկսեց դժվար քայլել»,- նշեց նա։ Լուսանկարում՝ տուժող Արման Արմաղանյանը Հայտարարությամբ հանդես եկավ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանը՝ ընդգծելով այս ապացույցի կարեւորությունը․ «Դրանք հավաստում են մեկ բան․ ամբաստանյալը, լինելով հրամանատար, հնարավորություն ունենալով վիրակապի միջոցով այդ պահին մնալ դիրքերի վրա եւ ղեկավարել, օգտագործել է  բժշկության հետ կապված զինվորական իր գիտելիքները այն մասին, որ նման պարագայում հնարավոր է եւ արձակուրդ ստանալ, եւ չարամտորեն խուսափել, փախել է»,- ասաց նա։ Զոհված զինծառայողներից մեկի հայրն էլ հայտարարեց՝ գուցե կարիք կա, որ բժիշկը գա եւ հարցաքննվի․ «Որովհետեւ երեւում է, որ կարող է նաեւ հանցավոր համաձայնություն եղած լինել նրա հետ»,- ասաց նա։ Դատախազը տեղեկացրեց, որ հիշյալ բժիշկը դատակոչի ցուցակում ներառված է եւ որպես վկա հրավիրվելու դատարան՝ հարցաքննության։ Այնուհետեւ հրապարակվեց գործով վկա Արսեն Ղուկասյանի կողմից ներկայացված լազերային սկավառակի զննությունը։ Դրանում առկա էր հեռախոսային խոսակցություն, որը Ղուկասյանը ձայնագրել է 2020 թ․ հոկտեմբերի 10-ին (այսինքն՝ նույն օրը, երբ Վահանյանը, ըստ մեղադրանքի, լքել է մարտի դաշտը,- հեղ․)։ Նախաքննության փուլում նա հայտնել է, որ այդ օրը իրեն է զանգահարել իր եղբորորդին՝ Սարգիս Ղուկասյանը (որի հայրը զոհվել է 44-օրյա պատերազմում,- հեղ․) եւ կապի դասակի հրամանատար Հովհաննես Մուրադյանի օգնությամբ փորձել է նկարագրել տեղանքը, բացատրել, թե իրենք որտեղ են գտնվում այդ պահին․ «Հադրութի պոստից որ նայում ես դեպի հակառակորդ, հենց ուղիղ աջ կողմը մենք ենք, անտառի մեջ ենք, սարի գլխին, ես ԱԱԾ զորքին ասացի, որ մենք սարի գլխին երեք դիրք ունենք դրած, հիմա էդ դիրքից կրակում են մեզ, պիտի իմանան՝ եթե մերոնք են, ասեն՝ չկրակեն, գնանք գոնե այնտեղ․․․ Մեկին ասեք՝ հետս կապվի, հասկանանք՝ զորքը ոնց տանենք ավելի ապահով տեղ»,- նշված էր արձանագրությունում։ Արսեն Ղուկասյանը հայտնել է, որ այդ հեռախոսազրույցից հետո ինքն այլեւս չի կարողացել կապ հաստատել եղբորորդու հետ, եւ մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Այսպիսով, այսօրվա դատական նիստը ավարտվեց։ Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 20-ին։   Միլենա Խաչիկյան
23:55 - 09 հունիսի, 2022
300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով

300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով

Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։  Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը նախագծի քննարկման ընթացքում ասաց՝ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնելու 2022 թ. հունվարի 18-ին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, որի համաձայն՝ 300 հազար դրամից ավելի գործարքների դիմաց վճարումները պետք է կատարվեն անկանխիկ եղանակով: Սա վերաբերում է, մասնավորապես, գույքի օտարման, օգտագործման, աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման գործարքներին, որոնց գինը գերազանցում է 300 հազար դրամը կամ օրինակ՝ 500 հազար դրամը, եթե դրանք այնպիսի գործարքներ են, որոնց արդյունքում գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են գրանցման: Դրանք են, օրինակ՝ անշարժ  գույքի առք ու վաճառքը կամ ֆիզիկական անձանց միջեւ փոխառությունները՝ 300 հազար դրամը գերազանցելու դեպքում  եւ այլն։  «Այս կարգավորումները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ապահովել, որ նմանատիպ գործարքներն իրականում կատարվեն անկանխիկ եղանակով»,- ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ քննարկվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ այն դեպքում, երբ չեն պահպանվել նշված օրենքի պահանջները, տվյալ գործարքը կհամարվի առոչինչ եւ անվավեր: Նախագիծն ընդունվեց 56 դեմ, 0 կողմ ձայներով։
19:32 - 09 հունիսի, 2022
Թուրքիան աջակցում է ադրբեջանական բանակի արդիականացման ջանքերին․ Էրդողան

Թուրքիան աջակցում է ադրբեջանական բանակի արդիականացման ջանքերին․ Էրդողան

Թուրքիան աջակցում է ադրբեջանական բանակի արդիականացման ջանքերին, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իզմիրում «Efes-2022» զորավարժությունների ժամանակ ունեցած իր ելույթում, գրում է «Անադոլու» գործակալությունը։ «Մենք համապատասխան քայլեր ենք ձեռնարկում լայն տարածքում՝ Ադրբեջանից մինչև Լիբիա, Բալկաններից մինչև Կենտրոնական Ասիա։ Հենց այս մոտեցումների շրջանակում մենք 2020 թ-ին սատարեցինք մեր ադրբեջանցի եղբայրներին Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ», - ասել է նա։ Այդ գործընթացում, նշել է Էրդողանը, Թուրքիան գործել է «մեկ ազգ և երկու պետություն» սկզբունքի հիման վրա։ «Այժմ Մշտադիտարկման կենտրոնում Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ ջանքեր են գործադրում հրադադարի ռեժիմի պահպանման համար», - ասել է նա։ Բացի այդ, նրա խոսքով, երկու երկրները «սերտորեն համագործակցում են ռազմական պատրաստության և ադրբեջանական բանակի արդիականացման, ինչպես նաև ականների որոնման և ականազերծման  հարցերի շուրջ»։   Նորա Վանյան
19:06 - 09 հունիսի, 2022
Հայաստանը 64 խոշորացված համայնք կունենա․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության նախագիծը

Հայաստանը 64 խոշորացված համայնք կունենա․ ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց կառավարության նախագիծը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստի ընթացքում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը։  Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նախագծի քննարկման ընթացքում տեղեկացրեց, որ 2016 թվականին սկսված համայնքների միավորման, խոշորացման գործընթացի արդյունքում, մինչև այսօր Հայաստանի 908 բնակավայր միավորվել ու խոշորացվել է 72 համայնքի մեջ: Սանոսյանը նշեց՝ նախագծով առաջարկում են այս պահին գործող 13 խոշորացված համայնքները միավորել 5 համայնքների մեջ: Այդ համայնքներն են Արագածոտնի մարզում միավորել Թալին և Արագածավան խոշորացված համայնքները: Նրանք միասին կընդգրկեն 34 բնակավայր: Գեղարքունիքի մարզում կմիավորվեն ճամբարակն ու Շողակաթը՝ ընդգրկելով 19 բնակավայր: Լոռու մարզում նախատեսվում է ունենալ Ալավերդի խոշորացված համայնք, որը կընդգրկի Օձունը, Շնողը, Ախթալան և Ալավերդին՝ 28 բնակավայր միասին: Լոռու մարզում կմիավորվեն Տաշիրը, Մեծավանը, Սարչապետը՝ միասին 24 բնակավայր: Սյունիքի մարզում նախատեսվում է միավորել Սիսիան և Գորայք խոշորացված համայնքները՝ թվով 36 բնակավայր: «Այսպիսով, այս 13 համայնքները, որոնք միասին 141 բնակավայր են, առաջարկում ենք միավորել 5 համայնքների մեջ: Արդյունքում Հայաստանում կունենանք 64 խոշորացված համայնքներ»,-ասաց նախարարը: Նա նշեց՝ Հայաստանում այժմ գոյություն ունեցող 79 համայքների թիվը կկրճատվի և կլինեն  71 համայնքներ։  Սանոսյանն ասաց՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի նախագծով առաջարկում ենն վերոնշյալ համայնքներում նշանակել համայնքի ավագանու ընտրություն , եղած ՏԻՄ-երի լիազորությունները դադարեցնել և դրանց ժամկետի սստանձնման հետ կապված որոշակի իրավական կարգավորումներ սահմանել։ Նախագիծն ընդունվեց 55 կողմ, 0 դեմ ձայներով։
18:55 - 09 հունիսի, 2022
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքում փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքում փոփոխությունների նախագիծը։  Նախագծով,  մասնավորապես առաջարկվում է փոփոխել «պաշտոնատար անձ» հասկացությունը՝ դրանում ներառելով նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց, ինչպես նաև ընդլայնել ուսումնասիրություն սկսելու հիմքերը:  «Նախագծով առաջարկվում է փոփոխել պաշտոնատար անձ հասկացությունը՝ դրանում ներառելով նաև հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց: Ներկայումս պաշտոնատար անձինք օրենքի իմաստով հանդիսանում են միայն հանրային ծառայության իմաստով հանրային պաշտոն զբաղեցնող անձինք: Առաջարկվում է իրավասու մարմնի համար նախատեսել նոր լիազորություն խիստ սահմանափակ դեպքերում, մասնավորապես այն դեպքերում, երբ իրավասու մարմնի վարույթում առկա կլինի ուսումնասիրություն՝ սեփական նախաձեռնությամբ նախաձեռնել նոր ուսումնասիրություն, որը կվերաբերի միայն պաշտոնատար անձին կամ նրան փոխկապակցված անձին»,-նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում ասել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը։  Օրենքի նախագծով առաջարկվում է նաև ընդլայնել ուսումնասիրության ժամկետը  և 2 տարվա փոխարեն նախատեսել 3 տարի՝ որպես հնարավորություն իրավասու մարմնի համար, որպեսզի վերջինս կարողանա պատշաճ կերպով կատարել բոլոր ուսումնասիրությունները և իրականացնել արդյունավետ քննություն: Նախագիծն ընդունվեց 56 կողմ, 0 դեմ ձայներով։
18:31 - 09 հունիսի, 2022
Ուկրաինական հացահատիկի վերաբերյալ համաձայնագրեր չկան․ Պեսկով

Ուկրաինական հացահատիկի վերաբերյալ համաձայնագրեր չկան․ Պեսկով

Թուրքիային և մերձավորարևելյան երկրներին ուկրաինական հացահատիկի վաճառքի վերաբերյալ ոչ մի համաձայնություն դեռ ձեռք չի բերվել, ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, դեռևս ոչ մի հստակ համաձայնագիր չկա։ Աշխատանքը շարունակվում է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ լրագրողներին մեկնաբանելով այն լուրը, թե Մելիտոպոլից Ղրիմ է ուղարկվել ուկրաինական հացահատիկով բեռնված առաջին գնացքը՝ Թուրքիային կամ Մերձավոր Արևելքի երկրներին հացահատիկի վաճառքի համար։ Պեսկովը նշել է, որ չի կարող հաստատել լուրը, քանի որ նման տեղեկություններ չունի։ Այն մասին, որ ցորենով բեռնված առաջին գնացքը Զապորոժիեի՝ ռուսական վերահսկողության տակ հայտնված հատվածից մեկնել է Ղրիմ, հունիսի 7-ին հայտարարել է շրջանի, այսպես կոչված, ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Եվգենի Բալիցկին։ Նրա խոսքով՝ հացահատիկով բեռնված 11 վագոն է ուղարկվել, մոտակա ժամանակներս կարող են ուղարկվել «հարյուրավոր և հազարավոր» վագոններ։ Նորա Վանյան
17:07 - 09 հունիսի, 2022
Ռուսաստանը Բելառուսին $1,5 միլիարդ կտրամադրի՝ ներմուծման փոխարինման ծրագրերի համար․ Լուկաշենկո

Ռուսաստանը Բելառուսին $1,5 միլիարդ կտրամադրի՝ ներմուծման փոխարինման ծրագրերի համար․ Լուկաշենկո

Ռուսաստանը $1,5 միլիարդ կտրամադրի Բելառուսին՝ ներմուծման փոխարինման ծրագրերին մասնակցելու համար, ինչպես գրում է ԲելՏԱ լրատվական գործակալությունը, հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Նախագահ Պուտինի հետ վերջերս ենք այդպիսի որոշում կայացրել։ Մեր կողմից ռուսաստանցիներին առաջարկել ենք հստակ նածագծեր, որոնք շատ են պետք և մոտակա ժամանակներս պահանջարկ կունենան ոչ միայն Բելառուսում, այլև Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանցիները շուրջ մեկ ու կես միլիարդ դոլար են տրամադրում այս ծրագրերի համար միայն Բելառուսի տարածքում։ Մենք հասկանում ենք, որ առանց ներմուծման փոխարինման [․․․] մեզ համար շատ դժվար կլինի զարգանալը», - ընդգծել է Լուկաշենկոն։ Մայիսի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Բելառուսն ու ՌԴ-ն մի շարք ուղղություններով աշխատելու հնարավորություն ունեն։ «Մենք նախագահ Լուկաշենկոյի հետ […] խոսել ենք այս մասին, նույնիսկ պայմանավորվել ենք առանձին ֆինանսավորում տրամադրել Բելառուսի ներսում այնպիսի նախագծերի իրականացմանը, որոնց արտադրանքը պահանջված կլինի Ռուսաստանում», - ասել էր ՌԴ նախագահը։ Նորա Վանյան
15:44 - 09 հունիսի, 2022
«Մենք օրական մինչև 100 զոհ ենք տալիս»․ Ուկրաինայի պաշտպանության նախարարը՝ Դոնբասի մարտերի մասին

«Մենք օրական մինչև 100 զոհ ենք տալիս»․ Ուկրաինայի պաշտպանության նախարարը՝ Դոնբասի մարտերի մասին

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է Դոնբասի ռազմական գործողությունների գոտում Ուկրաինայի զինված ուժերի կորուսների մասին, գրում է Meduza-ն։ «Իրավիճակը ճակատում ծանր է։ Օրական զոհվում է մինչև 100 մարտիկ, մինչև 500-ը վիրավորվում է», - Ֆեյսբուքում գրել է Ռեզնիկովը։ Նրա խոսքով՝ ռուսական բանակը «բախվում է հզոր դիմադրության, հսկայական կորուստներ է կրում, սակայն դեռևս ուժ ունի՝ ճակատի առանձին հատվածներում առաջ շարժվելու համար»։ Կորուստների մասին Ռեզնիկովի հայտնած տվյալները համընկնում են այն գնահատականի հետ, որն ավելի վաղ տվել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա հունիսի 1-ին ասել էր, որ Դոնբասի մարտերում օրական զոհվում է 60-100 ուկրաինացի զինվորական, շուրջ 500-ը վիրավորվում է։ Արևմտյան աղբյուրներն ավելի վաղ հայտնել էին, որ Դոնբասի համար մարտերում ռուսական զորքերը հրետանու զգալի առավելություն ունեն։Նորա Վանյան
15:27 - 09 հունիսի, 2022
Կառավարությունը սահմանեց առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը

Կառավարությունը սահմանեց առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը

Կառավարությունն  այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով սահմանեց էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվության կառավարման կարգը։  Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավավորված տեղեկատվությունը համարվում է ՀՀ սեփականությունը, որի կառավարումն իրականացվում է ՀՀ սահմանված կարգով։ «Առողջապահության ոլորտի արդյունավետ կառավարման և հետագա զարգացման համար կարևոր նախապայման է ժամանակակից էլեկտրոնային առողջապահության համակարգի առկայությունը, որը հնարավորություն է ընձեռում արդյունավետ կերպով իրականացնել բնակչության առողջապահական տվյալների մուտքագրումը, մշակումը, պահպանումը, արխիվացումը, անձնական տվյալների ապանձնավորումը, օգտագործումը էլեկտրոնային միջավայրում»։
13:46 - 09 հունիսի, 2022
Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս  դրսևորել խուլիգանական վաքագիծ․ Ավանեսյանը՝ նախարությունում տեղի ունեցած միջադեպի մասին

Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս դրսևորել խուլիգանական վաքագիծ․ Ավանեսյանը՝ նախարությունում տեղի ունեցած միջադեպի մասին

Պատգամավորական մանդատը որևէ անձի թույլ չի տալիս դրսևորել խուլիգանական վաքագիծ։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին, երբ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մտել էին Ավանեսյանի գրասենյակ և լուսանկարներ նետել նրա ուղղությամբ։  Միջադեպից հետո Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, , որ դիմելու է ԱԺ` քննելու պատգամավորների ցուցաբերած վարքագիծը: Ավանեսյանը հույս հայտնեց, որ երբ ԱԺ-ում ստեղծվի էթիկայի հանձնաժողով, այն մանրամասն կքննի պատգամավորների վարքագիծը և դրան խստորեն արձագանք կլինի։ «Ազգային ժողովը բաց է, 2021 թ․-ի ընտրությունների արդյունքում ընտրվել են պատգամավորներ, նրանք պարտավոր են գալ իրենց աշխատանքի վայր, և ունեն բոլոր հնարավորությունները, հարթակները՝ հանդիպելու նախարարի հետ, ուղղելու հարցեր, քննադատություն և այլն։ Բայց չգիտես ինչու օրենքով սահմանված, քաղաքակիրթ երկրներին բնորոշ հարթակները թողած անձիք ոչ թե հանդիպում են ուզում, այլ ուղղակի բեմականացված, գռեհիկ շոուներ»,-ասաց նա։  Ավանեսյանն ընդգծեց՝ ոստիկանական ուժերը և  բոլոր իրավապաները պետք է խստիվ գործեն օրենքի շրջանակում․ «Ժողովրդավարության սկզբունքները Հայաստանում պահպանվում են 2018 թ․-ից, և դրա վերաբերյալ ամեն տարի բազմաթիվ արձանագրում են լինում, և տարեցտարի Հայաստանը՝ որպես ժողովրդավար երկիր իր դիրքերը բարելավում է, բայց ժողովրդավարությունը չի նշանակում անօրինականություն, հակառակը, ժողովրդավարությունը նշանակում է օրենքի ուղիղ գերակայություն»։
12:57 - 09 հունիսի, 2022
 ԶՈՒ ԳՇ պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին

ԶՈՒ ԳՇ պետը՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Կառավարությանն այսօրվա նիստի ընթացքում հավանություն տվեց «Պաշտպանության մասին» օրենքում և կից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագծի քննարկման ընթացքում ասաց՝ օրենքում նորովի են շարադրվում պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունները, դրանցում առանձին սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորաավաքի ոլորտում իրավասությունները, Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում։ Խմբագրվում և հստակեցվում են Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի և պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի լիազորությունների շրջանակը․ «Զինված ուժերի ապահովումների գործընթացում Պաշտպանության նախարարությանն են վերապահվում բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, Զինված ուժերի կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը։ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանալու պաշտպանության նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ համապատասխան առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում նաև պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում»,-ասաց Պապիկյանը։  Նա  նաև նշեց՝  2020 թ․-ին հայտարարված զորահավաքային զորակոչի վերլուծության արդյունքներով ավելանում են ընտանեկան որոշակի պայմաններ ունենալու դեպքում զորահավաքային զորակոչի ոչ ենթակա անձանց շրջանակը։ Փաշինյանն էլ նկատեց՝ նախագծում ամենակարևոր և առանցքային դրույթները երկուսն են․ «Այն Գլխավոր  շտաբի պետը դառնում է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, և երկրորդը, որ գնումների ամբողջ համակաարգը իրականացվում է Պաշպանության նախարարության կողմից, այսինքն՝ Գլխավոր շատբը գնումներով չի զբաղվում, Գլխավոր շտաբը զբաղվում է բացառապես իր գործառույթներով, նկատի ուենմ՝ Զինված ուժերի նախատեսված գործառույթներով»։
12:10 - 09 հունիսի, 2022