«Ազատական» կուսակցությունը Շիրակի մարզում էր |armenpress.am|
21:48 - 13 հունիսի, 2021

«Ազատական» կուսակցությունը Շիրակի մարզում էր |armenpress.am|

armenpress.am: «Ազատական» կուսակցությունը քարոզարշավի 7-րդ օրը Շիրակի մարզում էր: Սամվել Բաբայանի գլխավորությամբ հանդիպումը մարզի ընտրողների հետ մեկնարկեց  Գյումրու Մարզամշակութային կենտրոնի դահլիճում:

Քաղաքացիների հետ հարց ու պատասխանի ընթացքում Սամվել Բաբայանը նշեց, որ ԱԺ արտահերթ ընտրություններում բավարար ձայներ հավաքելու ու հաղթանակ արձանագրելու դեպքում պետական անվտանգությունը կլինի առաջնային: «Բանակի խնդիրը, անկասկած, մեր առաջնահերթություններից է, և ես բազմիցս ասել եմ, որ միայն հզոր, անպարտելի բանակը կարող է դառնալ տնտեսության կայուն զարգացման գրավականը: Մենք կարողանալու ենք ապահովել ոչ միայն բանակի վերածնունդը, այլև տնտեսության բոլոր ճյուղերի կայուն զարգացումը»,- հավաստեց Սամվել Բաբայանը՝ վստահեցնելով, որ պետական անվտանգության ապահովումը կարող է  լինել միայն  արդիական սպառազինությամբ՝ պրոֆեսիոնալ բանակով:

Խոսելով  44-օրյա պատերազմում կրած պարտության պատճառների մասին՝  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարը նշեց. «Մեր ժողովուրդը չի պարտվել, պարտվել է ղեկավարությունը: Վտանգի մասին տարիներ շարունակ ես նախազգուշացրել եմ բոլոր հնարավոր հարթակներում: Ասել եմ, որ անհրաժեշտ է պատրաստել ուժեղ ու հզոր բանակ, որովհետև միմիայն մեր սեփական ուժերով մենք կարող ենք պաշտպանել մեզ և ստիպել հաշվի նստել մեզ հետ։ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում լինելու ժամանակ անտեսվեցին իմ առաջարկները լրջորեն վերաբերվելու արտաքին սպառնալիքներին և բանակի սպառազինության վերանայման խնդրին: Վերջին 10 տարին, նրանք, ովքեր ղեկավարել են, պետք է պատասխան տան՝ գեներալներն էլ, քաղաքական ղեկավարներն էլ: Մենք անելու եք ամեն ինչ, որ մեղավորները պատժվեն  ու պատասխան տան: Ավելին ասեմ, ես չեմ գտնում, որ իմ թոռը պետք է այդ գեներալներին,  կամ այդ ղեկավարերին թոշակ տա: Այդ մարդկանց պագոնները պետք է պոկվի:  Ապատժելի ոչ մեկը չպետք է մնա»:

Ուժեղ ու պրոֆեսիոնալ բանակ ունենալու դեպքում, ըստ բանախոսի, Ադրբեջանը կգնա փոխզիջման: «20 տարի լափել են բանակը, մենք բանակ չունենք: Հենց մեր բանակն ունենանք՝ մեր խդիրները կլուծվեն, բայց ոչ պատերազմի միջոցով. տեսնելով մեր բանակը՝ Ադրբեջանը կգնա փոխզիջման»:

ՀՀ քաղաքացու համար կարևորը ապահով երկիրն է, իր խոսքում նշեց Սամվել Բաբայանը։ Դա ունենալու դեպքում միայն սոցիալական վիճակը կարող է բարելավել. «Բոլոր 25 կուսակցությունները գալիս են ընտրողների հետ հանդիպման ու խոստանում, որ իրենց ընտրվելու դեպքում աշխատավարձը կբարձրացնեն, բայց մեկը չկա ասող՝ դու սահմանադրության առաջին կետը ապահովվի, ավտոմատ իմ աշխատավարձն էլ կբարձրանա»:

Խոսելով այն մասին, թե  հնարավորության  դեպքում «Ազատական» կուսակցությունը որ ուժի  հետ կոալիցիա կկազմի,  կուսակցության ղեկավարը նշեց՝ նրանց հետ, ովքեր կհամաձայնեն միանալ «Ազատական»-ի  սկզբունքներին:  «Այսօր ես չգիտեմ ԱԺ ովքեր են մտնելու ու ինչ տոկոսներ են լինելու: Այսօրվա գործողությունները տանում են նրան, որ կարող է նաև կոալիցիայի  կարիքը չզգացվի»,-նշեց կուսակցության  առաջորդը: 

Սամվել Բաբայանը խոսեց նաև Խծաբերդում գերեվարված տղաների հետվերադարձի մասին. «Խաղաղ պայմաններում գերի ընկած տղաների համար  պատասխան  պետք է տա Ղարաբաղի հրամանատարությունը, իսկ տղաների հետ վերադարձը հնարավոր է փոխանակման միջոցով՝ հենց այն ադրբեջանցիներով, ովքեր մտել են Հայաստանի տարածքները: Ես ասում եմ՝ մեզ ձայն տալով, մենք բանակը կհզորացնենք՝ գերիների հարցով կնստենք, կբանակցենք  ու կփոխանակենք»,- նկատեց Սամվել Բաբայանը՝ հավելելով, որ «Ազատական»-ը կապահովի ոչ միայն բանակի վերածնունդը, այլև տնտեսության բոլոր ճյուղերի կայուն զարգացումը: 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել