ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի

Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի

Հարգելի քաղաքացիներ, Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է՝ Գրանցված երկրաշարժի հետեւանքով տուժածներ և ավերածություններ չկան: Առողջապահական համակարգը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի: Երեւանի Էրեբունի համայնքում մեկ տուն է վնասվել, մեկ քաղաքացի թեթեւ վնասվածք է ստացել: Որևէ խնդրի դեպքում կոչ ենք անում զանգահարել առողջապահության նախարարության թեժ գիծ ծառայություն՝ 80-03 կարճ հեռախոսահամարով: Տեղեկացնենք, որ  գրացվել է Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ։Սույն թվականի փետրվարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 15:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 11:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.11⁰ և արևելյան երկայնության 44.54⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 5-6 բալ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Կոտայքի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնությամբ:
16:54 - 13 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարը Գյումրիում մասնակցել է թթվածնային կայանի բացմանը

Առողջապահության նախարարը Գյումրիում մասնակցել է թթվածնային կայանի բացմանը

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում էին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարի տեղակալները։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից: Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի ուղեկցությամբ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Գյումրու բժշկական կենտրոն», որտեղ մասնակցել է թթվածնային կայանի և ռենտգեն կոնտրաստային նոր համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանը։ Թթվածնային կայանը կառուցվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ 100 մլն դրամի շրջանակներում, այն կապահովի ոչ միայն բժշկական կենտրոնի թթվածնի պահանջարկը, այլև անհրաժեշտության դեպքում բուժհաստատությունը թթվածին կմատակարարի այլ հիվանդանոցների ևս։ Իսկ տոմոգրաֆիկ նոր սարքավորումը կենտրոնը ձեռք է բերել լիզինգային ծրագրի շրջանակներում, սարքավորման առկայությունը հնարավորություն կտա մարզի ազգաբնակչությանը անհետաձգելի մի շարք հետազոտություններ անցնել Գյումրիում և չմեկնել մայրաքաղաք։ Լրագրողների հետ զրույցում նախարարը կարևորել է մարզեր այցելությունները՝ նշելով, որ մարզային այցերը սկսել են Շիրակից և անհրաժեշտություն է տեղում ծանոթանալ ոլորտում առկա հիմնախնդիրներին և նախանշել զարգացման ծրագրերը։ Պատասխանատուներն այցելել են նաև Գյումրու մոր և մանկան ավստրիական ու մի քանի բուժհաստատություն ևս։
19:51 - 12 փետրվարի, 2021
ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ առողջապահության նախարարն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նախարարը ողջունել է հյուրին, աշխատանքային բեղուն գործունեություն մաղթել և հույս հայտնել, որ երկու երկրների միջև շարուկական կայուն գործակցություն կծավալվի:  Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին բարեմաղթանքների համար և ասել, որ շվեդական կողմը պատրաստակամ է անել հնարավորինը Հայաստանին աջակցելու հարցում: Խոսելով համատեղ ծրագրերից` դեսպանն անդրադարձել է բժշկական կրթությանը, փորձի փոխանակմանը, մասնավորապես` ուռուցքաբանության, արյունաբանության, պատվաստումների, ռադիոթերապիայի, դեղորայքի ձեռքբերման գործընթացի, հոգեբուժական և հոգեկան խնամքի, մանկաբուժության և այլ հարցերին:  Երկուստեք քննարկել են նաև հնարավոր համագործակցության ոլորտները` հոգեկան առողջության կարողությունների, մայրական մահացության նվազում և վերարտադրողական առողջության բարելավում, վերականգնողական ծառայությունների ուժեղացում, ինչպես նաև հակաբիոտիկների նկատմամբ կայունության կանխարգելման մեխանիզմներ:  Դեսպանը հետաքրքրվել է Հայաստանում առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, հետպատերազմյան և կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով, աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն հայտնել: Անդրադառնալով COVID-19-ի պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացին` Պատրիկ Սվենսոնը նշել է, որ Հայաստանն ու Շվեդիան գրեթե նույն կարգավիճակում են, քանի որ երկուսն էլ բանակցությունների փուլ են անցնում:  Անահիտ Ավանեսյանը ընդգծել է, որ առողջապահական համակարգը կարողացել է դիմակայել մարտահրավերներին և հիմա կայուն վերականգնման փուլ է ապրում: «Պատերազմից հետո և այժմ` կորոնավիրուսի պայմաններում, շնորհիվ մեր մասնագետների, կարողացանք ոտքի կանգնել: Մեր բժիշկները հերոսական աշխատանք են կատարել: Համավարակի դեմ պայքարի հաջորդ փուլը պատվաստումների սկիզբը կլինի: Ներկայումս բանակցում ենք տարբեր ընկերությունների հետ»,- եզրափակել է նախարարը:  
21:43 - 11 փետրվարի, 2021
ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, մենք ունենք բուժում, այսօր կորոնավիրուսն է խնդիր. առողջապահության փոխնախարար |tert.am|

ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, մենք ունենք բուժում, այսօր կորոնավիրուսն է խնդիր. առողջապահության փոխնախարար |tert.am|

tert.am: Ես շատ ուշադիր լսում եմ բոլոր ելույթները և ուզում եմ հիասթափեցնել: Այս մասին Ազգային ժողովում, որտեղ բուռն քննարկման առարկա դարձավ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը: Պատգամավորները մտահոգիչ էին համարում, որ 16 տարեկանի շեմը իջեցվել է 14-ի, որով հնարավորություն են ստեղծում, որ 14 տարեկան երեխան գնա, ինքնուրույն ՄԻԱՎ-ի տեստ հանձնի և հետո նույնիսկ կարող է գաղտնի պահել իր վարակված լինելը: «Կներեք, որ հիասթափեցնում եմ,  բայց տվյալ դրույթը տասը տարուց ավելի է՝ գործում է, գործող օրենքը կարդացեք, ֆիքսված է, մենք որևէ բան չենք փոխում»,- ասաց նա և նշեց, որ այս նախագիծը որևէ կապ չունի ՄԻԱՎ կենտրոնի միացման կամ չմիացման հետ: Փոխնախարարը նշեց, որ պատրաստ են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել և հատ առ հատ հոդվածներով անցնել և հասկանալ՝ որ դրույթն է պետք պահպանել: «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ն էլ խնդիր չէ մեզ համար, այսօր կորոնավիրուսը խնդիր է, բայց ՄԻԱՎ- ՁԻԱՀ-ը խնդիր չէ, որովհետև մենք ունենք բուժում, տեստավորում, հիմնադրված ծառայություններ»,-ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում։
14:00 - 11 փետրվարի, 2021
Անահիտ Ավանեսյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է առողջապահական համակարգում գործակցության հարցեր

Անահիտ Ավանեսյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է առողջապահական համակարգում գործակցության հարցեր

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Քննարկվել են առողջապահական համակարգում գործակցությանը վերաբերող հարցերը: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել աջակցության համար, հատկապես COVID-19-ի համավարակի դեմ պայքարում ցուցաբերված օգնության, ներառյալ`  Շտապ բուժօգնության թիմերի (EMT) ժամանման ու հայ գործընկերի հետ համատեղ աշխատանքի համար: Հայաստանում ԵՄ դեսպանը ևս կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերը, հույս հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն: «Հույս ունեմ` մեր համագործակցության շրջանակները չեն սահմանափակվի միայն կարճաժամկետ, խիստ հրատապություն ունեցող առողջապահական խնդիրների լուծմամբ, այլև կկարողանանք ընդգրկուն գործունեություն ծավալել ու ավարտին հասցնել նախկինում սկսած մեր բոլոր միասնական ծրագրերը»,- նշել է Անդրեա Վիկտորինը և հետաքրքրվել Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով: «Ուրախ եմ փաստել, որ համավարակով պայմանավորված իրավիճակը մեր երկրում արդեն կայուն է ու վերահսկելի, սակայն մենք չենք կորցնում զգոնությունը, փոխարենը լրջորեն աշխատում ենք պատվաստանյութերի ձեռքբերման և պատվաստումների գործընթացը սկսելու ուղղությամբ»,- ասել է նախարարը: Անդրադառնալով հետպատերազմական խնդիրներին, որոնք, մասնավորապես, առնչվում են առողջապահական համակարգին, Անդրեա Վիկտորինը կարևորել է այդ գործում ՀՀ առողջապահության նախարարության ներգրավվածությունը: Առողջապահության նախարարը հստակեցրել է, որ մասնավորապես վերականգնողական ծրագրերում կառույցն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում: Խոսքը նաև պատերազմ ապրած արցախցիների, ՀՀ քաղաքացիների հոգեկան առողջության վերականգնմանն է վերաբերում: Անահիտ Ավանեսյանը հանդիպման վերջում անդրադարձել է Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց բուժօգնության կազմակերպման խնդիրներին:
17:37 - 10 փետրվարի, 2021
Արտասահմանում բուժման կարիք ունեցող զինծառայողների ծախսերը հոգում է պետությունը. առողջապահության նախարար |1lurer.am|

Արտասահմանում բուժման կարիք ունեցող զինծառայողների ծախսերը հոգում է պետությունը. առողջապահության նախարար |1lurer.am|

1lurer.am: Պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին տրամադրվող բուժօգնությունն իրականացվում է պետության հաշվին ստացիոնար և ամբուլատոր պայմաններում՝ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Նրա խոսքով՝ արտասահմանում բուժման շարունակության կարիք ունեցող դեպքերում գործում է հստակ ընթացակարգ: ՊՆ-ը ներկայացնում է նման դիմումները Առողջապահության նախարարությանը կից գործող մասնագիտական հանձնաժողովին, որն էլ գնահատում է՝ կա՞ արտերկիր մեկնելու կարիք, թե՞ ոչ: Բժշկական ցուցման դեպքում պետությունը նույնպես ամբողջովին փակում է վիրավոր զինծառայողների բժշկական օգնության ծավալը: «Այս պահին էլ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացված 12 դիմում, որոնք ընթացքի մեջ են: Ցուցման դեպքում, Կառավարության համապատասխան որոշման ընդունման շնորհիվ, տվյալ զինծառայողները կմեկնեն բուժման, և պետությունը կփակի նրանց բուժման ծախսերը»,- հայտարարեց նախարար Ավանեսյանը:
17:00 - 10 փետրվարի, 2021
Անահիտ Ավանեսյանն «Արմենիա» ԲԿ-ում ծանոթացել է բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին

Անահիտ Ավանեսյանն «Արմենիա» ԲԿ-ում ծանոթացել է բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ աշխատանքային այցով եղել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, ծանոթացել բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին, հնարավորություններին, վերջին շրջանում իրականացրած փոփոխություններին: Այցի ընթացքում նախարարին են ներկայացրել բուժկենտրոնի զարգացման ծրագրերը. նոր սարքավորումների ձեռքբերում, բաժանմունքների հիմնանորոգում: Նպատակ կա բուժկենտրոնի` պաշտոնապես 24 մահճակալ սպասարկող վերակենդանացման բաժանմունքի ծավալը հասցնել 50-ի, ընդլայնել ամբուլատոր ծառայությունը: Ոլորտի ներկայացուցիչները շրջել են կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նախարարը կարևորել է բազմապրոֆիլ հիվանդանոցների համահունչ զարգացումն ու հույս հայտնել, որ «Արմենիա» ԲԿ-ում կյանքի կկոչվեն նախանշված բոլոր ծրագրերը: Այցի վերջում Անահիտ Ավանեսյանը զրուցել է արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորի հետ ու նրան շուտափույթ ապաքինում մաղթել:
20:31 - 09 փետրվարի, 2021
Անահիտ Ավանեսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Անահիտ Ավանեսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Նախարարը, ողջունելով հյուրերին, իր երախտագիտությունն է հայտնել նրանց` ամուր և երկարատև գործակցության համար: Նա նշել է, որ 2020 թվականը մարտահրավերներով լի տարի է եղել առողջապահական համակարգի համար: Մի կողմից կորոնավիրուսային համավարակի պայմաններում ծանրաբեռնված աշխատանքը, մյուս կողմից` արցախյան պատերազմը. «Չնայած լուրջ մարտահրավերներին` առողջապահական համակարգը կարողացել է հաղթահարել իր առջև դրված բոլոր խնդիրները»,-ասել է Անահիտ Ավանեսյանը: ԱՄՆ դեսպանը ևս գնահատել է երկրների միջև սերտ համագործակցությունը, այնուհետև հետաքրքրվել Հայաստանի առողջապահական համակարգի ներկա վիճակի և կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի ձեռքբերման մասին, ինչպես նաև մանրամասներ խնդրել նախարարից` հասկանալու հնարավոր աջակցության ուղղությունները: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է դեսպանին հետաքրքրող հարցերի մանրամասները և հավելել. «Հայաստանի Հանրապետությունն այժմ բանակցություններ է վարում պատվաստանյութի ձեռքբերման ուղղությամբ: Մենք բաց ենք բոլոր քննարկումների համար, դիտարկում ենք մեր երկրի համար հարմար և անվտանգ տարբերակները»: Հաշվի առնելով հանրապետությունում COVID-19-ի կայուն և վերահսկելի դրությունը` նախարարը նշել է, որ այժմ համակարգը քիչ թե շատ շնչում է ու հնարավորություն ունի կենտրոնանալու մյուս` ոչ պակաս կարևոր ճյուղերի վրա: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ առողջապահական համակարգի կարևոր ուղղություններից է մոր և մանկան առողջության պահպանման ոլորտը: Չնայած համավարակին` անցյալ տարի մայրական, մանկական մահացության ցուցանիշների նվազում է գրանցվել:   Հանդիպման ավարտին Լին Թրեյսին ասել է, որ համագործակցությունը շարունակական կլինի: Դեյվիդ Հոֆմանն էլ իր հերթին ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ-ի և Հայաստանի ամերիկյան համալսարանի համատեղ ծրագիրը, որը միտված է Հայաստանի առողջապահության քաղաքականության զարգացմանն ու բարելավմանը: Այն  հնարավորություն կտա ապագայում դիմակայելու նոր համավարակներին:
17:46 - 09 փետրվարի, 2021