ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 8
23:03 - 14 հունիսի, 2021

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 8

23:03- Ռուսաստանը չի եկել, որ 5 տարի հետո գնա Արցախից։ Եվ Ադրբեջանն էլ է հասկանում, որ ինքը հինգ տարի հետո չի կարողանա ասել՝ ոչ։ Եթե պլանավորում է ասել՝ ոչ, դա կարող է իր համար ունենալ շատ ծանր հետևանքներ։ Մենք փորձում ենք հասկացնել ժողովրդին, որ սրանք ընտրություններ չեն, սա պետության փրկության հատուկ օպերացիա է։ Որքան շատ ներկայացուցիչներ ունենան Ռուբերտ Քոչարյանն ու Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդարանում, այդքան մեծ է քաղաքացիական պատերազմի վտանգը։ [ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան] |hetq.am|


22:45-
Անհայտ անձինք ՄԻՊ անունից մոտենում են մարդկանց՝ հարցերով, թե քաղաքական որ ուժին կամ անձին են ձայն տալու: Այսօր պաշտպանի աշխատակազմ են ստացվել այդպիսի ահազանգեր։ Նշված անձինք կամ նրանց հարցումները որևէ առնչություն չունեն ՄԻՊ հաստատության հետ, առավել ևս Պաշտպանը նման իրավասություն չունի, առհասարակ: Այդ մարդիկ պարզապես խաբեությամբ օգտագործում են հաստատության հեղինակությունը: Ուստի, բոլորին կոչ ենք անում նման կեղծ հարցումների հանդիպելու դեպքում անտեսել դրանք կամ որևէ հարցի չպատասխանել: [ՀՀ ՄԻՊ]


22:39-
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում եղել է Շիրակի մարզում։ Կուսակցության անդամները այցը սկսել են մարզի սահմանամերձ գյուղերից և նշել, որ հատկապես կարևորում են սահմանամերձ բնակավայրերի խնդիրները։ Իսկ ընդհանրապես կուսակցության ծրագրերում առաջնային են պետականության, բանակի, եկեղեցու և ընտանիքի գաղափարները։ |shantnews.am|


22:26-
Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը շարունակելու է իր ընտրարշավը և իր պայքարը խորհրդարան մտնելու համար։ Պարոն Արզաքանցյանը լինելու է իր համակիրների կողքին մինչև վերջ և հաղթանակի դեպքում կներկայացվի որպես երկրի վարչապետ: Ինչ վերաբերում է դատարանի որոշմանը, իրեն մերժել են, բայց կուսակցությանը հո չեն զրկել մասնակցելու ընտրություններին։ Գտնում ենք, որ դա ոչ լեգիտիմ որոշում է, քանի որ պարոն Արզաքանցյանին կարող էին հենց սկզբից դրա մասին տեղեկացնել, այլ ոչ թե որոշ ժամանակ անց։ [Արզաքանցյանի խոսնակ Տիգրան Հովհաննիսյան] |tert.am|


22:11-
Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հայտը և ԿԸՀ որոշումը թողել ուժի մեջ, ինչը նշանակում է, որ Տիգրան Արզաքանցյանն ընտրություններին մասնակցել չի կարող։ Եթե վճիռը վերանայելու հնարավորություն լիներ, ապա դիմելու էինք Վերաքննիչ դատարան, սակայն նմանատիպ վճիռները բողոքարկման ենթակա չեն։ [Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյան] |tert.am|


21:40-
Նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը տեղադրել է հարթակ և խոսափող Երևան քաղաքի տարբեր հատվածներում: Քաղաքացիներին հնարավորություն է տրվել կարդալ կուսակցության նախընտրական ծրագիրը, ուղղել հարցեր և խոսել մտահոգող խնդիրներից: Կուսակցության անդամները այնուհետև կպատասխանեն հարցերին ուղիղ եթերում: Հիմա, երբ լրահոսը ողողված է քաղաքական գործիչների հայտարարություններով, քաղաքացու խոսքը բացակայում է: Մենք որոշեցինք ՔՈ խոսափողը տրամադրել քաղաքացուն։ [ՔՈ ՍԴԿ]


21:30-
Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ պատասխանատվություն չի կրում նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական ուժերի կողմից տրամադրվող հոլովակների բովանդակության համար: Հանրայինն ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացվող հոլովակները՝ չուսումնասիրելով դրանցում առկա հնարավոր իրավական ռիսկերը: Այնուամենայնիվ, Առաջին ալիքը կոչ է անում քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ ատելության խոսքից՝ մաքուր պահելով Հանրայինի եթերը: 


20:57-
Մենք առաջարկում ենք ոչ թե ասել պայքարում ենք, այլ հստակ օրենսդրությունը փոխել, պարզեցնել, հստակեցնել, որ անգամ, եթե քո հարազատն ա էդ հանցանքը կատարել ցանկության դեպքում էլ չկարողանաս իրեն օգնել: Մենք պրոֆեսիոնալ, հզոր բանակի ստեղծմամբ ենք պատկերացնում անվտանգային խնդիրների լուծումը: Իմ նպատակը ոչ թե վարչապետ դառնալն է, այլ ռազմական գերատեսչությունը ղեկավարելն ու հզորացնելը: 18 տարեկան երեխան 1 տարի բանակում ուչեբկա ծառայի ու գնա իրենց տուն, ցանկության դեպքում, եթե իր կյանքը ցանկություն ունի բանակի հետ կապի, նա գալիս ա, պայմանագիր կնքում 6 ամիս նորից պարապում, նոր միայն ծառայում պայմանագրային: [«Ազատական» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայան] |1lurer.am|


20:25-
«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը  ընտրարշավի շրջանակներում հուլիսի 14-ին այցելել է Եղվարդ, Բյուրեղավան, Արզնի և Աշտարակ քաղաքներ։ Նշված քաղաքներում քարոզչական երթերը զուգակցվում էին քաղաքացիների հետ երկխոսությամբ, պարզաբանումներ էին տրվում քաղաքացիներին հուզող հարցերին։


19:50-
Հունիսի 21-ից հետո Հայաստանում պետք է ձևավորվի միասնական կառավարություն՝ ընդդեմ մարտահրավերների, որոնք ավելի մեծ են, քան մեր հնարավորությունները: ԼՀԿ-ն մի կողմ է դրել բոլոր տարաձայնություններն այլ քաղաքական ուժերի հետ և կոչ է անում համախմբվել, իրականացնել բոլոր լավ ծրագրերը: Ըստ մեր պատկերացումների՝ քաղաքական գործիչները պետք է մնան խորհրդարանում, իսկ պրոֆեսիոնալները գնան կառավարություն: Հենց այդ պրոֆեսիոնալ մարդկանց կառավարությունն էլ երկիրը դուրս կբերի վատ վիճակից: [Էդմոն Մարուքյանը՝ Գավառում] |hetq.am|


19:02-
Կան ուժեր, որոնք ոչ միայն չեն ուրախացել, այլև տխրել են այդ կապակցությամբ ու այս քանի օրն ինչ բամբասանք ասես տարածում են: Վերջին ամենաթարմ բամբասանքն այն է, որ իբր մենք Ռուսաստանի մեր գործընկերներից թաքցրել ենք ականապատ դաշտերի քարտեզները: Դա կատարյալ անհեթեթություն է: Մինչ այս մենք ադրբեջանական կողմին ականապատ քարտեզներ փոխանցել ենք, դա արել ենք մեր ռուս գործընկերների միջոցով: Այնպես չէ, որ ունեցած բոլոր քարտեզները վերադարձրել են: Տրվել է մի փոքր մասը՝ գերիների վերադարձին ի պատասխան: Խոսքը չի գնում այն հատվածի քարտեզների մասին, որոնք բաժանում են Հայաստանին ու Ադրբեջանին: Խոսքն այն տարածքների մասին է, որոնք ցավալի իրադարձություններով պայմանավորված գտնվում են ադրբեջանցիների թիկունքում: [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|


18։03- 
Չկա Ռուսաստան և Արևմուտք, կա Ռուսաստան և Թուրքիա։ Արևմուտքը տարածաշրջանում ներկայացված է Թուրքիայով․ դա կատարյալ ապուշություն է, երբ հայակական քաղաքական էսթաբլիշմենթը թույլ է տալիս իրեն այդպես մտածել։ Այն, ինչ անում է Թուրքիան, արևմուտքն է։ Իհարկե, Ֆրանսիան կարող է մեկ-մեկ ռևերանսներ անել, բայց դա ոչինչ չի նշանակում։ [«Ազատություն» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյան]

 

17։42- Հայաստանին այս վիճակի բերել են տարիներ շարունակ Հայաստանի միջոցները գրպանող, Հայաստանի հեղինակությունը գցող, Հայաստանի պետական բոլոր ինստիտուտները թուլացնող իշխանությունները` իրար հաջորդող բոլորը, չեմ առանձնացնում։ Անկախությունից ի վեր մենք թուլացել ենք: Եթե կարողանայինք մեր կարողությունները ճիշտ օգտագործել, եթե  կարողանայինք ֆունկցիոնալ պետություն ունենալ, ֆունկցիոնալ բանակ ունենալ, այս իրավիճակին չէինք հասնի։ Սա հեղափոխության արդյունքը չէ, սա երկար տարիներ մեր սխալ ապրելու արդյունքն է։ [«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյան]

 

17։41- Գժի նման սուր չեմ թափահարելու, զբաղվելու եմ կոնկրետ բանակաշինությամբ։ Նախ և առաջ մեր տարածք անցնող ցանկացած հակառակորդ, և հատկապես ադրբեջանցի, պարզապես կսպանվի, եթե անցնի մեր տարածք։ Ո՞րն է մեր տարածքը, Նիկոլ Փաշինյանը պարզապես խաբում է մարդկանց, երբ ասում է, որ դեմարկացիա, դելիմիտացիա չկա։ Ո՛չ, սահման կա, դա հայակական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ միջև սահմանն Է։ Այլ հարց է, որ այս սահմանին դելիմիտացի և դեմարկացիա չկա, բայց դա չի նշանակում, որ սահման չկա։ [«Ազատություն» կուսակցության վարչապետի թեկնածու Հրանտ Բագրատյան]

 

17:00- Մենք անկասկած անելու ենք ամեն ինչ՝ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար: Հասկանում ենք, որ այս քաղաքը կառուցվել է ատոմակայանի շուրջ։ Մեր ծրագրերն էներգետիկայում հետևյալն են․ մենք կարող ենք դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության հարթակ տարածաշրջանի համար, մենք ունենք ավելցուկ հզորություններ: Մեր էներգետիկ հզորությունները համենայնդեպս մինչև վերջերս մոտ 50 տոկոսով էին ծանրաբեռնված, ավելացել է լրացուցիչ հզորություն՝ Հրազդանի 5-րդ բլոկը, որը լիարժեք չի շահագործվում մեկ պատճառով․ Իրանի հետ կապող էլեկտրական գիծը չկառուցվեց, հիմա շինարարությունը նոր-նոր փորձում են առաջ տանել։ [Ռոբերտ Քոչարյանը՝ Մեծամորում քարոզարշավի ժամանակ] |armenpress.am|

 

16:41- Նկատում ենք, որ արդեն Երևանում ՀԱԿ ընտրարշավը լուրջ արդյունքներ է տվել։ Գյումրիում և Վանաձորում տեսնում ենք, որ ժողովուրդը կարծես ուզում է դուրս գալ Նիկոլ-Ռոբերտ երկընտրանքից, որովհետև այդ երկընտրանքը Հայաստանը որևէ տեղ չի տանում։ Տեսնում ենք, որ աստիճանաբար ժողովուրդը թեքվում է դեպի Հայ ազգային կոնգրես և սրտին ավելի մոտ է ընդունում այն գաղափարը, որ երկրի կայունացման լավագույն կառավարիչը կարող է լինել պետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Լևոն Զուրաբյան] |hetq.am|

 

16։35- «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների ուղեկցությամբ համատեղ հանդիպումներ են ունենում մարզի բնակավայրերում: Հանդիպումների շարքը մեկնարկել է Վանաձորից: Լոռեցիների հետ շփումների ժամանակ նրանք ներկայացնում են «Պատիվ ունեմ» դաշինքի ծրագիրը, ճգնաժամում գտնվող և բազում մարտահրավերների առջև կանգնած մեր պետության համար այս ծանր իրավիճակում պարտադրված խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու՝ դաշինքի դրդապատճառներն ու նպատակը, ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու իրենց ծրագրային լուծումները: Դաշինքի ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանը մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում ամենօրյա բակային հանդիպումներ է ունենում երևանցիների հետ: [«Պատիվ ունեմ» դաշինք]

 

16։29- Ընկել ենք երկու քարի արանք։ Մյուս չարիքն էլ այն է, որ Մարտի 1-ի գլխավոր ամբաստանյալը, քրեական աշխարհի հայրը, տեսե՞լ եք քրեական աշխարհը ինչպես է ոգևորվել, ինչ մեթոդների են դիմում, քանի տեղ են շտաբ բացում։ Ո՞ւր է գալիս Ռոբերտ Քոչարյանը․ որպեսզի վրեժ լուծի Նիկոլ Փաշինյանից, որ իրեն ԱԱԾ-ի պատդվալում պահել է, այլ մոտիվացիա չունի։ Մեկը հանցագործ թիմով, մեկը անհավասարկշռությամբ այս երկիրը ծվատելու են։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյան՝ Կոտայքում քարոզարշավի ժամանակ]

 

15։51- Բոլոր քաղաքական ուժերը գալիս են, սիրուն խոստումներ են տալիս, կենացներ, լավ, մեծ հայրենիք առաջարկում։ Մեկը Սևրի դաշնագիրն է, մյուսը՝ Կուրն է, մեկը Կիրովաբադում թեյ է խմում, մեկը Ստամբուլը արյան ծով է սարքում։ 27-ի մեջ մեկ քաղաքական ուժ կա, որ դառը ճշմարտությունն է ասում․․․ Գիտենալով հանդերձ, որ դառը խոսքը, դառը ճշմարտությունը ականջի համար հաճելի չէ, բայց մենք մեր նկատմամբ ազնիվ ենք։ Ազնիվ ենք նաև ձեր և բոլորի նկատմամբ, և պարտավորված ենք ասել դառը  ճշմարտությունը։ [ՀԱԿ պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը՝ Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ]

 

15։30- Այսօր Հանրային ՀԸ-ից զանգ է եկել (նախընտրական բանավեճը - խմբ․) բոյկոտող կուսակցություններին, որով ապատեղեկատվություն են տարածել, թե բոյկոտող կուսակցությունների մեծ մասը համաձայնել են մասնակցել բանավեճին և մնում են միայն իրենք։ Անձամբ զանգել եմ բոլոր 9 կուսակցությունների առաջին համարներին և ստացել հավաստիացում, որ իրենք շարունակում են բոյկոտել և Հանրային ՀԸ համապատասխան ներկայացուցիչը զբաղված է էժան մանիպուլյացիաներով։ [ՔՈ վարչապետի թեկնածու Սուրեն Սահակյան]

 

15։13- Ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված և ՀՔԾ-ում քննվող քրգործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի (այդ թվում՝ Արմավիրի նախկին մարզպետ Ռուբեն Խլղաթյանին - խմբ․), որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս 8 անձ ունի կասկածյալի կարգավիճակ: [ՀՔԾ]

 

14։59- Ամենալավ Կառավարությունն այն է, որին մարդիկ ամեն օր չեն հանդիպում, ամեն օր հանդիպելը նշանակում է, որ այդ Կառավարությունն ամեն օր մի խնդիր է ստեղծում և մարդիկ սկսում են հիշել, որ կա մարմին, որը պետք է այս կամ այն գործը անի ու չի անում, սա է իրականությունը: Լավ աշխատող Կառավարությունն այն է, որի մասին մարդիկ նույնիսկ չեն էլ լսում. ինչո՞ւ դու պիտի Կառավարության շենքի տեղն իմանաս, այս երեք տարիների ընթացքում Կառավարության շենքի դիմաց այնքան ակցիաներ են եղել, որ ոնց որ մեզ ամեն օր ասեն՝ կա Կառավարություն, կա Կառավարություն: [«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ Էջմիածնում քարոզարշավի ժամանակ] |tert.am|

 

14։37- «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը քարոզարշավը կամփոփի Գյումրիում։ Հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Գյումրու Թատերական հրապարակում տեղի կունենա ԱԺԲ-ի հանրահավաքը։

 

14։01- Ես շատ բարձր եմ գնահատում մեր շանսերը՝ իշխանություն ձևավորելու։ Ես սոցիալական հարցումներին 100 տոկոսով չեմ վերաբերվում, բայց մենք տեսնում ենք բազմաթիվ սոցհարցումներ, որոնցով երևում է շեշտակի աճը մեր քարոզչության ընթացքում ձեռք բերած, ավելացող ռեյտինգի։ [«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայան]

 

13։58 - Հունիսի 12-ին ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքներից մեկի՝ Քասախ համայնքի Մուշ թաղամասի շտաբի փակցրած նախընտրական պաստառներից մեկը պոկված և պատռված է։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Նաիրիի ոստիկանները պարզել են, որ պաստառը պոկել և պատռել է Քասախ համայնքի Մուշ թաղամասի 51-ամյա բնակչուհին։ Նա հրավիրվել է ոստիկանություն և խոստովանել։ [ՀՀ ոստիկանություն]

 

13:47- Եթե մենք մեր անվտանգությունը որպես հայ չենք վերցնում մեր ձեռքը, չենք փորձում մեր հնարավորությունները ի սպաս դնել մեր անվտանգության սպասարկմանը, այլ ինչպես և այսօր արվում է, մեր անվտանգությունը տեսնում ենք մեզնից դուրս (հիմա դրա անունը ռուս կլինի, թե ինչ, բացարձակ կարևոր չի), մենք անվտանգ չենք և չենք լինելու, որովհետև կախված ենք լինելու ուրիշից, որը կորոշի՝ մեր անվտանգությունը լինի, թե չլինի, մենք ինչ չափի մեջ անվտանգ լինենք, կամ չլինենք։ Մենք մեր անվտանգությունը պետք է լուծենք մեր ինքնությունը ճանաչելով և մեր ինքնության միջոցով մեր անվտանգությանը տեր կանգնելով։ [«Ազգային օրակարգ» կուսակցության ցուցակի առաջին համար Արա Հակոբյան]

 

13:45- Մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է, և 2018-ի հեղափոխությունը դրա համար է տեղի ունեցել, որ ՀՀ-ում խոզակերպ իշխանության էջը փակվի։ Ես պատահական չէի ասում, որ 2018-ին հեղափոխությունը հենված էր քրիստոնեական արժեքների վրա, և հենց այս համեմատությամբ կարելի է տեսնել այդ արժեքը։ Խոսքը ներքին բովանդակության և ժողովրդի հետ հարաբերությունների մասին է։ Մենք Հայաստանում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, որովհետև մեր իշխանությունը հենվել է բազմաց ձայնի վրա, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո։ [Նիկոլ Փաշինյանը՝ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում քարոզարշավի ժամանակ] |tert.am|

 

13։37- Իրենց քարոզչության ընթացքում իշխանությունը անդադար ատելություն է տարածում, խորացնում է այն ատելությունը, որը սկսվել է իրենց իշխանության գալու շրջանում։ Ամեն օր հասարակության մեջ ատելության նոր չափաբաժին է ներարկում, իմ համոզմամբ՝ շատ լավ հասկանալով, որ որևէ դեպքում հնարավորություն չունեն վերարտադրվելու, ցավոք, պետք է ասեմ, որ պատրաստվում են իրենց պարտությունը հաղթանակ ներկայացնելու։ Չեմ բացառում, որ իշխանությունը կարող է կանգնել, ասել, թե ընտրությունները կեղծել էին ընդդիմությունները։ Այս իշխանությունը պատրաստ է նույնիսկ այդ հիմարագույն մեթոդով իշխանությունը կրկին զավթել։ [«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայան]

 

13։21- Միջանցքների, ճանապարհների բացումը չենք ընդունում: Դա կնշանակի թուրքական աշխարհի միացում և որպես դրա հետևանք թուրքական տնտեսական էքսպանսիա Հայաստանում: Միջանցքների, ճանապարհների բացման արդյունքում՝ մի քանի միլիարդ դոլար կշպրտեն Հայաստանի կազմաքանդված տնտեսություն, ու ամբողջը կվերցնեն, Էրդողանի թեթեւ ձեռքով մեկ միլիոն մահմեդական կհայտնվի այստեղ, ու դրա ֆոնին ահասարսուռ արտագաղթ կլինի եւ վերջ, ու  առանց ջանքների՝ մտնելու են Երեւան։ [«Ազգային օրակարգ» կուսակցության պատգամավորի թեկնածու Հայկ Փայտյան] |armtimes.com|

 

13։10- Նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին։ Եկեղեցու և ազգային-հոգևոր արժեքների հանդեպ ներկա իշխանության վերաբերմունքը մեր ժողովրդին հայտնի է։ Այս համատեքստում պետք է դիտարկել վարչապետի պաշտոնակատարի կողմից Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ դրսևորված վարքագիծը։ Հայոց Եկեղեցին, հակառակ ամեն տեսակ խոչընդոտի և իշխանությունների կեցվածքի, շարունակելու է անշեղորեն իրականացնել հոգեփրկչական և ազգապահպան իր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում։ [Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին]

 

13։01- Անհրաժեշտ է իրականացնել գույքագրում՝ հասկանալու համար, թե 30 տարվա ընթացքում ինչ է մնացել պետությունում։ Մսխել են այնքան հարստություն, որ ասելու չի։ Մենք պետք է ամբողջությամբ գույքագրումն անենք,  քաղաքական և իրավական գնահատական տանք նախորդ իշխանությունների վարած քաղաքականությանը։ Ոչ միայն նրա համար, որ ոմանք պատժվեն, այլև նրա համար, եկող իշխանությունը իմանա, որ իրեն էլ է դա սպասվում։ [Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան]

 

12։58- Համոզված եմ, որ մոտակա հինգ տարվա մեջ մենք, իրագործելով և ալտերնատիվ ժամկետային ծառայություն առաջարկելով, կարողանալու ենք բանակի բարեփոխումները իրագործել էնպես, որ մարտունակությունը լինի բարձր աստիճանի, և անվտանգային բացեր չունենանք ընթացքում։ [«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյան]

 

12։29- Ճամբարակ քաղաքում հանդիպեցինք մեր դիրքապահ տղաներին,  որոնց հետ մայիս ամսին «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության անդամները շուրջ երկու շաբաթ գտնվել են առաջնագծում: [«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն]

 

12։27- Մենք ամեն գնով ձևավորելու ենք եռամիասնությունը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք, որովհետև եթե ազգը նորից չվերամիավորվի և չհամախմբվի, մենք միշտ պարտություն ենք կրելու։ Միավորված հայը անպարտելի է, իսկ պառակտված հայը դատապարտված է։ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությունը գլխավոր խնդիրն է, որը պետք է իրականացնենք։ [Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյան]

 

11։58- Պետք է արագորեն վերականգնել մեր անվտանգության համակարգը, հաստատել հանդուրժողականություն և հանգստություն, արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ համբավ, իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր՝ բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար, վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը, վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները՝ լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի: [Կարեն Կարապետյան]

 

11:36- Տիգրան Արզաքանցյանը դատի է տվել ԿԸՀ-ին: Նա դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով ԿԸՀ-ն Արզաքանցյանի գրանցումն ընտրություններին անվավեր էր ճանաչել: Հայցն արդեն վարույթ է ընդունվել: |armtimes.com|

 

11:27- Ժողովուրդն էլ է դժգոհ, մենք էլ: Դրա պատճառն այն է եղել, որ մենք պարտավոր ենք զգացել հավատարիմ լինել մեր տված խոստումին: Մենք 2018-ին երբ հեղափոխություն ենք արել, ասել ենք՝ սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, կադրային ջարդ չի լինելու: Հեղափոխության արդյունքում մենք ստացել ենք թավշե մանդատ, բայց մենք հասկանում ենք նաև, որ այդ մանդատի ժամկետն ավարտվեց։ [ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ Այնթապում քարոզարշավի ժամանակ] |armenpress.am|

 

11:05- Վարչական դատարանը երկրորդ անգամ անվավեր է ճանաչել ԿԸՀ որոշումը՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Հայաստանը կառուցելիս» գրառմամբ պաստառը քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին: |hetq.am|

 

10։54- Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո, օրակարգը, որը մենք ենք ներկայացնում, եթե կյանքի կոչվի, ապա ռազմագերիների խնդիրը շատ արագ կարող է լուծվել։ Այդ խնդիրը կարող է լուծվել, եթե երկրի ներսում մենք մեր խնդիրները լուծենք և արտաքին ճակատում ուժեղանանք։ Եվ ոչ մի պարագայում ռազմագերիների վերադարձը մեր ներքաղաքական կյանքում չշահարկվի, սա շատ կարևոր է։ Երևի ամեն ինչ կարելի է շահարկել, բայց ոչ, մարդուն գերությունից ազատելը չպետք է շահարկվի։ [ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյան]

 

10։10- Բոլոր քաղաքացիներին, որոնք դեմ են թշնամության մթնոլորտին, բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են կողք կողքի ապրել ընտրություններից հետո, բոլոր նրանց, ովքեր չեն գնալու և ժողովրդին չեն տանելու եղբայրասպանության, կոչ ենք անում լռության օրը անցկացնել միասին, քայլել երթով բոլոր այն տեղերով, որոնք խորհրդանշում են մեր անխոհեմության պատճառով նահատակված մեր եղբայրների հիշատակը, և տալ միասնական ուղերձ, որ մենք չենք անի ոչինչ, որը դիմացինին կդրդի գնալ անդառնալի ճանապարհով, գնալ դեպի նոր աղետներ։ Այդ օրը մեզնից ոչ մեկը չի կիրառի կուսակցական որևէ սիմվոլ, որևէ կարգախոս կամ ընտրելու կոչ, որը կարող է ընկալվել նախընտրական քարոզչություն։ Երթը կմեկնարկի հունիսի 19-ին՝ ժամը 18։00-ին, Ազատության հրապարակից։ [«Քաղաքացու որոշում» ՍԴԿ]

 

09:20- Քարոզարշավ օր 8. քաղաքական ուժերը շարունակում են արշավներ իրականացնել ՀՀ մարզերում․ ժամանակացույցը՝ այստեղ։ |armenpress.am|

 

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 9

ԱԺ արտահերթ ընտրություններ 2021․ քարոզարշավ․ օր 7


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել