REconstitution (Սահմանադրական փոփոխություններ)

Հորդորում ենք Երևանի քաղաքապետարանին և  ԿԸՀ-ին  վերանայել պաստառների տեղադրման վայրերը․«Անկախ դիտորդ» դաշինք

Հորդորում ենք Երևանի քաղաքապետարանին և ԿԸՀ-ին վերանայել պաստառների տեղադրման վայրերը․«Անկախ դիտորդ» դաշինք

«Անկախ դիտորդ» դաշինքը  նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի օգտագործման կարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում․ «Ահազանգ քարոզչական պաստառներ փակցնելու համար առանձնացված անվճար վահանակների տեղադրման հետ կապված։ Ստորև բերված նկարներում Անկախ Դաշինքի երկարաժամկետ դիտորդներն արձանագրել են Երևանում բազմաբնակարան շենքերի և հանրակրթական դպրոցների վրա պաստառների համար նախատեսված վահանակների փակցման բազմաթիվ դեպքեր, ինչը վկայում է օրենսգրքում եղած գերկարգավորման և բացերի շփոթեցնող ազդեցության մասին⁉️։  Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի օգտագործման կարգի վերաբերյալ Ընտրական օրենսգրքի կարգավորումները (Հոդված 21, մաս 3) պարտավորեցնում են համայնքի ղեկավարին համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել։  Միաժամանակ ընտրական օրեսնգիրքը սահմանում է, որ համայնքի ղեկավարը պարտավոր է համայնքի տարածքում առանձնացնել քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր, ինչից ուղղակիորեն բխում է, որ համայնքի ղեկավարի որոշմամբ առանձնացված տեղերը պետք է և կարող են լինել բացառապես համայնքին պատկանող տարածքներում և համայնքի օրինական օգտագործման տակ գտնվող գույքի վրա։ Ստացվում է, որ համայնքի ղեկավարը իրավասու չէ այլ անձանց պատկանող տարածքներում, բնակելի տների կամ բազմաբնակարան շենքերի վրա սահմանել քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր, այն հաշվառմամբ, որ դրանք ուղղակի համայնքապատկան չեն։ Հակառակ դեպքում ստացվում է, որ օրենսգիրքը արգելում է բազմաբնակարան շենքի վրա քարոզչական պաստառներ փակցնելը նույնիսկ ֆիզիկական անձանց թույլատվությամբ, բայց նույնիսկ բնակիչների անհամաձայնության դեպքում չի արգելում նույն գործողությունը, եթե պաստառի և բազմաբնակարան շենքի արանքում համայնքի ղեկավարի որոշմամբ տեղադրված է հատուկ վահանակ։ Հարկ է նշել, որ նույն հոդվածի 2-րդ մասում՝ ֆիզիկական անձանց համաձայնությամբ քարոզչական պաստառներ փակցնելու վերաբերյալ բացառություններն այնքան մանրամասն են, որ դառնում են անհարկի սահմանափակում։  Այնուամենայնիվ Երևան քաղաքում համայնքի ղեկավարի որոշմամբ առանձնացված տեղերի թվում բազմաթիվ են և բազմաբնակարան շենքերը, և հանրակրթական դպրոցներն ու դրանց հարակից տարածքները (հստակ չէ, թե արդյոք հարակից տարածք է օրինակ դպրոցի դարպասը)։ Դաշինքը հորդորում է Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին և Երևանի քաղաքապետարանին վերանայել պաստառների տեղադրման վայրերը՝ ապահովելով օրենսգրքի պահանջների կատարումը։Միաժամանակ Ընտրական օրենսգրքի հետագա փոփոխություններում անհրաժեշտ է քննարկել այնպիսի կարգավորումների սահմանումը, որոնք կօգնեն խուսափել արտահայտման ազատության անհարկի սահմանափակումներից»։ Հիշեցնենք, որ «Անկախ դիտորդ»-դաշինքը հավաքագրում է դիտորդներ և գործընկերներ, որոնք պատրաստ են համագործակցել կամավոր հիմունքներով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին դիտորդություն անելու համար։ Մասնակցության հայտը՝ այստեղ։
19:05 - 21 փետրվարի, 2020
Վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք. Լիլիթ Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին |aysor.am|

Վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք. Լիլիթ Մակունցը՝ Վենետիկի հանձնաժողով դիմելու մասին |aysor.am|

aysor.am: Քաղաքական ուժերը, որոնք հանրաքվեն բոյկոտելու կամ չմասնակցելու կոչ են անում դրանով իսկ անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Չնայած հայտարարվել է, որ «ոչ»-ի քարոզ չի իրականացվում, այն քաղաքական ուժերը, որոնք բոյկոտի կամ չմասնակցելու կոչ են անում դրանով իսկ անթաքույց իրականացնում են «ոչ»-ի քարոզարշավ: Ինձ համար անհասկանալի է՝ ինչու այս պարագայում քաղաքական պատասխանատվություն չեն ստանձնում և չեն իրականացնում քարոզարշավ», - ասաց Մակունցը: Հարցին՝ ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագիծը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով՝ եզրակացության համար, այն դեպքում, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի նախագիծն ուղարկվել էր, գուցե չկա՞ վստահություն հանձնաժողովի նկատմամբ՝ Մակունցը պատասխանեց. «Այն, ինչ մենք նախատեսում ենք անել՝ վերականգնելն է մոդելը, որը 2015թ.-ի սահմանադրական փոփոխությամբ հաստատվել է, սակայն այս պահին չի գործում: Հիմա չի գործում այն Սահմանադրական դատարանը, որի մոդելը հաստատել են միջազգային կառույցները: Պիտի ասեմ, որ մենք վերջնական քաղաքական որոշում չունենք այդ առումով և դեռ ժամանակ ունենք, բայց տարակուսանք է առաջանում, որովհետև գործ ունենք փաթեթի հետ, որն արդեն իսկ հաստատվել է, որովհետև մենք ընդամենը վերականգում ենք այդ՝ հավանության արժանացած փաթեթը»:
15:57 - 21 փետրվարի, 2020
Հանրաքվեի անցկացման նախագծի ընդունումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով. ԱԺՄ

Հանրաքվեի անցկացման նախագծի ընդունումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով. ԱԺՄ

Ապրիլի 5-ին նախատեսվում է անցկացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որի նպատակն է Սահմանադրական դատարանի յոթ անդամների լիազորությունների դադարեցումը։ Իշխանությունները հանրաքվեի անցկացումը պատճառաբանում են այն հանգամանքով, թե իբր Սահմանադրական դատարանն այս կազմով խոչընդոտ է կոռուպցիայի դեմ պայքարի և համակարգային բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Այս փաստարկը հիմնազուրկ է, քանի որ մինչ օրս Սահմանադրական դատարանը որևէ խոչընդոտ չի առաջացրել այս իշխանությունների իրավական գործունեության համար։ Հետևաբար հանրաքվե անցկացնելու իշխանությունների մղումները բոլորովին այլ պատճառներ ու նպատակներ ունեն։ «Ազգային ժողովրդավարական միություն» (ԱԺՄ) կուսակցությունը ԴԵՄ է հանրաքվեին հետևյալ պատճառներով. 1.      Այս գործընթացն անօրինական է։ Հանրաքվեի անցկացման նախագծի ընդունումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության և օրենքների կոպիտ խախտումներով, միջազգային իրավաստեղծ պրակտիկայի բացահայտ ոտնահարմամբ։ 2.      Աշխարհի բոլոր կայացած ժողովրդավարական և իրավական պետություններում բարձրագույն դատական մարմիններն իրենց անկախությամբ իշխանությունների բաժանման համակարգում կարևոր զսպող օղակ են՝ թույլ չտալու իշխանության եկած քաղաքական ուժերին երկրի օրենքները ծառայեցնել իրենց քաղաքական շահերին։ Այդ իսկ պատճառով միջազգային պրակտիկայում ձևավորվել են հստակ չափորոշիչներ և սկզբունքներ, որպեսզի օրվա քաղաքական իշխանությունը հնարավորություն չունենա ազդեցություն ունենալ դատական իշխանության վրա  և կամայական փոփոխություններ անել դրա կազմում։ 3.      Եթե, այնուամենայնիվ, հանրաքվեն կայանա և ստանա դրական արդյունք (ինչը, մեր համոզմամբ, հնարավոր չէ առանց կեղծիքների), ապա ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ մեր երկրի համար. ·         կստեղծվի նախադեպ ցանկացած հարց անօրինական ճանապարհով լուծելու համար, ·         կոռուպցիայի դեմ պայքարի և քաղաքական նոր իրավիճակի անվան ներքո կընդունվեն օրենքներ, որոշումներ, որոնք էապես կսահմանափակեն մեր հասարակության իրավունքներն ու ազատությունները՝ ձևավորելով մեկ ուժի բացառիկ գերիշխանություն և խոչընդոտելով մեր երկրի ու հասարակության զարգացումը։ Հաշվի առնելով այս ամենը՝ ԱԺՄ-ն գտնում է, որ կուսակցության անդամները և քաղաքացիները ՉՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿՑԵՆ հակաօրինական և վտանգավոր հետևանքներով լի այս հանրաքվեին։  Սիրելի՛ ժողովուրդ,  Այս հանրաքվեի նախաձեռնությունն ու անցկացումը ցույց են տալիս իշխանությունների պետական մտածողության մակարդակը, իսկ հանրաքվեի արդյունքը ցույց կտա մեր հասարակության, քաղաքական ուժերի հասունության աստիճանը և թե արդյո՞ք մենք պատրաստ ենք լուծել մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրներն ու մարտահրավերները և իրագործել մեր երազանքները։  ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյան
12:21 - 21 փետրվարի, 2020
ՍԴ-ն ուղղակի կամ անուղղակի մասնակցել է բոլոր նախագահական և խորհրդարանական ընտրություններում ժողովրդի կամարտահայտման դեֆորմացմանը․ Նիկոլ Փաշինյան

ՍԴ-ն ուղղակի կամ անուղղակի մասնակցել է բոլոր նախագահական և խորհրդարանական ընտրություններում ժողովրդի կամարտահայտման դեֆորմացմանը․ Նիկոլ Փաշինյան

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, խոսելով Սահմանադրական դատարանի խնդիրներից, նշեց, որ նախկինում ՍԴ-ն ձևավորվել է, որ պաշտպանի ապօրինի իշխանության շահերը։ «ՍԴ-ն, իմ գնահատմամբ, շարունակում է և շարունակելու է ծառայել նախորդ կոռումպացված իշխանության շահերին, եթե մենք այսօր չփոխենք»,- ասաց նա։ Այն դիտարկմանը, որ ընթանում է Ռոբերտ Քոչարյանի դատը, և իշխանությունը այս հարցում Սահմանադրական դատարանի կողմից իրեն ոչ հաճելի որոշում կայացնելուց խուսափելու համար է փորձում ազատվել ՍԴ դատավորներից, վարչապետը պատասխանեց․ «Երբ ես վարչապետ ընտրվեցի, ես հրապարակային հայտարարեցի, որ հրաժարվում եմ ընդհանրապես միջամտել դատական իշխանության գործերին և հրաժարվում եմ դատական իշխանությանը կառավարության կողմից հրահանգներ իջեցնելուն։ Մենք տեսանք, որ հանրությունը դատական իշխանության կայացրած որոշումների պատասխանատվությունը շարունակում է դնել կառավարության վրա»։  Ըստ Փաշինյանի՝ պատճառը տոտալ անվստահությունն է դատական համակարգի նկատմամբ։ Մարդիկ տեսել են, որ ՀՀ-ում դատական համակարգը, այդ թվում՝ ՍԴ-ն, անկախ չէ, որովհետև ՍԴ-ն ուղղակի կամ անուղղակի մասնակցել է բոլոր նախագահական և խորհրդարանական ընտրություններում ժողովրդի կամարտահայտման դեֆորմացմանը։ «Մենք ասում ենք՝ ժողովո՛ւրդ ջան, եկեք ձևավորենք անկախ դատական համակարգ, որ երբ ՍԴ-ն, առաջին ատյանի դատարանը ինչ-որ բան կորոշեն, մենք չսկսենք քննարկել, թե ով ինչ ազդեցություն գործեց, այլ ասենք՝ մեր դատարանը որոշել է, քննարկման ենթակա չէ»,- նշեց վարչապետը։
23:35 - 20 փետրվարի, 2020
Սահմանադրությունը զարգացնել հնարավոր չէ, եթե գործող Սահմանադրությունը դե ֆակտո չի մտել ուժի մեջ․ Նիկոլ Փաշինյան

Սահմանադրությունը զարգացնել հնարավոր չէ, եթե գործող Սահմանադրությունը դե ֆակտո չի մտել ուժի մեջ․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ խոսեց սպասվող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին։ Ըստ վարչապետի՝ շատ կարևոր է սահմանադրական իրականություն ունենալը, քանի որ Սահմանադրության մեջ գրված է մի բան, իսկ իրականությունը լրիվ այլ է։ «2015 թ․ ընդունված և 2018 թ․ ապրիլի 9-ին ամբողջությամբ ուժի մեջ մտած Սահմանադրության մեջ նկարագրված է ՍԴ-ի մոդել, որն արժանացել է բոլոր միջազգային կառույցների բարձր գնահատանքին։ Ի՞նչ է նախատեսված այդ մոդելով ՍԴ-ի քաղաքականացվածությունն և կուսակցականացվածությունն էականորեն չեզոքացված են, ՍԴ դատավորի գործունեության ժամկետը սահմանափակված է, 12 տարի է, և ՍԴ նախագահին ընտրում է ոչ թե ԱԺ-ն, այլ ՍԴ-ն 6 տարի ժամկետով»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ եթե հիմա որևէ փոփոխություն չանենք Սահմանադրության մեջ, ներկայիս կարգով գործող ՍԴ չենք ունենա մինչև 2035 թվականը։ Այն հարցին, թե ինչու է հանրաքվեի դրվում միայն մի հարց, եթե արդեն մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների գործընթաց, վարչապետը պատասխանեց․ «Գլոբալ սահմանադրական փոփոխությունները շատ լուրջ, խորքային, բովանդակային փոփոխություն են ենթադրում, և երբ խոսում ենք սահմանադրական փոփոխությունների մասին, խոսում ենք գործող Սահմանադրության զարգացման մասին, իսկ գործող Սահմանադրությունը զարգացնել հնարավոր չէ, եթե գործող Սահմանադրությունը դե ֆակտո չի մտել ուժի մեջ։ Մենք ուզում ենք այսօր եղած Սահմանադրությունը բերել ուժի մեջ և ունենալ սահմանադրական իրականություն»։
22:54 - 20 փետրվարի, 2020
Մենք դիտարկել ենք նաև այդ տարբերակը. Մակունցը՝ հանրաքվեի նախօրեին ՍԴ անդամների հնարավոր հրաժարականի մասին |factor.am|

Մենք դիտարկել ենք նաև այդ տարբերակը. Մակունցը՝ հանրաքվեի նախօրեին ՍԴ անդամների հնարավոր հրաժարականի մասին |factor.am|

factor.am: Մենք քաղաքացիներին պարզ ներկայացելու ենք այն խնդիրների ցանկը, որով ցանկանում ենք հանրաքվեի միջոցով լուծել, ներկայացնելու ենք, թե ինչով է կարևոր հանրաքվեի գնալը, և այն շեշտադրումները, որոնք ընկած են հիմքում, ներկայացնելու ենք քաղաքացիներին այդ դեպքում իրավական անվտանգությանն առնչվող հարցերը: Այս մասին   նշեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես պետք է ժողովրդին համոզեն, որ հօգուտ «Այո»-ի քվեարկեն: «Մենք չենք խոսում առանձին անձանց կամ պաշտոնյաներին կամ դատավորներին մեկ այլ դատավորով փոխարինելու մասին: Մենք խոսում ենք այն մասին, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում, երբ բոլոր կառույցները գործում են նոր Սահմանադրության շրջանակում, ՍԴ-ն չի անցել նոր Սահմանադրությամբ աշխատելու ռեժիմին»,- ասաց  նա: ԱԺ իշխանական խմբակցության ղեկավարը, անդրադառնալով ընդդիմության քննադատություններին, կարծիք հայտնեց, որ ընդդիմադիրները և, հատկապես, արտախորհրդարանական գործիչները թաքնված «Ոչ»-ի քարոզարշավ են իրականացնում: «Ներկայացնելով, որ իրենք ոչ մի բանի չեն մասնակցում, տանում են «Ոչ»-ի քարոզարշավ»,- ասաց Լիլիթ Մակունցը: Նա չի բացառում այն սցենարը, որ հանրաքվեի նախօրեին Սահմանադրական դատարանի անդամները հրաժարական կտան: «Մենք դիտարկել ենք, որ կարող է այդ տարբերակը լինել»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ պատրաստ են նաև նման սցենարի: Մանրամասները՝ տեսանյութում:
20:14 - 20 փետրվարի, 2020
«Ոչ»-ի շտաբը քարոզչություն չի իրականացնելու, դրամահավաք անցկացնելու որոշում ևս չկա. շտաբի ձևավորումը հետապնդում է վերահսկողական մեխանիզմ կիրառելու նպատակ. «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչներ |tert.am|

«Ոչ»-ի շտաբը քարոզչություն չի իրականացնելու, դրամահավաք անցկացնելու որոշում ևս չկա. շտաբի ձևավորումը հետապնդում է վերահսկողական մեխանիզմ կիրառելու նպատակ. «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչներ |tert.am|

tert.am: Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Ոչ»-ի շտաբը դասական իմաստով քարոզչություն չի իրականացնելու: Այն իրավաբանների միություն է, որը չի ներկայացնում քաղաքական ուժ կամ ուժեր և պատրաստակամություն է հայտնել տրամադրել հարթակներ այն ուժերին, որոնք կցանկանան քարոզել «Ոչ»-ը: Այս մասին ասաց «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Մկրտչյանը: Փաստաբանն ընդգծեց՝ «Ոչ»-ի դիրքորոշումն իրավական է. «Մենք մեր առաջ խնդիր ենք դրել բացատրել բոլոր հետաքրքրված անձանց, թե ինչ հոդվածի համար են քվեարկելու, ինչ է փոխվելու, ինչ հետևանքներ կարող է ունենալ»,-ասաց Մկրտչյանը՝ նշելով, թե չեն պատրաստվում, օրինակ, մարզեր այցելել, բակային հանդիպումներ ունենալ և «Ոչ»-ի քարոզչություն իրականացնել: Անդրադառնալով դիտարկմանը, թե «Այո»-ի շտաբը դրամահավաք-ճաշկերույթ է իրականացնում և հարցին՝ «Ոչ»-ի շտաբը նման նախաձեռնություն չունի՞, փաստաբանն արձագանքեց՝ դրամահավաքի անհրաժեշտություն չի տեսնում: «Մենք իրավաբաններ ենք, զուտ դիտորդական, բացատրական աշխատանքների մեջ ներգրավվելու ցանկություն ենք հայտնել՝ կամավորության սկզբունքով, և որևէ աջակցության կարիք այս առումով չունենք: Հակառակը՝ իրազեկման առաքելություն ունենք, որն անում ենք»,-ասաց Մկրտչյանը: Հարցին՝ հանրաքվեի քարոզչության պաշտոնական մեկնարկից՝ փետրվարի 17-ից հետո «Ոչ»-ի շտաբի հասցեին հակաքարոզչություն նկատե՞լ է, փաստաբանը պատասխանեց, որ սոցիալական ցանցերի հարթակում թե՛ ատելության խոսք, թե՛ թշնամանք կա: ««Այո»-ի աջակիցների բավականին լուրջ, ստվար զանգված կա, որն իր պարտքն է համարում կեղծ ու նաև իրական օգտահաշիվներով ատելության խոսք հնչեցնելը: Սա սովորական երևույթ է դարձել, ցավոք»,-նշեց փաստաբանը: «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը  վերահաստատեց միտքն առ այն, որ «Ոչ»-ի շտաբը դասական քարոզչություն չի իրականացնելու: «Քարոզչություն չի լինելու այն տեսքով, որը հասարակությունն առհասարակ սովոր է տեսնել՝ բակային հանդիպումներ, հանրահավաքներ չենք ունենալու»,-ասաց Հայրապետյանը: Իրավաբանն ընդգծեց՝ շտաբի ձևավորումը հետապնդում է վերահսկողական մեխանիզմ կիրառելու նպատակ՝ հանրաքվեի ընթացքում տարբեր տեղամասերում ունենալ վստահված անձինք և հանձնաժողովի անդամներ, ինչը հնարավորություն կտա հանրաքվեի ավարտից հետո հանրությանն իրազեկել, թե ինչ գործընթացներ են եղել, ինչն էլ թույլ կտա կանխել ենթադրյալ իրավախախտումները: «Կարևոր եմ համարում ասել նաև, որ «Ոչ»-ի ճամբարը չի ստեղծվել նրա համար, որ հանրաքվեից հետո հանրաքվեի արդյունքները ներկայացնի ՍԴ՝ պարզ պատճառով՝ նախաձեռնությունը չունի նման իրավունք. այդ իրավունքը վերապահված է բացառապես ԱԺ խմբակցություններին»,-ասաց նա:
16:51 - 20 փետրվարի, 2020
ՍԴ-ում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում «Սահմանադրության մեկնաբանում» թեմայով

ՍԴ-ում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում «Սահմանադրության մեկնաբանում» թեմայով

2020 թվականի փետրվարի 19-ին Սահմանադրական դատարանի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի հետ համագործակցության շրջանակներում կազմակերպվել էր մասնագիտական քննարկում «Սահմանադրության մեկնաբանում» թեմայով։ Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանը: Քննարկմանը մասնակցել են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը, ՍԴ դատավորներ, դատավորների օգնականներ, ՍԴ աշխատակազմի աշխատակիցներ, «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի ներկայացուցիչներ։ Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել Սահմանադրական դատարանի նախագահ, իրավագիտության դոկտոր Հրայր Թովմասյանը՝ ողջունելով Գերմանիայից հատուկ այդ նպատակով ժամանած հյուրերին, ինչպես նաև քննարկման մասնակիցներին։ Հրայր Թովմասյանը խոսել է նաև Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ շուրջ երկու տասնամյակից ավել արդյունավետ համագործակցության մասին՝ բարձր գնահատելով դրա դրական արդյունքներն ու ընձեռած հնարավորությունները։ Նա նաև նշել է, որ ներկայացվող թեման խիստ արդիական է և քննարկման արդյունքները օգտակար կարող են լինել հետագա աշխատանքային գործունեության համար։ Քննարկման հիմնական բանախոսը Բոնի համալսարանի Իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, դոկտոր Քրիստիան Հիլգրուբերն էր։ Քննարկման ընթացքում մեկնաբանություններով հանդես է եկել նաև Համբուրգի համալսարանի պրոֆեսոր, դոկտոր Օտտո Լուխթերհանդթը։ Զեկուցողները պատասխանել են մասնակիցներին հուզող հարցերին, որին հաջորդել է մտքերի փոխանակությունը։
16:12 - 20 փետրվարի, 2020
Ոչ համազեկուցողները, ոչ էլ միջազգային այլ կառույց հանրաքվեն չեն կարող ճանաչել ոչ իրավական. Տաթևիկ Հայրապետյան |tert.am|

Ոչ համազեկուցողները, ոչ էլ միջազգային այլ կառույց հանրաքվեն չեն կարող ճանաչել ոչ իրավական. Տաթևիկ Հայրապետյան |tert.am|

tert.am: Այն ճանապարհը, որը մենք ընտրել ենք, անխոցելի է ժողովրդավարության առումով։ Այս մասին այսօր սահմանադրական փոփոխությունների և հանրաքվեի մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ «Իսպակես, ոչ  համազեկուցողները, ոչ էլ միջազգային այլ կառույց հանրաքվեն չեն կարող ճանաչել ոչ իրավական, նման բան գոյություն ունենալ չի կարող։ Ամենաժողովրդավար ուղին է ընտրվել»,- ասաց նա։ Հայրապետյանի խոսքով՝ որևէ հակաիրավական, հակաօրինական քայլ չի եղել և իր որակմամբ՝ ճգնաժամի հանգուցալուծման համար ամենաճիշտ ճանապարհն է։ «Ոչ թե իշխանությունն է այդ «Այո»-ն ստանում, այլ համապատասխան առաջարկը։ Իրականում, իշխանությունն իր քվեն ստացել է դեռևս նախորդ արտահերթ խորհրդարանական ընտրություններում»,- նշեց պատգամավորը և հավելեց, որ ընտրությունները պետք չէ ներկայացնել իբրև իշխանության վստահության ուղի, փոխարենը՝ կա հստակ խնդիր, որը լուծում է պահանջում։ «Մենք ասում ենք՝ կառավարությունը լեգիտիմ է, մենք ասում ենք՝ օրենսդիրը լեգիտիմ է, մենք պետք է նաև լեգիտիմ և ժողովրդի կողմից վստահելի դարձնենք դատական համակարգը»,- ասաց նա և հավելեց, որ այս գործողությունները ժողովրդավարության ամրապնդման քայլ է։
16:07 - 20 փետրվարի, 2020
Նոր Սահմանադրություն է անհրաժեշտ, և ոչ՝ փոփոխել եղածը․ Լևոն Բարսեղյան |factor.am|

Նոր Սահմանադրություն է անհրաժեշտ, և ոչ՝ փոփոխել եղածը․ Լևոն Բարսեղյան |factor.am|

factor.am: «Հեղափոխությունից ի վեր բազմիցս իշխանությանը պահանջ է ներկայացվել քաղաքական գնահատական տալ անցյալին, սակայն իշխանությունը չի լսել հորդորները»,- «Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում. քաղաքացիական հասարակության դիրքորոշումները» խորագրով հանրային քննարկմանը ասաց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Նա նշում է, որ նակինում պետության զավթման վիճակում ենք եղել և պետք է դա ախտորոշենք․ «Քաղաքական գնահատականը պետք է շոշափեր զավթման ողջ ծավալը և նախանշեր բարեփոխումները, որոնք երկիրը առաջ կտանեին։ Երկու կասկած ունեմ, որ իշխանությունը, օրինակ՝ ԱԺ-ն չի համարում, որ տեղի է ունեցել պետության զավթում, երկրորդ կասկածն է՝ մտահոգություն ունեն, որ միջազգային խայտառակ ճնշումների կենթարկվի մեր երկիրը։ Երկրորդ վարկածը քիչ հավանական է»,- ասաց Բարսեղյանը։
16:02 - 20 փետրվարի, 2020
Ասֆալտապատման վերաբերյալ վարչապետի հրապարակած նկարը շատ սիմվոլիկ է, լայն իմաստ է արտահայտում, չեմ կարծում, թե դրանով ՍԴ-ի հարցով հանրաքվեից շեղվում ենք․ Սուրեն Գրիգորյան |tert.am|

Ասֆալտապատման վերաբերյալ վարչապետի հրապարակած նկարը շատ սիմվոլիկ է, լայն իմաստ է արտահայտում, չեմ կարծում, թե դրանով ՍԴ-ի հարցով հանրաքվեից շեղվում ենք․ Սուրեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում, ամեն ինչ իր հունով ընթանում է՝ հանրաքվեի քարոզարշավի հարցում չենք ուշանում, չենք դանդաղում։ Այս մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը։ «Չեմ կարծում, որ գործընթացը դանդաղել է, ասեմ ավելին՝ հաշվի առնելով, որ խորհրդարանական ուժերից հանրաքվեի որոշմանը դեմ և ձեռնպահ մեր գործընկերները «ՈՉ»-ի քարոզչական կողմ չձևավորեցին, ինչպես գիտեք «ՈՉ»-ի քարոզչական կողմ ձևավորվեց 50-ից ավել քաղաքացիների կողմից, և քանի որ նոր են ձևավորվել, այս իմաստով շատ ավելի ճիշտ է, որ մի կողմն ավելի շուտ չսկսեց բովանդակային առումով քարոզչությունը, քան մյուս կողմը, չնայած դրա համար հիմքեր ուներ»,-մանրամասնեց Սուրեն Գրիգորյանը։ Պատգամավորի խոսքով՝ իրենք բովանդակային առումով վաղուց են խոսում խնդրի մասին, ինչ-որ իմաստով սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը կարելի է ասել վաղուց է ընթանում, խնդիրը շատերին է ծանոթ։ Անդրադառնալով դիտարկմանը, որ չնայած նրան, որ ասում են՝ բուն խնդրին շատերն են ծանոթ, բայց «ԱՅՈ» ասելու կոչերին զուգընթաց այնպիսի հայտարարություններ են արվում, որոնք ՍԴ-ի հետ բացարձակ առնչություն չունեն, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը գրառումը և հրապարակած նկարը ճանապարհների ասֆալտապատման վերաբերյալ, օրինակ` նաև այն, երբ ասում են, որ դա հակահեղափոխության դեմ պայքար է։ «Ինչ վերաբերում է վարչապետի հրապարակած նկարին, ապա իրականում մենք չենք կարող աչք կապել էն երևույթի վրա, որ սա պարզապես մի դատարանի ռեֆորմի խնդիր չէ, սա շատ ավելի լայն կոնտեքստ ունի և հին ու նոր արժեհամակարգային առումով կոնտեքստն այստեղ կա։ Դրա մասին չխոսելը անազնիվ կլինի, կարծում եմ՝ շատ սիմվոլիկ է վարչապետի նկարով հին ու նորի տարբերությունը ցույց տալը և միևնույն ժամանակ չեմ կարծում, որ պնդման տեղ կա, թե շեղվում է դրանով, պարզապես կոնտեքստը լայն է և դրա բոլոր ասպեկտներից էլ բավականաչափ խոսվում է»,-ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում
14:30 - 20 փետրվարի, 2020