ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 7
23:01 - 13 հունիսի,2021

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 7

23։00- Հայաստանը հասկացել է, որ իր արտաքին քաղաքականության բազմազանեցումն այլընտրանք չունի: Սակայն մինչև Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, անհրաժեշտ է, որ դիվերսիֆիկացնենք նաև ներսում քաղաքական միջավայրը: Եվ առաջիկա ընտրություններն այդ հնարավորությունն են տալու: Եթե մենք իսկապես կարողանանք ժողովրդավարության պաշտպանությանը հավատարիմ քաղաքական  ուժերին իշխանության մաս դարձնենք, Հայաստանը կունենա ժողովրդավարական ապագա։ [«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» ցուցակը գլխավորող Արման  Բաբաջանյանը՝ քարոզարշավի շրջանակում Աջափնյակում քաղաքացիների հետ հանդիպմանը ] 

 

21։49- ԱԺ արտահերթ ընտրություններում բավարար ձայներ հավաքելու ու հաղթանակ արձանագրելու դեպքում պետական անվտանգությունը կլինի առաջնային: Բանակի խնդիրը, անկասկած, մեր առաջնահերթություններից է, և ես բազմիցս ասել եմ, որ միայն հզոր, անպարտելի բանակը կարող է դառնալ տնտեսության կայուն զարգացման գրավականը: Մենք կարողանալու ենք ապահովել ոչ միայն բանակի վերածնունդը, այլև տնտեսության բոլոր ճյուղերի կայուն զարգացումը։ Պետական անվտանգության ապահովումը կարող է  լինել միայն  արդիական սպառազինությամբ՝ պրոֆեսիոնալ բանակով: [Սամվել Բաբայանը`«Ազատական» կուսակցությունը քարոզարշավի 7-րդ օրը Շիրակի մարզում] |armenpress.am| 

 

21։32- Ատելության դրսևորումները «Լուսավոր Հայաստան»-ի նկատմամբ շարունակական բնույթ են կրում։ Ամեն օր Երևանի տարբեր հատվածներում ականատեսն ենք լինում նման տեսարանի, որ իշխող ուժի նախընտրական պաստառները միտումնավոր փակցվում են հենց «Լուսավոր Հայաստան»-ի նախընտրական պաստառների վրա, այն պարագայում, երբ ամբողջ պատն ազատ է։ Սակայն, միևնույն է՝ մենք շարունակելու ենք քարոզել համազգային համերաշխություն. Կա՛ այլընտրանք, քվերակի՛ր։ [ԼՀԿ]

 

21։22- Մենք ասում ենք՝ ոչ թե հունիսի 21-ին մարդկանց հրավիրեք Հանրապետության հրապարակ, Ազատության հրապարակ, այլ եկեք մտածենք հունիսի 21-ից համախմբման մասին, իրար ոչնչացնելու այս մոլուցքը մի կողմ դնենք: Եթե ժողովուրդն աջակցում է համերաշխության, համախմբան օրակարգին, ուրեմն հունիսի 21-ի տվյաներով ԼՀԿ-ն կստանա այդ մանդատը, կլիազորվի ձեր կողմից համախմբել բոլորին, և մենք բոլորին կհամախմբենք, կնստեցնենք մի սեղանի շուրջ: Լիազորեք մեզ, համախմբենք բոլորին, լիազորեք մեզ՝ ստեղծենք ազգային համաձայնության միասնական կառավարություն։ [«Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյան]

 

21։07- Ցանկացած մարզ ունի իր խնդիրն ու պրոբլեմը․ այսօր բոլորս էլ գիտենք՝ Սյունիքի մարզը ամենահարուստ տարածքներից մեկն է։ Այսօր սյունեցիների առաջնային խնդիրը սահմանի անվտանգութան ապահովումն է։ Ադրբեջանցին սահմանին կանգնեցրել է 50 հոգի, մենք՝ 2 հոգի․ դա սխալ է․ այսօր 50-ի դիմաց 50 պիտի կանգնի։ Անվտանգության ապահովման համար պետք է բարեկամ երկրի՝ Ռուսատանի հետ, ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք։ Մեր հայ զինվորը պետք է ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի, ինքնակամ սահմանները չպահի, այլ պետություն այդ հարցը կարգավորի։ Երբ ռուս զինվորը հայ զինվորի հետ կանգնի սահմանին, իմացե՛ք, որ ճանճ չի կարող անցնել։ [Գագիկ Ծառուկյանը՝ Սյունիքում քարոզարշավի ժամանակ]

 

20։49- ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Շենգավիթ վարչական շրջանում թիմակիցների և աջակիցների հետ երթ է անցկացնում: Երթը մեկնարկեց  Գարեգին Նժդեհի անվան հրապարակից: Փաշինյանը երթի ընթացքում բարձախոսով ողջունում է երևանցիներին և ներողութուն խնդրում՝ կառավարության թույլ տված սխալների և բացթողումների համար: Փաշինյանը պարբերաբար հիշեցնում է ՔՊ-ի նախընտրական կարգախոսը՝ «Ապագա կա», աջակիցները շարոնակում են՝ «Կա ապագա»:  |armenpress.am|

 

20։35- Բա եթե հնարավոր էր քարտեզների դիմաց գերիներ վերադարձնել, ինչո՞ւ այս ութ ամսում չեն արել, պահել են, որ նախընտրական շոու անե՞ն, այսինքն Ալիևի հհետ պաս տալով խաղու՞մ են: Լավ դա մարդկայի՞ն վերաբերմունք է։ Ադրբեջանում քեֆ-ուրախություն է, վերջապես ստացել են, և դա իրենց շատ ձեռնտու է, բայց մի հանգամանք էլ կա. որ ունենայինք նորմալ բանակցողներ, կհասկանայինք, որ հունիսի 12-ին դա չէր կարելի անել․ Մոնթեի ծննդյան օրը մենք առանց կրակոցի տվեցինք Քարվաճառը, իսկ մահվան օրը՝ հունիսի 12-ին, տվեցինք քարտեզները: [Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ] |tert.am|

 

20։35- Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում: Մասնավորապես, այդպիսի բառապաշար օգտագործող քաղաքական ուժերի և նրանց ղեկավարների հռետորաբանությունը արագ տարածվում է յուրաքանչյուրի կողմնակիցների ու հակառակ կարծիք ունեցողների շրջանում: Մտահոգիչ զարգացում են ստանում նաև վիրավորանք ու ատելություն պարունակող խիստ դատապարտելի հոլովակներ քաղաքական հակառակորդ տարբեր ուժերի մասին։ [Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան]

 

19։37- ԿԸՀ-ն հունիսի 13-ին գումարած նիստում քննության է առել Էդգար Ղարզարյանի և Նաիրա Զոհրաբյանի դիմումները։ Դրանցից առաջինով պահանջվել էր անվավեր համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի գրանցումը և վարչական վարույթ հարուցել։ Նաիրա Զոհրաբյանը ԿԸՀ էր դիմել՝ պահանջելով, որ հանձնաժողովը դիմի Վարչական դատարան` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու համար: Նրա դիմումի հիմքում նաև այն պատճառաբանությունն է եղել, որ քարոզարշավին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հնչեցնում է վիրավորանքներ: Հանձնաժողովը 2 դիմումներն էլ մերժել է։ [ԿԸՀ]

 

19։17- 1. Մեկ տարվա ընթացքում ստեղծել որակապես նոր ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգ և ռազմական դոկտրին՝ վերանայելով Հայաստանի անվտանգության ու պաշտպանության համակարգը՝ համապատասխանեցնելով այն արդի մարտահրավերներին:
2. Երկու տարվա ընթացքում իրականացնել 2016թ. և 2020թ. պատերազմների անաչառ և անկախ քննություն, բացահայտել ճշմարտությունը, մեղավորների առկայության դեպքում` օրենքով սահմանված կարգով, ենթարկել պատասխանատվության, անկախ նրանից, թե ովքեր են լինելու նրանք:
3. Փոխել ՀՀ օրենսդրությունը, որի արդյունքում զինված ուժերում չծառայած որևէ մեկը չի կարողանա զբաղեցնել երկրի ղեկավարի, ինչպես նաև բազմաթիվ այլ պատասխանատու պաշտոններ: [«Արդար Հայաստան» կուսակցությունը ներկայացրել է անվտանգության վերաբերյալ ծրագրային հիմնադրույթները] 

 

18։55- Մենք պետք է մինչեւ տարվա վերջ Ֆրանսիայի հետ կնքենք ռազմաքաղաքական պայմանագիր, որ մեր բանակի վերազինման, վերապատրաստման եւ վերակազմակերպման համար ստանանք համապատասխան օժանդակություն եւ հասցնենք մեր բանակի մակարդակը եվրոպական չափանիշներին։ Պատերազմի ընթացքում բանակը պարտվել է, քանի որ չի համապատասխանել եվրոպական չափանիշներին։ [Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը`ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում] |hetq.am|

 

18։42- Հունիսի 21-ին կա՛մ մենք մտնում ենք համերաշխ Հայաստան, կա՛մ երկրում շարունակվում են ցնցումները, ցույցերը։ Թշնամին դրանից օգտվել եւ օգտվելու է։ «Լուսավոր Հայաստան» -ը մայիսի 12-ից մի կողմ դրեց բոլոր տարաձայնությունները եւ ասաց՝ կանգնում ենք արտաքին դիվանագիտական ճակատն ամրացնելու, որպեսզի ադրբեջանական զորքերը բանակցությունների միջոցով երկրից հանենք։ Կեսից այդ պրոցեսն ի՞նչ եղավ․ ԱԳ նախարը հրաժարական տվեց, մնացինք առանց բանակցողների։ Ձեր ամեն մի ձայնից, ամեն մի քվեից է կախված մեր, մեր երեխաների վաղվա օրը, եւ ահա, մենք շանս ունենք լինել ավելի համախմբված կամ ավելի պառակտված լինելու, ատելության ջրաղացին ջուր լցնելու, որն անթույլատրելի է։ [Էդմոն Մարուքյանը՝ Էջմիածնում բնակչության հետ հանդիպմանը]

 

17։33- Հոկտեմբերի 19-ի Վլադիմիր Պուտինի՝ պատերազմը կանգնեցելու առաջարկը կապիտուլանտը թաքցրել է ոչ միայն անվտանգության խորհրդի անդամներից, այլ նաև կուսակից ընկերներից։ Այդ պահից սկսած ցանկացած զոհված զինծառայողի միակ պատախսանատուն և մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Արցախյան հարցը պետք է բարձրացվի և հիմնական սկզբունքները, որոնք եղել են կարգավորման հիմքում, պետք է պահպանվեն, վերականգնվեն ազգերի ինքնորոշումը, ուժի չկիրառում։ Ես վստահեցնում եմ՝ երբ գանք իշխանության, այդ հարցը լինելու է մեր առաջնահերթությունը, միանշանակ, կարողանալու ենք դիվանագիտական ճանապարհով հասնել արցախյան հարցի հայանպաստ կարգավորմանը: [«Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը՝ «ԱրմՆյուզ» ՀԸ եթերում] |tert.am| 

 

17։16- Հունիսի 12-ին «Հանրապետություն» կուսակցությունը այցելել է Կոտայքի մարզ: Հանդիպումները կայացել են Ջրվեժում, Արամուսում, Գառնիում և Աբովյանում: [«Հանրապետություն» կուսակցություն]

 

16:44- Առաջնային խնդիրն անվտանգության համակարգի վերականգնումն է։ Փաստացի, մեր երկիրը գտնվում է այնպիսի իրավիճակում, որ կասեմ նորից կառուցում, եւ կարեւորելով այդ խնդրի լուծումը՝ մեր քաղաքացիներն իրենց քվեն պատրաստ են տալ դաշինքին, որի վարչապետի թեկնածուն եւ երկու ուժերից մեկի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, ասոցացվում են անվտանգության եւ անվտանգության համակարգերի, անվտանգ երկրի կայացման եւ պահպանման հետ։ [«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Հայկ Մամիջանյան] |hetq.am|


14:55-
Գտնվում ենք այսօր Շիրակի մարզի Բավրա գյուղում, որը սահմանամերձ գյուղ է, և փորձում ենք ցույց տալ նաև մեր այցելությամբ, որ սահմանամերձ գյուղերը պետք է գտնվեն պետության ուշադրության ներքո։ Իհարկե, գյուղը Վրաստանի հետ է սահմանակից և այս առումով անվտանգության խնդիր չունի, և դա շատ կարևոր է։ Պետք է հասնենք նրան, որ մյուս սահմանամերձ գյուղերն էլ կարողանան իրոք անվտանգ լինել։ Բնակիչների հետ խոսեցինք, ներկայացրինք կուսակցության ծրագրից որոշ հատվածներ, և ամենակարևոր շեշտադրումը, որ մենք կատարում ենք՝ արժեքհամակարգի պաշտպանությունն է։ Քանի որ դա է պետության իմունիտետը, առանց այդ իմունիտետի հնարավոր չի լինելու նորմալ, արժանապատիվ հասարակություն ունենալ։ [«Զարթոնք» ԱՔԿ առաջնորդ Արա Զոհրաբյան]


14:50-
Մենք պետք է զարգացնենք հարաբերությունները մեր հիմնական դաշնակից ՌԴ-ի հետ: Հարևան երկրների հետ մենք պետք է ունենանք փայլուն հարաբերություններ՝ Վրաստանի, Իրանին հետ: Մենք պետք է ունենանք զարգացող հարաբերություններ նաև հիմնական ուժային կենտրոնների հետ՝ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու Չինաստանի: Օտարերկրյա ֆինանսավորմամբ գործող ցանկացած ՀԿ, որը միջամտում է ՀՀ ներքին գործերին, փորձում է թելադրել իր օրակարգը, չպետք է տեղ ունենա ՀՀ-ում: Պետությունը պետք է ունենա զսպման մեխանիզմներ՝ պոպուլիզմը շատ կարճ ժամանակ հետո մուտացիա ապրեց և վերածվեց նիկոլիզմի։ [«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյան]


14:40-
Այդպես էլ հնարավոր չեղավ կազմել ու հստակեցնել Հայաստանի` որպես պետության զարգացման ունիվերսալ հայեցակարգը: Որևէ մեկը չի կարող այսօր նշել, թե 20, 30 կամ 40 տարի հետո զարգացման այսպիսի տեմպերով և տիրող փիլիսոփայության պահպանման պարագայում Հայաստանն ինչպիսի՞ այցեքարտով է հանդես գալու միջազգային հանրակցության թատերաբեմում: Մենք դեռևս չենք կարողացել գտնել և հասարակության կոնսենսուսով ամրագրել այն ֆորմուլան, որով պիտի լուծվի պետության և հայրենիքի առջև դրված առանցքային հարցերը։ [«Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյան] 


14:33-
Երևանի քաղաքապետարանին դիմումով ներկայացրել էինք հունիսի 18-ին Հանրապետության հրապարակում մինչև ժամը 21:00 հանրային հավաք անցկացնելու դիմում, սակայն քաղաքապետարանը մեր դիմումը բավարարել էր մինչև ժամը 20:00: Չնայած այն հանգամանքին, որ «Հայաստան» դաշինքն առաջինն էր ներկայացրել հանրային հավաքի մասին իրազեկումը,  քաղաքապետարանը բավարարարել էր նաև ներկայիս իշխանության դիմումը՝ 20:00-ից ևս կազմակերպել հանրային հավաք Հանրապետության հրապարակում՝ հիմնավորմամբ, որ իբրև մեր հավաքը պետք է ավարտվեր 20:00-ին: Դատական քննության արդյունքում այսօր վճիռ ընդունվեց, որ մեր կողմից ներկայացված հանրային հավաքն ավարտելու է 21:00-ին: [Արամ Վարդևանյան]


14:20-
Քարոզարշավի վերջին շաբաթն է մեկնարկում, ուստի կոչ եմ անում քաղաքացիներին այդ շաբաթվա ընթացքում ակտիվորեն ներգրավվել քարոզարշավին` որպես քարոզարշավի ակտիվիստ: Կոչ եմ անում գնալ հարազատների, բարեկամների տները և փոխանցել իր ուղերձը: Վերջին շաբաթը վճռական շաբաթ է, եթե ուզում ենք անառարկելի կայունություն հաստատվի երկրում, պողպատե մանդատ է անհրաժեշտ, իսկ դրա համար Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պետք է առնվազն 63% ձայնի հավաքի ընտրություններում։ [Նիկոլ Փաշինյանը՝ Եղվարդում] |hetq.am|


13:48-
Կառավարության հիմնադրած հեռուստաընկերությունը չի կարող նշված կոնկրետ գործով ստանալ ՄԻՊ աջակցությունը, քանի որ Պաշտպանի իրավասությունը կոնկրետ գործերով պետական կազմակերպությունների պաշտպանությունը չէ: Իսկ «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի բողոքն ուղղված է Կառավարության հիմնադրած հեռուստաընկերության դեմ, որն, ըստ դաշինքի բողոքի, գործել է հենց Կառավարության հրահանգով: Սրա հետ կապված՝ ՄԻՊ-ը գրավոր հարցումներ կուղարկի Հանրային հեռուստաընկերություն և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), ինչից հետո միայն հնարավոր կլինի գնահատել Հանրային հեռուստաընկերության արարքը։ [ՀՀ ՄԻՊ]


12:45-
Էլիտայի դեմ պայքարը ավելի շատ դասակարգային տերմին է և 2018-ի հեղափոխության ոգին արթնացնելու նպատակ ունի, մենք տեսանք` սրա հետևանքները ծանր են, այս ամենի համար կան մեղավորներ և պատասխանատու անձինք: Ու քանի որ ասելիք չկա, աշխատանքի արդյունք չկա, այս իշխանությունները պետք է ուրիշների վրա հարձակվեն, անհաջողությունների մեղքը ուրիշներ վրա բարդեն, պետք է գոռան, ճվան, լաչառություն անեն, մատ թափ տան, կապիկություններ անեն ամբիոնից, այս հարցում լավ վարպետ են: [Ռոբերտ Քոչարյանը՝ Նոյեմբերյանում] |tert.am|


12:40-
Երեկ Հայաստանում ցնծություն էր՝ կապված 15 հայ ռազմագերու վերադարձի հետ, ընդդիմադիր դաշտում էլ՝ սուգ ու շիվան։ Այո, ականապատ տարածքների քարտեզներ են փոխանցվել Ադրբեջանին, բայց տպավորություն են ուզում ստեղծել, թե ինչ ունենք, տվել ենք: Չեմ կարող ասել, որ ոչ շոշափելի մաս է տրվել, շոշափելի հատվածն է տվել, բայց՝ փոքր մի մաս: Որոշ ժամանակ առաջ էլ են քարտեզներ տրվել: Մենք ոչ թե քարտեզները փոխանակել ենք գերիների հետ, այլ քայլի դիմաց արել ենք քայլ ու պատրաստ ենք կրկին անել: Երբ մենք տեսանք, որ Ադրբեջանը դադարեցրեց մեր գերիների վերադարձի գործընթացը, մենք էլ դադարեցրեցինք քարտեզների տրամադրման գործընթացը: Հիմա այստեղ խոսքը ոչ միայն 15 գերիների վերադարձի մասին է, այլ գերիների վերադարձի գործընթացի վերակենդանացման։ [Նիկոլ Փաշինյանը՝ Եղվարդում] |Armtimes.com|


12:05-
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի չեղարկումը նշանակում է նոր պատերազմ: Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, կարծում եմ՝ Սյունիքի այս ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի, բայց մենք գնում ենք բանակցությունների ճանապարհով։ Բոլոր նրանք, ովքեր կասեն՝ կարող ենք գալ և ընտրություններից հետո պատերազմով ադրբեջանցիներին հանել այնտեղից, կա՛մ արկածախնդիր պետք է լինեն, կա՛մ՝ ստախոս: ՀՀ-ն ապաշրջափակման այլընտրանք չունի։ Սուվերեն տարածք, միջանցք բացառված է, ո՛չ, չպետք է տրվի, սահմանները բացե՞լ՝ խնդրեմ, Հայաստանը միշտ էլ կողմ է եղել սահմանները բացելուն, սակայն ՀՀ-ի կողմ լինելը եղել է ուղղակի հայտարարոթյուն, բայց ոչինչ չի արվել, որ օրենսդրությունը հարմարեցվի։ [Էդմոն Մարուքյան] |tert.am|


11:15-
Ես հայտարարում եմ՝ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել: Բայց քանի որ ես երկու նախկին նախագահների ժամանակ էլ եմ աշխատել էնպիսի պաշտոններում, որը թույլ էր տալիս ունենալ բավարար ինֆորմացիա, ասում եմ՝ այդպիսի հարց ընդհանրապես Հայաստանի որեւէ իշխանություն չի քննարկել: Ինքը քամի անող է, թող հանի փաստաթուղթը, ցույց տա: Մի անգամ գոնե մի բան պիտի՞ ցույց տա, թե՞ չէ։ Ե՞րբ, ո՞ր ժամանակ է բանակցություններ եղել անկլավների մասին: Անկլավների մասին բանակցություններ չեն կարող լինել հիմա: Էդ մարդը տանուլ տված մարդ է, էդ մարդը կապիտուլյացիայի ենթարկված մարդ է, էդ մարդու խղճին աառնվազն 5000 զոհ կա, ախր թող դրանց պատասխանը տա, նոր սկսի ինչ-որ բանակցություններ վարել: [Սերժ Սարգսյանը՝ Արաբկիրում] |news.am|


10:45-
Հաշվի առնելով, որ Արմավիրի մարզում հայտնաբերված ընտրակաշառքի գործով անցնող Արմավիրի նախկին քաղաքապետն ընդգրկված էր ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ դատախազն օրենքով սահմանված կարգով դիմել էր ՀՀ ԿԸՀ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդեւթյուններով: Այսօր կայացած նիստի արդյունքում ԿԸՀ-ն տվել է համաձայնությունը: ԿԸՀ որոշումներն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին և հանձնարարվել է անձին առաջադրել մեղադրանք և կատարել մյուս անհրաժեշտ դատավարական գործողությունները։ [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]


10:40-
ԿԸՀ-ն այսօր՝ ժամը 15:00-ին, քննելու է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցով դատարան դիմելու մասիշն: Հիշեցնում եմ, որ «Զարթոնք»-ը դիմել էր ԿԸՀ-ին, քանի որ Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության, բռնության կոչեր ներկայացնելու պատճառով չի ապահովվում ազատ ընտրությունը: [«Զարթոնք» ԱՔԿ նախագահ Արա Զոհրաբյան]


10:35
- Մեր բուկլետների տարածման համար նոր տեխնոլոգիա ենք կիրառում. վաղվանից ձեր բնակարանի դռների վրա կարող եք տեսնել խնամքով փակցված մեր նախընտրական բուկլետը, որոնք հեշտությամբ պոկվում են և հետքեր չեն թողնում։ Հունիսի 20-ին գնացե՛ք ընտրատեղամասեր և քվեարկե՛ք 9-րդ քվեաթերթիկի՝ «Լուսավոր Հայաստան»-ի օգտին։ [Էդմոն Մարուքյան]

 

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 8

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 6



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել