Բանակի կառուցման լեգիտիմության սահմանը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ է․ Փաշինյան
19:15 - 01 փետրվարի, 2024

Բանակի կառուցման լեգիտիմության սահմանը Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ է․ Փաշինյան

Երկրի անվտանգության ապահովման առաջին պայմանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, բանակի բարեփոխումն է․

«Պետք է ունենալ մարտունակ բանակ, որն ի վիճակի է լուծել խնդիրները»,- Հանրային ռադիոյի տաղավարում այս մասին ասաց Փաշինյանը՝ շարունակելով, որ անվտանգության ապահովման երկրորդ գործիքը արտաքին հարաբերություններն են․

«Այս երկու արձանագրման մեջ մեծ նորություն չկա։ Նախկինում սա միշտ ասվել է, եւ այս թեման՝ բանակ եւ դիվանագիտություն, նորություն չէ։ Կարեւոր եմ համարում, որ այս զույգին ավելանա լեգիտիմության հարցը․ եւ արտաքին հարաբերություններում, եւ բանակի կառուցման կոնտեքստում շատ կարեւոր է ունենալ լեգիտիմ նպատակներ։ Լեգիտիմ, ընդ որում, միջազգային ընկալման տեսակետից, ոչ այնքան եւ ոչ միայն ներքին ընկալման տեսակետից, արտաքին աշխարհի համար հասկանալի»։

Ըստ Փաշինյանի՝ եթե մեր ներքին ընկալման եւ արտաքին ընկալման միջեւ դիսոնանս կա, այդ դիսոնանսի մեջ է գեներացվում անվտանգային սպառնալիքը, եւ այդ սպառնալիքը հասցեագրելու համար այդ ճեղքը պետք է փակել․

«Որտեղ եմ տեսնում ես էդ լեգիտիմության սահմանը․ քննարկվող հարցի համատեքստում լեգիտիմությունը տեսնում եմ Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանի մեջ։ Յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է ունենալ ուժեղ եւ մարտունակ բանակ․ եթե դու ունես ուժեղ եւ մարտունակ բանակ լեգիտիմ նպատակներ իրագործելու համար, ոչ մեկը քեզ չի կարող ասել՝ ինչու ես բանակդ ուժեղացնում։ Եթե դու խնդիր ես դնում, նպատակ, որի լեգիտիմությունը միջազգայնորեն կարող է դրվել կասկածի տակ, էստեղ առաջանում են բազմաթիվ խնդիրներ։ Ես ասում եմ՝ մենք մեր բանակը պետք է ուժեղացնենք, դարձնենք մարտունակ՝ մեր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը պաշտպանելու նպատակով, եւ մեր երկրի տարածքը․․․

Էստեղից հարց է ծագում՝ րն է մեր երկրի տարածքային ամբողջականությունը․ մեր երկրի տարածքային ամբողջականությունը հայկական ԽՍՀ տարածքի նույնական տարածքային ամբողջականությունն է։ Եւ հիմա, երբ ասում ենք՝ բանակը հզորացնում ենք այս տարածքի անվտանգությունը երաշխավորելու համար, ոչ մեկը չի կարող ասել՝ ինչու եք դա անում, իսկ եթե մենք բանակն ուժեղացնելու խնդիրը ձեւակերպում ենք հետեւյալ կերպ, որ մենք ուժեղացնում ենք, որ մենք, օրինակ, վերականգնենք պատմական արդարությունը, հարց է ծագում՝ իսկ ինչու ուրիշները պետք է թողնեն այդ բանակը հզորանա, որ պատմական արդարության հարց լուծի։

Առնվազն խելամիտ չէ թույլ տալ, որ էդ բանակն էնքան ուժեղանա, որ հետո էդ ուժեղացած բանակի հետ գործ ունենան։ Ես ասում եմ, որ մենք չպիտի էդպիսի ուղերձներ հղենք աշխարհին»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ ուզում է այս խոսակցությունը լինի «մեր ու մեր միջեւ», ոչ թե մեր ու աշխարհի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել