Ինֆոքոմ

ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը. քննարկում

ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը. քննարկում

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը և «Ինֆոքոմի» լրագրող Լյուսի Մանվելյանը զրուցում են ՔՊ կուսակցության նախընտրական դրամահավաքի կասկածելի գործարքների, նախընտրական հիմնադրամների ու կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման վերահսկողության, հանրային վերահսկողության, պատժի անխուսափելիության, նվիրատուներին ենթադրյալ քաղաքական հետապնդումներից պաշտպանելու, քաղաքական կոռուպցիայի համար պատասխանատվության և այլ թեմաների շուրջ։ - Կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ նվիրատվություններ ներգրավելու երևույթի մասին - Նախընտրական հիմնադրամների և կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման վերահսկողությունը - Ե՞րբ պիտի հրապարակվեն նվիրատուների անունները. հանրային վերահսկողություն - Պատժի անխուսափելիության մասին - Իրավաբանական անձանց կողմից նվիրատվությունները թույլատրելու մասին - Նվիրատուներին ենթադրյալ քաղաքական հետապնդումներից պաշտպանելու մասին - Նվիրատվությունների առավելագույն շեմի նպատակահարմարության մասին - Նվիրատուների անունները կարո՞ղ են գաղտնի մնալ պետությունից - Ֆինանսական միջոցները պայմանավորու՞մ են ընտրությունների արդյունքները - Կուսակցություններին պաշտպանելու մասին - Շտաբներում հավաքագրված կանխիկ միջոցների մասին - Նվիրատվությունների մատչելի համակարգեր ներդնելու մասին - Քաղաքական կոռուպցիայի համար պատասխանատվության մասին
16:20 - 07 փետրվարի, 2024
Մարությանը զրկվեց մանդատից․ նա կոչ արեց Նիկոլ Փաշինյանին միանալու տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպվելիք ակցիաներին

Մարությանը զրկվեց մանդատից․ նա կոչ արեց Նիկոլ Փաշինյանին միանալու տրանսպորտի թանկացման դեմ կազմակերպվելիք ակցիաներին

Հայկ Մարությանին զրկեցին Երևանի ավագանու մանդատից․ որոշումը քիչ առաջ կայացրեց Երևանի ավագանին։ «Հայկ Մարությանը 42 քվեարկություններից ներկա է եղել 0 քվեարկությունների»,- նախագիծը ներկայացնելիս ասաց ՔՊ խմբակցությունից Արմեն Գալջյանը՝ հավելելով, որ Մարությանը չի մասնակցել ո՛չ ավագանու նիստերին, ո՛չ հանձնաժողովի, ինչը օրենքով հիմք է մանդատից զրկելու համար։ Նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր ելույթում նշեց, որ իրեն և ընդդիմադիր մյուս անդամներին հեռացնում են, որովհետև գործող իշխանության դեմ են դուրս եկել և նրանց հրաժարականն են պահանջում։ Նա ասաց, որ ավագանու անդամի լիազորությունները դադարեցվում են ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից զրկելու նպատակով։ «Մարդիկ մեզ ընտրել են 5 տարով, և դուք 3 ամսվա գալ-չգալու համար ինձ հանո՞ւմ եք։ Ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել։ Դուք եք ինձ այդ իրավունքը տվե՞լ, թե՞ կարող է մտածում եք իմ գործատուն ենք։ Իմ գործատուն իմ ընտրողներն են։ Հարգելիներս, դուք ո՞վ եք։ ՔՊ-ից ասում են՝ ավագանու անդամը կարող է հեռացվել, կամ՝ ոչ, այսինքն՝ հայեցողության հարց է՝ կարող է նաև չհեռացվել»,- ընդգծեց Մարությանը՝ հավելելով, որ իրեն հեռացնելու գործընթացն արվում է մի նպատակով. զրկել ընդդիմությանը պայքարի ևս մեկ հարթակից։ Նրա խոսքով նիստերից բացակայելը դեռ չի նշանակում, որ ոչինչ չի արվում, որովհետև աշխատանքի առյուծի բաժինն արվում է դահլիճից դուրս՝ ընդգծելով, որ թեև նիստին չի մասնակցում, բայց գործընկերների հետ մասնակցում է բոլոր նախագծերի քննարկմանը։ «Միայն նիստերին չգալով, քվորում չապահովելու միջոցով է հնարավոր, որ ՔՊ-ն իր տհաս ու վնասակար որոշումները չկայացնի»,- նշեց Մարությանը։ Նախկին քաղաքապետն ասաց՝ չի եկել, որ չմասնակցի ՔՊ-ի նախաձեռնած նախագծերի քվեարկություններին, որոնց դեմ է եղել։ Տիգրան Ավինյանն էլ, պատասխանելով Հայկ Մարությանին, ասաց. «Եթե չեք եկել, որպեսզի չմասնակցեք ավագանու որոշումներին, Ձեզ համար, անկեղծ ասած, հետագայում նույնպես բան չի փոխվի, Դուք կշարունակեք չգալ»։ Խմբակցության անունից իր ելույթում Մարությանն անդրադարձավ նաև տրանսպորտի թանկացմանը․ «Տրանսպորտի թանկացման «ռեֆորմը» չեք մարսելու։ Ինչպես 11 տարի առաջ, այնպես էլ հիմա դիմելու ենք քաղաքացիական անհնազանդության բոլոր միջոցներին, հրաժարվելու ենք վճարել ձեր ուզած գներով, մարդկանց մեր մեքենաներով տեղ ենք հասցնելու։ Կոչ եմ անում Ալեն Սիմոնյանին և Նիկոլ Փաշինյանին, որ ինչպես 2013թ․ միացան իմ ու ընկերներիս կազմակերպած ընդվզմանը, անպես էլ հիմա գան և միանան։ Եվ եթե էն ժամանակ իրենց անձնական համեստ մեքենաներով էին, հիմա կարող են S դասի մերսեդեսներով ու բենվեներով գան, մեկ էլ են ձեր ախրանիկների մեքենաներն էլ կբերեք, գործ շատ ա լինելու»,- ասաց Մարությանը։ Մեկ այլ որոշմամբ մանդատից զրկվեց նաև Նարինե Հայրապետյանը։
11:22 - 07 փետրվարի, 2024
Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Արցախցիների կարիքների համար գնումներ՝ ավագանու անդամների, նախկին ու ներկա պաշտոնյաներին փոխկապակցված ընկերություններից. տվյալների շտեմարան

Բռնի տեղահանված արցախցիների կարիքների համար իրականացված պետական գնումները կատարվել են «մեկ անձ» կամ «հրատապ մեկ անձ» ընթացակարգերով։ Ընդհանուր առմամբ կնքվել է մոտ 6 միլիարդ դրամի շուրջ 1000 պայմանագիր, որոնցից որոշները՝ նախկին ու ներկա պաշտոնատար անձանց փոխկապակցված ընկերությունների հետ։  Արցախի բնակչության տեղահանության ընթացքում ՀՀ կառավարությունը Առողջապահության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություններին պետական բյուջեից միջոցներ էր հատկացրել՝ տեղահանված անձանց կեցության, սննդի եւ այլ առաջնային կարիքներ հոգալու համար։ 2023թ․ հոկտեմբերի 20-ի դրությամբ կառավարությունը նշված նախարարություններին տրամադրել էր շուրջ 15 մլրդ ՀՀ դրամ։ Առողջապահության նախարարությունը տեղահանվածների համար առողջապահական և լաբորատոր նյութեր է ձեռք բերել նախարար Անահիտ Ավանեսյանին փոխկապակցված ընկերություններից Նախարարությունը պայմանագրեր է կնքել առաջին օգնության ապրանքներ տրամադրող 6 իրավաբանական անձանց հետ. «Արփիմեդ», «Նատալի Ֆարմ», «Վագա Ֆարմ», «Թեոֆարմա Իմպորտ» ՍՊԸ-ներ եւ «Արֆարմացիա», «Ֆարմատեք» ՓԲԸ-ներ։ Գնումները կատարվել են «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, այսինքն՝ առանց մրցույթի։ Այս ընկերություններից երկուսը կապվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ։ Մասնավորապես, «Արֆարմացիա» ընկերության 31% բաժնեմասը պատկանում է Անահիտ Ավանեսյանի մորը՝ Մարգուշ Վարդանյանին, իսկ 29,7% բաժնեմասը՝ Վաչե Մանուկյանին։ 2023 թ․-ի սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը մոտ 455 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Առողջապահության նախարարությունը 5 մլն 349 հազար ՀՀ դրամի պայմանագիր է կնքել նախարարի մոր ընկերության հետ փոխկապակցվող «Ֆարմատեք» ՓԲԸ-ի հետ։ Այս ընկերության իրական շահառուն նույնպես Վաչե Մանուկյանն է։ Վերը հիշատակված «Արֆարմացիա» ընկերության՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում «Ֆարմատեք» ընկերությունը գրանցված է որպես միջանկյալ ընկերություն։  Գործարար, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից Առողջապահության նախարարությունը 1 մլն 910  հազար ՀՀ դրամի առողջապահական եւ լաբորատոր նյութեր է գնել։ Ընկերության տնօրենը Ասատուր Ասատրյանն է՝ «Աստղիկ» (նախկինում՝ «Մալաթիա») բժշկական կենտրոնի տնօրենը։ Ասատրյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ ամուսինն է։ Ասատուր Ասատրյանը ընկերության 99,9% բաժնետերն է, մնացած մասը պատկանում է Սամվել Ալեքսանյանի կնոջը՝ Շողերինա Մկրտչյանին։ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդուն՝ Արտակ Հարությունյանին փոխկապակցվող «Արփիմեդ» ՍՊԸ-ի հետ Առողջապահության նախարարությունը կնքել է 2 մլն 68 հազար ՀՀ դրամի պայմանագիր։ Ընկերությունը մատակարարել է առողջապահական եւ լաբորատոր նյութեր։ Մինչև 2022 թվականը «Արփիմեդի» բաժնետեր է եղել Արտակ Հարությունյանը, այժմ ընկերության 100% բաժնետերը եւ տնօրենը Վաչագան Ղազարյանն է։  «Վագա Ֆարմ» եւ «Թեոֆարմա Իմպորտ» ընկերությունները համապատասխանաբար 4 մլն 134 հազար եւ 8 մլն 273 հազար դրամի պայմանագրերով ԱՆ-ին մատակարարել են դարձյալ առողջապահական եւ լաբորատոր նյութեր։  Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել Սամվել Ալեքսանյանին առնչվող ընկերությունների հետ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը նախորդ տարվա հոկտեմբերի 20-ի դրությամբ տրամադրվել է ընդհանուր առմամբ  12 մլրդ 472 մլն 285 հազար դրամ, որից 234 մլն 697 հազար դրամը Կառավարության օգոստոսի 11-ի որոշմամբ հատկացվել է 5 իրավաբանական անձանցից կենցաղային եւ հանրային սննդի (մանկական սնունդ, կաթի փոշի, ալյուր, մակարոն եւ այլն) ձեռքբերմանը։ Այդ հինգ ընկերություններն են «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալեքս Էնդ Հոլդինգ» ՍՊԸ, «Ավանի աղի կոմբինատ» ՓԲԸ, «ՄԼՏ եւ ԱՐՍ» գրուպ ՍՊԸ, «Բեյբի-Սիմ» ՍՊԸ։ Սամվել Ալեքսանյանին փոխկապակցված «Նատալի ֆարմ» ընկերությունից նախարարությունը կատարել է 56 մլն 414 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ։ Սամվել Ալեքսանյանի որդու՝ Գագիկ Ալեքսանյանի «Ալեքս Էնդ Հոլդինգ» ընկերությունից նախարարությունը կատարել է 81 մլն 140 հազար դրամի գնում։ Այս ընկերությունը մատակարարել է շաքարավազ, ձեթ, ալյուր, մակարոն։   «Ավանի աղի կոմբինատ» ընկերությունից սոցապ նախարարությունը կատարել է 2 մլն 880 հազար դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է յոդացված աղ։  Այս ընկերության իրական սեփականատերերը Արկադի եւ Արեգ Ղուկասյաններն են, որոնք Արցախի քաղաքացիներն են (համապատասխանաբար 30 եւ 70% բաժնեմասերով)։ Արկադի Ղուկասյանը Արցախի երկրորդ նախագահն է, որն այժմ Բաքվում կալանավորված է։ Արեգ Ղուկասյանն Արկադի Ղուկասյանի եղբայրն է, որը ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր է եղել ՀՀ ԱԺ-ում։  «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ից նախարարությունը կատարել է 42 մլն 263 հազար ՀՀ դրամի գնում։ Ընկերությունը մատակարարել է մանկական սնունդ, իսկ «ՄԼՏ եւ ԱՐՍ գրուպ» ընկերության հետ նախարարությունը կնքել է 52 մլն ՀՀ դրամի պայմանագիր, մատակարարվել է կաթի փոշի։  Մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումները «Ինֆոքոմն» ուսումնասիրել է տեղահանված արցախցիների աջակցության շրջանակում Հայաստանի բոլոր մարզերի մարզպետարանների աշխատակազմերի կատարած գնումներն ու հատկացումները՝ առանձնակի ուշադրություն դարձնելով այն պայմանագրերին, որոնց գումարը գերազանցում է 10 մլն ՀՀ դրամը։  Ստորեւ ինֆոգրաֆիկայում ներկայացված է, թե ՀՀ մարզերում ինչպիսին է եղել բռնի տեղահանված արցախցիների բաշխվածությունը 2023-ի հոկտեմբերին եւ 2024-ի հունվարին, եւ թե մարզերից յուրաքանչյուրն ընդհանուր առմամբ որքան գումար է ծախսել նրանց առաջնային կարիքների համար (դեղին սյուներն արտացոլում են մարզում արցախցիների թիվը հոկտեմբերի դրությամբ, մոխրագույն սյուները՝ հունվարի դրությամբ։ Սեւ գծի գագաթներն արտացոլում են մարզպետարանների աշխատակազմերի կատարած ծախսերը՝ մլն դրամ արտահայտությամբ)։  «Ինֆոքոմն» ուսումնասիրել է մարզպետարանների աշխատակազմերի կնքած՝ հիմնականում 10 մլն դրամը գերազանցող գնման պայմանագրերը։ Առանձնացրել ենք բոլոր այն ընկերությունները, որոնք փոխկապակցված են նախկինում կամ ներկայում պետական պաշտոն զբաղեցնող անձանց հետ։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ մեր ուսումնասիրությունը չի անդրադառնում բոլոր ընկերություններին, հրապարակում ենք Արցախից բռնի տեղահանված անձանց առաջնային աջակցություն տրամադրելու շրջանակում 2023թ-ի հոկտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում իրականացված պետական գնումների շտեմարանը։    Արագածոտնի մարզպետարան Արագածոտնի մարզպետարանը պայմանագիր է կնքել Աշտարակ համայնքի ավագանու անդամին պատկանող ընկերության հետ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմը պայմանագրեր է կնքել 18 իրավաբանական անձանց հետ. 10-ը՝ անհատ ձեռներեց, 6-ը՝ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, 1-ը՝ Երեւանի պետական համալսարան հիմնադրամի, 1-ը՝ ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Բոլոր գնումները կատարվել են հրատապ մեկ անձ ընթացակարգով։ Ընդհանուր ծախսը կազմել է 260 մլն 931 հազար ՀՀ դրամ։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմն ընդհանուր առմամբ 12 մլն 936 հազար ՀՀ դրամի պայմանագրեր է կնքել «Էլիտ Էլֆա» ՍՊԸ-ի հետ, որից ամիսներ առաջ՝ 2023 թվականի հուլիսին, ընկերության 100 տոկոս  բաժնետեր է դարձել Արտաշատ համայնքի ավագանու անդամ Արտաշես Խաչատրյանը՝  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։ 2023-ի օգոստոսի 31-ին «Էլիտ Էլֆայի» նկատմամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Արագածոտնի մարզային բաժնի կողմից սահմանափակում է կիրառվել՝ պարտավորեցնելով ընկերությանը պետական բյուջե վճարել 551 հազար 843 դրամ։ ՀԿԱԾ-ից «Ինֆոքոմին» հայտնեցին, որ ընկերությունը չկատարված հարկային պարտավորություն ունի։ Այս ընկերությունը հյուրանոցային ծառայություններ է մատուցել տեղահանված անձանց համար։  Արարատի մարզպետարան Արարատի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 6 ԱՁ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսը կազմել է 73 մլն 540 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Մարզպետարանի աշխատակազմը Ասպրամ Խաչատրյան ԱՁ-ից կատարել է 9 մլն 500 հազար դրամի գնում՝ սնունդ եւ հիգիենայի պարագաներ։ Ասպրամ Խաչատրյանը Արարատի մարզի Արարատ համայնքի ավագանու անդամ է։ Ավագանու անդամի ԱՁ-ն 2024 թվականի հունվարի 22-ին նույնպես արգելանքի տակ է հայտնվել, որով ԱՁ-ից պետական բյուջեի օգտին 148 հազար դրամ պետք է բռնագանձվի։ Շիրակի մարզպետարան Շիրակի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 22 ԱՁ-ի, 13 ֆիզիկական անձի, 1 արտադրական կոոպերատիվի, 8 ՍՊԸ-ի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Նաեւ մարզպետի որոշմամբ դրամական ուղիղ աջակցություններ են տրամադրվել 10 արցախցու։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 160 մլն 251 հազար ՀՀ դրամ։  Բացի մեկ անձ ընթացակարգով կազմակերպված գնումներից՝ Շիրակի մարզպետի որոշմամբ «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ Շիրակացի 21Ա մասնաշենքի պատասխանատու, էլեկտրիկ Մանվել Խաչատրյանին տրամադրվել է 3 մլն 296 հազար 664 ՀՀ դրամ՝ մասնաշենքում տեղակայված քառասուն տեղահանված անձանց առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու համար (որոշման հիմք են հանդիսացել ՓԲԸ տնօրենի գրությունները)։ Մարզպետի մեկ այլ որոշմամբ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանին տրամադրվել է 1 մլն 144 հազար ՀՀ դրամ՝ Արթիկ համայնք տեղափոխված ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու նպատակով (որոշման հիմք է հանդիսացել Արթիկ համայնքի ղեկավարի գրությունը)։ Արթիկի համայնքապետարանի կողմից լիազորված անձ Վահրամ Զատիկյանն ունի ԱՁ, որի հետ Շիրակի մարզպետարանը տեղահանված անձանց կարիքները հոգալու շրջանակում կնքել է 560 հազար դրամի պայմանագիր՝ հյուրանոցային ծառայությունների համար։  Կոտայքի մարզպետարան Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 15 ԱՁ-ի, 1 ֆիզիկական անձի, 24 ՍՊԸ-ի, ԳԱԱ ՈԱԿ-ի, ԵՊՀ հիմնադրամի, Ագրարային համալսարան հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 1 մլն 125 հազար ՀՀ դրամ։ Հիմնականում մատուցվել են սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 36 մլն 997 հազար 600 դրամի պայմանագրեր է կնքել «Ոսկե գետակ Աղվերան» ՍՊԸ-ի հետ, որը մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության տնօրենը Վարդան Ավագյանն է, որը տարիներ առաջ մասնակցություն է ունեցել «Վանգաս» ՍՊԸ-ում, որի նախկին եւ այժմյան բաժնետերերից են Էդվարդ ու Արտաշես Վանյանները։ Վերջինս զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի պաշտոնը, 2021թ․-ից համակարգում չէ։  Կոտայքի մարզպետարանի աշխատակազմը 9 մլն 648 հազար դրամի պայմանագրեր է կնքել «Մուլտի ռեստ հաուս» ՍՊԸ-ի հետ, որը եւս մատուցել է սննդի եւ գիշերակացի ծառայություններ։ Այս ընկերության սեփականատերը Գագիկ Ծառուկյանն է, որի նկատմամբ, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, կիրառված է սահմանափակում. «Արգելել Գագիկ Ծառուկյանին ընկերությունում ունեցած բաժնեմասի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը»,- նշված է ռեգիստրում։ Գեղարքունիքի մարզպետարան Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմը «մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 32 ԱՁ-ի եւ 14 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր առմամբ ծախսվել է 448 մլն 515 հազար ՀՀ դրամ։  Վայոց Ձորի մարզպետարան Վայոց Ձորի մարզպետարանի աշխատակազմը «հրատապ մեկ անձ» ընթացակարգով պայմանագրեր է կնքել 17 ԱՁ-ի, 10 ՍՊԸ-ի, 31 ֆիզիկական անձի, ՀԱԵ Վայոց Ձորի թեմի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 141 մլն 496 հազար ՀՀ դրամ։ Մեծ մասամբ մատուցվել են հյուրանոցային ծառայություններ, ինչպես նաեւ մատակարարվել են սննդի ծանրոցներ ու կենցաղային ապրանքներ։ Արմավիրի մարզպետարան Արմավիրի մարզպետարանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 9 ԱՁ-ի, 1 ՓԲԸ-ի եւ 5 ՍՊԸ-ի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 216 մլն 260 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել են սնունդ, հիգիենայի պարագաներ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Լոռու մարզպետարան Լոռու մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 56 ԱՁ-ի, 21 ՍՊԸ-ի, 1 ՓԲԸ-ի, 10 ֆիզիկական անձի, 1 բարեգործական հիմնադրամի հետ։ Ընդհանուր ծախսը կազմել է 302 մլն 166 հազար ՀՀ դրամ։ Սյունիքի մարզպետարան Սյունիքի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 12 ՍՊԸ-ի, 47 ԱՁ-ի, 12 ֆիզիկական անձանց հետ։ Ընդհանուր ծախսվել է 270 մլն 607 հազար ՀՀ դրամ։ Մատակարարվել է սնունդ, մատուցվել են հյուրանոցային ծառայություններ։ Տավուշի մարզպետարան Տավուշի մարզպետարանի աշխատակազմը հրատապ մեկ անձ ընթացակարգով պայմանագրեր է կնքել 63 իրավաբանական անձանց հետ, որոնցից 46-ը՝ ԱՁ, 13-ը՝ ՍՊԸ, 1-ը՝ ՓԲԸ, 3-ը՝ արտադրական կոոպերատիվ։ Ընդհանուր ծախսը կազմել է 246 մլն 556 հազար ՀՀ դրամ։ Ստորեւ ինֆոգրաֆիկայում արտացոլված է, թե որ մարզը քանի իրավաբանական կամ ֆիզիկական անձից է կատարել գնումներ եւ քանի անձի է տրամադրել աջակցություն     Հայարփի  ԲաղդասարյանԼուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի, Կոռնիձոր, 27 սեպտեմբերի, 2023թ․
17:31 - 06 փետրվարի, 2024
Վրաստանում հայտնաբերել են Օդեսայից Վորոնեժ ուղևորվող պայթուցիկ նյութերով բեռ

Վրաստանում հայտնաբերել են Օդեսայից Վորոնեժ ուղևորվող պայթուցիկ նյութերով բեռ

Վրաստանում Օդեսայից Վորոնեժ ուղեւորվող պայթուցիկ նյութերով բեռ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնել է Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը։ Նշվում է, որ ավտոտրանսպորտային միջոցի խուզարկության արդյունքում հանվել է էլեկտրամեքենայի համար նախատեսված 2 միավոր մարտկոց։ Երկուսի մեջ էլ ընդհանուր առմամբ վեց միավոր հատուկ պայթուցիկ սարք է եղել տեղադրված։ Հետախուզական ծառայությունը չի բացառել, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրել են ահաբեկչություններ իրականացնել նաև Վրաստանում։ Նշվում է, որ երկրի Պետական անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ որոնողական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված գործընթացում ներգրավված են եղել 7 անձ Վրաստանից, 3 անձ Ուկրաինայից և 2 անձ Հայաստանից։ Գործընթացը ներառում է նշված պայթուցիկ սարքերը Վրաստան ներմուծում, երկրի ներսում տեղափշարժ, դեպի ՌԴ բեռնարկղերից մեկի տարանցում, իսկ մյուսի՝ մայրաքաղաքում տեղադումը։ Ըստ հայտարարության՝ նշված գործընթացը կազմակերպել է Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն, որը Բաթումի քաղաքից է․ «Հետաքննությունը պարզել է նաև, որ վերոնշյալ անձինք, բացառությամբ Շարաշիձեի, հավանաբար չեն իմացել պայթուցիկ սարքերի մասին»։ Պայթուցիկները Վրաստան են առաքվել Ուկրաինայից Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ Վրաստան են հասել հունվարի 19-ին, հայտնել են Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունից։
13:52 - 05 փետրվարի, 2024
«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Ինֆոքոմի հետաքննությամբ պարզված փաստերի առթիվ

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Ինֆոքոմի հետաքննությամբ պարզված փաստերի առթիվ

«Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի ժամանակ կուսակցությանը նվիրատվություն կատարելու սահմանաչափը խախտելու (շրջանցելու) փաստի առթիվ։ Այս մասին հայտնում է Դանիել Իոաննիսյանը։ «Մասնավորապես, «Ինֆոքոմի» հայտնի հետաքննությունից պարզ է դառնում, որ կուսակցությանը գումար նվիրաբերելու 2,5 միլիոն դրամի սահմանաչափը շրջանցելու մի ամբողջ սխեմա է գործել։ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը շրջանցելու այդ սխեմայի շնորհիվ է ՔՊ-ն ստացել գումարների զգալի մասը։ Այսպիսով, կատարվել է Քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածով (Կուսակցությանը նվիրատվություն կատարելու՝ օրենքով սահմանված չափը չգերազանցելու արգելքը խոշոր չափերով շրջանցելը) արգելված արարք»,- նշված է հայտարարության մեջ։ 
13:20 - 05 փետրվարի, 2024
Եթե մեր քաղաքականությունը հղվի Հռչակագրին, մենք խաղաղություն երբեք չենք ունենա․ Նիկոլ Փաշինյան

Եթե մեր քաղաքականությունը հղվի Հռչակագրին, մենք խաղաղություն երբեք չենք ունենա․ Նիկոլ Փաշինյան

«Մեր Հռչակագրի դրույթները որոնք են, մենք հռչակել ենք, թե ինչի համար ենք պետություն ստեղծում, եւ երեք ուղենիշ ենք նշում՝ մեկը պատմական արդարությունը, մյուսը՝ հայ ժողովրդի իղձերը, մյուսը՝ ԼՂ ԳԽ եւ Հայաստանի ԳԽ՝ վերամիավորման որոշումը։ Հիմա էս երեք ուղերձը, մենք, օրինակ, միշտ նայում ենք Ադրբեջանի տեսակետից, իսկ ինչի՞ չենք նայում՝ մեր ուրիշ հարեւանները էս ո՞նց են ընկալում, որ մենք ասում ենք՝ պետություն ենք ստեղծում, որ պատմական արդարությունը վերականագնենք։ Ինչ ա՞ նշանակում պատմական արդարություն վերականգնել, նույնիսկ էական չի՝ մենք ոնց ենք ընկալում, մեր միջավայրը ո՞նց ա ընկալում պատմական արդարությունը։ Ասում են՝ ՀՀ-ն, ըստ էության, ՀԽՍՀ տարածքում հռչակում ա անկախություն եւ ասում ա՝ մենք պետք ա վերականգնենք պատմական անկախությունը․․․։ Ինչպե՞ս ա ընկալում մեր միջավայրը էդ մեր ուղերձները։ Էլի եմ ասում, մենք անընդհատ ասում ենք՝ Ադրբեջանը ոնց ա ընկալում, Թուրքիան ոնց ա ընկալում, իսկ ինչո՞ւ հարց չենք տալիս՝ Վրաստա՞նը ոնց ա ընկալում, ինչո՞ւ մեզ հարց չենք տալիս՝ ինչո՞ւ Վրաստանը պաշտպանական ոլորտի խոր հարաբերություններ ունի Ադրբեջանի եւ Թուրքիայի, եւ ոչ թե Հայաստանի հետ․ կապ կարո՞ղ ա սա ունենալ էն ուղերձների հետ, որոնք մենք հղել ենք, դրել ենք մեր պետության հիմքում։ Հաջորդ հարցը․ մենք էսօր Հռչակագրի հետ մեր հարաբերությունները պետք ա կարգավորենք։  Հիմա հարց․ մեր քաղաքականությունը, պետական քաղաքականությունը արդյո՞ք պիտի հղվի դրա վրա, եւ արդյոք մեր պետական քաղաքականությունները պետք է էդ ուղերձով առաջանորդվեն եւ պետք է ելնեն ԼՂ ԳԽ եւ Հայաստանի ԳԽ՝ Ղարաբաղի եւ Հայաստանի վերամիավորման որոշման վրա․ սա քաղաքական ընտրության հարց ա․ եթե այո, սա նշանակում ա, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա, երբեք չենք ունենա, ավելին, սա նշանակում ա, որ մենք հիմա կունենանք պատերազմ»,- ասաց Փաշինյանը։ «Էլի եմ ասում, եթե մենք հռչակում ենք, որ մենք հիմա, այ տնտեսությունը տեսեք ինչ լավ աճում ա, մենք բանակը կուժեղացնենք, ակնհայտորեն բոլորը տեսնում են, որ բանակի վերափոխման վրա շատ լուրջ ռեսուրսներ ենք ծախսում, այսինքն՝ հռչակում ենք, ասում ենք, որ բանակն ուժեղացնում ենք, որ գնանք, իրագորենք մեր Հռչակագրի դրույթները, եթե մենք էսպես ենք ասում, սա ինչ ա նշանակում, սա նշանակում ա, որ մեր հարեւանները դաշինք են ձեւավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետեւ մենք հռչակել ենք, որ առնվազն իրենց հետ մենք թեմա ունենք։ Իմ ասածը Հայաստանը ուժեղացնելո՞ւ ա, թե՞ թուլացնելու ա, միանշանակ ուժեղացնելու ա։ Իսկ Ադրբեջանը ուզում ա՞՝ մեր պետությունն ուժեղանա, իհարկե չի ուզում, որովհետեւ ինքը թշնամանքի խոր զգացում ունի մեր նկատմամբ, ինքն ուզում ա մեզնից վրեժխնդիր լինի, եւ հիմա երբ ինքը տեսնում ա, որ Հայաստանում խոսույթ ա ձեւավորվում, որը հնարավոր ա՝ իրագործվի եւ որի արդյունքում ՀՀ-ն ուժեղանա, ինքն ամեն ինչ պիտի անի, որ դա Հայաստանի թուլացման պատճառ դառնա, ու ինչ պիտի ասի, պիտի ասի՝ դե մեր պահանջով են անում․․․»։
20:11 - 01 փետրվարի, 2024
Մեր խնդիրն է հասկանալ՝ ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ. Փաշինյանը՝ Սահմանադրության փոփոխման անհարմարության մասին

Մեր խնդիրն է հասկանալ՝ ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ. Փաշինյանը՝ Սահմանադրության փոփոխման անհարմարության մասին

Սահմանադրության փոփոխության թեման ՀՀ-ում միշտ կենդանի է եղել ամենատարբեր առիթներով․ այս մասին Հանրային ռադիոյի եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը․  «2018—ի հեղափոխությունից հետո կային կարծիքներ, որ պետք է փոխել Սահմանադրությունը եւ վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի, ես այդ տեսակետը չէի կիսում։ [․․․] Անմիջապես հետպատերազմական շրջանում ես էլ էի մտածում, որ գուցե էդ փաստարկները ճիշտ են եւ գուցե ինքս էլ թերագնահատել եմ էդ հանգամանքը, որովհետեւ գործող Սահմանադրությամբ գերագույն հրամանատար-բանակ հարաբերությունները երբ, ինչպես են գործում, եւ էդ ուղղահայացում էլ ճեղքեր կան, որոնք նույնպես պատերազմի ժամանակ իրենց արտահայտեցին, բայց, ընդհանրապե,ս վերջին շրջանում, եւ հիմա լայնորեն քննարկվում է, խոսել եմ նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին․ եթե հարցնեք՝ ինչով է պայմանավորված․․․ Վերջին շրջանում նաեւ շատ եմ խոսում հայրենիք-պետություն հասկացությունների մասին․․․ [․․․]։ Մենք քաղաքացու եւ պետության միջեւ ճեղք ունենք, ինչով է դա արտահայտվում՝ էլի լեգիտիմությամբ, որովհետեւ ՀՀ Սահմանադրությունը, որն ընդունվել է 1995-ին եւ մի քանի անգամ փոփոխվել, էդ Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում եւ միջավայրում, երբ ՀՀ քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի եւ ընդունեցի Սահմանադրություն, այսինքն՝ ես գնացի եւ արձանագրեցի իմ պայմանավորվածությունը մյուս քաղաքացիների եւ պետության հետ, որ մենք իրար հետ հարաբերվում եւ ապրում ենք էսպես։ Որն է էն կետը, պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վեր ենք ածվում պետական ժողովրդի․ էդ պահը սահմանադրական հանրաքվեն ա, երբ մարդը գնում, իր ազատ կամքով, առանց հարկադրանքի ու կեղծիքների, առանց ընտրակեղծիքների, առանց մանիպուլյացիաների գնում ու ձեռք է բերում պայմանավորվածություն։ Էս կոնտեքստում էական չի՝ ինչ ա գրված Սահմանադրության մեջ, էական է, թե ինչքանով էդ Սահմանադրությունն օրգանիկ կապ ունի ժողովրդի հետ․ օրգանիկ կապը արտահայտվում է, որ ոչ միայն պետք է քննարկենք, բոլոր ներբությունները հասկանանք․․․ Ընդ որում, ՍՍահմանադրության տեքՍտը մեծ մասամբ մասնագիտական քննարկման ձեւակերպումների խնդիր է՝ քաղաքական ուղենիշները սպասարկելու համար, բայց պետության հետ գենետիկ կապը ձեւակերպվում է էն պահից, երբ ժողովուրդը հաստատում է էդ պայմանը, առաջինն արձանագրում է, որ ինքը պետական ժողովուրդ է եւ որ այս պետության սահմաններում իրար հետ հարաբերվելու ենք այս պայմաններով»,- ասաց Փաշինյանը։  Հարցին՝ առաջարկում է նոր սահմանադրություն նոր՝ 4-րդ հանրապետության համա՞ր, Փաշինյանը պատասխանեց՝ դա գաղափարներից մեկն է․ «Շատ է խոսվում՝ կառավարությունը փոխում է Սահմանադրությունը, էս կանի, էն կանի․․․ Կառավարությունը չի կարող փոխել կամ ընդունել նոր սահմանադրություն, կառավարությունը կարող է առաջարկել ժողովրդին, խոսել ժողովրդի հետ, առաջարկություններ անել, եւ միայն ժողովուրդը կարող է էդ որոշումը կայացնել»։ Ընտրությունների կեղծման հավանականության մասին խոսելիս՝ Փաշինյանն ասաց․ «Մենք տասնյակ ընտրություններ ենք արել 2018—ից հետո, թող ցույց տան մի դեպք․․․ Համապետական մակարդակում միջազգայնորեն ճանաչվել են մեր ընտրությունները, ՏԻՄ մակարդակում միշտ չէ, որ եղել են միջազգային դիտորդներ․ եղել են դեպքեր, որ հաղթել ենք, եղել է՝ պարտվել ենք, թող ցույց տան մի դեպք, երբ մենք մի քվեաթերթիկի հետ կապված հարց ենք բարձրացրել կամ կեղծիք է եղել, որովհետեւ էդ ճանապարհով գնալ, կնշանակի ոչնչացնել մեր քաղաքական ինքնությունը»։ Արտաքին աշխարհից սահմանադրությունը փոխելու ճնշումների մասին խոսակցությունների վերաբերյալ Փաշինյանն ասաց․ «Ուղիղ են ասում, ասում են՝ սահմանադրության փոփոխությունները կապված են Ադրբեջանի ճնշումների հետ․ ցանկացած կառավարություն պիտի վերլուծի եւ հասկանա՝ ինչ հայեցակարգի հիման վրա է ապահովելու երկրի անվտանգությունը եւ պետք է տեղորոշի այն պրոբլեմները եւ կետերը, որոնք արտաքին անվտանգային սպառնալիք են առաջացնում։ Երբ ասում էի՝ բանակը ՀՀ ինքնիշխան տարածքում գործելու եւ այդ տարածքի անվտանգությունն ապահովելու համար է, սա կարեւոր է ոչ միայն ներքին, այլ արտաքին առումով․ դու քո մտադրություններն ես հայտարարագրում, երբ հայտարարգրում ես, ուրիշներն էլ իրենց մտադրություններն են հայտարարագրում, եւ դրա պրոցեսում է, որ առաջանում են կոնֆլիկտները։ Մեր խնդիրն է հասկանալ՝ ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ»։ Փաշինյանը որոշեց «առակի լեզվով» մի բան նկարագրել՝ դիմելով հաղորդավարին․ «Մենք իրար հետ՝ երկուսով, քայլում ենք մի ճանապարհով, գիտենք՝ ուր ենք ուզում գնալ, քայլում ենք եւ տեսնւմ՝ ճանապարհի երկու եզրերին ցլեր են կանգնած, նայում ենք իրար, տեսնում ենք՝ երկուսս էլ ոտից գլուխ կարմիր զգեստներով են, եւ պետք ա որոշում կայացնենք։ Ընդ որում՝ էդ կարմիր զգեստն ինձ համար գործել ա իմ սիրելի տատիկը, ամբողջ կյանքում ուղեկցել ա ինձ, թալիսմանի նշանակություն ունի ինձ համար, եւ էդ ճամփորդության մեջ էդ զգեստը ջերմացնում է, բայց մենք պիտի քայլենք էդ ճանապարհով։ Էստեղ ա, որ մենք պիտի իրար հետ քննարկենք եւ որոշում կայացնենք․ մենք կարող ենք որոշումների երկու բանաձեւ ունենալ, ես կարող եմ ասել՝ սա ինձ համար թանկ է, ես էս շորով պետք ա գնամ, եւ, ի միջի այլոց, ես էլ, դուք էլ, բոլորս էլ էդ ենք ասել եւ ասում։ Ես ինքս, ընդդիմադիր եղած ժամանակ, վարչապետ եղած ժամանակ ինքս էդ եմ ասել, եւ մենք պետք ա էդ ճանապարհն անցնենք, եւ էս քննարկումն ա որոշելու՝ մենք էդ ճանապարհը կանցնենք, թե չենք անցնի։ Որովհետեւ եթե էդ կարմիր շորը փոխենք, հրաժարվենք, դնենք արխիվի մեջ, ոչ թե արխիվի, փաթեթավորենք, որպես մասունք՝ շատ հարազատ մի բան, իրեն շրջանառությունից, կիրառությունից հանենք, ընկալենք որպես մեր պատմության, մեր անցյալի մի մաս, եւ զգեստավորվենք այն միջավայրին համապատասխան, որում պատրաստվում ենք գործել»։ Փաշինյանն ասաց, թե 100%—ով կարող է երաշխավորել, որ «այդ կարմիր զգեստով» մենք չենք անցնի այդ ճանապարհը, զգեստափոխվելու տարբերակում 100%—ով չի կարող երաշխավորել, բայց, նրա խոսքով, եթե կա անցնելու տարբերակ, դա այդ երկրորդ տարբերակով է։
19:51 - 01 փետրվարի, 2024
Բանակի կառուցման լեգիտիմության սահմանը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ է․ Փաշինյան

Բանակի կառուցման լեգիտիմության սահմանը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ է․ Փաշինյան

Երկրի անվտանգության ապահովման առաջին պայմանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, բանակի բարեփոխումն է․ «Պետք է ունենալ մարտունակ բանակ, որն ի վիճակի է լուծել խնդիրները»,- Հանրային ռադիոյի տաղավարում այս մասին ասաց Փաշինյանը՝ շարունակելով, որ անվտանգության ապահովման երկրորդ գործիքը արտաքին հարաբերություններն են․ «Այս երկու արձանագրման մեջ մեծ նորություն չկա։ Նախկինում սա միշտ ասվել է, եւ այս թեման՝ բանակ եւ դիվանագիտություն, նորություն չէ։ Կարեւոր եմ համարում, որ այս զույգին ավելանա լեգիտիմության հարցը․ եւ արտաքին հարաբերություններում, եւ բանակի կառուցման կոնտեքստում շատ կարեւոր է ունենալ լեգիտիմ նպատակներ։ Լեգիտիմ, ընդ որում, միջազգային ընկալման տեսակետից, ոչ այնքան եւ ոչ միայն ներքին ընկալման տեսակետից, արտաքին աշխարհի համար հասկանալի»։ Ըստ Փաշինյանի՝ եթե մեր ներքին ընկալման եւ արտաքին ընկալման միջեւ դիսոնանս կա, այդ դիսոնանսի մեջ է գեներացվում անվտանգային սպառնալիքը, եւ այդ սպառնալիքը հասցեագրելու համար այդ ճեղքը պետք է փակել․ «Որտեղ եմ տեսնում ես էդ լեգիտիմության սահմանը․ քննարկվող հարցի համատեքստում լեգիտիմությունը տեսնում եմ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ։ Յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է ունենալ ուժեղ եւ մարտունակ բանակ․ եթե դու ունես ուժեղ եւ մարտունակ բանակ լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկը քեզ չի կարող ասել՝ ինչու ես բանակդ ուժեղացնում։ Եթե դու խնդիր ես դնում, նպատակ, որի լեգիտիմությունը միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, էստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ։ Ես ասում եմ՝ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, դարձնենք մարտունակ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու նպատակով, եւ մեր երկրի տարածքը․․․ Էստեղից հարց է ծագում՝ րն է մեր երկրի տարածքային ամբողջականությունը․ մեր երկրի տարածքային ամբողջականությունը հայկական ԽՍՀ տարածքի նույնական տարածքային ամբողջականությունն է։ Եւ հիմա, երբ ասում ենք՝ բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունը երաշխավորելու համար, ոչ մեկը չի կարող ասել՝ ինչու եք դա անում, իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձեւակերպում ենք հետեւյալ կերպ, որ մենք ուժեղացնում ենք, որ մենք, օրինակ, վերականգնենք պատմական արդարությունը, հարց է ծագում՝ իսկ ինչու ուրիշները պետք է թողնեն այդ բանակը հզորանա, որ պատմական արդարության հարց լուծի։ Առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ էդ բանակն էնքան ուժեղանա, որ հետո էդ ուժեղացած բանակի հետ գործ ունենան։ Ես ասում եմ, որ մենք չպիտի էդպիսի ուղերձներ հղենք աշխարհին»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ուզում է այս խոսակցությունը լինի «մեր ու մեր միջեւ», ոչ թե մեր ու աշխարհի։
19:15 - 01 փետրվարի, 2024
Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն ՀՀ Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում․ Ալիև

Խաղաղության կարելի է հասնել, եթե փոփոխություններ կատարվեն ՀՀ Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, թե Հայաստանի Անկախության Հռչակագիրը պարունակում է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը» Հայաստանին միավորելու ու «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման ուղղակի կոչեր», և այդ փաստաթղթին հղումներն արտացոլված են նաև Հայաստանի Սահմանադրության մեջ։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ խաղաղության կարելի է հասնել, եթե վերջ դրվի այդ պնդումներին, փոփոխություններ կատարվեն Հայաստանի Սահմանադրության մեջ և այլ նորմատիվ իրավական փաստաթղթերում։ Ալիևը կարևորել է, որ այս քայլերը հնարավորինս շուտ իրականացվեն Հայաստանում, և ընդգծել, թե Հայաստանում այս թեմայով ներքին քննարկումների նախաձեռնումը համարում է դրական քայլ, և դա կարող է լավ հնարավորություն ստեղծվել, որ խաղաղության գործընթացը շուտով ավարտվի։ Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն փաստացի խաղաղություն է․ երկու երկրների սահմանին արդեն մի քանի ամիս է՝ խաղաղ է։ «Այս գործընթացը տրամաբանական ավարտին հասցնելու համար պետք է խաղաղության համաձայնագիր կնքվի և վերջ դրվի Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջներին»,- ասել է Ալիևը։  Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր խոսել նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին․ «Այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության»,- ասել էր Փաշինյանը։  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ, արձագանքելով քննարկումներին, որ Սահմանադրության  փոփոխությունը Ադրբեջանի պահանջն է, ասել էր, թե «չափազանցություն կլինի ասել, որ Սահմանադրության փոփոխության պատճառը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է»․ «Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը՝ խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Անշուշտ չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ՝ ցանկացած սահմանադրություն ավելի լայն ազդեցություն ունի, այսինքն, անդրադառնում է արտաքին հարաբերություններին։ Այս առումով մեր սահմանադրությունն էլ բացառություն չէ, Ադրբեջանի սահմանադրությունն էլ բացառություն չէ»,- ասել էր ԱԳ նախարարը։ 
14:49 - 01 փետրվարի, 2024
Ասել են՝ արել են. ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը

Ասել են՝ արել են. ՔՊ նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը

Ամառային մի շոգ օր՝ 2023-ի հուլիսի 31-ին, Կարինեն (անունը փոխված է) իր ծանոթներից մեկի՝ Գևորգի հետ (անունը փոխված է) զբոսնում էր Երևանի կենտրոնում։ Երբ հասան «Հայէկոնոմբանկի»՝ Արամի փողոցում գտնվող մասնաճյուղի մոտ, Գևորգը Կարինեին հարցրեց՝ արդյո՞ք նույնականացման քարտ ունի իր մոտ։ Դրական պատասխան ստանալով՝ խնդրեց մտնել բանկ՝ ինչ-որ գործարք անելու, որի համար անձը հաստատող փաստաթուղթ էր անհրաժեշտ։ Կարինեն, վստահելով ծանոթին, համաձայնեց։  Երբ հասան «Հայէկոնոմբանկի» մուտքի մոտ, Գևորգը Կարինեին խնդրեց դրսում սպասել, վերցրեց նրա նույնականացման քարտն ու մտավ բանկ։ Կարճ ժամանակ անց դուրս եկավ ու Կարինեին խնդրեց ներս մտնել՝ ասելով, որ այնտեղ նրան մի տղամարդ է դիմավորելու, կասի՝ ինչ անել։  «Ես մոտեցա այդ տղամարդուն, սպասարկման բաժնի աշխատակիցը կտրոն տվեց նրան, ինքն էլ տվեց ինձ, որ ստորագրեմ։ Բանկային անդորրագիր էր։ Ստորագրելիս տեսա, որ ես փոխանցում եմ 2.5 մլն դրամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը», - պատմում է Կարինեն, որը բանկից դուրս գալուց հետո Գևորգին հարցրել է՝ խնդիրներ չի՞ ունենա։ Վերջինս պատասխանել է, որ մոռանա այդ մասին, եթե զանգեն, ասի, որ ոչնչից տեղյակ չէ։  Կարինեն, փաստորեն, իր կամքից անկախ դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավը «ֆինանսավորողներից» մեկը Երևանի ավագանու 2023 թվականի ընտրություններին ընդառաջ։ Ի դեպ, Կարինեն միակը չէ, որ հայտնվել է նման իրավիճակում։  «Ինֆոքոմը» այս հետաքննության ընթացքում ուսումնասիրել և նույնականացրել է 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց և պարզել, որ ՔՊ նախընտրական քարոզարշավի գործարքները կասկածելի են, իսկ ֆինանսների առնվազն մի մասը՝ անհայտ ծագում ունեն։ Կարինեի անձը հաստատող փաստաթուղթը և ստորագրությունն օգտագործվել են անհայտ ծագման դրամական միջոցները ՔՊ կուսակցության հաշվեհամարին փոխանցելու համար։ Պատահական չէ, որ բանկային այդ գործարքը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսի 31-ին։ Հենց այդ օրն էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմակերպել նախընտրական քարոզարշավի համար դրամահավաք-երեկոն։  Ի դեպ, ՔՊ-ն նախապես հրապարակային հայտարարություն չէր տարածել դրամահավաք-երեկոյի մասին։ Միայն օրեր անց կուսակցության նախընտրական շտաբի պետ, այժմ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր. «թվով 987 նվիրատուների հանգանակությունների արդյունքում հավաքվել է 506 532 950 ՀՀ դրամ»։ ՔՊ կուսակցությունը, սակայն, չէր հանրայնացնում «թվով 987 նվիրատուների» անունները՝ ո՛չ նախընտրական շրջանում, ո՛չ ընտրությունների ընթացքում և ո՛չ էլ դրանից հետո։ «Ինֆոքոմը» և մի շարք այլ լրատվամիջոցներ նվիրատուների ցանկը ստանալու համար հարցումներ էին ուղարկել «Քաղաքացիական պայմանագրին», սակայն կուսակցությունը մերժել էր տրամադրել ցանկը։ Ընտրություններից մոտ 5 ամիս անց՝ դեկտեմբերի 22-ին, կուսակցությունն ի վերջո տրամադրեց նվիրատուների անուն-ազգանունները։ Նշենք, որ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը, հիմնվելով «Ինֆոքոմի» դիմումի վրա, նույնաբովանդակ ևս 2 հարցում էր ուղարկել ՔՊ և պատասխան չստանալով՝ դեկտեմբերի 4-ին  դատական հայց էր ներկայացրել ՔՊ-ի դեմ՝ ցանկը ստանալու պահանջով։ Հունվարի 8-ին ԻԱԿ-ի ու ՔՊ-ի միջև կնքվել էր հաշտության համաձայնագիր, որի համաձայն՝ կուսակցությունը պարտավորվել էր տրամադրել հայցադիմումով պահանջվող տեղեկությունները։  Ի տարբերություն Արմեն Փամբուխչյանի հայտնած թվերի՝ «Ինֆոքոմին» ուղարկված նվիրատուների ցանկը ներառում էր 996 անձանց (նախնական հրապարակված թվից 9-ով ավելի) կատարած ընդհանուր 509 085 950 ՀՀ դրամի (շուրջ 1 264 242 ԱՄՆ դոլար) նվիրատվությունները։ --- «Այդ պահին, որ գումարի չափը տեսա, ուզում էի հասկանալ՝ իմ աշխատավարձով ես ո՞նց կարամ այդքան փոխանցեմ։ Երկրորդ հարցն էլ՝ այդ գումարն իրենց բա որտեղի՞ց է գնալու, եթե ես չեմ հիմա այդ փողը փոխանցում»,- մեզ հետ զրույցի ընթացքում ինքն իրեն հարցեր էր ուղղում Կարինեն։ Նվիրատուների ցանկում իր անունը տեսնելով՝ Կարինեն մտահոգվել է, ասում է, որ չի ցանկանում որևէ քաղաքական կուսակցության հետ առնչվել։ Անհանգստանում է, որ այս դեպքն իր անվան վրա «սև բիծ» է թողնելու. մտածում է, որ իր հարազատների մոտ միամիտ մարդու տպավորություն կթողնի, քանի որ իր ծանոթին վստահելով՝ դարձել է կեղծ ֆինանասական գործարքի և քաղաքական գործընթացի մասնակից։ Կարինեն հաշվարկել էր նաև, որ իր աշխատավարձով 2.5 տարում հազիվ կարողանար 2.5 մլն դրամ հավաքել։ Հարցին, թե ինչ է զգում հիմա, երբ գիտի, որ իրեն խաբել են, պատասխանեց. «Ինձ հպարտ քաղաքացի չեմ զգում։ Մի քիչ ճնշող է, որ փորձում են խաբել։ Ինձ համար լացելու են քաղաքական թեմաները, որ անընդհատ խաբում են ու միայն իրենց շահի մասին են մտածում»։ Նա մտաբերեց նաև, որ բանկային գործարքից հետո Գևորգը զանգեց ինչ-որ մեկին, ասաց՝ «2 հատ իմ կողմից, ինձ էլ ինչ տաս՝ տաս»։ ՔՊ-ին նվիրատվություն կատարածների ցուցակում հայտնվել էր ոչ միայն Կարինեի անունը, այլ նաև Գևորգի ու նրա եղբոր։ Վերջիններիս անվան դիմաց գումարի չափը ևս նշված է 2.5 մլն դրամ։ Կարինեի դեպքը միակը չէ. մենք հանդիպել ենք նվիրատուների ցանկում հայտնված այլ անձանց ևս, որոնք տեղյակ չէին իրենց անունով կատարված գործարքից։  Մեկ անձի կողմից արվող նվիրատվության օրենքով թույլատրելի առավելագույն չափը 2.5 մլն դրամն է։ ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունների գերակշիռ մասը՝ 87 տոկոսը, հավաքվել է 1 մլն դրամ և ավելի փոխանցումների արդյունքում, որոնցից մոտ 70 տոկոսը՝ 2.5 մլն դրամ նվիրաբերած 140 անձանց անուններով։  Մենք ուսումնասիրել և նույնականացրել ենք 1 մլն դրամը գերազանցող նվիրատվություն կատարած գրեթե բոլոր անձանց։ Տվյալների ուսումնասիրության արդյունքում նկատել ենք 3 օրինաչափություն.  1-ից 2.5 մլն դրամ նվիրաբերած անձինք ապրում են իրար մոտ հասցեներում։ Մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք։ Խոշոր նվիրատուներ են պաշտոնյաները, ավագանու թեկնածուները, ներկայիս անդամները և նրանց փոխկապակցված անձինք։ Ստորև առանձին կնկարագրենք յուրաքանչյուր օրինաչափությունը։    1-ից 2.5 մլն դրամ նվիրաբերած անձինք ապրում են իրար մոտ հասցեներում  1 մլն դրամ և ավելի նվիրատվություն կատարած անձանց 87 տոկոսին նույնականացրել ենք՝ ըստ հասցեների։ Մեր կողմից նույնականացված անձանց 76%-ը հաշվառված է Երևանում։ Խոշոր նվիրատվություններ են արել նաև Կոտայքի մարզից (9.2%), Վայոց Ձորից (4%) և Արագածոտնից (4%)։ Տվյալների բաց աղբյուրների միջոցով նույնականացնելով նվիրատուներին՝ նկատեցինք, որ նրանց մի մասն ապրում է նույն կամ հարևան շենքերում։ Այս միտումը հատկապես նկատելի է Նոր Նորք վարչական շրջանում։ Օրինակ՝ Վիլնյուսի փողոցի միմյանց հարևան 3 շենքից 4 նվիրատու կա, Գայի և Մոլդովական փողոցների իրար հաջորդող 3 շենքերից 8 նվիրատու կա, որից 5-ը՝ նույն շենքից:   Նույն շենքում բնակվող այդ 5 անձանցից յուրաքանչյուրը 2.5 մլն դրամ է նվիրաբերել. նրանցից Տիգրան Դարբինյանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալն է, ՔՊ ավագանու թեկնածու։ «Ինֆոքոմն» այցելել է ինչպես Նոր Նորքի, այնպես էլ Երևանի այլ վարչական շրջանների և մոտակա մարզերի հասցեներ, հանդիպել նվիրատվություն կատարած անձանց։  Հատկանշական է, որ մեր այցելած բնակարանների մեծ մասի պայմանները տեսնելով՝ դժվար էր պատկերացնել, որ այնտեղ բնակվող անձինք 2.5 մլն դրամ հավելյալ գումար կունենային՝ կուսակցությանը նվիրաբերելու համար։  Նվիրատուների առաջին արձագանքն էլ մեր հարցին հաճախ հետևյալն էր. «Մեզ որտեղի՞ց այդքան գումար»։  Երբ նշում էինք, որ իրենց անունն առկա է ՔՊ կուսակցությանը նվիրատվություն արած անձանց ցանկում, ինչ-որ դրվագ էին վերհիշում, խնդրում էին սպասել, մինչև զանգ կատարեն։ Այդ զանգերից հետո նվիրատուների մի մասն արդեն վստահաբար նշում էր, որ իրենք են կատարել դրամական փոխանցումը։ Բնակարաններից մեկում մեզ դիմավորեցին նվիրատուի ծնողները, զարմացան ու ասացին, որ հնարավոր չէ, որ իրենց որդին այդքան գումար փոխանցած լինի։  Մեր խնդրանքով ծնողները զանգեցին իրենց որդուն, նա ևս պատասխանեց, որ նվիրատվություն չի արել։ «Բայց ձեզ մի հարց էլի, որ դուք փող ունենայիք, ՔՊ-ին կտայի՞ք 2.5 մլն դրամ»,- հարցրեց նա։ Նույն փողոցի մեկ այլ բնակիչ հեռախոսազրույցում, լսելով հարցը, ասաց, որ փոխանցել է, բայց չի հիշում՝ որքան։ Հարցին, թե արդյոք չի հիշում՝ 2.5 մլն դրամ փոխանցե՞լ է, թե՞ ոչ, վերջինս հարցրեց՝ ցուցակում ո՞նց է գրված։ Գումարի չափը լսելուց հետո՝ ասաց. «Տեղս հարմար չի, հետո զանգեք, իմ գործարքները շատ են, թվերը չեմ հիշում, մի ժամից զանգեք»։  Նոր Նորք վարչական շրջանի հասցեներից մեկի բնակիչը, որի անունը կար նվիրատուների ցանկում, երկրում չէր։ Մայրը վստահեցրեց, որ ՔՊ-ին հաստատ չէր փոխանցի։ Հարցրինք՝ հնարավո՞ր է՝ փոխանցած լինի, ինքը տեղյակ չլինի, ասաց՝ չէ։ Հայրն էլ նշեց, որ չի փոխանցել, պետք է ՔՊ-ին հարցնել՝ ինչպես է որդու անունը հայտնվել ցանկում։ Նույն վարչական շրջանի հասցեներից մեկում մեզ դիմավորեցին նվիրատուի մայրն ու կինը։ Հարցը լսելով՝ անհանգստացան, ասացին, որ եթե նման նվիրատվություն արված լիներ, իրենք կիմանային։ Մեր խնդրանքով զանգեցին նվիրատուին, վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ Ավագանու ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  վստահված անձ է եղել, բայց գումար չի փոխանցել։ Բայց նաև խնդրեց սպասել՝ ճշտում անի և հետ զանգի։ Քիչ անց զանգեց, ասաց, որ ինքն է փոխանցել գումարը, ոչինչ չգրենք այդ մասին։ «Եթե ինչ-որ հարց էլ լինի, էդ հարցերը կլուծեն»,- նշեց նվիրատուն՝ իհարկե, չասելով, թե ով կամ ինչ հարցեր կլուծի։  Նոր Նորք վարչական շրջանի մեկ այլ հասցեում մեզ դիմավորեց նվիրատուի կինը, ասաց, որ վստահ է, որ իրենք չեն փոխանցել։ «Ինչքան գործարքներ կան, ես իմ անունից եմ անում, ինքը գործարքային իրավունք չունի ներկա պահին։ Նրա անունով ոչ մի փոխանցում չի եղել և չի էլ կարող լինել», - ասաց նա՝ նշելով, որ ամուսնու հաշիվները կալանքի տակ են, գործարքներ անել չի կարող։ 2.5 մլն դրամ փոխանցած նվիրատուներից մեկը զրույցի սկզբում չհիշեց՝ ինչի մասին է խոսքը։ Գումարի չափը լսելուց հետո զարմացավ, սակայն ասաց, որ դա իր գաղտնիքն է, և մեզ ոչինչ չի պատմի։ Նախ ասաց, որ ինքն է փոխանցել, հետո ասաց, որ ինչ-որ բան կա, բայց մեզ պատմել չի կարող։ Նոր Նորքի բնակիչներից մեկը, որ ավագանու ընտրություններին նաև ՔՊ վստահված անձ էր, «Ինֆոքոմի» հետ զրույցում ասաց, որ 1 մլն դրամ է փոխանցել, մինչդեռ մեզ տրամադրած ցուցակում իր անվան դիմաց նշված էր 2.5 մլն դրամ։  2.5 մլն դրամ էր փոխանցել կուսակցության մեկ այլ վստահված անձ նույն վարչական շրջանից։ Նրա հետ կապ հաստատեցինք հեռախոսով։ Հարցը լսելով՝ խնդրեց մի բան ճշտել, հետ զանգել ու այդպես էլ չզանգեց։ Ստորև ներկայացված քարտեզի նարնջագույն կետերը 1-2․5 միլիոն դրամ նվիրաբերած այն անձանց հասցեներն են, որոնց մենք նույնականացրել ենք (բացառությամբ պաշտոնյաների, ընկերությունների հետ փոխկապակցված անձանց)։ Համապատասխանաբար, վարչական շրջանները գունավորել ենք՝ ըստ Ավագանու ընտրությունների արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ստացած ձայների։ Մուգ երանգավորված վարչական շրջաններում ՔՊ կուսակցությունը ստացել է ավելի շատ ձայներ։   Մեծ գումարներ են նվիրաբերել բիզնես գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերություններին փոխկապակցված անձինք 1 մլն դրամից ավելի գումար նվիրաբերածների ցանկում քիչ չէին նաև բիզնես գործունեություն ծավալող հայտնի (կամ ոչ այնքան) ընկերությունների ներկայացուցիչներ, աշխատակիցներ, բաժնետերեր և տնօրեններ։  2.5 մլն դրամ փոխանցած 140 նվիրատուներից առնվազն 8-ը աշխատում են Հայաստանում ռեստորանային ոլորտի հայտնի ընկերություններից մեկում՝ «Երեմյան փրոջեքթսում»: Մենք տեղեկություն ունենք, որ նվիրատվությունները ոչ թե աշխատակիցների անձնական միջոցներից են, այլ նրանց անունով այդ գումարները փոխանցել է ընկերությունը։ «Երեմյան փրոջեքթս»-ի՝ մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Ռուբեն Սուքիասյանը «Ինֆոքոմին» հայտնեց, որ կազմակերպությունում որևէ վերահսկողություն չունեն մարդկանց քաղաքական հայացքների նկատմամբ, և իրենք ոչ մեկին չեն ուղղորդել։ «Եթե հարցը նրանում է՝ արդյո՞ք կազմակերպության կամ կազմակերպության ղեկավարի կողմից է գումարը տրվել, ապա միանշանակ, ո՛չ, որևէ աղերս դա չունի կազմակերպության հետ։ Իսկ արդյո՞ք ինչ-որ այլ մարդիկ են դա տվել որպեսզի այդ մարդիկ [կազմակերպության աշխատակիցները - խմբ.] փոխանցեն, գուցե իրենց անձնական ընկերները, բարեկամները կամ ինչ-որ մեկ այլ մարդ, սա ուղղակի այդ առումով զուգադիպություն է։ Այսինքն՝ եթե ընկերությունում աշխատում է 2.500 մարդ, միշտ կարող են նրանցից 8-ը, 10-ը, 5-ը միավորվել ինչ-որ մի բանի շուրջ և ինչ-որ մի բան իրականացնել, որի վրա մենք ոչ հսկողություն ունենք, ոչ էլ ցանկություն ունենք մարդկանց կյանքի այդ հատված մտնելու»,- նշեց Ռուբեն Սուքիասյանը։ «Երեմյան փրոջեքթսի»՝ ՔՊ-ին նվիրատվություն անելու շուրջ միավորված անձանց մեծ մասը, ի դեպ, զբաղեցնում են ընկերության ղեկավար պաշտոններ։  Գործարար, «Ջրաշխարհի» սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի հետ տարբեր ընկերություններում ներգրավված Աշխեն և Վերգինե Մաթևոսյանները 2.5-ական մլն դրամ են փոխանցել ՔՊ-ին։ Վերգինե Մաթևոսյանը և Խաչիկ Խաչատրյանը «Վիլլաշին» ՍՊԸ բաժնետերերն են։ Նույն ընկերության տնօրեն Արթուր Սարոյանը նույնպես 2.5 մլն դրամ է փոխանցել ՔՊ-ին։ Նույնքան գումար է փոխանցել նաև «Վիլլաշին» ՍՊԸ-ի հետ փոխկապակցված «Վիլլա մարկետ» ՍՊԸ տնօրեն Ալբերտ Միրզոյանը։ Թույլատրելի առավելագույն չափով նվիրատվություն է կատարել «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ գործադիր տնօրեն Վլադիմիր Պողոսյանը։  2.5-ական մլն դրամ նվիրատվություններով քարոզարշավի ֆինանսավորմանը մասնակցել են նաև Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու Ստեփանոս Վարդանյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Սմբատ Պապոյանը, «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Գոռ Թադևոսյանը և «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Ջերմուկի ավագանու անդամ Արտուշ Սիմոնյանը։  Նշենք, որ Ջերմուկ համայնքի ղեկավարը «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի նախկին գործադիր տնօրեն, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է՝ Վահագն Արսենյանը։ Վերջինս, համաձայն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ իրական շահառուն է։ Բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող «Զովեր քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետերեր Վարդան Խաչատրյանը, Արտակ Խաչատրյանը և Արա Ավետիսյանը ՔՊ դրամահավաքին նվիրաբերել են 100-հազարական դրամ։ Արտակ և Վարդան Խաչատրյանների հետ մեկ այլ՝ «Միլկ պրոդուկտ» ՍՊԸ բաժնետեր Վահան Մկրտչյանը փոխանցել է 50 հազար դրամ։ «Զովեր քնսթրաքշնի» հետ փոխկապակցված «Զովեր սթաֆֆ» ընկերության տնօրեն Հակոբ Հակոբյանը նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Նույնքան նվիրատվություն է կատարել նաև «Զովեր քնսթրաքշն» ընկերության տնօրեն Արմեն Ղազարյանը։  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Արմեն Ղազարյանը նաև բնակելի, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ զբաղվող մեկ այլ՝  «Մագնոլիա կոմֆորտ 2» ՓԲԸ տնօրենն է։ Նույն ընկերության բաժնետեր Վահե Մելիքսեթյանը նույնպես նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Մելիքսեթյանը «Վիզիվիգ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն է, որի նախկին բաժնետեր Հովհաննես Մկրտչյանը ևս նույնքան նվիրատվություն է կատարել։ «Վիզիվիգի» ներկայիս բաժնետեր Լիլիթ Մկրտչյանը նույն հասցեում է գրանցված «Զովեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ի բաժնետեր Արա Ավետիսյանի հետ։ Արմեն Ղազարյանը նաև «Էյ-Ջի-Էյջ Ղազարյաններ» ՍՊԸ-ի նախկին տնօրենն է։ Ընկերության ներկայիս տնօրենը՝ Գևորգ Ղարիբյանը, ՔՊ դրամահավաքին փոխանցել է 2.5 մլն դրամ։ ՔՊ-ին թույլատրելի առավելագույն չափով նվիրատվություն են կատարել «ՋիԷյԷյջ» ՍՊԸ-ի տնօրեն Գագիկ Ղազարյանը և նույն ընկերության նախկին բաժնետեր և տնօրեն Սմբաթ Նավոյանը։ 2.4-ական մլն դրամ նվիրատվություն են կատարել «Մալխասյանց փաստաբանական կենտրոնի» բաժնետեր և տնօրեն Մինաս Մալխասյանը և աշխատակից Գրիգոր Մալխասյանը։ Կենտրոնի մեկ այլ աշխատակից  Կորյուն Մկրտչյանը փոխանցել է 2.3 մլն դրամ, իսկ փոխտնօրեն Նազիկ Մալխասյանը նվիրաբերել է 100 հազար դրամ։ Մինաս Մալխասյանը, Նազիկ Մալխասյանը  և Գրիգոր Մալխասյանը դատավոր Գուրգեն Մալխասյանի զավակներն են։ Վերջինս Ավագանու ընտրություններից մոտ մեկ ամիս անց առաջադրվել է Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու, սակայն չի ընտրվել։  Անվտանգության ապահովման մասնավոր գործունեություն իրականացնող «Արագ արձագանքման գվարդիա» ՍՊԸ նախկին բաժնետեր Զորիկ Սարգսյանը և նույն ընկերության ներկայիս բաժնետեր Ավետիս Առաքելյանը ՔՊ-ին փոխանցել են 2.5-ական մլն դրամ։  Նույնքան գումար են փոխանցել հաշվապահական հաշվառմամբ զբաղվող «Ջի Էմ Քեյ փարթներս» ՍՊԸ-ի բաժնետեր Կարեն Մովսեսյանը և նույն ընկերության տնօրեն Կարեն Գրիգորյանը։  Շինարարական գործունեություն ծավալող «Ստրոյ մաստեր Միխայիլ» ՍՊԸ բաժնետեր և տնօրեն Իվան Մինասուևը, նախկին բաժնետեր Միխաիլ Մինասուևը և նրանց եղբայրը՝ Նիկոլայ Մինասուևը ՔՊ դրամահավաքին փոխանցել են 2.5-ական մլն դրամ։ Մեր հարցին, թե արդյոք նվիրատվություն կատարել է, Միխաիլ Մինասուևը նախ ասաց, որ չի հիշում, քանի որ ինքը շատ նվիրատվություններ է անում։ Խնդրեց ցույց տալ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ուղարկած ցանկը։ Չհաստատելով կամ չհերքելով նվիրատվություն անելու փաստը՝ ասաց. «Ինչ-որ մի բան արել ենք, չեմ հիշում»։ Նվիրատուների հետ փոխկապակցված որոշ ընկերություններ ակտիվ մասնակցել են պետական գնումների։ Այդ ընկերություններին «Ինֆոքոմը» կանդրադառնա այլ հրապարակումներով։   Խոշոր նվիրատուներ են պաշտոնյաները և նրանց փոխկապակցված անձինք  Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, որ նախընտրական շրջանում նաև կուսակցության շտաբի պետն էր, մինչև 2023 թվականի հունիսի 30-ը զբաղեցնում էր Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը։ Ավագանու ընտրություններին ընդառաջ ՔՊ կուսակցությանը 2.5-ական մլն դրամ են փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակիցներ Վազգեն Սիմոնյանը, Վահե Հարությունյանը, Արամ Սեմիրջյանը, Հովիկ Խաչոյանը և Գեղամ Բրսոյանը։ Վերջինս նաև ՔՊ ավագանու թեկնածու էր։  2.5 մլն դրամի չափով նվիրատվություն է կատարել Արմեն Սարգսյանը։ Նա Արմեն Փամբուխչյանի խորհրդականն էր մինչև ԱԻ նախարարության լուծարումը, իսկ հետո նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Արմեն Սարգսյանը ուղևորափոխադրումներ իրականացնող «Ինտեռ տրանս» ընկերության բաժնետերն է։ Նույն ընկերության տնօրեն Կարինե Հարությունյանը ևս 2.5 մլն դրամ է նվիրաբերել։ Թույլատրելի առավելագույն չափով նվիրատվություն է կատարել Հարություն Բալյանը, որը ընկերական հարաբերություններ ունի Արմեն Փամբուխչյանի և Արմեն Սարգսյանի հետ։ 1 միլիոնից ավելի նվիրատվություն կատարածների ցանկում հանդիպում են մի շարք պաշտոնատար անձինք։ «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի խորհրդական Վիգեն Չիլինգարյանը ՔՊ կուսակցությանն է նվիրաբերել 2.5  մլն դրամ։  1.5 մլն դրամ նվիրատվություն է կատարել ՊՆ «Զինառ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արշակ Օրդուխանյանը, որը, փոխվարչապետ եղած ժամանակ, Սուրեն Պապիկյանի խորհրդականն էր։ Արշակ Օրդուխանյանը նաև ավագանու թեկնածու էր։  Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը, որը նաև ավագանու թեկնածու էր, 1 մլն դրամ է փոխանցել ՔՊ-ին։  Արտաշատ համայնքի ավագանու անդամ Սյուզաննա Սայադյանը նվիրաբերել է 2.5 մլն դրամ։ Հետաքրքիր է, որ 2022 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ վերջինիս եկամուտը կազմել է 702 հազար 975 դրամ։ Այս եկամուտը նա ստացել է ՔՊ կուսակցությունից՝ որպես աշխատանքի դիմաց վարձատրություն։ Ի դեպ, ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին 2 մլն դրամ է նվիրաբերել նաև Հայաստանում Իսպանիայի հյուպատոս Արմինե Ադամյանը։ 2.5 մլն դրամի չափով նվիրատվություն են կատարել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ՝ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը և «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Նազարյանը։ Իսկ քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը ՔՊ-ին փոխանցել է 100 հազար դրամ։  Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նվիրատվություն չի կատարել, փոխարենը՝ հայրը՝ Արմեն Ավինյանը, փոխանցել է 2 մլն դրամ։ Երևանի ավագանու` ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի եղբայրը՝ Տիգրան Գալջյանը, նվիրաբերել է 2.3 մլն դրամ։  Երևանի ավագանու անդամ Լուսինե Գևորգյանը փոխանցել է 2.5 մլն, իսկ ավագանու մեկ այլ անդամ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը՝ 1 մլն դրամ։  Վարչական շրջանների ղեկավարների փոխանցումները տատանվում էին 200 հազարից 1.7 մլն դրամի սահմաններում։ 200 հազարական դրամներ են փոխանցել Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Միքայել Օհանյանը փոխանցել է 400 հազար դրամ, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանը՝ 550 հազար դրամ, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը՝ 300 հազար դրամ, իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը փոխանցել է 1,7 մլն դրամ։  Շռայլ փոխանցումներով աչքի է ընկել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը։ Եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Գևորգ Բաղդասարյանը և Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Լևոն Շահնազարյանը փոխանցել են 2.5-ական մլն դրամ։ Գևորգ Բաղդասարյանից փորձեցինք ճշտել՝ ի՞նքն է փոխանցել գումարը և ի՞նչ միջոցներով։ Հարցը լսելուց հետո ասաց, որ մի փոքր ուշ հետ կզանգի։ Ավելի ուշ կրկին զանգեցինք, վրդովված պատասխանեց, որ այլևս այդ հարցով իրեն չզանգենք։  Նոր Նորք վարչական շրջանի առևտրի, ծառայությունների և գովազդի բաժնի պետ Սարգիս Նազարյանը ՔՊ կուսակցությանը նվիրաբերել է 2.4 մլն դրամ։ Վերջինս ավագանու ընտրությունների ՔՊ կուսակցության վստահված անձ էր։ Նույն վարչական շրջանի Քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի նախկին պետ Գագիկ Աբաջյանը փոխանցել է 2.3 մլն դրամ։  Դրամահավաքի նվիրատուների շարքում են նաև ՔՊ կուսակցության 88 ավագանու թեկնածուներ, որոնց նվիրատվությունները տատանվում են 20 հազարից մինչև 2.5 մլն դրամի սահմաններում։  --- Փաստերի համադրությունն ու տվյալների ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ֆինանսների մի մասի աղբյուրն առնվազն կասկածելի է։  Ուսումնասիրության արդյունքում կարող ենք արձանագրել, որ կազմակերպված մեխանիզմի գործադրմամբ անհայտ ծագման գումարներ են ուղղվել ՔՊ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը՝ երբեմն գործընթացից ընդհանրապես անտեղյակ քաղաքացիների անվան տակ։ «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ նախընտրական քարոզարշավի համար նվիրատվությունները պետք է փոխանցվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Օրենքի այս կետը նպատակ ունի թափանցիկ և հետագծելի դարձնել փոխանցվող նվիրատվության ծագումը։  «Ինֆոքոմը» ՔՊ կուսակցությանը գրավոր հարցել էր, թե ինչպես են ապահովել նվիրատվությունների անկանխիկ փոխանցումը դրամահավաք-երեկոյի ընթացքում։ Հարցմանն ի պատասխան՝ նշել են. «Դրամահավաքին նվիրատվությունների հավաքագրումը կազմակերպելու համար ներգրավվել են «Հայէկոնոմբանկի» աշխատակիցներ, որոնք էլ ապահովել են նվիրատվությունների փոխանցումը կուսակցության հաշվեհամարին։ ՔՊ կուսակցության հաշիվները սպասարկվում են «Հայէկոնոմբանկի» կողմից»,- նշված է պատասխանում։ «Հայէկոնոմբանկի» աշխատակիցները, փաստորեն, կուսակցության նվիրատուներին «օգնել են» փոխանցումներ կատարել ոչ միայն դրամահավաք-երեկոյի ընթացքում, այլ նաև դրանից դուրս։ Նշենք, որ «Հայէկոնոմբանկի» բաժնետերերից է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։ Վերջինս և իր եղբայրները հանդիսանում են բանկի վերջնական վերահսկող։ --- Երեկ կապ հաստատեցինք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանի հետ։ Նկարագրեցինք, որ հանդիպել ենք ՔՊ նվիրատուների ցանկում հայտնված անձանց, որոնք նշել են, որ իրենք նվիրատվություն չեն արել։ Վահագն Ալեքսանյանը նախ խնդրեց հայտնել այդ անձանց անունները, որ կարողանա ճշտել։ Աղբյուրը չբացահայտելու վերաբերյալ մեր արձագանքին Ալեքսանյանը պատասխանեց, որ միգուցե ճիշտ անձանց չենք նույնականացրել։ Մեր դիտարկմանը, որ նույն կամ մոտ շենքերում բնակվող անձանց անուններից որոշակի օրինաչափությամբ նվիրատվություններ են արվել, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, կարող է ստացված լինի այնպես, որ մի քանի հոգու գումար նույն պահին ուղղակի մեկի անունով են մուտք արել բանկի աշխատակիցները, որ ժամանակ խնայեն, դա էլ չեմ բացառում»։ Ճշտող հարցին, թե արդյո՞ք ՔՊ նախընտրական քարոզարշավի նվիրատվությունները հավաքագրվել են միայն հուլիսի 31-ի դրամահավաք-երեկոյի ժամանակ, Ալեքսանյանը պատասխանեց. «Ո՛չ, որովհետև դեպքեր են եղել, երբ տարածքային գրասենյակի կուսակցականները հավաքել են, մեկի հետ ուղարկել են։ Այդպես էլ է եղել»։ Կրկին ճշգրտեցինք, թե արդյո՞ք վերջնարդյունքում դրամահավաքի նվիրատվությունները մուտք են արվել երեկոյի ընթացքում, Ալեքսանյանը պատասխանեց՝ այո՛, միայն ավելացրեց, որ որոշակի անճշտություններ են եղել, և հաջորդ օրը բանկ գնալու առիթ է եղել։ Հարցին, թե ինչ անճշտություններ են դրանք, Ալեքսանյանը խնդրեց գրավոր դիմել։ Առավել բովանդակային պատասխան ստանալու ակնկալիքով Վահագն Ալեքսանյանի հետ պայմանավորվեցինք, որ գրավոր կուղարկենք մեր հարցերը և կսպասենք դրանց պատասխանին մինչև այսօր՝ ժամը 17:00-ն։ Մինչև պայմանավորված ժամը, սակայն, որևէ պատասխան չստացանք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։   Ավագանու ընտրությունների նախընտրական ֆինանսների օրինականությունը պետությունը կարող է պարզել ընտրություններից 8 ամիս անց «Կուսակցությունների մասին» օրենքի համաձայն՝ կուսակցություններն իրենց տարեկան հաշվետվությունները ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (ԿԿՀ) մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 31-ը։ ԿԿՀ-ն, համադրելով կուսակցության հաշվետվությունը այլ աղբյուրներից (ներառյալ բանկային տվյալներ) ստացված տեղեկությունների հետ, իրականացնում է կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկողությունը և տարեկան հաշվետվության ստուգումը։  «Ինֆոքոմն» ավելի վաղ անդրադարձել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկողական գործառույթին՝ հարցադրմամբ, թե արդյո՞ք նախընտրական շրջանում նվիրատուների ցանկը չհրապարակելը չի նվազեցնում ընտրական գործընթացի թափանցիկությունը։  Այդ ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ, ՔՊ նախկին պատգամավոր Վահագն Հովակիմյանը, անդրադառնալով այդ մտահոգությանը, ասել էր. «Ձեր ցանկությունն է, որ երբ դուք որևէ հրապարակում ունենաք, որևէ բան բացահայտեք որևէ կուսակցության հետ կապված, դա ազդի այդ կուսակցության ընտրության արդյունքների վրա։ Դուք քաղաքական ուժերին վերաբերվում եք որպես պոտենցիալ հանցագործների»։  Հովակիմյանը մեզ հետ զրույցում նշել էր նաև, որ եթե լրագրողների նպատակն է թափանցիկ գործընթաց ապահովել, ապա նրանց համար մեծ տարբերություն պետք է չլինի՝ նվիրատուների ցանկը ուսումնասիրել ընտրությունների ընթացքու՞մ, թե՞ դրա ավարտից շուրջ 8 ամիս անց։ Ավագանու ընտրությունների ավարտից շուրջ 4 ամիս անց պարզ է դառնում, որ ընտրությունների ընթացքում ՔՊ նախընտրական քարոզարշավը ֆինանսավորվել է անհայտ աղբյուրներից՝ կասկածելի գործարքների միջոցով։     Հեղինակ՝ Լյուսի Մանվելյան  Հետաքննությանն աջակցել են Հայարփի Բաղդասարյանը, Ջուլիետտա Հովհաննիսյանը և Ռոման Աբովյանը Խմբագիրներ՝ Անի Հովհաննիսյան, Սևակ Մամյան
19:39 - 30 հունվարի, 2024
Գիտարբուք+ Միշա Թադևոսյանի և Հռիփսիմե Խանզադյանի հետ․ Ժամանակակից կրթության բանաձևը

Գիտարբուք+ Միշա Թադևոսյանի և Հռիփսիմե Խանզադյանի հետ․ Ժամանակակից կրթության բանաձևը

Գիտարբուք+ մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ դասախոս Միշա Թադևոսյանի և «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի ընտրության բաժնի ղեկավար Հռիփսիմե Խանզադյանի հետ։ - Ծանոթություն - Կրթության կարևոր դերակատարները - Ո՞վ է 21-րդ դարի սովորողը, ինչպե՞ս մոտիվացնել նրան - Աժեքահեն կրթությունը - Սովորողին ճանաչելը՝ գործընթացների արդյունավետության հիմք - Որտե՞ղ է պետք փնտրել հանրակրթության ոլորտի խնդիրների լուծումը - Երևակայության զարգացումը դպրոցում - Ուսուցիչների «հուզական այրումը», վերապատրաստումները - Ուսուցչի արժևորման անհրաժեշտությունը - Ովքե՞ր են Հայաստանում ուսուցիչ դառնում - Մասնակցայնությունը դպրոցում․ ոլորտի մասնագետները՝ կրթական համակարգից ներս - Կրթական համակարգի վերաբերյալ «անկեղծ զրույցի», միմյանց վստահելու անհրաժեշտությունը - Ուսուցչի գրավիչ կերպարի ստեղծումը՝ ապագայում ուսուցիչներ ունենալու համար - Բուլինգը, 12-ամյա կրթությունը - Աշխատավարձի բարձրացում, սոցիալական երաշխիքներ՝ դպրոցում դասավանդողների համար - Աշակերտների գրագիտությունը, հմտությունները - Բուհակա՞ն, թե՞ ոչ ֆորմալ կրթություն
16:09 - 28 հունվարի, 2024
Նարինե Հայրապետյանը Հայաստանից դուրս քաղաքական ապաստարան է խնդրել, իր խոսքով, ոստիկանական բռնաճնշումների պատճառով

Նարինե Հայրապետյանը Հայաստանից դուրս քաղաքական ապաստարան է խնդրել, իր խոսքով, ոստիկանական բռնաճնշումների պատճառով

Ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը Հայաստանից դուրս քաղաքական ապաստարան է խնդրել։  Այս մասին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամը հայտարարել է տեսանյութում, որը հրապարակվել է armlur.am-ում։ Նա հայտնել է, որ որոշումը կայացրել է ոստիկանական բռնաճնշումների պատճառով՝ նշելով, որ իր հեռանալը հայրենիքից անհրաժեշտություն էր, որովհետև իր կյանքին վտանգ էր սպառնում։  «Իմ առաջին ցուցմունքը իրականություն է, սակայն ոստիկանական բռնաճնշումներից ելնելով, հասկանալով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում ու չհասկանալով, թե ովքեր էին ինձ իմ կյանքին հակառակ իրենց հետ «խոսելու տանողները և ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ինչ կապ ունեն նրան ոստիկանական բարձրաստիճան սպաների հետ, որոնք ոչ մի կերպ չէին փորձում բացահայտում կատարել, այլ հակառակը՝ փորձում էին ինձ մեղադրանք կարել, անգամ իրենք գրել էին ցուցմունք, ինձ ստիպել, որ ստորագրեմ, անգամ կամեռայի տակ ուղղորդել են՝ ինչ ասեմ, ես տիպված էի լքել հայրենիքը»,- նշում է նա։ Հայրապետյանի խոսքով ինքը լավ հասկանում որ, որ արժանանալու է դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ճակատագրին, ինքն էլ ունի առողջական խնդիրներ․ «Ինձ ոչ երկակի փակ դռների հետևում ոստիկանական սպաներից ասացին, որ առայժմ հարգում ենք քո մարտական ուղին, բայց դու կա՛մ կատարում ես մեր կամքը, այն, ինչ մենք ասում ենք, կա՛մ դու որպես սուտ մատնիչ ես հանդես գալիս․․․ Երկրորդ ցուցմունքի ժամանակ ես լրիվ լղոզված եմ ասում ինչը ոնց է եղել, որովհետև դա ուղղակի պետք էր, որ ես ողջ կարողանամ դուրս գալ․ առգրավում են իմ հեռախոսը չգիտես ինչու, չնայած ես տուժողն էի»։ Ավագանու անդամը ընդգծում է, որ ինքը հասկանում է, որ, իր խոսքով, «Նիկոլի ոստիկանապետությունը» իրեն չի կարողանալու հանգիստ թողնել, բռնաճնշումներին ինքը ֆիզիկապես չի դիմանալու։ Հայրապետյանը Քննադատողներին խնդրում է սթափ ուղեղով մտածել․ «Ես իմ, հայրենիքին ողջ եմ պետք, ում է պետք մահացած Նանե Սոսեն։ Որպեսզի կարողանամ հայրենիքիս պիտանի լինել, ես պետք է հեռանայի երկրից։ Փախած չեմ, անընդհատ լինելու եմ կապի մեջ։ Խնդրել եմ քաղաքական ապաստարան, որովհետև հասկանում եմ, որ գործ ունեմ բռնապետության, ոստիկանաժանդարմերիայի հետ։  Եվ այն փորձելու է ամեն գնով մեղավոր հանել ինձ, որովհետև ես չհասկացա սուտ մատնություն տալ կոնկրետ իմ գաղափարակիցներից ոմանց մասին»։ Հիշեցնենք՝ հայտնի էր դարձել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նարինե Հայրապետյանին Թոթովենց փողոցից անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։ Ավելի ուշ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը) նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 
16:27 - 25 հունվարի, 2024