Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Հադրութի համայնքներից մեկի ղեկավարը պետությունից աջակցություն ստանալու ակնկալիքով դիմել է կեղծիքների

Հադրութի համայնքներից մեկի ղեկավարը պետությունից աջակցություն ստանալու ակնկալիքով դիմել է կեղծիքների

Արցախի քննչական կոմիտեի Ստեփանակերտ քաղաքի քննչական վարչությունում վարույթ է ընդունվել 2021 թ. հուլիս ամսին Արցախի Հադրութի շրջանի համայնքներից մեկի ղեկավարի կողմից պաշտոնական դիրքն օգտագործելով, ուրիշի գույքը խաբեության եղանակով հափշտակելու նպատակով, 360000 դրամի չափով անհիմն աջակցություն ստանալու ակնկալիքով 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման շրջանակներում, իրավաբանական հետևանքներ առաջացնող պաշտոնական փաստաթուղթ համարվող ֆինանսական աջակցություն ստանալու հիմք հանդիսացող համայնքի շահառուների ցուցակում իր որդու անվան դիմաց կեղծ տվյալներ մտցնելու, ինչպես նաև 2021 թ. հուլիսի 26-ին նույն համայնքի բնակչի պահանջով, 1.900.000 դրամի չափով ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով, համապատասխան հաշվառված անասնագլխաքանակ չունենալու պայմաններում, վերջինիս հետ համաձայնության գալով և նրան օժանդակելու մտադրությամբ վարչակազմի ղեկավարին գրավոր դիմում ներկայացնելու, սակայն Արցախի իրավապահ մարմինների հայտնաբերման հանգամանքով պայմանավորված իր կամքից անկախ հանգամանքով հանցագործությունները ավարտին չհասցնելու դեպքերի առթիվ Արցախի քրեական օրենսգրքի 33/184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 332-րդ հոդվածով և 37-րդ հոդվածի 5-րդ մասով հարուցված քրեական գործը։   Նախաքննությունը շարունակվում է։  
16:19 - 10 մարտի, 2022
Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար

Արցախի ԱԳՆ-ն դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 9-ին և 10-ին Ադրբեջանի զինված ուժերը մեծ տրամաչափի հրաձգային զինատեսակներից թիրախավորել են Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա, Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղերի խաղաղ բնակչությանը, ինչի արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում կա մեկ վիրավոր։ Մարտի 8-ի գիշերը վնասվել է Արցախի Հանրապետություն եկող միակ գազատարը՝ գազամատակարարումից զրկելով Արցախի ամբողջ տարածքը։ Վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված տարածքում։ Առ այսօր ադրբեջանական կողմը խոչընդոտում է  գազատարի վերանորոգմանը, ինչի պատճառով  Արցախի ողջ բնակչությունը առերեսվում է հումանիտար մի շարք խնդիրների, որոնք հատկապես ծանր են եղանակային ցուրտ պայմանների պատճառով։ Անցած շաբաթվա ընթացքում թշնամին բարձրախոսներով  արված հայտարարություններով անընդհատ հորդորում էր Խրամորթի խաղաղ բնակչությանը լքել գյուղը՝ սպառնալով ֆիզիկական հաշվեհարդար տեսնել գյուղացիների նկատմամբ։  Պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի  հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի և ահաբեկչության համակցում է։ Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար,  հարված՝ խաղաղապահ առաքելությանը, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին, և չպետք է անարձագանք մնան։ Վերջին զարգացումները մեկ անգամ ևս ցույց են տալիս Ադրբեջանի բուն նպատակները հայ ժողովրդի, Արցախի և նրա ապագայի նկատմամբ։Արցախցու՝ հայրենի հողում ապրելու և այն պաշտպանելու վճռականությունը եղել է և կմնա անսասան»։
13:24 - 10 մարտի, 2022
Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի մի մասի դուրսբերման լուրը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ

Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմի մի մասի դուրսբերման լուրը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ԱԽ

Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Արցախի ԱԽ գրասենյակը համագործակցում է ռուսական խաղաղապահ զորակազմի հետ․ «Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է ԱՀ Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։ Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետերի կիրառումը։ Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։ Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։ Միևնույն ժամանակ, ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը: Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների: Հորդորում ենք բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից»։
13:08 - 10 մարտի, 2022
Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ․ԱՀ անվտանգության խորհուրդ

Արցախում գազատարի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ․ԱՀ անվտանգության խորհուրդ

Սույն թվականի մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի Հանրապետությունից Արցախ մտնող գազատար խողովակաշարի վնասման հետևանքով Արցախի Հանրապետությունում դադարեցվել է գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է Արցախի Անվտանգության խորհուրդը։ Գազատարի վնասված հատվածը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ։  «Արցախգազ» ՓԲԸ մասնագետների կողմից վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար ադրբեջանական կողմի հետ տարվում են բանակցություններ, որոնց ներգրավված են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներ և Անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցներ։ Ներկա դրությամբ բանակցությունները շարունակվում են։ Ընթացքի մասին հանրությանը կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ։
10:27 - 10 մարտի, 2022
Ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ պարբերաբար խախտել է հրադադարը․ ՊԲ

Ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ պարբերաբար խախտել է հրադադարը․ ՊԲ

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել է հրադադարը։ Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50֊ից մինչև մարտի 10֊ի ժամը 05։40֊ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ. տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը»։
10:09 - 10 մարտի, 2022
Ադրբեջանական կողմը ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ

Ադրբեջանական կողմը ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ

Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին: Այս մասին հատնում է Արցախի Հանրապետության դատախազությունը։  Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ:   Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել է «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները:
18:23 - 09 մարտի, 2022
ԵԽ նոր բանաձևի նախագիծը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը

 |armenpress.am|

ԵԽ նոր բանաձևի նախագիծը կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել ԼՂ-ի հայկական մշակութային ժառանգությունը |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանում շրջանառության մեջ է դրվել բանաձևի նախագիծ, որը դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև՝ կոչ է անում Ադրբեջանին պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգությունը: Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևում, մասնավորապես, նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի 2-րդ պատերազմի ընթացքում ադրբեջանական ուժերի կողմից հարձակման են ենթարկվել բազմաթիվ կրոնական վայրեր։ Ըստ բանաձևի՝ սա վկայում է հայկական մշակութային ժառանգության հնարավոր ճակատագրի մասին նաև Լեռնային Ղարաբաղում, քանի որ Ադրբեջանի իշխանությունները հերքում են Նախիջևանի շրջանում հայկական մշակութային վայրերի առկայությունը: Բանաձևում շեշտվում է՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2347 (2017) բանաձևի համաձայն՝ ապօրինի հարձակումները կրոնի, կրթության, արվեստի, գիտության, ինչպես նաև պատմական հուշարձանների վրա կարող են ռազմական հանցագործություն լինել, և նման հարձակումների հեղինակները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Այսպիսով՝ բանաձևը խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացումը: ՅՈՒՆԵՍԿՕ-ին  ևս բանաձևը կոչ է անում ամբողջությամբ գնահատել Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության վիճակը Զինված հակամարտությունների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի շրջանակներում և հետևել բոլոր կողմերի համապատասխան առաջարկություններին, կոչ է անում ԵՄ-ին ցուցաբերել համապատասխան աջակցություն: Բանաձևը հորդորում է Հայաստանին և Ադրբեջանին լիովին համագործակցել միջազգային հետաքննությունների հետ և կատարել իրենց պարտականությունները՝ 1954թ. Հաագայի կոնվենցիայի համաձայն: Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևը կոչ է անում համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ ապահովելու փաստահավաք առաքելությանն անարգել մուտքը: Բանաձևը կոչ է անում Ադրբեջանին նաև պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում՝ ամբողջությամբ կատարելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, մասնավորապես՝ զերծ մնալ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց կամ հայկական պատմական մշակութային ներկայությունը վերացնելուց կամ հայերի մուտքն արգելելուց և այլն: Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին բանաձևով կոչ է արվում, միջազգային հանրության աջակցությամբ, ապահովել միջազգային իրավունքի խախտման բոլոր մեղադրանքների արդյունավետ հետաքննությունը, այդ թվում՝ մշակութային ժառանգության պաշտպանության  հարցով և այնպիսի հարձակումների, ինչպիսին է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին հարձակումը Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի վրա: Բանաձևը նաև հորդորում է երկու երկրների, հատկապես Ադրբեջանի կառավարություններին դադարեցնել ատելության և ռասայական խտրականության քարոզչությունը դասագրքերի, սոցիալական ցանցերի և, Ադրբեջանի, այսպես կոչված «Ռազմական ավարի պուրակի» միջոցով և աշխատել երկու հասարակությունների միջև վստահության և միմյանց մշակույթի նկատմամբ հարգանքի վերականգնման ուղղությամբ։ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին բանաձևում հորդորում է նաև նոր ջանքեր գործադրել՝ երկու երկրի միջև վստահություն ձևավորելու և կայուն խաղաղության ուղղությամբ առաջընթաց գրանցելու համար:  
17:51 - 09 մարտի, 2022
Հայաստանն իմ ամենասիրելի երկրներից է աշխարհում. Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը «Արմենպրես»-ին |armenpress.am|

Հայաստանն իմ ամենասիրելի երկրներից է աշխարհում. Ֆրանսիայի դեսպանի հարցազրույցը «Արմենպրես»-ին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան ցանկանում է ամրապնդել իր հարաբերությունները Հայաստանի հետ և օգնել Հայաստանին ավելի զարգանալու և աշխարհին բացվելու գործում: Այդ մասին Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով ասել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ ընդգծելով հայ-ֆրանսիական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար: - Ֆրանսիան այս տարի 6 ամսով նախագահում է Եվրամիության խորհրդում: Հետաքրքիր է, թե որպես ԵՄ նախագահող՝ Ֆրանսիան ի՞նչ դեր կարող է խաղալ եվրոպական տարածքում սրված հակամարտությունների կարգավորման գործում: - 2022 թվականի հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի նախագահությունը ստանձնելուց ի վեր Ֆրանսիան տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել տարածաշրջանում: Նախագահ Մակրոնը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպում էին կազմակերպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Ֆրանսիայի նպատակն էր նախ և առաջ երկխոսություն ապահովել երկու երկրների միջև, ինչպես նաև նպաստել պատերազմից հետո առաջացած հումանիտար խնդիրների լուծմանը: Ինչպես գիտեք՝ այդ միջնորդության շնորհիվ 8 հայ զինվորներ ազատ արձակվեցին և ֆրանսիական ռազմական ինքնաթիռով վերադարձան Հայաստան: Ֆրանսիան աշխատում է նաև ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Ինչպես գիտեք՝ մինչև ռազմական գործողությունների սկսվելը նախագահ Մակրոնը գնացել էր Մոսկվա, այնուհետև մեկնեց Կիև, որպեսզի փորձի խաղաղ ելք գտնել այդ ճգնաժամից: Ցավոք, նախագահ Պուտինը չլսեց Ֆրանսիայի նախագահի խաղաղության կոչը: Եվ, իհարկե, Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է Ռուսաստանի ռազմական ներխուժումը Ուկրաինա, որը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է և 21-րդ դարի ամենամեծ ճգնաժամերից է Եվրոպայում: - Քանի որ Ֆրանսիան միջնորդ է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ կուզեի Ձեր մեկնաբանությունը խնդրել հատկապես այս հարցի վերաբերյալ: 44-օրյա պատերազմից հետո անորոշությունը ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ շատ է: Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Մինսկի խմբի համանախագահները չպետք է զբաղվեն Լեռնային Ղարաբաղի հարցով, քանի որ Ադրբեջանը իբրև թե «լուծել է» այս խնդիրը: Արդյոք համաձա՞յն եք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, և Մինսկի խումբը չպետք է զբաղվի այս հարցով: Եվ ինչպե՞ս եք պատկերացնում հետագա դիվանագիտական գործընթացը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ: - Անշուշտ, որպես Մինսկի խմբի համանախագահ՝ Ֆրանսիան ցանկանում է շարունակել աշխատանքը և ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորմանն ուղղությամբ: Ցավոք, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը թույլ չի տալիս Մինսկի խմբին աշխատել, այդ իսկ պատճառով մենք փորձում ենք երկխոսությունն ապահովելու այլ ուղիներ գտնել, մասնավորապես՝ Եվրամիության գործողությունների միջոցով: - Եվ ինչպե՞ս կարելի է ադրբեջանական կողմին բերել ավելի կառուցողական դաշտ: - Երկխոսությունը ապահովելու միջոցով: - Դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված այլ միջոցառումներ այս տարի նախատեսվա՞ծ են: - Այո՛, իհարկե: Այս տարին նվիրված է լինելու դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի միջոցառումներին: Ցավում եմ, որ մեր հենց առաջին միջոցառումը, որը կազմակերպվել էր փետրվարի 24-ին դեսպանությունում, մի քիչ տխուր իրավիճակում տեղի ունեցավ՝ Ուկրաինայում սկսված պատերազմական գործողությունների լույսի ներքո: Բայց մենք ծրագրել ենք նաև այլ միջոցառումներ, օրինակ՝ համերգներ, կինոցուցադրություններ: Նաև նախատեսել ենք գաղափարների դեբատներ՝ մտորելու այն հարցի շուրջ, թե ինչպիսին են լինելու հաջորդ 30 տարիները ֆրանս-հայկական հարաբերությունների համար:
17:41 - 09 մարտի, 2022
Արցախում գազատարի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն տարածքի ականազերծումից հետո |armenpress.am|

Արցախում գազատարի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն տարածքի ականազերծումից հետո |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության սակրավորները մարտի 9-ի առավոտից սկսել են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի-Լիսագոր-Բերձոր հատվածում վթարված գազատարի տարածքում ականազերծման աշխատանքները, որից հետո կմեկնարկեն գազատարի վերականգնման աշխատանքները: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Ռուս խաղաղապահների հետ բանակցությունները, կարծես, արդյունք են տվել, և հիմա սակրավորները դեպքի վայրում են՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու նպատակով»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ աշխատանքներից հետո նոր կմեկնարկեն վերականգնողական աշխատանքները: «Արցախգազ» ընկերությունը հայտնել էր, որ մարտի 8-ի ժամը ՝ 01:00-ին տեղի է ունեցած վթարի հետևանքով վնասվել է  մայրուղային գազատարը։ Ավելի ուշ Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ  Ադրբեջանը խոչընդոտում է ադրբեջանական դիրքի մոտ վնասված մայրուղային գազատարի վերանորոգման աշխատանքներ սկսելուն: «Այս գիշեր վնասվել է ՀՀ-ից Արցախ եկող գազատարը: Դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական դիրքի մոտ: Այս պահին ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ սկսելուն։ Ռուսական խաղաղապահ առաքելության միջնորդությամբ բանակցություններ են ընթանում վաղը աշխատանքները սկսելու համար: Հետագա ընթացքի մասին պարբերաբար կտեղեկացնենք»,- նշված էր հաղորդագրության մեջ:
13:49 - 09 մարտի, 2022