Ռուսաստանում վերաբացվել են McDonald's-ի նախկին ռեստորաններն՝ այլ անվանումով
17:35 - 12 հունիսի, 2022

Ռուսաստանում վերաբացվել են McDonald's-ի նախկին ռեստորաններն՝ այլ անվանումով

Ռուսաստանում McDonald's-ի նախկին ռեստորանները, որոնց սեփականատերն ու բրենդը փոխվել են, սկսել են վերաբացվել եռամսյա դադարից հետո։ Այժմ դրանք կոչվում են «Համեղ է և վերջ» («Вкусно и точка»), հայտնում է «Ինտերֆաքսը»:

Այսօր բացվել է 15 ռեստորան Մոսկվայում և Մոսկվայի շրջանում, երկուշաբթի կվերաբացվի ևս 50-ը։ Մինչև հունիսի վերջ աշխատանքը կսկսի շուրջ 200 ռեստորան, այնուհետև կբացվի շաբաթական 50-100 ռեստորան, հայտնել է ցանցի գլխավոր տնօրեն Օլեգ Պարոևը։

Մարտի 14-ից McDonald's-ը սկսել էր փակել իր ռեստորանները Ռուսաստանում, իսկ մայիսի 16-ից՝ հայտարարել ռուսական շուկայից հեռանալու մասին։

«Ուկրաինական պատերազմի առաջացրած հումանիտար ճգնաժամը և գործառնական միջավայրի ահագնացող անկանխատեսելիությունը McDonald's-ին բերել են այն եզրահանգման, որ Ռուսաստանում բիզնես վարելը դառնում է աննպատակահարմար և չի համապատասխանում McDonald's-ի արժեքներին», - նշել էր ընկերությունը։

Ռուսաստանում McDonald's-ի բիզնեսի նոր սեփականատերն Ալեքսանդր Գովորն է։

McDonald's-ը 15 տարվա ընթացքում իրավունք ունի շուկայական պայմաններով վերագնել իր բիզնեսը, հայտնել էր ՌԴ Դաշնային հակամոնոպոլիստական ծառայությունը, որը հաստատել էր գործարքը հունիսի սկզբին։

McDonald's-ի ցանցը Ռուսաստանում միավորում էր արագ սննդի շուրջ 850 ռեստորան։ Ընդհանուր ներդրումները Ռուսսատանում կազմել էին $2,5 մլրդ, հարկային վճարումները՝ 167 մլրդ ռուբլի։ Ռեստորանների ցանցում աշխատում էր ավելի քան 62 հազար մարդ։

McDonald's-ը Ռուսաստանում ներկայացված էր ավելի քան 30 տարի, ցանցի առաջին ռեստորանը բացվել էր 1990 թ-ին՝ Մոսկվայի Պուշկինի հրապարակում։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել