«Ոչ»-ի շտաբը քարոզչություն չի իրականացնելու, դրամահավաք անցկացնելու որոշում ևս չկա. շտաբի ձևավորումը հետապնդում է վերահսկողական մեխանիզմ կիրառելու նպատակ. «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչներ |tert.am|
16:51 - 20 փետրվարի, 2020

«Ոչ»-ի շտաբը քարոզչություն չի իրականացնելու, դրամահավաք անցկացնելու որոշում ևս չկա. շտաբի ձևավորումը հետապնդում է վերահսկողական մեխանիզմ կիրառելու նպատակ. «Ոչ»-ի շտաբի ներկայացուցիչներ |tert.am|

tert.am: Ապրիլի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին «Ոչ»-ի շտաբը դասական իմաստով քարոզչություն չի իրականացնելու: Այն իրավաբանների միություն է, որը չի ներկայացնում քաղաքական ուժ կամ ուժեր և պատրաստակամություն է հայտնել տրամադրել հարթակներ այն ուժերին, որոնք կցանկանան քարոզել «Ոչ»-ը: Այս մասին ասաց «Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, փաստաբան Արսեն Մկրտչյանը:

Փաստաբանն ընդգծեց՝ «Ոչ»-ի դիրքորոշումն իրավական է. «Մենք մեր առաջ խնդիր ենք դրել բացատրել բոլոր հետաքրքրված անձանց, թե ինչ հոդվածի համար են քվեարկելու, ինչ է փոխվելու, ինչ հետևանքներ կարող է ունենալ»,-ասաց Մկրտչյանը՝ նշելով, թե չեն պատրաստվում, օրինակ, մարզեր այցելել, բակային հանդիպումներ ունենալ և «Ոչ»-ի քարոզչություն իրականացնել:

Անդրադառնալով դիտարկմանը, թե «Այո»-ի շտաբը դրամահավաք-ճաշկերույթ է իրականացնում և հարցին՝ «Ոչ»-ի շտաբը նման նախաձեռնություն չունի՞, փաստաբանն արձագանքեց՝ դրամահավաքի անհրաժեշտություն չի տեսնում: «Մենք իրավաբաններ ենք, զուտ դիտորդական, բացատրական աշխատանքների մեջ ներգրավվելու ցանկություն ենք հայտնել՝ կամավորության սկզբունքով, և որևէ աջակցության կարիք այս առումով չունենք: Հակառակը՝ իրազեկման առաքելություն ունենք, որն անում ենք»,-ասաց Մկրտչյանը:

Հարցին՝ հանրաքվեի քարոզչության պաշտոնական մեկնարկից՝ փետրվարի 17-ից հետո «Ոչ»-ի շտաբի հասցեին հակաքարոզչություն նկատե՞լ է, փաստաբանը պատասխանեց, որ սոցիալական ցանցերի հարթակում թե՛ ատելության խոսք, թե՛ թշնամանք կա: ««Այո»-ի աջակիցների բավականին լուրջ, ստվար զանգված կա, որն իր պարտքն է համարում կեղծ ու նաև իրական օգտահաշիվներով ատելության խոսք հնչեցնելը: Սա սովորական երևույթ է դարձել, ցավոք»,-նշեց փաստաբանը:

«Ոչ»-ի շտաբի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը  վերահաստատեց միտքն առ այն, որ «Ոչ»-ի շտաբը դասական քարոզչություն չի իրականացնելու: «Քարոզչություն չի լինելու այն տեսքով, որը հասարակությունն առհասարակ սովոր է տեսնել՝ բակային հանդիպումներ, հանրահավաքներ չենք ունենալու»,-ասաց Հայրապետյանը:

Իրավաբանն ընդգծեց՝ շտաբի ձևավորումը հետապնդում է վերահսկողական մեխանիզմ կիրառելու նպատակ՝ հանրաքվեի ընթացքում տարբեր տեղամասերում ունենալ վստահված անձինք և հանձնաժողովի անդամներ, ինչը հնարավորություն կտա հանրաքվեի ավարտից հետո հանրությանն իրազեկել, թե ինչ գործընթացներ են եղել, ինչն էլ թույլ կտա կանխել ենթադրյալ իրավախախտումները:

«Կարևոր եմ համարում ասել նաև, որ «Ոչ»-ի ճամբարը չի ստեղծվել նրա համար, որ հանրաքվեից հետո հանրաքվեի արդյունքները ներկայացնի ՍԴ՝ պարզ պատճառով՝ նախաձեռնությունը չունի նման իրավունք. այդ իրավունքը վերապահված է բացառապես ԱԺ խմբակցություններին»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել