Նարինե Հայրապետյանը Հայաստանից դուրս քաղաքական ապաստարան է խնդրել, իր խոսքով, ոստիկանական բռնաճնշումների պատճառով
16:27 - 25 հունվարի, 2024

Նարինե Հայրապետյանը Հայաստանից դուրս քաղաքական ապաստարան է խնդրել, իր խոսքով, ոստիկանական բռնաճնշումների պատճառով

Ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը Հայաստանից դուրս քաղաքական ապաստարան է խնդրել։  Այս մասին Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամը հայտարարել է տեսանյութում, որը հրապարակվել է armlur.am-ում։

Նա հայտնել է, որ որոշումը կայացրել է ոստիկանական բռնաճնշումների պատճառով՝ նշելով, որ իր հեռանալը հայրենիքից անհրաժեշտություն էր, որովհետև իր կյանքին վտանգ էր սպառնում։ 

«Իմ առաջին ցուցմունքը իրականություն է, սակայն ոստիկանական բռնաճնշումներից ելնելով, հասկանալով, որ իմ կյանքին վտանգ է սպառնում ու չհասկանալով, թե ովքեր էին ինձ իմ կյանքին հակառակ իրենց հետ «խոսելու տանողները և ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ինչ կապ ունեն նրան ոստիկանական բարձրաստիճան սպաների հետ, որոնք ոչ մի կերպ չէին փորձում բացահայտում կատարել, այլ հակառակը՝ փորձում էին ինձ մեղադրանք կարել, անգամ իրենք գրել էին ցուցմունք, ինձ ստիպել, որ ստորագրեմ, անգամ կամեռայի տակ ուղղորդել են՝ ինչ ասեմ, ես տիպված էի լքել հայրենիքը»,- նշում է նա։

Հայրապետյանի խոսքով ինքը լավ հասկանում որ, որ արժանանալու է դատարանի դահլիճում մահացած պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ճակատագրին, ինքն էլ ունի առողջական խնդիրներ․ «Ինձ ոչ երկակի փակ դռների հետևում ոստիկանական սպաներից ասացին, որ առայժմ հարգում ենք քո մարտական ուղին, բայց դու կա՛մ կատարում ես մեր կամքը, այն, ինչ մենք ասում ենք, կա՛մ դու որպես սուտ մատնիչ ես հանդես գալիս․․․ Երկրորդ ցուցմունքի ժամանակ ես լրիվ լղոզված եմ ասում ինչը ոնց է եղել, որովհետև դա ուղղակի պետք էր, որ ես ողջ կարողանամ դուրս գալ․ առգրավում են իմ հեռախոսը չգիտես ինչու, չնայած ես տուժողն էի»։

Ավագանու անդամը ընդգծում է, որ ինքը հասկանում է, որ, իր խոսքով, «Նիկոլի ոստիկանապետությունը» իրեն չի կարողանալու հանգիստ թողնել, բռնաճնշումներին ինքը ֆիզիկապես չի դիմանալու։

Հայրապետյանը Քննադատողներին խնդրում է սթափ ուղեղով մտածել․ «Ես իմ, հայրենիքին ողջ եմ պետք, ում է պետք մահացած Նանե Սոսեն։ Որպեսզի կարողանամ հայրենիքիս պիտանի լինել, ես պետք է հեռանայի երկրից։ Փախած չեմ, անընդհատ լինելու եմ կապի մեջ։ Խնդրել եմ քաղաքական ապաստարան, որովհետև հասկանում եմ, որ գործ ունեմ բռնապետության, ոստիկանաժանդարմերիայի հետ։ 

Եվ այն փորձելու է ամեն գնով մեղավոր հանել ինձ, որովհետև ես չհասկացա սուտ մատնություն տալ կոնկրետ իմ գաղափարակիցներից ոմանց մասին»։

Հիշեցնենք՝ հայտնի էր դարձել, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Երևանի բնակիչ Նարինե Հայրապետյանին Թոթովենց փողոցից անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա՝ տեղափոխել իրեն անծանոթ վայր, որտեղ ինքը հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը քաղաքական գործունեությամբ պայմանավորված՝ զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձևով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել։

Ավելի ուշ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարդուն առևանգելը) նախաձեռնվել էր քրեական վարույթ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել