Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, ընտրողը. Նիկոլ Փաշինյան
23:50 - 10 հոկտեմբերի, 2023

Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, ընտրողը. Նիկոլ Փաշինյան

Երեւանի ավագանու ընտրություններում հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեց ընտրողը եւ հաղթեց հեղափոխությունը։ Այսպես եմ ասում, որովհետև բոլորս հասկանում էինք Երեւանի ավագանու ընտրությունների քաղաքական նշանակությունը եւ կարեւորությունը․ այս ընտրություններում ձայների բաշխվածությունը կարող էր էականորեն փոխվել, 50-150 քվե ձայների տարբերությամբ քաղաքական իրադրությունը կարող էր փոխվել։ Այս մասին այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ 

Փաշինյանը նշեց` իրենք արդեն երկու անգամ անառարկելիորեն ապացուցել են իրենց վստահեցումը, թե «մենք մեր ձեռքերը կկտրենք, բայց որևէ քաղաքացու քվեի ձեռք չենք տա»: 

Հարցին` ընտրությունների արդյունքներից քաղաքական հետևությունը որն է, վարչապետը պատասխանեց.

«Այն ուժերը, որ հանդես են եկել որպես հեղափոխության արժեքների կրող ու պաշտպան, հավաքել են 60 տոկոսից ավելի ձայն, ուրիշ բան` ով է անկեղծորեն նվիրված այդ արժեքներին, ով է մանիպուլացնում։ Լավ առիթ է, որ նորընտիր քաղաքապետը ցուցաբերի համախմբելու կարողություն, այդ թվում`ընդդիմադիրների ծրագրերի համադրելի դրույթների նկատմամբ սեփականատիրական վերաբերմունք ունենա»:

Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ Տիգրան Ավինյանի ընտրվելը կախված էր Վարդան Ղուկասյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ ավագանու նիստին գալ-չգալուց, ասել է․

«Եթե ուզում եք հարցնել՝ ընտրությունների արդյունքները մեզ մտածելու առիթ տալի՞ս են, ապա պատասխանեմ՝ այո՛, տալիս են․․․ Մտածելու, վերլուծելու, բայց այս փուլում ես չեմ ուզում՝ մենք որևէ կերպ քննարկման առարկա դարձնենք ընտրողի որոշումը»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել