Ինֆոքոմ

Իրանը հայտնել է, որ Հունաստանը երկրին կվերադարձնի ձերբակալված լցանավի նավթը

Իրանը հայտնել է, որ Հունաստանը երկրին կվերադարձնի ձերբակալված լցանավի նավթը

Հունաստանը որոշել է ազատ արձակել իրանական նավթով բեռնված լցանավը, բեռը կվերադարձվի սեփականատիրոջը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով Իրանի  նավահանգիստների և նավարկության կազմակերպության հայտարարությունը։ Ավելի վաղ հունական դատարանը որոշում էր կայացրել, որի համաձայն՝ լցանավի նավթը կարող էր փոխանցվել ԱՄՆ-ին, սակայն, Reuters-ի տվյալներով, այդ որոշումը չեղարկվել էր։ «Հունաստանի կառավարությունը համապատասխան հրահանգ է տվել, և ներկա պահին իրականացվում է նավն ազատ արձակելու և բեռը սեփականատիրոջը վերադարձնելու ընթացակարգ», - ասված է իրանական գերատեսչության հաղորդագրությունում։ Ռուսական դրոշի ներքո նավարկող Pegas լցանավը ձերբակալվել էր հունական Կարիստոս քաղաքի նավամատույցում ապրիլի 19-ին։ Ձերբակալման մասին որոշումն ընդունվել էր ԵՄ սահմանած պատժամիջոցների շրջանակում, որոնց համաձայն՝ արգելվում է ռուսական նավերի մուքտը եվրոպական նավահանգիստներ։ Մայիսին, հունական լրատվամիջոցների տվյալնլերով, ԱՄՆ-ն Հունաստանի դատական մարմիններին հարցում էր ուղարկել՝ պահանջելով կալանք դնել ռուսական լցանավի նավթի վրա։ Վաշինգտոնը պնդում է, որ այդ նավթն Իրանից է, իսկ ընկերությունը, «որը շահույթ կստանա դրա վաճառքից», ԱՄՆ սև ցուցակում է՝ ահաբեկչության ֆինանսավորման կասկածների պատճառով։   Նորա Վանյան  
17:33 - 14 հունիսի, 2022
Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտման ֆիննական կենտրոնն (CREA) զեկույց է հրապարակել, որում նշել է, որ էներգակիրների արտահանման հաշվին Ռուսաստանն $98 միլիարդ է վաստակել Ուկրաինայի դեմ պատերազմի 100 օրվա ընթացքում։ Ընդ որում, այդ էներգակիրների խոշորագույն ներկրողը Եվրամիությունն է։ Al Jazeera-ն անդրադարձել է զեկույցին, հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «CREA ֆիննական անկախ կենտրոնի այսօրվա զեկույցը հրապարակվել է այն շրջանում, երբ ռուսական զորքերը շարունակում են դանդաղ, բայց հաստատուն առաջընթացն՝ Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի շրջանի ամբողջական գրավման արշավի շրջանակում։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն Ուկրաինային զենք և գումար են տրամադրել, որպեսզի օգնեն նրան դիմակայել Ռուսաստանի գրոհին, ինչպես նաև Մոսկվային պատժել են աննախադեպ տնտեսական պատժամիջոցներով։ Սակայն Կիևն արևմտյան երկրների կոչ է արել խզել Մոսկվայի հետ բոլոր առևտրային կապերը՝ հույս ունենալով, որ դա կխլի նրանից ֆինանսական այդ փրկօղակը փետրվարի 24-ի ներխուժումից հետո։ Պատերազմից առաջ Ռուսաստանը Եվրամիությանը գազ էր մատակարարում նրա պահանջարկի 40%-ի չափով, և նավթ՝ 27%-ի չափով։ Այս ամիս ավելի վաղ ԵՄ-ն համաձայնության է եկել ռուսական նավթի մեծ մասի ներկրումից հրաժարվելու շուրջ և մտադիր է այս տարվա ընթացքում երկու երրորդով նվազեցնել գազի ներկրումը։ CREA-ի հաշվետվության համաձայն՝ պատերազմի առաջին 100 օրվա ընթացքոմ Եվրամիությանը բաժին է ընկել ռուսական էներգակիրների արտահանման 61%-ը, որը համարժեք է $60 միլիարդին։ Ընդհանուր առմամբ, առաջատար ներկրողներն են եղել Չինաստանն՝ էներգակիրների դիմաց վճարելով $13.2 միլիարդ, Գերմանիան՝ $12.7 մլրդ, Իտալիան՝ $8.2 մլրդ, Նիդերլանդները՝ $8.4 մլրդ, Թուրքիան՝ $7 մլրդ, Լեհաստանը՝ $4.6 մլրդ, Ֆրանսիան՝ $4,5 մլրդ և Հնդկաստանը՝ $3,6 մլրդ։ Հանածո վառելիքից Ռուսաստանի եկամուտները ստացվում են, նախևառաջ, անմշակ նավթի վաճառքից ($48.2 մլրդ), այնուհետև՝ խողովակաշարով մատակարարվող գազից ($25.1 մլրդ), նավթամթերքից ($13.6 մլրդ), հեղուկ բնական գազից ($5.3 մլրդ) և ածխից ($4.8 մլրդ)։ Անգամ չնայած այն բանին, որ մայիսին ռուսական էներգակիրների արտահանումը կտրուկ կրճատվել է, իսկ շատ երկրներ և ընկերությունները հրաժարվել են մատակարարումներից պատերազմի պատճառով, հանածո վառելիքի համաշխարհային գների աճը շարունակել է համալրել Կրեմլի գանձարանը, իսկ արտահանումից ստացված եկամուտները ռեկորդային բարձր մակարդակի են հասել։ CREA-ի տվյալներով՝ արտահանման միջին գները Ռուսաստանում մոտ 60%-ով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարի։ Որոշ երկրներ էլ ավելացրել են Ռուսաստանից էներգակիրների ներկրման ծավալները։ Նրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ֆրանսիան, ասված է զեկույցում։ «Հնդկաստանը ռուսական անմշակ նավթի խոշոր ներկրող է դարձել՝ ձեռք բերելով արտահանված ապրանքի 18%-ը», - նշել է CREA-ն՝ հավելելով, որ «դրա զգալի մասը վերաարտահանվում է զտված նավթամթերքի տեսքով», այդ թվում՝ ԱՄՆ և եվրոպական երկրներ։ «Մինչ ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հավանականությունը, Ֆրանսիան ավելացրել է ներկրումն ու դարձել հեղուկ բնական գազի խոշորագույն ներկրողն աշխարհում», - ասել է CREA-ի վերլուծաբաններից մեկը»։   Նորա Վանյան  
17:01 - 14 հունիսի, 2022
ՌԴ ՊՆ-ն հումանիտար միջանցք կբացի՝ «Ազոտ» գործարանից բնակչության տարհանման համար

ՌԴ ՊՆ-ն հումանիտար միջանցք կբացի՝ «Ազոտ» գործարանից բնակչության տարհանման համար

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 15-ին հումանիտար միջանցք կբացի՝ Ուկրաինայի Սևերոդոնեցկ քաղաքի «Ազոտ» կոմբինատի տարածքից քաղաքացիական անձանց դուրս բերելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։ «Հունիսի 15-ին Մոսկվայի ժամանակով 08:00-ից մինչև 20:00-ն հումանիտար միջանցք է բացվում հյուսիսային ուղղությամբ՝ դեպի Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Սվատովո քաղաք», - ասել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ Միխայիլ Միզինցևը։ «Երաշխավորվում է առանց բացառության բոլոր խաղաղ մարդկանց անվտանգ տարհանումն ու հումանիտար շարասյուների կազմում նրաց տեղափոխումը ժամանակավոր տեղակայման վայրեր», - ասել է նա։ Միզինցևի խոսքով՝ «ուկրաինական կողմը խնդրանքով դիմել է Սևերոդոնեցկի «Ազոտ» քիմիական կոմբինատում գտնվող քաղաքացիական անձանց՝ կանանց, երեխաների և տարեցների տարհանման համար հումանիտար միջանցքի կազմակերպման հարցով, որպեսզի նրանք տեղափոխվեն Կիևի վերահսկողության տակ գտնվող Լիսիչանսկ քաղաք»։ ՌԴ ՊՆ-ն այս առաջարկը գնահատել է որպես շրջափակման մեջ հայտնված ստորաբաժանումները փրկելու փորձ։ ՌԴ ՊՆ-ն նաև առաջարկել է «Ազոտ» գործարանում գտնվող ուկրաինացի զինվորականներին այդ օրը զենքը վայր դնել։ «Ռուսաստանի Դաշնությունը երաշխավորում է կյանքի պահպանում և ռազմագերիների հետ վարվելակերպի Ժնևի կոնվենցիայի բոլոր նորմերի պահպանում, ինչպես ավելի վաղ տեղի է ունեցել Մարիուպոլում գերի հանձնվածների հետ», - հավելել է նա։   Նորա Վանյան  
16:26 - 14 հունիսի, 2022
ՌԴ-ն պատրաստ է լսել Լոնդոնի դիրքորոշումը ԴԺՀ-ում մահապատժի դատապարտվածների վերաբերյալ․ Պեսկով

ՌԴ-ն պատրաստ է լսել Լոնդոնի դիրքորոշումը ԴԺՀ-ում մահապատժի դատապարտվածների վերաբերյալ․ Պեսկով

Բրիտանական իշխանությունը Ռուսաստանին չի դիմել ԴԺՀ-ում մահապատժի դատապարտված երկու բրիտանացիների հարցով, քանի որ ՌԴ-ն կապ չունի կայացված վճռի հետ, կարծում է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նա հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ կլինի լսել Մեծ Բրտանիայի իշխանության դիրքորոշումն այս հարցում, հայտնում է «Կոմրսանտը»։ «Պետք է դիմել այն երկրին, որը կայացրել է վճիռը, դա Ռուսաստանը չէ։ Իհարկե, ամեն ինչ կախված է Լոնդոնի դիմելուց։ Եվ ես վստահ եմ, որ ռուսական կողմը  պատրաստ կլինի լսել նրան»,— ասել է Պեսկովը։ Հունիսի 9-ին ինքնահռչակ ԴԺՀ դատարանը մահապատժի է դատապարտել Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ Շոն Փիներին և Էյդեն Ասլինին, ինչպես նաև Մարոկկոյի քաղաքացի Բրահիմ Սաադունին, որոնք Ուկրաինայի կողմից մասնակցել են պատերազմին։ Նրանք մեղավոր են ճանաչվել «վարձկանության, իշխանության բռնազավթման, մի խումբ անձանց կողմից հանցագործության կատարման և ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով պատրաստություն անցնելու» համար։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի վարչապետի աշխատակազմը, բրիտանական կողմը մահապատժի ենթարկվածներին ազատ արձակելու շուրջ բանակցությունների հարցում նախապատվությունը տալիս է Ուկրաինային, այլ ոչ թե Ռուսաստանին, որի հետ Մեծ Բրիտանիան «կանոնավոր փոխգործակցություն չունի»։ Այսօր Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասը հայտարարել է, որ անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի թագավորության քաղաքացիները խուսափեն գնդակահարությունից։   Նորա Վանյան  
15:47 - 14 հունիսի, 2022
Նախագիծ․ սահմանված ժամկետում ԱՊՊԱ կնքելու դեպքում վարորդը կազատվի իրավախախտման համար տուգանքի 75 տոկոսը վճարելուց

Նախագիծ․ սահմանված ժամկետում ԱՊՊԱ կնքելու դեպքում վարորդը կազատվի իրավախախտման համար տուգանքի 75 տոկոսը վճարելուց

Ազգային ժողովն այսօր՝ հերթական քառօրյայի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ  օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին հարցը, որը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը և Լիլիթ Կիրակոսյանը։ Նախագծի հիմնական զեկուցող Արմեն Խաչատրյանն ասաց՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի գործող կարգավորումներով պատասխանատվություն է նախատեսվում այն տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամբ, որոնք չունեն ԱՊՊԱ պայմանագիր․ «Եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը չունի ԱՊՊԱ պայմանագիր, ապա յուրաքանչյուր տաս օրվա համար պետք է տուգանվի 5000 դրամի չափով, բայց ոչ ավել, քան տարվա մեջ 100.000 դրամը։ Այսինքն՝ ոստիկանությունը պարտավոր է յուրաքանչյուր տաս օրը մեկ, այն տրանսպորտային միջոցների սեփականատերերի նկատմամաբ, ովքեր չունեն ԱՊՊԱ պայմանագիր, կայացնել վարչական տույժ նշանակելու մասին որոշում՝ 5000 դրամի չափով և ուղարկել հասցեատիրոջը»։Իսկ 100.000 դրամ տուգանք է սահմանվում այն վարորդների նկատմամբ, ովքեր վարում են տրանսպորտային միջոցը առանց ԱՊՊԱ պայմանագրի։Պատգամավորն ընդգծեց՝ վերլուծելով կառավարության քաղաքականությունը այս ոլորտում, համարում են, որ նշանակված 100.000 դրամները խիստ անհամաչափ են արարքի վտանգավորության բնույթին և աստիճանին․ «100.000 դրամը այսօր բավականին ծանր սոցիալական բեռ է, և եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս իրավախախտմանը նպաստող հիմնական պատճառը հենց անձի ֆինանսական դրությունն է, ապա պետք է փաստենք, որ տույժը խիստ անհամաչափ է սահմանված իրավախախտման բնույթին և աստիճանին»։ Նախագծով պատգամավորներն առաջարկում են, որ ԱՊՊԱ չկնքած տրանսպորտային միջոցի սեփականատերերի նկատմամբ վարչական արձանագրություններով նշանակված տույժերի չափը տարեկան չգերազանցի 50.000 դրամը այսօրվա 100.000 դրամի փոխարեն։ Իսկ 100.000 դրամ տուգանք սահմանվելու դեպքում անձը ազատվում է այդ տուգանքի 75% վճարման պարտականությունից, եթե 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները․ «Այսինքն՝ եթե արձանագրությունը կազմելուց հետո 24 ժամվա ընթացքում ներկայացնում է ԱՊՊԱ պայմանագիր, ապա վճարում է սահմանված 100.000 դրամի 25%-ը»։
12:48 - 14 հունիսի, 2022
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում

«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են նախատեսվում

Ազգային ժողովը այսօր՝ հերթական քառօրյայի ընթացքում քննարկեց «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը ու Հռիփսիմե Գրիգորյանը։ Նախագծի հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները․ «Դիվանագիտական ծառայության համակարգում ներդրվել է նաև քաղաքացիական ծառայության համակարգ, մինչդեռ, օրինակ, բոլոր պաշտոնները, այդ թվում՝ գլխավոր քարտուղարի պաշտոնը շարունակում է մնալ դիվանագիտական ծառայության պաշտոն։ Ընդ որում, գլխավոր քարտուղարի պաշտոնը ԱԳՆ համակարգում մշտապես տարբեր երկրներում դիտարկվում է որպես բարձրագույն դիվանագիտական պաշտոն և այստեղ փոփոխություններ չի նախատեսվում։ Բայց, այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ որոշ ստորաբաժանումներ ԱԳՆ-ում անցնում են քաղաքացիական ծառայության համակարգում, առնվազն անհրաժեշտ է նախատեսել գլխավոր քարտուղարի տեղակալ, որը կունենա քաղաքացիական ծառայողի կարգավիճակ»։ Նրա խոսքով՝ մյուս փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական աստիճանների կանոնակարգմանը և որոշակի արհեստական բարիերների վերացմանը․ «Մասնավորապես, դիվանագիտական աստիճանների հարցում մենք ընտրել ենք առավել արդյունավետ կարգավորումը, որը հնարավորություն կտա  արդյունավետ, ոչ շատ արագ և ոչ շատ դանդաղ առաջ ընթանալ դիվանագիտական պաշտոնների առաջխաղացման հարցում։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է դիվանագիտական անձնագրերի տրամադրման, դիվանագիտական անձնագրերի վերադարձման, պահպանման կարգին։ Այստեղ որոշակի համահունչություն է մտցվում «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի հետ, որպեսզի չստեղծվի այնպիսի իրավիճակներ, որ դիվանագիտական անձնագրեր հայտնվեն այնպիսի մարդկանց մոտ, որոնք նույնիսկ քաղաքացիական անձնագիր ստանալու իրավունք չունեն կամ քաղաքացիական անձնագրի ժամկետը լրանում է»։
11:21 - 14 հունիսի, 2022
Ուկրաինական կողմը հայտնում է, որ ռուսական զորքերը վերահսկում են Սևերոդոնեցկի ավելի քան 70%-ը

Ուկրաինական կողմը հայտնում է, որ ռուսական զորքերը վերահսկում են Սևերոդոնեցկի ավելի քան 70%-ը

Ռուսական զորքերը վերահսկում են Սևերոդոնեցկի ավելի քան 70%-ը, մարտերը քաղաքում շարունակվում են, ՈւՆԻԱՆ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի Լուգանսկի շրջանի ռազմական վարչակազմի պետ Սերգեյ Գայդայը։ «Մարտերն այնքան ծանր են, որ օրերով պայքարը կարող է շարունակվել նույնիսկ ոչ թե փողոցի, այլ միայն մեկ շենքի համար», - ասել է Գայդայը։ Նրա խոսքով՝ հրետակոծության պատճառով զանգվածային տարհանում հնարավոր չէ կազմակերպել։ Զինվորականները կարողանում են դուրս բերել օրական միայն մի քանի մարդ։ Գայդայի տվյալներով՝ «Ազոտ» գործարանում Սևերոդոնեցկի շուրջ 500 բնակիչ կա, նրանցից 40-ը երեխաներ են։ Արդյունաբերական գոտին ուժեղ հրիթռակոծության տակ է։ Գայդայի խոսքով՝ Ուկրաինան բանակցություններ է վարում գործարանից խաղաղ բնակիչներին տարհանելու ուղղությամբ։   Նորա Վանյան
16:55 - 13 հունիսի, 2022
Բուլղարիայի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարները հրաժարական են տվել

Բուլղարիայի արտաքին գործերի և էներգետիկայի նախարարները հրաժարական են տվել

Բուլղարիայի արտգործնախարար Թեոդորա Գենչովսկան ու էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նիկոլովը հրաժարական են տվել այն բանից հետո, երբ նրանց «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը նախորդ շաբաթ լքել է իշխող կոալիցիան՝ խորացնելով քաղաքական ճգնաժամը երկրում, գրում է Reuters-ը։ Բուլղարիայի վարչապետ Կիրիլ Պետկովը հայտարարել է, որ փորձելու է պահպանել փոքրամասնության կառավարությունը։ Սակայն վերլուծաբանները կարծում են, որ աշնանը նոր ընտրություններ են սպասվում։ «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակցությունը լքել է չորս կուսակցություններից բաղկացած կոալիցիան դրա ձևավորումից վեց ամիս անց՝ այս քայլը հիմնավորելով քաղաքական տարաձայնություններով։ Կուսակցության մյուս երկու անդամները, որոնք գլխավորում էին տարածաշրջանային զարգացման և սպորտի նախարարությունները, հրաժարական են տվել նախորդ շաբաթ։   Նորա Վանյան
16:21 - 13 հունիսի, 2022
ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի մտավախություններն արդարացված են․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի մտավախություններն արդարացված են․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հեռանկարի առնչությամբ Թուրքիայի անհանգստությունն անվտանգության հարցերի շուրջ արդարացված է։ Այսպիսի հայտարարություն է արել այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ֆինլանդիա կատարած այցի ժամանակ, հայտնում է DW-ն։ ՆԱՏՕ-ի ոչ մի այլ երկիր նման քանակությամբ ահաբեկչական գրոհների չի ենթարկվել, որքան Թուրքիան։ Ադ պատճառով էլ Անկարայի մտավախություններին պետք է լուրջ մոտենալ, ընդգծել է Ստոլտենբերգը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյի հետ հանդիպման ժամանակ։ Վաղը՝ հունիսի 13-ին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Շվեդիայում բանակցություններ կանցկացնի նաև այդ երկրի վարչապետ Մագդալենա Անդերսոնի և նրա գլխավորած կառավարության անդամների հետ։ Ֆինլանդիան ու Շվեդիան հայտարարել են ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին՝ ուկրաինական պատերազմի ֆոնին։ Այս երկրների անդամակցության համար անհրաժեշտ է դաշինքի բոլոր 30 անդամների համաձայնությունը։ Սակայն Անկարան մին օրս կողմ չի արտահայտվում այդ նախաձեռնությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դա հիմնավորում է այն «քրդերի հարցում Ֆինլանդիայի և Շվեդիայի հստակ դիրքորոշման բացակայությամբ», որոնց Թուրքիայում համարում են ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչ։ Բացի այդ, Անկարային դուր չի գալիս, որ 2019 թ-ին Ստոկհոլմն ու Հելսինկին այդ երկրին զենքի մատակարարման էմբարգո են սահմանել։ Նորա Վանյան
19:00 - 12 հունիսի, 2022
Շրի Լանկայի վարչապետը հնարավոր է համարել Ռուսաստանից ավելի շատ նավթ գնելը

Շրի Լանկայի վարչապետը հնարավոր է համարել Ռուսաստանից ավելի շատ նավթ գնելը

Շրի Լանկան, հնարավոր է, ստիպված լինի ավելի շատ նավթ գնել Ռուսաստանից, քանի որ երկիրը վառելիքի մեծ կարիք ունի աննախադեպ տնտեսական ճգնաժամի պայմաններում, AP-ին տված հարցազրույցում ասել է երկրի նորանշանակ վարչապետ Ռանիլ Վիկրամասինգհեն։ Նա նշել է, որ սկզբից այլ ռեսուրսներ կփնտրի, սակայն պատրաստ կլինի ավելի շատ նավթ գնել Մոսկվայից։ Վարչապետի խոսքով՝ Շրի Լանկան դժվարին կացության մեջ է, իսկ պատերազմն Ուկրաինայում վատթարացնում է իրավիճակը։ Պաշտոնյայի խոսքով՝ պարենային ճգնաժամը կարող է շարունակվել մինչև 2024 թ-ը։ Վիկրամասինգհեն, որը նաև երկրի ֆինանսների նախարարն է, ասել է, որ պատրաստ է ավելի շատ ֆինանսական օգնություն ստանալ Չինաստանից՝ չնայած Շրի Լանկայի աճող արտաքին պարտքին։ Նա հավելել է, որ Ռուսաստանն իր երկրին նաև հացահատիկ է առաջարկել։ Նորա Վանյան
18:44 - 12 հունիսի, 2022
Ռուսաստանում վերաբացվել են McDonald's-ի նախկին ռեստորաններն՝ այլ անվանումով

Ռուսաստանում վերաբացվել են McDonald's-ի նախկին ռեստորաններն՝ այլ անվանումով

Ռուսաստանում McDonald's-ի նախկին ռեստորանները, որոնց սեփականատերն ու բրենդը փոխվել են, սկսել են վերաբացվել եռամսյա դադարից հետո։ Այժմ դրանք կոչվում են «Համեղ է և վերջ» («Вкусно и точка»), հայտնում է «Ինտերֆաքսը»: Այսօր բացվել է 15 ռեստորան Մոսկվայում և Մոսկվայի շրջանում, երկուշաբթի կվերաբացվի ևս 50-ը։ Մինչև հունիսի վերջ աշխատանքը կսկսի շուրջ 200 ռեստորան, այնուհետև կբացվի շաբաթական 50-100 ռեստորան, հայտնել է ցանցի գլխավոր տնօրեն Օլեգ Պարոևը։ Մարտի 14-ից McDonald's-ը սկսել էր փակել իր ռեստորանները Ռուսաստանում, իսկ մայիսի 16-ից՝ հայտարարել ռուսական շուկայից հեռանալու մասին։ «Ուկրաինական պատերազմի առաջացրած հումանիտար ճգնաժամը և գործառնական միջավայրի ահագնացող անկանխատեսելիությունը McDonald's-ին բերել են այն եզրահանգման, որ Ռուսաստանում բիզնես վարելը դառնում է աննպատակահարմար և չի համապատասխանում McDonald's-ի արժեքներին», - նշել էր ընկերությունը։ Ռուսաստանում McDonald's-ի բիզնեսի նոր սեփականատերն Ալեքսանդր Գովորն է։ McDonald's-ը 15 տարվա ընթացքում իրավունք ունի շուկայական պայմաններով վերագնել իր բիզնեսը, հայտնել էր ՌԴ Դաշնային հակամոնոպոլիստական ծառայությունը, որը հաստատել էր գործարքը հունիսի սկզբին։ McDonald's-ի ցանցը Ռուսաստանում միավորում էր արագ սննդի շուրջ 850 ռեստորան։ Ընդհանուր ներդրումները Ռուսսատանում կազմել էին $2,5 մլրդ, հարկային վճարումները՝ 167 մլրդ ռուբլի։ Ռեստորանների ցանցում աշխատում էր ավելի քան 62 հազար մարդ։ McDonald's-ը Ռուսաստանում ներկայացված էր ավելի քան 30 տարի, ցանցի առաջին ռեստորանը բացվել էր 1990 թ-ին՝ Մոսկվայի Պուշկինի հրապարակում։   Նորա Վանյան
17:35 - 12 հունիսի, 2022
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զենքի պահեստ ոչնչացնելու մասին

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ամերիկյան և եվրոպական զենքի պահեստ ոչնչացնելու մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինայի Տերնոպոլի շրջանում ամերիկյան և եվրոպական զենքի պահեստին «Կալիբր» ծովային թևավոր հրթիռներով հարվածելու մասին, հայտնում է «Ինտերֆաքսը»։ «Ծովային բազավորման մեծ հեռահարության «Կալիբր» մեծ ճշգրտության հրթիռներով Տերնոպոլի շրջանի Չորտկով բնակավայրի մերձակայքում խոշոր պահեստ է ոչնչացվել՝ Կիևի ռեժիմին ԱՄՆ և եվրոպական երկրների մատակարարած հակատանկային հրթիռային համալիրներով, շարժական զենիթահրթիռային համալիրներով և հրետանային կայանների արկերով», - այսօր ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Ուկրաինական ՈւՆԻԱՆ պարբերականը հայտնում է, որ հրթիռային հարվածներից 22 մարդ է տուժել։ «Ավերվել է ռազմական օբյեկտի մի մասն, ինչպես նաև քաղաքացիական [օբյեկտներ]։ Տուժել է քաղաքացիական բնակչությամբ չորս 5-հարկանի շենք։ Այս պահին զոհեր չկան։ 22 տուժած կա, նրանք հոսպիտալացվել են», - այսօր ասել է Ուկրաինայի Տերնոպոլի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիմիր Տրուշը։   Նորա Վանյան  
17:25 - 12 հունիսի, 2022