shantnews.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ փնտրել՝ հաշվի առնելով կողմերի կամքը։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:
«Միջնորդները կփորձեն գտնել տարբերակ (կարգավորում)՝ համաձայն կողմերի կամքի: Մենք հասկանում ենք իրադարձությունների զարգացման նոր օրակարգը: Բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում կայունության և բարեկեցության հավաքական ստեղծման համար: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքին մնացած բոլոր հարցերի շուրջ, ապա դա ամբողջովին կախված կլինի ձեզանից: Դրա համար լավ հիմք կա: Մենք անցումային փուլում ենք, և ապագայի ծրագրերը կարող են մշակվել», – ասել է դիվանագետը:
Վիսկոնտին ընդգծել է, որ Ֆրանսիայի կառավարությունը ողջունել է Ղարաբաղում հրադադարը, որը «վերջ է դրել սպանդին»:
«Մենք շատ դրական ենք վերաբերվում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ձեռք բերված համաձայնագրի բոլոր դրույթներին»,- նշել է ֆրանսիացի համանախագահը:
Հավելենք, որ Ադրբեջանի նախագահն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին: Ընդունելությանը ներկա էին նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: ՌԴ դեսպանը նշել է, որ ՌԴ կառավարությունը միշտ կարևորել է Մինսկի խումբի դերակատարությունը:
comment.count (0)