Մեր խնդիրն է հասկանալ՝ ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ. Փաշինյանը՝ Սահմանադրության փոփոխման անհարմարության մասին
19:51 - 01 փետրվարի, 2024

Մեր խնդիրն է հասկանալ՝ ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ. Փաշինյանը՝ Սահմանադրության փոփոխման անհարմարության մասին

Սահմանադրության փոփոխության թեման ՀՀ-ում միշտ կենդանի է եղել ամենատարբեր առիթներով․ այս մասին Հանրային ռադիոյի եթերում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը․

 «2018—ի հեղափոխությունից հետո կային կարծիքներ, որ պետք է փոխել Սահմանադրությունը եւ վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգի, ես այդ տեսակետը չէի կիսում։ [․․․] Անմիջապես հետպատերազմական շրջանում ես էլ էի մտածում, որ գուցե էդ փաստարկները ճիշտ են եւ գուցե ինքս էլ թերագնահատել եմ էդ հանգամանքը, որովհետեւ գործող Սահմանադրությամբ գերագույն հրամանատար-բանակ հարաբերությունները երբ, ինչպես են գործում, եւ էդ ուղղահայացում էլ ճեղքեր կան, որոնք նույնպես պատերազմի ժամանակ իրենց արտահայտեցին, բայց, ընդհանրապե,ս վերջին շրջանում, եւ հիմա լայնորեն քննարկվում է, խոսել եմ նոր սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մասին․ եթե հարցնեք՝ ինչով է պայմանավորված․․․ Վերջին շրջանում նաեւ շատ եմ խոսում հայրենիք-պետություն հասկացությունների մասին․․․ [․․․]։ Մենք քաղաքացու եւ պետության միջեւ ճեղք ունենք, ինչով է դա արտահայտվում՝ էլի լեգիտիմությամբ, որովհետեւ ՀՀ Սահմանադրությունը, որն ընդունվել է 1995-ին եւ մի քանի անգամ փոփոխվել, էդ Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում եւ միջավայրում, երբ ՀՀ քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի եւ ընդունեցի Սահմանադրություն, այսինքն՝ ես գնացի եւ արձանագրեցի իմ պայմանավորվածությունը մյուս քաղաքացիների եւ պետության հետ, որ մենք իրար հետ հարաբերվում եւ ապրում ենք էսպես։

Որն է էն կետը, պահը, երբ մենք ոչ պետական ժողովրդից վեր ենք ածվում պետական ժողովրդի․ էդ պահը սահմանադրական հանրաքվեն ա, երբ մարդը գնում, իր ազատ կամքով, առանց հարկադրանքի ու կեղծիքների, առանց ընտրակեղծիքների, առանց մանիպուլյացիաների գնում ու ձեռք է բերում պայմանավորվածություն։ Էս կոնտեքստում էական չի՝ ինչ ա գրված Սահմանադրության մեջ, էական է, թե ինչքանով էդ Սահմանադրությունն օրգանիկ կապ ունի ժողովրդի հետ․ օրգանիկ կապը արտահայտվում է, որ ոչ միայն պետք է քննարկենք, բոլոր ներբությունները հասկանանք․․․ Ընդ որում, ՍՍահմանադրության տեքՍտը մեծ մասամբ մասնագիտական քննարկման ձեւակերպումների խնդիր է՝ քաղաքական ուղենիշները սպասարկելու համար, բայց պետության հետ գենետիկ կապը ձեւակերպվում է էն պահից, երբ ժողովուրդը հաստատում է էդ պայմանը, առաջինն արձանագրում է, որ ինքը պետական ժողովուրդ է եւ որ այս պետության սահմաններում իրար հետ հարաբերվելու ենք այս պայմաններով»,- ասաց Փաշինյանը։ 

Հարցին՝ առաջարկում է նոր սահմանադրություն նոր՝ 4-րդ հանրապետության համա՞ր, Փաշինյանը պատասխանեց՝ դա գաղափարներից մեկն է․

«Շատ է խոսվում՝ կառավարությունը փոխում է Սահմանադրությունը, էս կանի, էն կանի․․․ Կառավարությունը չի կարող փոխել կամ ընդունել նոր սահմանադրություն, կառավարությունը կարող է առաջարկել ժողովրդին, խոսել ժողովրդի հետ, առաջարկություններ անել, եւ միայն ժողովուրդը կարող է էդ որոշումը կայացնել»։

Ընտրությունների կեղծման հավանականության մասին խոսելիս՝ Փաշինյանն ասաց․ «Մենք տասնյակ ընտրություններ ենք արել 2018—ից հետո, թող ցույց տան մի դեպք․․․ Համապետական մակարդակում միջազգայնորեն ճանաչվել են մեր ընտրությունները, ՏԻՄ մակարդակում միշտ չէ, որ եղել են միջազգային դիտորդներ․ եղել են դեպքեր, որ հաղթել ենք, եղել է՝ պարտվել ենք, թող ցույց տան մի դեպք, երբ մենք մի քվեաթերթիկի հետ կապված հարց ենք բարձրացրել կամ կեղծիք է եղել, որովհետեւ էդ ճանապարհով գնալ, կնշանակի ոչնչացնել մեր քաղաքական ինքնությունը»։

Արտաքին աշխարհից սահմանադրությունը փոխելու ճնշումների մասին խոսակցությունների վերաբերյալ Փաշինյանն ասաց․ «Ուղիղ են ասում, ասում են՝ սահմանադրության փոփոխությունները կապված են Ադրբեջանի ճնշումների հետ․ ցանկացած կառավարություն պիտի վերլուծի եւ հասկանա՝ ինչ հայեցակարգի հիման վրա է ապահովելու երկրի անվտանգությունը եւ պետք է տեղորոշի այն պրոբլեմները եւ կետերը, որոնք արտաքին անվտանգային սպառնալիք են առաջացնում։ Երբ ասում էի՝ բանակը ՀՀ ինքնիշխան տարածքում գործելու եւ այդ տարածքի անվտանգությունն ապահովելու համար է, սա կարեւոր է ոչ միայն ներքին, այլ արտաքին առումով․ դու քո մտադրություններն ես հայտարարագրում, երբ հայտարարգրում ես, ուրիշներն էլ իրենց մտադրություններն են հայտարարագրում, եւ դրա պրոցեսում է, որ առաջանում են կոնֆլիկտները։ Մեր խնդիրն է հասկանալ՝ ինչու է մեր միջավայրը ագրեսիվ մեր նկատմամբ»։

Փաշինյանը որոշեց «առակի լեզվով» մի բան նկարագրել՝ դիմելով հաղորդավարին․ «Մենք իրար հետ՝ երկուսով, քայլում ենք մի ճանապարհով, գիտենք՝ ուր ենք ուզում գնալ, քայլում ենք եւ տեսնւմ՝ ճանապարհի երկու եզրերին ցլեր են կանգնած, նայում ենք իրար, տեսնում ենք՝ երկուսս էլ ոտից գլուխ կարմիր զգեստներով են, եւ պետք ա որոշում կայացնենք։ Ընդ որում՝ էդ կարմիր զգեստն ինձ համար գործել ա իմ սիրելի տատիկը, ամբողջ կյանքում ուղեկցել ա ինձ, թալիսմանի նշանակություն ունի ինձ համար, եւ էդ ճամփորդության մեջ էդ զգեստը ջերմացնում է, բայց մենք պիտի քայլենք էդ ճանապարհով։ Էստեղ ա, որ մենք պիտի իրար հետ քննարկենք եւ որոշում կայացնենք․ մենք կարող ենք որոշումների երկու բանաձեւ ունենալ, ես կարող եմ ասել՝ սա ինձ համար թանկ է, ես էս շորով պետք ա գնամ, եւ, ի միջի այլոց, ես էլ, դուք էլ, բոլորս էլ էդ ենք ասել եւ ասում։

Ես ինքս, ընդդիմադիր եղած ժամանակ, վարչապետ եղած ժամանակ ինքս էդ եմ ասել, եւ մենք պետք ա էդ ճանապարհն անցնենք, եւ էս քննարկումն ա որոշելու՝ մենք էդ ճանապարհը կանցնենք, թե չենք անցնի։ Որովհետեւ եթե էդ կարմիր շորը փոխենք, հրաժարվենք, դնենք արխիվի մեջ, ոչ թե արխիվի, փաթեթավորենք, որպես մասունք՝ շատ հարազատ մի բան, իրեն շրջանառությունից, կիրառությունից հանենք, ընկալենք որպես մեր պատմության, մեր անցյալի մի մաս, եւ զգեստավորվենք այն միջավայրին համապատասխան, որում պատրաստվում ենք գործել»։

Փաշինյանն ասաց, թե 100%—ով կարող է երաշխավորել, որ «այդ կարմիր զգեստով» մենք չենք անցնի այդ ճանապարհը, զգեստափոխվելու տարբերակում 100%—ով չի կարող երաշխավորել, բայց, նրա խոսքով, եթե կա անցնելու տարբերակ, դա այդ երկրորդ տարբերակով է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել